PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցեր մասնագետին. պատասխանում է հոգեբան Անուշ Շիլաջյանը



Chuk
05.08.2011, 14:32
Թեև «Մասնագետի անկյուն» բաժնի առաջին հարցազրույցի (http://forum.armedu.am/showthread.php/547) հարցերն այդպես էլ անպատասխան մնացին, այսուհանդերձ որոշեցինք սկսել երկրորդ նման հարցազրույցը:

Հարգելի ակումբցիներ նախագծի երկրորդ հյուրը հոգեբան Անուշ Շիլաջյանն է: Նրան հոգեբանության վերաբերյալ հարցեր կարող եք հղել մինչև սեպտեմբեր: Սեպտեմբերի առաջին օրերին Անուշ Շիլաջյանը կպատասխանի ձեր հարցերին:

Հիշեցնում եմ, որ հարցեր տալն առավել հեշտացնելու համար որոշվել է, որ հարցեր կարող են տալ նաև ոչ գրանցված մասնակիցները, բայց բացառելու համար հնարավոր գովազդային և/կամ այլ բնույթի գրառումները, հարցերը թեմայում կհայտնվեն ֆորումի ղեկավար կազմի հաստատումից հետո: Հարցերը գրաքննություն չեն անցնելու, բացառվելու են միայն թեմային ոչ համապատասխան և կրթական հարցերին չվերաբերող գրառումները:

lus
06.08.2011, 00:42
Ես ողջունում եմ հոգեբանի հետ հաղորդակցվելու գաղափարը և կարևորում հոգեբանական խորհրդատվության դերը մեր կյանքում/չնայած այն մեզ՝հայերիս մոտ այլ կերպ է ընդունվում/:
Հարգելի հոգեբան, կուզենայի իմանալ, թե հոգեբանը ինչով է տարբերվում հոգեվերլուծողից, և ինչ միջոցներով եք Դուք բուժում «հիվանդին»:
Ինձ հետաքրքրում է նաև, թե ինչու են երեխաները հաճախակի դիմում ստի օգնությանը՝ նույնիսկ ամենաչնչին առիթով, անցողի՞կ է արդյոք այդ երևույթը, թե կարող է խառնվածք ձևավորել:
Նախօրոք շնորհակալություն:

Մանոն
11.08.2011, 16:05
Չուկ ջան, շնորհակալություն թեման բացելու համար: Իմ կարծիքով քննարկումը կօգնի և՛ ուսուցիչներին, և՛ դպրոցներում սկսնակ հոգեբաններին, և՛ աշակերտներին: Ես կուզենայի իմանալ, թե դպրոցի հոգեբանն ի՞նչ գործունեություն պետք է ծավալի, ինչպե՞ս պետք է աշխատի աշակերտների հետ: Կա՞ արդյոք դպրոցի հոգեբանի համար աշխատանքային որոշակի պլան, մոդել:

Զառա
11.08.2011, 19:57
Ճիշտն ասած առաջին մասնագետի լրիվ անտարբեր վերաբերմունքից զարմացած էի...
Ամբողջ հարցը նրանում էր, որ որ մեր հարգարժան տնօրենը այդ ամբողջ ժամանակահատվածում “Չափորոշիչների վրա հիմնված ուսուցման խնդիրներն ու առավելությունները” թեմայում բուռն կերպով քննարկում ու բացատրում էր “Հարցեր կազմելու տեսությունը”` ”Անխելք մարդու” հեքիաթի միջոցով...
Բայց նրան ուղղված բոլոր հարցերը մնացին անպատասխան` երևի ժամանակ չունենալու պատճառով...

Հարգելի հոգեբան.1. ին ՞չ էական տարբերություններ կան “ինքնասպանության հակել” և “ինքնասպանության հասցնել” հասկացությունների միջև:
Հատկապես դեռահասների մոտ ի ՞ նչը կարող է “ինքնասպանության հակել” և “ինքնասպանության հասցնել” :
2. Ին ՞չ խորհուրներ կտաք թերարժեքությամբ տառապող մարդուն` աշակերտին, ինչու ՞ չէ նաև` ուսուցչին:

Արեգ
02.09.2011, 21:56
Հարգելի հոգեբան, կուզեի իմանալ

Ինչպիսի անձնային որակներ պետք է ունենա ուսուցիչը:

Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում դեռահասի հոգեկանում ավագ դպրոց տեղափոխվելու հետևանքով, այդ խնդրին ինչպիսի լուծում կարելի է տալ:

Նախապես շնորհակալություն

Անուշ Շիլաջյան
28.09.2011, 13:12
Ես ողջունում եմ հոգեբանի հետ հաղորդակցվելու գաղափարը և կարևորում հոգեբանական խորհրդատվության դերը մեր կյանքում/չնայած այն մեզ՝հայերիս մոտ այլ կերպ է ընդունվում/:
Հարգելի հոգեբան, կուզենայի իմանալ, թե հոգեբանը ինչով է տարբերվում հոգեվերլուծողից, և ինչ միջոցներով եք Դուք բուժում «հիվանդին»:
Ինձ հետաքրքրում է նաև, թե ինչու են երեխաները հաճախակի դիմում ստի օգնությանը՝ նույնիսկ ամենաչնչին առիթով, անցողի՞կ է արդյոք այդ երևույթը, թե կարող է խառնվածք ձևավորել:
Նախօրոք շնորհակալություն:

1. Հոգեբանը, ի տարբերություն հոգեբույժի, դեղամիջոցներ չի նշանակում, այցելուին ցուցաբերում է հոգեբանական օգնություն, խոսքի, ճիշտ ձևակերպված հարցադրումների, իրավիճակի վերլուծության միջոցով օգնում է այցելուին թոթափել բացասական հույզերն ու լարվածությունը, վերականգնել հոգեկան հանգստությունն ու հավասարակշռվածությունը, իրացնել սեփական ուժն ու կարողությունները, բացահայտել նոր անձնային պոտենցիալ` կենսական տվյալ բարդ իրադրությունից դուրս գալու համար: Հոգեբանը երբեք այցելուին «սկուտեղի վրա» չի մատուցում «պատրաստի դեղատոմսեր», երբեք ոչինչ չի անում այցելուի փոխարեն, օգնում է նրան, որպեսզի նա ինքն իրեն ավելի լավ հասկանա, ինքն իր մեջ ուժ գտնի լուծելու իր խնդիրները, ինքն ընտրի դրանց լուծման բանալին, նպատակին հասնելու ամենաճիշտ և ամենաարդյունավետ ուղին`օգտագործելով իր` մինչ այդ չբացահայտված ռեսուրսները, հնարավորությունները: Հոգեվերլուծությունը հոգեբանութան ուղղություններից մեկն է, որը, ինչպես ցանկացած այլ ուղղություն, ունի այցելուի հետ աշխատանքի իրեն բնորոշ մեթոդներ և տեխնիկաներ, օրինակ` ազատ զուգորդությունների, երազատեսությունների, սխալ գործողությունների մեկնաբանությունը, որոնց հիմքում ընկած է անձի անգիտակցական հոգեկան գործընթացների բացահայտումը, վերհանումը, վերլուծությունն ու մեկնաբանումը:

2. Նախադպրոցական տարիքի երեխաների հաճախակի սուտ խոսելը պայմանավորված է վերջիններիս տարիքային առանձնահատկություններով, գիտակցության զարգացման աստիճանով: Նրանց մոտ վառ երևակայությունը հաճախ խառնվում, միաձուլվում է իրականությանը. կարող են պատմություններ հորինել ու հավատալ դրանց իրական լինելուն, ցանկալին ներկայացնել իբրև իրական: Հետագա տարիներին, բացահայտելով շրջակա աշխարհը, հարստացնելով իրենց գիտելիքների պաշարը, միջանձնային հարաբերություններում յուրացնելով սոցիալական նորմերն ու ընդունելի վարքաձևերը, աստիճանաբար սովորում են տարանջատել մտացածինն իրականից, տիրապետել սեփական մղումները: Անչափ կարևոր է ծնողների վերաբերմունքն ու մոտեցումը երեխայի սուտ խոսելու փաստի նկատմամբ: Եթե վերջիններս կտրուկ արձագանքելու, երեխային քննադատելու, խստորեն պատժելու փոխարեն ճիշտ և երեխային հասանելի լեզվով մեկնաբանեն այդ երևույթի բացասական կողմերն ու հետևանքները, ապա դա առավել հեշտ կհաղթահարվի և չի դառնա ամրապնդված ու կայուն վարքի ձև:

Անուշ Շիլաջյան
28.09.2011, 13:15
Չուկ ջան, շնորհակալություն թեման բացելու համար: Իմ կարծիքով քննարկումը կօգնի և՛ ուսուցիչներին, և՛ դպրոցներում սկսնակ հոգեբաններին, և՛ աշակերտներին: Ես կուզենայի իմանալ, թե դպրոցի հոգեբանն ի՞նչ գործունեություն պետք է ծավալի, ինչպե՞ս պետք է աշխատի աշակերտների հետ: Կա՞ արդյոք դպրոցի հոգեբանի համար աշխատանքային որոշակի պլան, մոդել:

Գոյություն ունեն դպրոցի հոգեբանական ծառայության գործունեության հստակ ոլորտներ ու մակարդակներ: Դպրոցում հոգեբանը կարող է իրականացնել հոգեախտորոշիչ, շտկիչ, զարգացնող աշխատանք, ծնողների և մանկավարժների խորհրդատվություն, դիսպետչերական գործ(օրինակ` երբ կոմպետենտ չէ լուծելու խնդիրը, ուղղորդում է համապատասխան մասնագետի` սոցիալական աշխատողի, մանկաբույժի, լոգոպեդի մոտ): Թեպետ հստակ սահմանված են դպրոցի հոգեբանական ծառայության ուղղությունները, այնուամենայնիվ, յուրաքանչյուր հոգեբան, հաշվի առնելով ուսումնական հաստատության տեսակը, դպրոցում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը, աշակերտ-ծնող-մանկավարժ կապի առանձնահատկությունները և մի շարք այլ գործոններ, կազմում է սեփական աշխատանքային պլանը` ընտրելով համապատասխան մոտեցումներ, մեթոդների համակազմ:

Անուշ Շիլաջյան
28.09.2011, 13:20
Հարգելի հոգեբան.1. ին ՞չ էական տարբերություններ կան “ինքնասպանության հակել” և “ինքնասպանության հասցնել” հասկացությունների միջև:
Հատկապես դեռահասների մոտ ի ՞ նչը կարող է “ինքնասպանության հակել” և “ինքնասպանության հասցնել” :
2. Ին ՞չ խորհուրներ կտաք թերարժեքությամբ տառապող մարդուն` աշակերտին, ինչու ՞ չէ նաև` ուսուցչին:

1. Առաջին հարցն ավելի շատ քրեաիրավական բնույթ է կրում, ուստի Ձեր կողմից նշված հասկացությունների միջև տարբերությունն ակնհայտ դարձնելու համար անդրադարձ կատարենք ՀՀ քրեական օրենսգրքին: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ և 111-րդ հոդվածների` ինքնասպանության հասցնելը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելն է, իսկ ինքնասպանության հակելը հորդորելու, խաբեության կամ այլ միջոցներով անձի մոտ ինքնասպանութուն կատարելու վճռականություն հարուցելն է, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել: Երկու դեպքում էլ խոսքը քրեորեն պատժելի հակաիրավական արարքի մասին է. ինքնասպանության դրդողը համարվում է օրինախախտ, այլ մարդու իրավունքները ոտնահարող, ինչի համար էլ պատժվում է ազատազրկմամբ: Դեռահասությունը բեկումնային, անցումային, ճգնաժամային, հակասություններով լի տարիք է, որի դեպքում տեղի է ունենում բուռն ու անհամաչափ զարգացում, ինչի հետևանքով դեռահասների մոտ դրսևորվում է հուզական անկայունություն, բարձր գրգռվողականություն, անհավասարակշռվածություն, ռեակցիաների ոչ ադեկվատություն: Եթե դեռահասը գտնվում է անբարենպաստ գործոնների ազդեցության տակ, ապա վերջիններս միախառնվելով տվյալ տարիքին բնորոշ անձնային-հոգեբանական առանձնահատկությունների հետ` առաջացնում են հակազդում, որը կարող է տարբեր բնույթ ունենալ, երբեմն ընդունել ծայրահեղ ձևեր` ընդհուպ մինչև ինքնասպանություն: Վերոնշյալ անբարենպաստ գործոնները բազմաթիվ և բազմազան են, օրինակ` ընտանեկան կոնֆլիկտներ, ծնողների ամուսնալուծություն, հարազատի կորուստ, ալկոհոլային խմիչքների չարաշահում, թմրամոլություն, անպատասխան սեր, դպրոցում կամ ընկերական միջավայրում խնդիրներ և այլն: Վերոնշյալ գործոնները կարող են որոշակի ռիսկայնություն պարունակել իրենց մեջ, բայց դա չի նշանակում, որ դրանց առկայությունն անխուսափելիորեն հանգեցնում է ինքնասպանության: Ինքնասպանությունը իրականությունից յուրօրինակ «փախուստի ձև» է, երբ անձը գիտակցաբար կամ անգիտակցաբար չի ընդունում այն, չի կարողանում կամ չի ցանկանում հասարակության մեջ ընդունված ձևերով հակազդել այդ իրականությանը, հետևաբար ինքնասպանության պատճառները կարող են բազմաթիվ ու բազմազան լինել, խիստ անհատական բնույթ կրել:

2. Թերարժեքության բարդույթը սեփական թուլության և խոցելիության չափազանցված զգացումն է, ուրիշների գերակայության նկատմամբ իռացիոնալ հավատ: Եթե որևիցե օրգան կամ հատկանիշ թերզարգացած է, որևիցե գործառնություն անբավարար, ապա դա չպետք է անդրադառնա մարդու կյանքի բոլոր ոլորտների վրա, չպետք է ստվեր նետի մնացած կարողությունների ու արժանիքների վրա, արժեզրկի դրանք: Դա վերջնական դատավճիռ չէ, որով պիտի սահմանափակվի կյանքը, որի պատճառով մարդը ինքն իրեն շղթայում ու բանտարկում է հոգեբանական վանդակում: Թերարժեքության բարդույթը կարող է շարժիչ ուժ դառնալ, մղել զարգացման ու ինքնակատարելագործման: Պատմությանը հայտնի են թերարժեքության բարդույթի հաղթահարման փայլուն օրինակներ, երբ մարդիկ, աշխատելով իրենց թերի և թույլ կողմերի վրա, հասել են մեծ հաջողությունների: Օրինակ` Դեմոսֆենը, ով մանկուց կակազում էր, դարձավ աշխարհահռչակ, ազդեցիկ հռետոր, Վիլմա Ռուդոլֆի լուրջ հիվանդությունը վերջինիս չխանգարեց դառնալ թեթև ատլետիկայի ոսկե մեդալակիր, եռակի օլիմպիական չեմպիոն… Չկան անհաղթահարելի խոչընդոտներ և անելանելի իրավիճակներ, ցանկության դեպքում անհնարինն աստիճանաբար դառնում է հնարավոր: Ինչպես ասվում է հայտնի ֆրանսիական ասացվածքում, ցանկանալը կարողանալ է:

Անուշ Շիլաջյան
28.09.2011, 13:22
Հարգելի հոգեբան, կուզեի իմանալ

Ինչպիսի անձնային որակներ պետք է ունենա ուսուցիչը:

Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում դեռահասի հոգեկանում ավագ դպրոց տեղափոխվելու հետևանքով, այդ խնդրին ինչպիսի լուծում կարելի է տալ:

Նախապես շնորհակալություն

1. Ուսուցիչը մեր ապագան կերտողն է, քանի որ գործ ունի աճող սերնդի հետ, քանզի նրա անմիջական մասնակցությամբ է ընթանում երեխայի սոցիալական, հոգեկան և հուզական կայացումը: Իզուր չէ, որ տարբեր աղբյուրներում ուսուցչին անվանում են «բնավորության ճարտարապետ», «ինտելեկտի մարզիչ», «մարդկային հոգու ինժեներ»: Ուսուցիչը ծնողներից հետո երկրորդ կարևոր ու հեղինակային անձն է երեխայի համար, յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ, հայելի է, որի մեջ երեխան պիտի տեսնի մարդու օրինակելի կերպարի արտացոլանքը: Ուստի, բացի մասնագիտական որակներից, անչափ կարևոր են ուսուցչի անձնային որակները: Նրան պետք է բնորոշ լինեն երեխայի անձի նկատմամբ սերն ու հարգանքը, լավատեսությունը, համբերատարությունը, ճկունությունը, հնարամտությունը, նորարարությունը, ստեղծագործական մոտեցումը, անկեղծությունը,ազնվությունը, պատասխանատվության զգացումը, ինքնատիրապետումն ու հավասարակշռվածությունը, նրբանկատությունը, բարյացկամությունը, նախաձեռնողությունը և այլն:

2. Ավագ դպրոց տեղափոխվելը դեռահասի հոգեկանում և վարքում կարող է որոշակի փոփոխություններ առաջացնել, որովհետև դա իրավիճակի, կարգավիճակի փոփոխություն է: Դեռահասը կտրվում է իրեն արդեն հարազատ դարձած շրջապատից, ընկերախմբից, հայտնվում նոր սոցիալական միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հարմարվել նոր ուսումնական ռիթմին, ենթարկվել նոր կանոնակարգի, զրոյից հարաբերություններ ստեղծել նոր ուսուցչական կազմի, համադասարանցիների հետ, նոր ընկերական միջավայրում գրավել սեփական դիրքը և այլն: Թե ինչպես կընթանա հարմարման գործընթացը, ինչքան երկար կտևի, ինչպիսի հակազդումներ կառաջացնի դեռահասի մոտ, մեծապես կախված է վերջինիս անձնային առանձնահատկություններից, ինչպես նաև այս հարցին մեծահասակների ցուցաբերած մոտեցումից:

manush
29.09.2011, 11:09
Հարգելի Անուշ,

շնորհակալություն մասնագիտական վերլուծությունների և պարզ ու հետաքրքիր պատասխանների համար:

Ես Ձեր գրառումներում մեջբերեցի (տեղադրեցի) թեմայում հնչած համապատասխան հարցադրումները:

Կրկին շնորհակալություն համագործակցության և աջակցության համար:

Չգրանցված
06.08.2012, 01:58
barev dzez es unem problem vori masin kuzenayi kisvel dzez het. es unem shat var erevakayutyun, skzbic es dran lav ei veraberum nuynisk uraxanum ei vor unem aypisi var erevakayutyn, bayc verjers im mot sksec mi ban vorin chgitem inch anun tal es skseci havatim im patkeracratsnerin , havatan aynpes inchpes irakanutyan@. orinaki hamar es karox em patkeracnel vor im sireli mard@ gtnvum e hivandanocum shat tsanr vijakum ev havatal dran, bayc shat lav imanalov vor nra het 1 rope araj em xosel. Ev dranci heto sksvum e im mot nervayin xangarumner inchvor txrutyuna ev ayspisi baner ev da tevum e 5-7 rope. linum e vor es lav baner em patkeracnum es dranic shat uraxanum em. xndrum em ogneq indz vorpisi azatvem ays <<hivandutyunic>>

BariAragil
26.10.2012, 20:31
Ես երևի մի փոքր ուշացել եմ (մոտ մեկ տարի), բայց ինչպես սովորաբար ասում են ` լավ է ուշ քան երբեք : Հարգելի manush կուզենայի իմանալ կունենաք արդյոք նման հնարավորություն նորից հոգեբանի խորհուրդ լսելու ?
Իմ կարծիքով այսօր շատերը նման խորհրդի կարիք ունեն .

Շահինյան
20.12.2013, 16:10
Շնորհակալություն

Liana Avagyan
26.11.2016, 17:01
Конечно, при он-лайн консультации, в ходе письменного общения с психологом, можно решить целый ряд проблем, связанных с самоопределением, со взаимоотношениями в семье, в коллективе. Однако, важно понимать, что не во всех ситуациях подобная консультация психолога в форме краткого ответа может помочь и оказаться эффективной. Нередко для решения возникшей проблемы необходима очная совместная работа со специалистом.