PDA

Դիտել ողջ տարբերակը : Դու հայ երգի Մեսրոպ Մաշտոց



Հերմինե Խառատյան
23.02.2019, 00:11
Միջոցառումը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150 -ամյակին
Միջոցառման նպատակն է
- սովորողներին ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը
- ժամանակակիցները Կոմիտասի մասին
- Խոսում է Կոմիտասը
- Երգում է Կոմիտասը
-Աքսորի դատապարտված Կոմիտասը
- Սպիտակ հացը
- <<Քեն աշխարհին դեմ>>. Կարո Ոուշագլյանի հուշերը Կոմիտասի մասին
- <<Սուտ խենդի մը չարչարանքը>> - Կոմիտասը Շիշլիի հոգեբուժարանում
- Կոմիտասը Փարիզում - Ա. Չոպանյան

Հերմինե Խառատյան
23.02.2019, 00:22
Ազգին վիճակը
....Հոտն անհովիվ ` մոլոր ու շփոթ, աներևույթ և անզուսպ ալիքներ հախուռն կհուզին ի խորս մեր հալածական և ողբալի կենաց ծովու: Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած:Մթնոլորտը թույն կտեղա. բուժիչ ուժ չկա: Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն , օտարամոլություն և ցեխոտ սրտեր մյուս կողմեն: Փառասիրություն , փութկոտություն մեկ երեսեն , ապիկարություն, տգիտություն մյուս երեսեն : Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ. յուր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց: Մեր մարմինը նեխած է, մեր հոգին ապականած, մեր կյանքը դիակնացած :....
Ուր է մեր խոհական Խորենացին . թող ելլե արյունաքամ հողու տակեն և ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը : Մեր նախնիք իրենց պաշտոնին փարած էին անձնահեղձությամբ . իսկ մենք կհափշտակենք գործն ընչաքաղցությամբ:
Սիրտս փլած է: Կոմիտաս վարդապետ

Gayane Lachinyan
23.02.2019, 18:59
Միջոցառումը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150 -ամյակին
Միջոցառման նպատակն է
- սովորողներին ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը
- ժամանակակիցները Կոմիտասի մասին
- Խոսում է Կոմիտասը
- Երգում է Կոմիտասը
-Աքսորի դատապարտված Կոմիտասը
- Սպիտակ հացը
- <<Քեն աշխարհին դեմ>>. Կարո Ոուշագլյանի հուշերը Կոմիտասի մասին
- <<Սուտ խենդի մը չարչարանքը>> - Կոմիտասը Շիշլիի հոգեբուժարանում
- Կոմիտասը Փարիզում - Ա. Չոպանյան

Կոմիտասը մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ՝ ամենուն նկատմամբ: Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը:

ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ

Gayane Lachinyan
23.02.2019, 19:01
Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ, նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը:

Ավետիք Իսահակյան

Հերմինե Խառատյան
23.02.2019, 20:35
Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:
Պարույր Սևակ

Հերմինե Խառատյան
23.02.2019, 20:36
Դու Ամենայն Հայոց Երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե'վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե'վ մատնընտիր սերմը նրա,
Ե'վ խոստումը գալիք բերքի...
Ե'վ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըվել է և բար տվել...
ՈՒ... մեր դարդը իրար տվել...
Ե'վ հայրենի այն ծիծառը,
Որ հավիտյան բույն է դրել
Մեր հոգու մեջ,
Մեր կիսավեր ու դեռ կանգուն տաճարների
ՈՒ մեր երկնի գմբեթի տակ...
Դու՝ մեր տավիղ,
Եվ քո լարը
Մինչև անգամ և հատվելիս
Հայերեն է նորից ճնգում:
Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատվելիս
Հայերեն ես դարձյալ տնքում...
Դու ես քարը
Եվ սրբատաշ մեր պատշարը,
Հացը օրվա
Եվ նեղ ժամի մեր պաշարը,
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործված մեր նշխարը
Եվ մեր ճարը՝
Օտարամուտ աղտի դիմաց.
Խնկածավալ մեր տաճարը՝
Օտարահոտ ախտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահավաք մեր հանճարը՝
Ազգասըփյուռ բախտի դիմաց.
Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
ՈՒ բյուրակյան ակունքն ես մեր,
Մեր արնոտված հավքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան յարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա'զը-նոտա'ն-ձայնատա'ռը,
Ձայնասըփյուռը կենդանի
ՈՒ ձայների թանգարանը -
Մեր հայկական երգարանը...

Մարգարյան Նաիրա
23.02.2019, 21:21
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….

Gayane Lachinyan
23.02.2019, 21:46
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին

Gayane Lachinyan
23.02.2019, 21:50
Կոմիտասի խորհուրդը հայ ժողովրդին

9528 9529 9530

Հերմինե Խառատյան
23.02.2019, 22:58
Ինչ էր այն գործը, որ կատարեց Կոմիտասը. Կոմիտասի առաջին և կարևորագույն գործը ` հայ երաժշտական ոճը վերագտնելն էր: Ի ծնե երաժիշտ, օժտված անվրեպ ու խորունկ բնազդով, նպաստավոր դիպված էր նաև Կոմիտասի ` Կովկասում նախնական կրթությունն ստանալը և ապա ` Գերմանիայում երաժշտության բարձրագույն մասնագիտական ուսումն ստանալը:
Կոմիտաս վարդապետը հայ ազգի առաջին դաշնակահար երաժիշտն էր: Հայտնի է, որ հայը բազմաձայն երաժշոտւթյուն չի ունեցել երբեք, ինչպես օրինակ հույները, որոնք դեռևս հնագույն ժամանակներից մշակել ու գործածել են իրնեց երաժշտությունը :

Հերմինե Խառատյան
23.02.2019, 23:17
Կոմիտասի երգի մեջ ժողովրդի ողջ պատմությունն էր, իսկ երգը ծնվում էր բնաշխարհից ու ձուլվում էր բնաշխարհին: Նա դառնում է երգ և կա այնքանով, որքանով կա հայ երգը: Բայց ժողովրդի ճակատագրի պես հայ երգը ևս միշտ չէ, որ անապական էր մնացել, և Կոմիտասը կանգնում է ժողովրդի հոգևոր կերտվածքի այս աղավաղվող պատկերի առջև: Կոմիտասի կյանքը պատկերվում է ըստ նրա համապատասխան երգերի , երբ որբ է ` <<Անտունի>>, եթե պանդուխտ է`<< Կռունկ>>, եթե սեր է ` << Սոնա յար>>:https://www.youtube.com/watch?v=ZvpFw_6uHis

Միկինյան Տաթևիկ
24.02.2019, 19:38
Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար:Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում:
Պ. Սևակ

Մարգարյան Նաիրա
25.02.2019, 01:08
Կոմիտաս
(1869-1935)

Կոմպոզիտոր, ազգագրագետ, գիտնական, մանկավարժ, խմբավար, երգիչ, հասարակական հզոր եռանդի տեր արվեստագետ Կոմիտասին վիճակվեց շրջադարձային դեր խաղալ հայ երաժշտական մշակույթի պատմական զարգացման ճանապարհին:

Կոմիտասի մեծագույն վաստակը ազգային վերածննդի դարաշրջանի գեղարվեստական գաղափարների կուտակումն էր, դրանց մարմնավորման կենսունակ ձևերի հայտնաբերումը: Մշակելով իր գեղագիտական իդեալները, հիմնվելով հայ երաժշտության խոր և բազմակողմանի ուսումնասիրության վրա՝ նա առաջ քաշեց հայ երաժշտության ինքնուրույնության կարևոր թեզը և իր բազմաբնույթ գործունեությամբ հիմնադրեց ազգային դասական երաժշտությունը, կանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները:

Կոմիտասը հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Կոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:

Հերմինե Խառատյան
26.03.2019, 08:36
Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն:
https://www.youtube.com/watch?v=ASGoySL29Kg

Հերմինե Խառատյան
12.04.2019, 17:00
Ոճիրի օրացույց .1915 թվական
1915 թվական, հունվար
Հունվարի 2-ին ռուսական զորքերի հետ քաշվելուց հետո, Ուրմիայից , Սալմաստից և շրջակա այլ վայրերից սկսեցին դեպի Նոր Ջուղա արտագաղթել հայերն ու ասորիները, որոնցից շատերը կոտորվեցին ճանապարհներին ` նրանց հետապնդող թուրքերի և քրդերի կողմից:
Հունվարի 2-ին Ազարիկ գյուղի մոտ թուրքերն սպանեցի 107 հայերի:

1915 թվական, փետրվար
Փետրվարի 2-ին Պոլսի գերմանական դեսպանատանը Թալեաթը հանդիպեց դեսպան Վանկենհայմին և պարզաբանումներ տվեց հայերի դեմ առաջիկայում ձեռնարկվելիք միջոցառումների մասին ` շեշետելով դրանց հույժ անհրաժեշտությունը և խնդրելով, որ Գերմանիան արգելք չհանդիսանա դրանց կատարմանը:
Դրանից օրեր առաջ Գերմանիայի դեպսանից տեսակցություն էին խնդրել և հանդիպել Պոլսում թուրքերեն տպագրվող << Սապահ>> թերթի խմբագրապետ և օսմանյան համալսարանի դասախոս Տիրան Քելեկյանը և Դաշնակցության պարագլուխ Ակնունին` խնդրելով, որ Գերմանիան աջակցի հայկական հարցի արդար լուծմանը:
Նախարար Թալեաթին հայտնի էր դարձել Գերմանիայի դեպսանի և Քելեկյանի ու Ակնունու << հույժ գաղտնի>> հանդիպման մանրամասները, և նա շտապեց պատասխան հանդիպում ունենալ դեսպանի հետ և կանխել հավանական ամեն միջամտություն և արգելք ` հայերի բնաջնջման ձեռնարկվելիք միջոցառումներին:

Հերմինե Խառատյան
12.04.2019, 18:47
Փետրվարի 2 -ին սկսեցին պաշտոնազրկել հայերին, զինաթափել օսմանյան բանակի հայ զինվորներին ` նրանցից կազմելով բանվորական վաշտեր: Մեկուսացրին և բանտարկեցին բանակի սպաներին:

Փետրվարի 13 -ին Կարճկանի և Կավաշի դեպքերից հետո Վռամյանը օսմանյան կայսրության Ներքին գործերի նախարարարությանը ներկայացրեց տեղեկագրություն . հայտնում էր, որ զինաթափ են արված օսմանյան բանակի հայ զինվորները և վերածված գրաստների ` թուրք զինվորների հսկողության տակ, և վտարվել են անծանոթ վայրեր... Մինչդեռ թուրքերն ու քրդերը, բանտերից ազատված գողերն ու ավազակները զինված են և ավարում են հայկական գյուղերը, Բաշկալեում կազմակերպում են կոտորածներ:

Փետրվարի 19 -ին թուրքական բանտերից ազատ արձակվեցին մարդասպաններն ու ոճրագործները և նրանցից կազմվեցին ջարդարար խմբեր ` չեթեներ:

Փետրվարի 20 -ին, հանդիպելով Պոլսի ամեիկյան դեսպան Հենրի Մորգենթաուին ` Թալեաթը վստահեցրեց նրան, որ հայերին ու հրեաներին ոչ մի վտանգ չի սպառնում:

1915 թվական, մարտ: .
Մարտի 16 -ին Խարբերդում Գերմանիայի հյուպատոս և Խարբերդի կուսակալի հանդիպման ժամանակ վերջինս .հայտարարեց, որ << Թուրքիայում հայերը պետք է բնաջնջվեն, նրանք այնքան են հարստացել ու բազմացել, որ վտանգ են սպառնում իշխող թուրք ազգին.... Բնաջնջումը միակ ելքն է...

Հերմինե Խառատյան
13.04.2019, 21:24
Մարտի 25 -ին Ադանայի կուսակալությունը հրահանգեց ձերբակալել կուսակցակն հայ զինվորներին, լուսանկարել նրանց ` առգրավված զենքերի հետ և այդ լուսանկարներն ուղարկել նախարարություն:

Մարտի 31 -ին Էնվերի հրահանգով փակվեց Դաշնակցության Պոլսում հրատարակվող <<Ազատամարտ>. թերթը և ձերբակալվեց նրա խմբագիրներից մեկը, որ պարսկահպատակ էր:

1915 թվական , ապրիլ:
Ապրիլի 3-ին Հիրո գյուղում թուրքերը տմարդի դավադրությամբ սպանեցին Իշխանին և Վռամյանին, հաջորդ օրը թուրքերն ու քրդերը հարձակվեցին Շատախի կենտրոն հանդիսացող Թաղ գյուղի վրա: Շատախը դիմեց ինքնապաշտպանության, որ տևեց 40 օր ` մինչև մայիսի 10 -ը, երբ ռուսական առաջացող բանակների վախից տեղի թուրքական իշանությունները և զինվորները փախուստի դիմեցին:

Ապրիլի 8 -ին Զեյթունի և շրջական գյուղերի հայերի տեղահանությունն ու աքսորը:

Ապրիլի 13 -ին Թալեաթը հեռագրով բոլոր կուսակալություններին հրահանգեց ` ձերբակալել զենք վերցնելու ընդունակ հայ տղամարդկանց, աքսորի հանել և նախարարություն ներկայացնել նրանց անվանացուցակները:

Ապրիլի 15 -ին թուրքերը Վանի Ականց գյուղաքաղաքում գնդակահարեցին 500 , շրջական գյուղերում ` 24 հազար հայերի:

Ապրիլի 20 -ին սկսվեց Վանի ինքնապաշտպանական հերոսամարտը, երբ ջարդեր ծայր առան նաև քաղաքում: Հերոսամարտը տևեց մինչև մայիսի 16 -ը, երբ ռուսական զորքերը մտան Վան:

Ապրիլի 23 -ին Պոլսի Հայոց Պատրիարքարանում կայացավ Խառն Ժողովի խորհրդակցական հանդիպումը. իթթիհատական կառավարության որդեգրած դիրքավորման և դրանից բխող հետևանքների մանրամասները քննարկելուց հետո ընդունվեց Գրիգոր Զոհրապի առաջարկությունը ` հուշագիր ներկայացնել Բարձրագույն Դուռ և խնդրել, որ կառավարությունը փոխի իր քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Լաուրա Աթանեսյան
14.04.2019, 16:22
Միջոցառումը նվիրված է Կոմիտասի ծննդյան 150 -ամյակին
Միջոցառման նպատակն է
- սովորողներին ներկայացնել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը
- ժամանակակիցները Կոմիտասի մասին
- Խոսում է Կոմիտասը
- Երգում է Կոմիտասը
-Աքսորի դատապարտված Կոմիտասը
- Սպիտակ հացը
- <<Քեն աշխարհին դեմ>>. Կարո Ոուշագլյանի հուշերը Կոմիտասի մասին
- <<Սուտ խենդի մը չարչարանքը>> - Կոմիտասը Շիշլիի հոգեբուժարանում
- Կոմիտասը Փարիզում - Ա. Չոպանյան

«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը: Նրա գեղեցկությունը տիրաբար ու անսանձ ինձ առինքնում է: Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից: Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, անապական ու բանաստեղծական: Կոմիտասը կա ու կմնա մեր Ամենայն երգահանը»:
Արամ Խաչատրյան

Հերմինե Խառատյան
14.04.2019, 16:31
«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը: Նրա գեղեցկությունը տիրաբար ու անսանձ ինձ առինքնում է: Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից: Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, անապական ու բանաստեղծական: Կոմիտասը կա ու կմնա մեր Ամենայն երգահանը»:
Արամ Խաչատրյան

«ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ...Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

Հերմինե Խառատյան
14.04.2019, 16:45
Պարույր Սևակ «Կոմիտասի դիմանկարի առջև»

-Քո աչքե՜րը… -Այս աչքերը՝ Վանա ծովի մութ հատակ, Նարեկացու հոգու պես խոր ու անտակ: -Այս աչքերը՝ Բուրգի ակնատ ու դղյակի լուսամուտ, Սեվանի պես երերածուփ, Արաքսի պես հոսանուտ: -Այս աչքերը՝ Դեռ կենդանի նահատակ, -Այս աչքերը՝ Մարմին առած պաղատանք: -Այս աչքերը՝ Պոռթկուն երա՜զ, դժվար կարո՜տ, -Ծանըր ե՜լք, -Ծովացած խե՜լք, -Ծորուն ե՜րգ… -Ու բերա՜նը… Անբառ-անխոս այս բերանին նայելիս Մեր տաճարներն ես վերհիշում, Անին՝ թափուր գահերից, Եվ ծյուրումն է կարծես հոսում Կերոնների, ջահերի, Ու սարսափն է կարծես խոսում Կորուստների, ահերի: Մեր կարոտի՛, մորմոքների՛, մահերի՛, Ուրախության, սիրո, հույսի՝ Ամե՜ն տեսակ պահերի Վառված խոսքն է այս բերանին միշտ թառել: Այս բերանն է վաղակատա՛ր, -անկատա՛ր -և ապառնի՛՝ Ամե՜ն տեսակ բայերի Խոնարհումը հույս-հավատով կատարել… -Իսկ ճակա՜տը… -Քո ճակատը Մագաղաթի հին պատառիկ է ասես, Մարմարոնյա մի ափ բեկոր-հուշարձան, Կնճիռներըդ՝ հնադարյան հին խաղեր՝ Քեզնից առաջ – քեզնից հետո անվերծան: -Քո ճակա՜տը… Սրբի ճակատ և հերոսի ասպարեզ, Հարսանքատան ուրախ տանիք, Ուր հնչում են նազ պարեր: -Քո ճակա՜տը՝ Քրտնող մշակ ու գիտունի զինարան, Մասունքների խորունկ խորան Եվ ճգնողի մենարան: -Քո ճակա՜տը՝ Համբուրելի սուրբ խաչքար, -Թոնրի տաք խուփ Եվ գեղջուկի թեղած կալ… -Եվ ակա՜նջը… -Քո ակա՜նջը՝ Մեղեդու դեմ՝ դըռնբաց, Աղմուկի դեմ՝ միշտ կայուն. Մեր նունուֆար ծաղկի պես Բացվող-փակվող՝ զգայուն… -Քո ակա՜նջը՝ Կախարդական ձայնամաղ, Եվ դրանով դու մեր հոգին, Մեր դարերը մաղեցիր, Թեփ-ժխորը անջատելով թողեցիր, -Իսկ մեղեդին՝ Նմո՜ւշ-նմո՜ւշ, մատնընտի՜ր, Քո տաք հույզով ցողեցիր, Անտակ հույսով հողեցիր, Որ մենք քաղենք մեկին տաս: Քո ակա՜նջը, Կոմիտա՛ս, -Քո ակա՛նջը՝ Պատարագվող եկեղեցի՜ սրբազան. -Քո ակա՛նջը՝ Շքեղ խեցի՜ ձայնալուր… Ինչ վսեմ էր ու գեղեցիկ հայաբար, Թե չարքերը խոր թաղեցին մինչևիսկ, Աստծու նման դու պեղեցիր մեր հոգում, Դու պեղեցիր ու զեղեցիր աշխարհում… Անթեղեցիր դու մեր հուրը ցիրուցան, Կանթեղեցիր մեր կրակը մթան մեջ… Ինչ խեղեցին օտարները դարեդար՝ Դարմանեցիր ու դեղեցիր հրաշքով… Թե նեղեցին ու շեղեցին մեր ուղուց՝ Ուղիղ ճամփի դո՛ւ մղեցիր մեզ անվերջ… Դո՛ւ դարավոր երգի ցանքը քաղեցիր, Մեր ծով բերքը դո՛ւ թեղեցիր մեր սրտում Ու թխեցիր՝ հա՜ց դարձըրիր հոգևոր… Քո ակա՜նջը, Կոմիտա՛ս, Քո ականջը – մագնիսի պես – Եղանակ էր հավաքում: Ինչ ականջըդ հավաքում՝ Մատներդ էին նվագում: -Քո մատնե՜րը… -Քո մատնե՛րը՝ Դարմանի մեջ սարսուռ ցորեն ջոկջկող, Կարճատես ու թույլ աչքերից Վարագույր ու փառ պոկող, Մթնած մտքի ու փակ հոգու դուռ թակող, Տնավերին ու պանդուխտին ողոքող, Սիրած յարին սիրած յարից Զատողի դեմ բողոքող, Ցավ ու կսկիծ ամոքող, Սեր ու կարոտ նվագող, -Բեկված շողեր, -Վճիտ ցողեր, -Սրտի դաղեր -Ու դողեր, Գեղգեղանքի թրթիռներ, Ելևէջի հրթիռներ,- -Հոսուն բոցեր Ու տաք մոխիր հավաքող… Քո մատները, Կոմիտա՛ս, Վառվող ծոցին՝ զովարար, Խորունկ խոցին՝ դեղատուր, Լաց ու կոծին՝ սփոփանք, Մանկան ճոճին՝ օրորում: Քո մատների զարկի տակ Մեր սրտերը՝ պաղ ստեղ, Մեր սրտերը՝ անգիտակ, Քո մատները՝ տաղաստեղծ: Քո մատները՝ երգահան, Տասնահատո՜ր երգարան… 10160
12,15.IX.1957թ. Մոսկվա

Հերմինե Խառատյան
15.04.2019, 20:55
Մեր հավատացյալ պապերի համար որքան անհրաժեշտ, նույնքան էլ հեշտ էր մահից առաջ խոստովանելը: Այդ կարող էին անել բոլորը, բայց միայն մեծերին էր տրված ոչ միայն մահից առաջ, այլ մահից հետո էլ խոստովանելու դժվարին բախտավորությունը:
Եվ ահա արդեն 150 տարի է Կոմիտասը խոստովանում է ոչ թե ինչ -որ մեկի, այլ մի ողջ ժողովրդի:
Կոմիտասը / Սողոմոն Սողոմոնյան/ ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26 -ին/ ըստ հին տոմարի է հոկտեմբերի 8 -ին/ Քյոթահիա կամ Կուտինա / Օսմանյան կայսրություն/ : Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17 -րդ դարի վերջին: Հայրը ` Գևորգ Սողոմոնյանը մայրը ` Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում: 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ. ` հայրը: Որբացած երեխայի խնամքը իր վրա է վրեցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո է հորաքույրը: 1876 -1880 թթ. Կոմիտասը սովորել է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև ` Բրուսայի վարժարանում:

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ . Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին ` եպիսկոպոս ձեռնադրվելու: Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն ` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին ` Գևորգյան ճեմարանում սովորելու համար: Շուրջ 20 որբերից ընտրվում է Սողոմոնը:

Հերմինե Խառատյան
15.04.2019, 20:57
Նիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում:
<<Թափառական փոքրիկ երգիչ>> այսպես էին անվանում խղճուկ հագուստով, խոհեմ ու բարի տղային, որին հաճախ էին տեսնում լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ:

Հերմինե Խառատյան
15.04.2019, 22:18
Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին /1881 - 1893/ բացահայտվում են Սողոմոնի ` դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները: Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ: Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր:

Կոմիտասի երգի մեջ ժողովրդի ողջ պատմությունն էր, իսկ երգը ծնվում էր բնաշխարհից ու ձուլվում էր բնաշխարհին: Նա դառնում է երգ և կա այնքանով, որքանով, որքանով կա հայ երգը: Բայց ժողովրդի ճակատագրի պես հայ երգը ևս միշտ չէ, որ անապական էր մնացել, և Կոմիտասը կանգնում է ժողովրդի հոգևոր կերտվածքի այս աղավաղվող պատկերի առջև :
Կոմիտասի կյանքը պատկերվում է նրա համապատասխան երգերի . երբ որբ է ` <<Անտունի>>, եթե պանդուխտ է` <<Կռունկ>>, եթե սեր է ` <<Սոնա յար>>:

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:22
Կոմիտասն ամենաապրողն է բոլոր ապրողներիս մեջ: Բայց միաժամանակ նա շատ վաղուց է դարձել խորհրդանիշ: Եվ ահա, նկատի ունենալով այն հայտնի իրավիճակը, որի մեջ է գտնվում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, մենք պարտավոր ենք ասելու նաև, որ հիմա, տվյալ իրական ու տիրական հանգամանքներում մայր Հայրենիքի շուրջ համախմբվելու, արտասահմաններում հայ համազգային ոգին կենդանի պահելու խնդրում Կոմիտասի գործը վիթխարի է: Կոմիտասն է այն կամուրջը, որին չի հսկում ոչ մի «սահմանապահ», որով անցնելու համար չի պահանջվում ոչ մի «վիզա», ոչ մի կողմից և ոչ ոքի կողմից: Այս է Կոմիտասի առաքելությունն այսօր»,- ասել է Պարույր Սևակը Կոմիտասի մասին:

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:23
10169

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:24
10170

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:25
Հայ արվեստի պատմության մեջ դժվար է գտնել այնպիսի գործչի, որի կերպարով ներշնչված լինեն դարի գրեթե բոլոր գրողներն ու բանաստեղծները։ Թերևս, այդ երանելիներից է հայ հանճարեղ կոմպոզիտոր Կոմիտասը։ Նրա մասին գրվել են թե՛ փոքրիկ բանաստեղծություններ, թե՛ պոեմներ ու ծավալուն երկեր։
20-րդ դարի հայ գրականության մեջ Կոմիտասին նվիրված առաջին խոշոր ստեղծագործություններից է Եղիշե Չարենցի «Reqiem aeternam»-ը (Կոմիտասի հիշատակին)։ 1936 թվականին, երբ մեծ երաժշտի աճյունը տեղափոխվեց Երևան և իր վերջին հանգրվանը գտավ պանթեոնում, վառ տպավորությունների ազդեցության ներքո Չարենցը ստեղծեց այդ հուզիչ կտավը։ Վերջինիս կուլմինացիոն տողերը նվիրված են մեծն Կոմիտասի հետմահու «վերադարձին»։

Արդյո՞ք կարող էր քո սուրբ,
Բեկված հոգին երազել,
Որ դառնալու ես մի օր
Քո հայրենիքը վսեմ,
Որ պիտի շուրջդ բուրի
Սերն ու գգվանքը մեր այս
Եվ Չարենցը համբուրի
Քո շրթունքները մեռած...
Կարոտով խոր իբրև վերք
Եվ երկյուղով սրբազան -
Խոնարհվել եմ ահա ես
Աճյունիդ դեմ երգաձայն, -
Սիրտն ու հոգին իմ ահա
Նույն ափսոսանքն են հորդում՝
Օ՜, իմ անդարձ ննջած հայր,
Որ չտեսար քո որդուն...Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար -
Դարձած մոխիր կենսաբեր,
Դարձած ավյուն, դարձած քար։ -
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն -
Եվ հայրենի՜ դարձած հող...

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:29
Կոմիտասը բնության հրաշքներից է: Մի՞թե հրաշք չէ՝ տասը տարեկան որբը գա Էջմիածին, կաթողիկոսի մոտ տաճկերեն երգի, հետո էլ…Նա պատարագ է ստեղծել: Նրա պատարագը մեր ժողովրդական ոգու խտացումն է: Դա մեծ արվեստ է, մեր ժողովրդական իսկական օպերան: Կոմիտասը խորն էր զգում ժողովրդական ոգին, և նա կարող էր գրել այդպիսի մեծ գործ…
Լսում եմ ու զարմանում նրա երգի պարզության վրա: Պարզությունը, բնականությունը, հանճարի ամենաբնորոշ հատկությունն է: Արվեստի հետ գործ ունենալիս չպիտի մտածես ինչպես է արված: Ամեն մի գիծ պետք է արժեք, բովանդակություն ունենա: Գաղտնիքն էլ հենց պարզության մեջ է: Բնությունն էլ է այդպես՝ պարզ ու անբացատրելի: Դու կարծում ես՝ մենք լրիվ հասկանու՞մ ենք Կոմիտասին: Նրա մեծությունն իր մեջ է, ոչ ոք չի սովորեցրել, բայց նա զգացել է, մտել բնության մեջ: Այս երաժշտությունն իր կանոններն ունի, որը թելադրված է մեր երկրի ու ժողովրդի ոգով….
Մարտիրոս Սարյան

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:30
Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն հայրականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց, ինքը՝ ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլև նրանք են ժողովուրդ վերածնում:
Կոմիտասն այդպիսի ծնունդ էր, և նրա պարգևած լույսը դեռ երկար պիտի անդրադառնա պարգևողի դեմքին և արտացոլվի նրա հոգու մեջ:
Պ.Սևակ

Միկինյան Տաթևիկ
17.04.2019, 17:35
Ավ.Իսահակյանի հուշերը: Կոմիտասի անմահ հիշատակին (ծննդյան 80-ամյակին)

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:
Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…
Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:
Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:
Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հերմինե Խառատյան
17.04.2019, 18:35
[QUOTE=Միկինյան Տաթևիկ;80892]Ավ.Իսահակյանի հուշերը: Կոմիտասի անմահ հիշատակին (ծննդյան 80-ամյակին)

Հարգելի' Տաթևիկ, շնորհակալություն հետաքրքիր գրառումների համար:
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.

Հերմինե Խառատյան
17.04.2019, 19:23
Ինչ է դաշնամուր և ինչ է ստեղ`
Մոռացան նրա ճարտար մատերը...
Ինքը Բանկալթո իր տան մեջ , այստեղ,
Եվ Չանկրի բանտի պատերը
Արդեն նրանից շատ -շատ են հեռու ,
Բայց ուղեղի մեջ...բայց ուղեղի մեջ,
Կարծես թե կպած նրա թաղանթից`
Մթան մի քուլա եռում էր - եռում ,
Մե'րթ իբրև ինչո -որ անմարմին զեռուն,
Մե'րթ իբրև ջրի խաշող գոլորշի,
Պտույտ էր տալիսծանր ու բոլորշի,
Պտույտ էր տալիս ու պոկ չէր գալիս...

Հերմինե Խառատյան
17.04.2019, 19:34
Օրերը կանցնեին , և մեր վարդապետը կհամառեր իր լռակեցության և մարդատյացության մեջ: Հաճախ սնունդ ալ առնել չէր ուզեր: Մեզի համար իր վիճակը բնական գալ սկսավ: Բայց չէինք համոզված, թե վերջնական պիտի ըլլար այդ վիճակը իրեն համար :
Այս շենշող մարդը մարած էր:
Տխուր ու լուռ կզակը ափին կդիտեր հեռու~ ծովն ու լեռները:
Վարդան Սարգսյան, Կոմիտասի ձեռնասուն, որ լրիվ ծանոթ է վարդապետի Պոլսո կյանքին ` կգրեր ` տարիներ հետո , թե << Ինչու աշխարհին քեզն ըրավ Կոմիտաս>> խորագրին ներքո:

Հերմինե Խառատյան
17.04.2019, 20:49
Վերադարձավ աքսորեն քայքայված ջիղերով: Ու այդ քայքայված ջիղերուն վիճակված է դառնությունից նորագույնը ճաշակել: Պոլսո ջոջերը, որոնք մինչև այս օրը խունկ ծխած էին իրեն, , երաժշտասեր երևալու սնոբիզմեն բռնված, մեկ բացառությամբ չմոտեցան այլևս իրեն, խորշեցան իբրև -անտախտե:
Չէ՞ մի որ նա աքսորված էր, չէ՞ մի որ նա կասկածելի մըն էր հաչս թուրք կառավարության: Անոնք վախեցան իրենց կաշիեն:

Հերմինե Խառատյան
17.04.2019, 21:20
Գիտունները դժբախտ սովորություն մը ունին,- իրենց զոհը դագաղը չդրած ` դիազննության կենթարկեն անոր մարմինը: Այդպես ըրին Կոմիտասին ալ: Անուն մը տալե առաջ զայն տապալող ախտին ` փորձեցին որոնել անոր ծնունդ տվղ շարժառիթները: Ոչ այդ շարժառիթները կրցան երևան հանել սակայն, ոչ ալ ճշգրիտ անուն տվին անոր հիվանդության:

6 տարի մը կըլլա, որ Պոլսեն տարին Փարիզ բուժարան մը ներկային հեք արվեստագետը ու հոն հանձնեցին զայն ճարտար հոգեբուժներու խնամքին: Բայց անկե ի վեր ամեն օր կպակսի մարդոց հույսը զայն կազդուրված տեսնելու: Իբրև թե հիվանդ ըլլար խեղճ Կոմիտասը: Անոնք որ պատերազմի վերջին տարիներուն Պոլիս անցւցած անոր զրկանքները գիտեն, դժվար թե հավատան, որ իսկապես հիմարացած է հայ երգին անզուգական վարպետը :

Հերմինե Խառատյան
17.04.2019, 22:48
Ո'չ. կարծված հիվանդը չէ ան. ան պարզապես խենթ կձևանա, մարդոց և, մանավանդ բարեկամներու դեմ սնուցած դառնությունն էր, որ կատաղեցուցած էր իր հոգին, ու զայն կմղե այլանդակություններու Իզու~ր է իր ախտին համար շարժառիթներ որոնել. մարդիկ, իր բարեկամները, իր <<բարերարներն>> էին, որ ջղայնացուցին զինքը, խորացնելով իր մեջ մարդոց հանդեպ իր զգացած զզվանքը:
Գիտեմ, որ պատերազմի շրջանին պատառ մը սպիտակ հացի կարոտ քաշեց հաճախ, որովհետև իր հիմնադրամը կսպառեր, և զայն դնտխող հանձնախումբը շնորհ չուներ կարծես այդ բանը զգացնելով վարդապետին, որ աքսորին նոր դարձած ` հոգեկան փափուկ դրության մեջ էր արդեն:

Հերմինե Խառատյան
17.04.2019, 23:03
Ու 40 օրի մը չափ ծոմ պահեց անգամ մը Կոմիտասը . շատեր այնպես հավտացին, թե երկնային գթություն հայցելու համար է տառապյալ հայ ժողովրդին վրա. քիչերը միայն գիտցան , որ խնայելու համար էր իր ունեցած քիչիկ մը սնունդը. ու երբ ջղային տկարություն մը անկողին իջեցուց զինքը ` հիմարանոց մը նետեցին զայն. խենդերու ժխորին մեջ, մարդոցմե, գուրգուրանքե հեռու : Հոն էր, որ վարդապետ քեն ըրավ մարդոց դեմ և ուխտեց ատել իր բարեկամները . հոն էր, որ աշխարհի ունայնությունը տեսավ, ուր մարդէակեն գանեցավ, և երբ պահ մը փորձեց աշխատիլ ` գրածը ձեռքեն առին, պատռեցին մտքի հոգնությունն մը խնայելու համար:

Հերմինե Խառատյան
17.04.2019, 23:18
Ո'չ. Կոմիտաս խենդ չէ', ան բռնի խենդ կպահի ինքզինքը . եթե գիտության , բժշկության մասնագետները թույլ կուտան, որ գործածենք այդ բացատրությունը: Հետո էր միայն, որ պիտի խենդենար ան:
Քանիցս փորձեցի երթալ Կոմիտասին այցելել : Նույնիսկ մինչև Շիշլի, բուժարանին մոտերը գացի: Բայց չհամարձակեցա ներս մտնել. վերջին պահին սարսափ մը կեցուց զիս դրան սեմին: Հապա եթե վարդապետը պոռար երեսիս.
- Ինչու՞ բերեցիք նետեցիք զիս հոս, ի՞նչ ըրած էի ես ձեզ:

Հերմինե Խառատյան
25.04.2019, 23:58
1895 թ. հուլիսի 25 -ին Եկմալյանի մոտ ուսման մեկնելուց անմիջականորեն առաջ Խրիմյան Հայրիկին Կոմիտասը դիմում է գրում.
Քահանայապետ սուրբ
Յեօթն ամըս անցուցեալ է իմ ի վերայ , հորմեհետէ ժողովեմ զՀայոց ժողովրդական երգս և զպարերգս , յորոց տակավին կարի սակաւ ինչ է յայտ զեղանակացն , զկամութեանցն և զկնի:
Ժողովրդական եղանակքն Հայոց ի պարզութիւն և վեհութիւն իւերանց զնմանութիւն բերեն զնուագաց շարականաց նախնեաց մերոց սրբոց, յորս արտայայտեն կեանք և միտք Հայկեան սեռիս, և սոքա ցարդ կան թաղկեալ ի թագստի և ի կողմն յուշից յիմաստնոց ` ի փիլիսոփայից . և արդևեթ պահեալ կան ի գեղջկական հանճարի նախնեաց թարմ և անխառն զգացմանց երաժշտութիւն, որ և խուռն ի կորուստ դիմեալ յառաջէ յերևումն օտար եղանակաց : Եթե ոչ տարածեսցէ զձեռսն, ի բարձր բազուկ, յօճուն լինել, Հօտապետդ քարշել հանել ի կորստենէ ի սպառսպուռ, յանյայտութիւն և մոռացօնս դատապարտեսցին:
Բայց յայդմանէ, ի ժողովրդական եղանակս Հայոց իբրև զծիր իմն կարմիր նկատեն առընչութիւնք սոցա եղանակաց շարականաց: Ի մեն միում երգսն գեղջկայինսն զշող ցոլայ բնատուր հանճար Հայաստան ազին, որ և կարօտի բազմապիսի ուսումնասիրութեանց:
Ուստի համարձակիմ խնդրել, ի համբւյ Ս. Աջոյդ Հայրապետիդ, թոյլատրել, ի բան բարձր հրամանի Ձերոյ, ի տպագրել յանգին գանձսն, զոր աւանդել է բազմահարուստ հանճարոյ նախնեաց մերոց սրբացելոց:

Քահանայապետիդ Ամենախոնարհ ծառայ և որդի Կոմիտաս վարդապետ Սողոմոնեան:
ի Ս. Էջմիածին, 1895 ամի, ի 25-ին Յուլիս

Հերմինե Խառատյան
26.04.2019, 21:50
Ինչպես հայտնի է, Կոմիտասը Գևորգյան ճեմարանի լրիվ դասընթացն ավարտել է 1893 թ. մայիսին և նույն թվի աշնանից նշանակվել ճեմարանի երգ -երաժշտության դասատու, փոխարինելով պաշտոնից ազատված իր ուսուցչին `Ք. Կարա - Մուրզային: Կարա - Մուրզան, որ ընդամենը մեկ ուսումնական տարի դասավանդեց ճեմարանում, նպատակ էր դրել լայն ծրագրեր իրագործել, բայց դա նրան չհաջողվեց և նա, ցավ ի սիրտ, ստիպված էր հեռանալ Էջմիածնից: Աշխատելով իրեն հատուկ եռանդով նա մեկ ուսումնական տարվա ընթացքում շատ բան արեց ճեմարանում, բայց հիմնովին բարելավել երաժշտության դասավանդման գործը, նրան այնպես էլ չհաջողվեց: Ուստի և այդ խնդիրն իր ամբողջ բարդությամբ կանգնեց երիտասարդ Կոմիտասի առջև մանկավարժական գործունեության առաջին օրերից: Խնդիր, որին նա անդրադարձել է 1895 թ. մայիսի 18 -ին կազմած ծրագրում և որի սևագիրը վերջերս հայտնաբերվել է Հայկական ՍՍՀ Պետական կենտրոնական պատմական արխիվի ֆոնդերում և առաջին անգամ հրապարակվել Գր. Հարությունյանի <<Կոմիտասի կյանքն ու գործունեությունը նորահայտ վավերագրերի լույսի տակ>> հոդվածում: /1/
Հիշյալ ծրագրում Կոմիտասը գրել է , թե << Վերջին երեք տարում եկեղեցական երաժշտության դասատվությունը Գևորգյան ճեմարանում թերի է մնացել>>, որով աշակերտների մեծ մասը բոլորովին չի սովորել երաժշտություն , ուստի և դասատուն ստիպված է եղել նշված դասարաններում անցնել ծրագրի նախապտարաստությունը և ոչ բուն դասընթացը: Նա այդ դասընթացը բաժանում է երկու մասի
ա . Տարերք ձայնագրության, որի մեջ նշված են `

1/ ձայնանիշներ, յոթնյակ,
2/ ութնյակ/ ութնյակիների կազմությունը/,
3/ տևողական նշաններ,
4/ կիասձայներ,
5/ երաժշտական ձայների զորությունը,
6/ ընդհարումներ:

բ. Եկեղեցական երգեցողություն, որի տակ նշված են
1/ եկեղեցական ութնյակ եղանակներ / միջակ, չափավոր և պարզ ծանրերը/ . կանոն , երգել և ձայնագրել ,
2/ սուրբ պատարագի արարողություն/ բացի մեղեդիներից, սրբասացություններից, տաղերից և գանձերից/:
Իսկ որպես դասագրքեր Կոմիտասը նշել է Արշակ Բրտյանի և Նիկողայոս Թաշճյանի դասագրքերը:

1.<<Բանբեր Հայաստանի արխիվների>>, Երևան, 1966, N 2(14), էջ 154

Kristine Charchyan
26.04.2019, 22:09
Կոմիտասի ամենաթանկ նվերը
Աննա Բաբաջանյան

Այս տարվա հունվարին բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը մեծ երգահանի դաշնամուրն է, որը նորաբաց թանգարան է տեղափոխվել Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից: Սակայն սա թանկարժեք ցուցանմուշի միակ «երթուղին» չէր: Մինչեւ իր վերջին հանգրվան հասնելը նրան վիճակվել էր տասնամյակներ շարունակ մի վայրից մյուսը տեղափոխվել` դառնալով անսովոր մի պատմության հերոսը: Իսկ անսովորն այս պատմության մեջ նախեւառաջ այն էր, որ հայ մեծագույն երաժիշտը երկար տարիներ զրկված էր եղել երաժշտական գործիք ունենալու հնարավորությունից: Էլ ավելի անհավանական պիտի թվա, եթե ասենք, որ սրանով հանդերձ Կոմիտասն արդեն իսկ հայ ժողովրդական եւ հոգեւոր երգերի մշակումներով համերգներ էր ունեցել, երգչախումբ էր ղեկավարել, հեղինակավոր վարդապետ էր, սակայն ստեղծագործում էր Էջմիածնի միաբանության հանդիսասրահում գտնվող մի հնամենի ֆիսհարմոնով: Ստեղնաշարային այդ գործիքը չափերով փոքր էր, անհարմար եւ չէր «բավականեցնում» Կոմիտասին:



Հայտնի է, որ Վարդապետն այդ տարիներին ապրում էր նյութական սուղ պայմաններում, իսկ եթե նույնիսկ երբեմն միջոցներ էր ունենում, դարձյալ դրանք չէր ծախսում իր անձնական կարիքների համար: Այս առիթով հատկանշական է Հովհաննես Թումանյանի մի դիտարկում, որն առավել է սրում առաջին հայացքից գուցե խիստ կենցաղային, բայց իր էության մեջ իսկապես ցավալի երևույթը: Նամակներից մեկում Թումանյանը գրում է. «Կոմիտաս վարդապետի նման անհատականությունը, որ նույնիսկ հիացմունք է պատճառել Եվրոպային, ի վիճակի չէ իր սեփական երկրում ձեռք բերել դաշնամուր կամ հնարավորություն չունի ճամփորդելու գավառներում և կատարելու այն աշխատանքը, որ կարող է կատարել միայն ինքը և որն այնքան փառք կբերի մեր ազգին»:

Ասվածի լավագույն ապացույց կարող է լինել թեկուզ Կոմիտասի կյանքի այն դրվագը, երբ նրան համերգներից մեկի ժամանակ հաջողվել էր հավաքել այդ ժամանակների համար աներևակայելի գումար` 1000 ոսկեդրամ, սակայն ողջ հասույթը նա նվիրաբերեց ազգային հիվանդանոցին:

Եվ այսքանից հետո որքան մեծ պիտի լիներ Վարդապետի ուրախությունն ու ոգեւորությունը, երբ 1907 թվականին հայ նշանավոր գործարար ու բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցից նվեր ստացավ թանկարժեք մի դաշնամուր: Ի դեպ, Մանթաշյանցը մինչ այդ էլ նկատել ու գնահատել էր 27-ամյա երգահանի տաղանդն ու հոգացել էր, որպեսզի վերջինս իր հովանավորությամբ բարձագույն կրթություն ստանար Գերմանիայում:

Հերմինե Խառատյան
26.04.2019, 22:11
...Կոմիտասը փափագում էր երաժշտանոց ունենալ, կարծում էր, որ Էջմիածնի կաթողիկոսությունը կհամոզվի դրա անհրաժեշտության մեջ և միջոցներ չի խնայի այդ ազգօգուտ նպատակի իրագործման համար: Այս է վկայում Գր. Հարությունյանի նշված հոդվածում առաջին անգամ հրատարակված այն զեկուցագիր -նամակը, որ Կոմիտասը գրել էր 1910 թ. մայիսի 10 -ին ` Նորին վեհափառության սրբազնագույն Հայրապետի ամենայն հայոց Տ. Տ. Մատթեոս Բ -ին: Զեկուցագիր - նամակը ներքուստ բաժանվում է երեք մասի: Առաջին մասում ներկայացված է եկեղեցական երգեցողության և ընդհանրապես հայ հոգևոր երաժշտության ողբալի վիճակը: <<Հայ եկեղեցական երաժշտությունն անցյալ ԺԹ և մանավանդ Ի դարում դեպի անկումն է դիմում: Ի միջի այլ հզոր պատճառների, դեպի անկումն է դիմում, զի , եկեղեցիներում առավելապես ուշք են դարձնում լոկ ս. Պատարագի և այլ աղավաղված երգեցողության, որ հիմն ի վեր կորցրել է իր պարզ ու վսեմ, անպաճույճ ու մանկական միամտությամբ համեմված , անմեղ ու հավատով ներկված եղանակները և տեղի տվել խառնաշփոթ, անպատշաճ, մուրացածո և մեղկիչ երգեցողության: Մեր նախնյաց ջերմ, օդի պես ջինջ ու ջրի պես կայտառ շարականները բոլորովին երկրորդական , նույնիսկ հետին տեղն են անցել, մոռացության մատնվել, որով մեր հոգևոր երաժշտության զարկերակն է կտրվել: Այդ շարականագետներն օր ավուր նվազում են և փոխարեն աճում են թերուս ու տգետ, անփորձ ու անշնորհք դպիրներ ու դպրապետներ, որոնք նախքան զտեսությունն երաժիշտ են և որոնց անսանձ ու շահատակ կամայականությանն է հանձնված հայ ժողովրդի հոգևոր ու պատասխանատու դաստիարակության գեղարվեստականը>>:

Կարինե Զիլֆիմյան
12.07.2019, 02:03
ԿՈՄԻՏԱՍԸ ԵՎ ԱԲՈՎՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

1907 թվի գարնան, երբ առաջին անգամ Փարիզի հայոց առաջնորդարանը գացինք, այնտեղ Կոմիտասի առանձնասենյակին պատին տեսանք Խաչատուր Աբովյանի մեծադիր լուսանկարը: Որքան հոգեթով պատկեր մը ստեղծվեցավ այնտեղ, երբ հայ ժողովուրդի մեծ գուսանը, երգած ատեն, աչքերը հառեց Աբովյանի պատկերին` իբրև ներշնչման աղբյուրի:
Կոմիտասի սրտաշարժ ձայնի ելևէջները կարծես կենդանություն կուտային անոր անշունչ լուսանկարին: Այդ օրերեն մեկը Աբովյանի լուսանկարով հետաքրքրվող հյուրերուն Կոմիտաս հետևյալը ըսավ. «Այս Խաչատուր Աբովյանի լուսանկարը իմ ամենասիրած իրս է. իմ էության հետ մաս կազմող... Մոտ կամ հեռու` ուր որ ճամփորդեմ` հետս կտանիմ զայն: Այս թանկագին նվեր-հիշատակը ինձ տվավ Խրիմյան Հայրիկը` իր կաթողիկոսության առաջին օրերուն»:
1911 թվին` աշնան երեկո մը, հորս հետ այցելեցինք Կոմիտասի Պերա-Լալե փողոցը գտնվող պանսիոնը: Կոմիտասի սենյակի պատին կրկին անգամ տեսա Խաչատուր Աբովյանի Փարիզեն ինծի ծանոթ լուսանկարը: Երբ ուշիուշով դիտեցի Աբովյանի լուսանկարը, մեծ երգիչը, գովելով իմ հետաքրքրասիրությունս, ըսավ. «Ուրեմն` այս օրվընե վերջ` ալ երբեք չմոռնաս, որ մեծանուն Խաչատուր Աբովյանը հայ ժողովրդական երաժշտությունը հետազոտող երգիչ-երաժիշտ եղած է»...
Աբովյանի մահվան 100-ամյակի առթիվ ՀՍՍՌ Գիտ. ակադեմիայի դահլիճին մեջ, երբ մեր սիրելի վարպետ Դերենիկ Դեմիրճյանը իր ելույթով հայտնաբերեց իր խոր աբովյանագիտությունը, ես առիթեն օգտվելով հարցուցի անոր տասնյակ տարիներ առաջ Կոմիտասի այդ վկայության մասին` ուզելով իմանալ, թե արդյոք Աբովյանի երգիչ-երաժիշտ մը ըլլալուն մասին աղբյուրներ կան: Վարպետի պատասխանը եղավ հետևյալը. «Ոչ միայն երգիչ-երաժիշտ, ապա կիթառ նվագող ալ էր Խաչատուր Աբովյանը»:

Աղավնի Մեսրոպյանի հուշերից