PDA

Դիտել ողջ տարբերակը : <<Աստվածաշնչի>> տպագրության մասին



Եսայան
14.01.2018, 13:39
<<Աստվածաշունչը>> մարդկային քաղաքակրթության մեծ նվաճումներից է։ Նրանում ամփոփված են անհիշելի ժամանակներից եկող կյանքի փիլիսոփայությունը, մարդկանց կուտակած վիթխարի կենսափորձը, տիեզերքի, աշխարհի արարման ու պատմական անցքերի վերաբերյալ մեր նախնիների պատկերացումները, որոնք հաճախ սերտորեն առնչվում են գիտության տվյալներին։
<<Աստվածաշունչը>> բաղկացած է երկու մասից՝ << Հին կտակարան>> և <<Նոր կտակարան>>։ Ամբողջ <<Աստվածաշունչի>> մեջ մտնում են 75 տարբեր գրքեր, որոնցից 48-ը <<Հին կտակարանի>> գրքերն են, 27-ը՝ <<Նոր կտակարանի>>։
Հույներն այն անվանում են հենց Գիրք, հունարեն՝ Բիբլիա։ Այս անունը տարածվեց աշխարհի լեզուների մեջ, իսկ հայերը գիրքը կոչեցին ճիշտ անունով ՝ <<Աստվածաշունչ>>։
<<Աստվածաշունչն>> ամբողջությամբ կամ նրա առանձին մասերն այսօր թարգմանված են ավելի քան 1700 լեզուներով։ <<Աստվածաշունչը>> ամենից շատ թարգմանված ու հրատարակված գրքերից է ։

Եսայան
14.01.2018, 13:40
Հայերն աշխարհում առաջիններից էին, որ թարգմանեցին <<Աստվածաշունչը>>։ Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և վարդապետ Մեսրոպ Մաշտոցը իրենց աշակերտների հետ, սկսած 405 թվականից, շուրջ 30 տարում ամբողջությամբ թարգմանեցին Հին և Նոր կտակարանները։ Այդ թարգմանությունը լավագույնն է մյուս թարգմանությունների մեջ, ուստի և կոչվում է թարգմանությունների թագուհի։

Եսայան
14.01.2018, 13:41
Հայերն առաջիններից են եղել նաև <<Աստվածաշունչը>> տպագրելու գործում։ <<Հին կտակարանի>> գրքերից մեկը՝ <<Սաղմոսարանը>>, հայերեն առաջին անգամ տպագրվել է 1565 թվականին, Վենետիկում, Աբգար դպիր Թոխատեցու կողմից։
Հայերեն ամբողջ <<Աստվածաշունչը>> առաջին անգամ տպագրվել է 1666-1668 թվականներին Ամստերդամում, Ոսկան վարդապետ Երևանցու կողմից։

https://www.youtube.com/watch?v=-VDtxRoeh0E

anya.
14.01.2018, 13:58
Շնորհակալություն, հարգելի Եսայան։ Շատ հետաքրքրի է և ուսանելի։

Նունե Մարգարյան
14.01.2018, 14:16
Նաև ավելացնեմ ,որ Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում՝1452-1455 թթ: Աստվածաշունչը ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Միայն 19-րդ դարում այն թարգմանվեց 400 լեզուներով: 2000 թվականի վերջին Աստվածաշնչի թարգմանած լեզուների թիվն անցավ 1900-ից:

anya.
14.01.2018, 22:43
Նաև ավելացնեմ ,որ Աստվածաշունչը առաջին տպագիր գիրքն է աշխարհում՝1452-1455 թթ: Աստվածաշունչը ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Միայն 19-րդ դարում այն թարգմանվեց 400 լեզուներով: 2000 թվականի վերջին Աստվածաշնչի թարգմանած լեզուների թիվն անցավ 1900-ից:

Նունե Մարգարյան , խնդրում եմ նշեք աղբյուրը, որտեղից օգտվել և ներկայացրել եք այս փաստերը։

Նունե Մարգարյան
15.01.2018, 22:56
Սիրով, ՙՙԳիտելիքների Շտեմարան՚՚ Ա. Փարսադանյան.

Լ ի ա
28.02.2018, 18:24
Աստվածաշնչի տպագրությունը մեսրոպաշունչ հայ մշակույթի հաղթանակն է ու փառապսակը` ձեռք բերված խորունկ հավատով, ինքնագիտակից նվիրումով և հայրենասիրական շնչով։


Աստվածաշունչը քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքն է, որ շնորհվել է մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում Սուրբ Հոգու ներշնչանքով` 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ: Աստվածաշունչը անսխալաբար սերնդեսերունդ է փոխանցվում, որպեսզի «բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» և որ «կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար»: Սուրբ Գիրքն Աստծո և մարդկության փոխհարաբերության իսկական վկայարան է, որտեղ Աստված բացահայտում է իրեն (աստվածությունը, մշտնջենավորությունը, զորությունը, սրբությունը, հավատարմությունը, սերը), միջամտում մարդկանց կյանքին, ուխտ կնքում նրանց հետ: Աստվախաշունչը մարդկության բազմադարյան գրականության և մշակութային ժառանգության գլուխգործոցն է, համաշխարհային քաղաքակրթության ընթացքն ուղենշած և առավել ներգործուն ազդեցություն ունեցած գիրք է: «Աստվածաշունչը» իբրև հատուկ անուն բնորոշ է միայն հայերին և փոխառված է Նոր կտակարանից, որտեղ Պողոս առաքյալն այն օգտագործել է իբրև ածական. «Աստծու շնչով գրված ամեն գիրք» ։

Լ ի ա
28.02.2018, 18:26
Ոսկան Երևանցու գրահրատարակչական գործունեությունը բեկում մտցրեց հայկական տպագրության զարգացման ընթացքի մեջ և 1666–68 թթ. Ամստերդամում տպագրված Աստվածաշունչը (1462 էջ) համարվում է հայ հնատիպ շրջանի տպագրության պսակը, քանի որ մեծացավ հայերեն գրքի տպաքանակը, մի քանի հարյուրից հասնելով հազարների: Ոսկանյան հրատարակություները օրինակելի են իրենց ճշգրտված բնագրերով: Հրատարակված գրքերը տարբեր ուղիներով հասցրել են Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր: Ոսկան Երևանցին ստեղծել է անընդմեջ գործող հայկական գրահրատարակչություն, տպագրական դպրոց, որտեղ սովորած վարպետները տարբեր քաղաքներում հիմնել են հայկական նոր տպարաններ: Իզուր չի ասվել, և բազմիցս աշակերտները շեշտում էին իրենց խոսքում, որ Ոսկան Երևանցու կյանքը եղավ պայքար հանուն լույսի, հանուն ավելի լավ կյանքի, հանուն հայ դպրության, գրի ու խոսքի հավերժության:

Լ ի ա
28.02.2018, 18:27
Աստվածաշնչի թարգմանությամբ ու տարածմամբ լուսավորվեց աշխարհը հայոց, պայծառացավ Քրիստոսի լոյսով, հավատքն ամրացավ, սերը բազմացավ, հույսն առատացավ, շնորհը լիացավ` բխեցնելով մեր ժողովրդի հոգու և մտքի հորդահոս արգասիքները: Հաջորդող տասնամյակներին և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տպարանի հաստատումից հետո բազմապատկվեց հայալեզու գրականությունը, հարստացավ հոգևոր և գիտական բազմաթիվ արժեքավոր աշխատություններով :