PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս դպրոցական կայքը դարձնել հետաքրքիր, պիտանի



Chuk
30.06.2011, 17:57
Հնարավոր եմ համարում, որ կկրկնեմ խորհրդաժողովում հրապարակված այլ նյութերում բարձրացված հարցեր, ինչի համար նախօրոք ներողություն եմ խնդրում: Պարզապես որոշել եմ խորհրդաժողովի նյութերը կարդալ մի փոքր ավելի ուշ՝ «տրամադրություների տակ չընկնելու», միտքս որոշակի ուղղությամբ չտանելու համար:

Այս նյութում գրածներս ավելի շուտ կարելի է մտորումներ համարել, քանի ինչ-որ համոզմունքենր:

Կայք ստեղծելիս պետք է քննարկել, դիտարկել, թե ինչպես պետք է պոտենցիալ օգտվողներին շահագրգռել, «բերել» կայք: «Բերելուց» հետո ի՞նչ պետք է անել, որ նրանք մնան, այլ ոչ թե մեկ անգամ այցելելուց հետո չուզեն նորից այդ կայքը մտնել: Այս խնդիրը կա նաև դպրոցական կայքերի համար:

Ներկայումս դժվար է պատկերացնել նման պրոցես ստատիկ, չթարմացվող կայքերի դեպքում, հետևաբար հավանաբար պետք է մտածել դինամիկ կայքեր, պարբերաբար, հաճախ թարմացվող կայքեր ստեղծելու մասին:

Ինքս որևէ կայք նախագծելուց առաջ փորձում եմ ուսումնասիրել առկա «շուկան», տեսնել, թե նմանատիպ այլ կայքերն ի՞նչ կառուցվածք ունեն, ի՞նչ բաժիններ, ի՞նչ գործիքներ, ի՞նչ հնարավորություններ են առաջարկում: Բայց որքան էլ որ ուսումնասիրեմ, երբևէ չեմ օգտվի պատճենելու տարբերակից: Հակառակը: Պետք է անպայման քննեմ յուրաքանչյուր գործիքը ու տեսնեմ, իմ պոտենցիալ օգտագործողին դա պե՞տք է, թե՞ ոչ: Ավելին, ես կձգտեմ գտնել գործիք, հնարավորություն, նորամուծություն, որը չկա այդ տիպի այլ կայքերում. Թող հետո ինձնից պատճենեն: Հաճախ է, որ հենց այդ նորամուծությունն է գրավում օգտագործողին:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել ու թավով նշել այս միտքը.
Մինչ կայք ստեղծելը, նախագծելը պետք է ուսումնասիրել նմանատիպ այլ կայքերը, այդ թվում ոչ հայկական, այլ միջազգային, ուսումնասրել առկա փորձը, քննել ու վերլուծել:

Դպրոցական կայքի օրինակելի նմուշ իմ համար կարող է լինել այն կայքը, որը բացի դպրոցի մասին տեղեկատվություն տալուց ինքնարտահայտման հնարավորություն է տալիս աշակերտին: Չմոռանանք, որ դպրոցական կայքը ուսումնական հաստատության գործիքներից մեկն է, իսկ դպրոցը առաջին հերթին աշակերտի համար է նախատեսված. Իմ խորին համոզմամբ ոչ միայն առարկայական գիտելիքներ տալու, այլև «աշխարհ մտնելուն» պատրաստվելու համար:

Առաջին հերթին կմտածեի ստեղծագործող աշակերտներին ինքնադրսևորվելու, իրենք իրենց ներկայացնելու, հանրությանը ներկայանալու հնարավորություն տալու մասին:

Հետևաբար դպրոցական իմ պատկերացրած կայքը պետք է ունենա «Շնորհալի աշակերտներ» բաժին, որը պետք է ունենա իր ենթաբաժինները, այդ թվում.


Նկարչություն
Լուսանկարչություն
Գրականություն
Երաժշտություն
Կերպարվեստ
և այլն:


Հրաշալի կլինի, եթե ներկայացվող նյութերից յուրաքանչյուրի համար հնարավոր լինի կազմակերպել քննարկում, գնահատել աշխատանքը, ունենալ ռեյտինգային ցուցակ: Սա միանշանակ շահագրգռելու է աշակերտներին, բերելով նրանց ավելի ակտիվացմանը, մրցակցությանը: Յուրաքանչյուր աշակերտ ոչ միայն փորձելու է ավելի լավ նկար նկարել, բանաստեղծություն գրել, սովորել նոր գործիքով կամ նոր երաժշտություն նվագել, այլև շահագրգռվելու է իր ծանոթներին (ազգականներ, բարեկամներ, ընկերներ) հրավիրել կայք: Այսպիսով նման բաժինների առկայությունը ոչ միայն նպաստելու է ուսումնական պրոցեսին ու աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն է տալու, այլև օգնելու է կայքի կայանալուն, օգնելու է դրա ինքնանպատակ չլինելուն, այցելուների ավելացմանը:

Աշակերտներին շահագրգռելու մեկ այլ, հարմար տարբերակ կարող է լինել համընդհանուր տնային հանձնարարությունները կամ մրցույթները: Օրինակ ուսուցիչը ինչ-որ շարադրություն տալուց կարող է նախապես ասել, որ դրանք հրապարակվելու են կայքում, իսկ ամենաբարձր գնահատական ստացողը նաև պարգևատրվելու է, նրա նկարն ու անունը դրվելու է կայքի գլխավոր էջում: Ի՞նչ եք կարծում, աշակերտների մի ստվար զանգված այդ դեպքում ավելի շահագրգռված չի՞ լինի շարադրությունն ավելի լավ գրել:

Ու սա կարող է վերաբերվել ոչ միայն շարադրություններին, այլ ամենատարբեր առարկաներին, սկսած կենսաբանության համար ռեֆերատներից, մինչև մաթեմատիկական բարդ խնդիրների լուծումները, առաջին էջում որպես հաղթողի դնելով խնդիրն առաջինը լուծողի նկարը:

Ընդհանրապես պետք է գտնել հնարավորություն կայքը դարձնելու աշակերտի գործիք: Իհարկե դպրոցի կայքը պետք է դպրոցի մասին տեղեկատվություն տա, բայց իմ կարծիքով դրանք չպետք է լինեն առաջնային:

Կայքը կարող է ունենա մենյուի երկու տիպ:

Առաջին տիպը կարող է լինել «չոր տեղեկատվության» էջերինը, այդ թվում.

Դպրոցի պատմություն,
Դպրոցի ղեկավարություն,
Ուսուցչական կազմ,
Ընդունելության կարգ,
Հայտնի շրջանավարտներ,
Լուսանկարների արխիվ,
Միջոցառումներ,
Հայտարարություններ,
Նորություններ,
Հետադարձ կապ,
և այլն:


Երկրորդը տիպը պետք է վերաբերվի կայքը որպես ուսումնական պրոցեսի մի մասնիկ օգտագործող մենյուն, այդ թվում վերևում գրածներս: Այստեղ կարող են լինել նման բաժիններ.

Շնորհալի աշակերտներ,
Բաց դասեր,
Մրցույթներ,
Թղթակցում են աշակերտները,
և այլն:


Ընդ որում այս երկրորդ մենյուն պետք է լինի ավելի նկատվող, ավելի կարևոր, ավելի ուշադրության կենտրոնում:

Նման տիպի կայք կառուցելուց կայքի գլխավոր՝ առաջին էջում կարելի է ցուցադրել հետևյալը.


Առանձին բլոկով վերջին մրցույթում հաղթող աշակերտի նկար ու անուն,
«Վերջին նյութեր» բլոկ, որտեղ կպատկերվեն «շնորհալի աշակերտներ» բաժնում վերջին տեղադրված նյութերից, այդ թվում՝ նկարներ, գրական ստեղծագործություններ (փոքր հատված, ամբողջը բացելու հնարավորությամբ): Այստեղ պետք է լինի նաև հղում՝ տվյալ բաժնի էջը բացելու համար:
«Պատահական նյութեր» բլոկ, որտեղ պատահական սկզբունքով կընտրվեն «շնորհալի աշակերտներ» բաժնում տեղադրված նյութերից, նույն սկզբունքով, ինչ նախորդ բլոկի դեպքում:
Նորությունների բլոկ, որտեղ կպատկերվեն դպրոցի վերջին նորությունները, բոլոր նորությունները բացելու հղումով,
Բլոկ, որտեղ կպատկերվեն «Թղթակցում են աշակերտները» բաժնի նյութերը,
և այլն:


Մնացած բլոկների առկայությունը ստեղծագործական մտքի խնդիր է: Ամեն մեկը ինքը կարող է որոշել, թե ինչ դնել առաջին էջում: Ուղղակի ցանկացա նշել, որ բոլորովին պարտադիր չէ, որ կայքի առաջին էջում բացվի դպրոցի մասին տեղեկատվություն, դպրոցի լուսանկար, տնօրենի լուսանկար և այլն:

Ամփոփելով թռուցիկ մտորումներս ասեմ, որ դպրոցական կայքն առաջին հերթին պատկերացնում եմ որպես ուսումնական գործընթացի կցորդ, դրան նպաստող մի բան: Չգիտեմ, թե արդյոք քանի՞ դպրոց կարող է ռեսուրս ու ժամանակ ծախսել նման կայքեր ստեղծելու համար, միայն թե վստահ եմ, որ կարողանալու դեպքում այն մեծապես կօգնի ուսումնական գործընթացին, աշակերտներին կպատրաստի «կյանք մտնելուն»:

Ու քանի որ բոլորովին չխոսեցի տեխնիկական խնդիրների մասին, ապա ուղղակի ավելացնեմ, որ չի կարելի սկսել կայքը սարքել, իսկ հետո մտածել, թե նրա մեջ ինչ բովանդակություն, ինչ բաժիններ են լինելու: Կայքի թե ձևավորումը, թե տեխնիկական մասը, ծրագրային հենքը մեծապես կախված են կայքի տիպից: Եթե սկսենք կառուցել «այցեքարտ» կայք, իսկ հետո որոշենք, որ դրանում պետք է լինեն նորությունների բաժին, քննարկումների հնարավորություն, շատ ավելի դժվար է լինելու վերադառնալ, վերազինել կայքը, քան թե դա նախատեսել հենց սկզբից: Հետևաբար նախքան կայքը ստեղծելը պետք է հասկանալ, թե կայքն ինչի՞ համար ենք ստեղծում: Պետք է քննարկվի օգտագործողների շրջանակը, լուծելիք խնդիրները: