PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծննդավայրս



Արսենյան
13.10.2017, 20:08
Օշականն իմ ծննդավայրն է, իսկ ո՞րն է Ձերը...
Ես բանաստեղծություններով և արձակ խոհերով կխոսեմ նրա մասին, կխոսեմ նրա հետ:
Եկեք խոսենք մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունների մասին, մեր օրրան-ծննդավայրերի երազաշող խոհերը դարձնենք շատերինը:

Արսենյան
14.10.2017, 13:11
Այսօր Օշականում տոն է. Սուրբ թարգմանչաց տոնն է նշում օշականցին: Սուրբ թարգմանչաց տոնն է նշում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, և տոնի կենտրոնը Օշականն է: Սուրբ թարգմանիչներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, նրանց աշակերտներ Մովսես Խորենացին, Եղիշեն, Եզնիկ Կողբացին, էլի շատերը: Եկեղեցին սուրբ թարգմանիչների կարգին դասել է սուրբ Գրիգոր Նարեկացուն և Սուրբ Ներսես Շնորհալուն ևս:

Արսենյան
14.10.2017, 13:49
Սուրբ թարգմանիչներ

Սահակ Պարթևը և Մեծն Մաշտոց
Աշակերտաց հետ կրտսեր ու ավագ,
Հանճարների հետ՝ ներկա ու գալիք,
Սրբեր կոչվեցին, մշակ թարգմանաց:
Սուրբ թարգմանիչներ կոչեցին նրանց.
Նրանք սուրբ սիրով խոսքը Աստծո
Ավանդեցին մեզ՝ որպես լուսաբաց,
Բարին կամեցան ամենքին Աստծով:
Խոսքը ծավալվեց ու կոչվեց Նարեկ,
Իր մեջ ամփոփեց հույսը բոլորի,
Սուրբ Շնորհալու շնորհով լցվեց,
Սիրո տիեզերք ցանկաց բոլորին:
Հայ մարդը լցվեց լույսերով նրանց,
Նրանց հայացքով միշտ նայեց երկինք,
Տենչաց տենչանոք մաքրություն անանց,
Խոսքը հանճարեղ դարձավ սուրբ կնիք:
Աստվածապարգև շնորհով լեցուն
Հայի հոգու մեջ լույսը շողշողաց,
Հայը հայերեն հասկացավ Աստծուն,
Դուռը հավատի հայը պահեց բաց:
Որ մեղքից զատվի մարդը բանական,
Կյանքը հավերժի շնորհով շողա,
Որ Աստված լինի հային պահապան,
Լույսով հավերժվի աշխարհը համայն:

Արսենյան
14.10.2017, 15:36
***
Դարերն են եկել, գումարվել իրար
Հավերժի ոսկե ակնթարթի մեջ,
Հոսում է խինդը հրճվանքով վարար,
Խոսքը աղոթք է՝ խոնարհուն ու վեհ:
Մեսրոպ Մաշտոցով սրբացյալ հողի
Տերն ու մշակն ենք այս հոլովույթում,
Մեր հոգում՝ թրթիռ հավերժի շողի,
Հայի երազը հրաշք է երկնում:

Արսենյան
16.10.2017, 12:00
Օշականս

Շողշողում է Օշականս հանդերձներում աշունի,
Այս ժպիտը ոսկևոր է և երազի փայլ ունի,
Պայծառացյալ խնդություն է շուրջբոլորը շողաբաց,
Ժպտում է իմ գյուղը բարի, կանչում է իր գիրկը բաց:

Մաքրամաքուր ղողանջներ են, սավառնում են երկնքում,
Ղողանջում են երազները և որպես զանգ զրնգում:
Ժպտա՛, աշու՛ն, ժպտա՛ գյուղիս խաղաղության բերկրանքով,
Տե՛ր իմ, մաքրի՛ր խղճի գինին և դարձրու՛ սերը ծով:

Արսենյան
20.10.2017, 12:10
***

Օշականը՝ գյուղը այս,
Մի երգ ունի երազած,
Լուռ խոկում է գյուղը այս՝
Գետի ափին վեհ բազմած:

Պայծառաշող օրերի
Քաղցրությունն է ամբարել,
Զրույցները՝ նոր ու հին,
Եվ հույսերը իր ջահել:

Օշականը՝ գյուղս պարզ,
Դրոշմն ունի դարերի,
Երգն իր՝ շքեղ լուսաբաց,
Լուսե խինդը արևի:

Արսենյան
24.10.2017, 16:04
Երգի նման ձգվում է մանկության օրերի մեղեդին նրանց հոգում, ովքեր ծնվել են Օշականում, ապրում են Օշականում, օշականցի են: Նրանցն է գյուղն այս ու համայն աշխարհինը, քանզի իրենց հյուրընկալ սեղանների նման բաց է նրանց հոգին ու կանչող՝ այգիների միջով ոլորվող ճամփան:
Սա մեր գյուղն է, մեր քնքշանքը կանաչ, մեր սերն ու մանկության թրթիռը, երիտասարդության հևքն ու թրթիռը, մեր հասուն օրերի չխամրող ու երանգավառ առօրյան, հանգրվանն ու հոգսը, մի խոսքով՝ մերը:

Արսենյան
28.10.2017, 14:05
Սրբություն

Սուրբ հանճարով սրբալուսված առապարին
Լուռ հանգչում են սուրբ հանճարի նշխարները,
Օշականն է՝ գյուղը չքնաղ, փռված փեշին լեռնապարի,
Սուրբ հանճարով սրբալուսված հայոց հողը:

Աստվածային լույս է կաթել հայոց հողին,
Եվ փռվել են հայահավատ անուրջները,
Մաշտոցալույս հանճարներն են հայոց հողի
Եվ երկնքի սրբալեցուն կամուրջները:

Արսենյան
29.10.2017, 14:12
Օշականում իմ չքնաղ

Օշականում իմ չքնաղ ինչքա՜ն այգեր են բացվել,
Ժպտացել է արևով քանի՜ պայծառ լուսաբաց,
Ինչքա՜ն մարդիկ են եկել, անցել, դարձել առասպել,
Եվ թարթել է աչքերն իր պատմությունը հոգնահած:

Եվ դարավոր այդ ճամփին հազարամյա թախիծով
Մեր հին գետն է խշշացել խորունկ կիրճում Քասախի,
Հազարամյա այդ ճամփին մեր երազին՝ խորունկ ծով,
Ուղեկցել է մշտապես ծով տքնանքը Ուսուցչի:

Եկեղեցու խորանից լույս ու սիրով առլեցուն,
Հավատավոր հույսերով լույս հանճարը Մաշտոցի
Միշտ եղել է մեզ համար հոգու ընկեր, սրտի տուն,
Դաս է տվել բոլորիս հանճարը մեծ ուսուցչի:

Ուսուցիչ է նա հավետ, ջինջ ջահակիր երազի
Եվ մեր գյուղի սրտի մեջ ապրող հավատ մաքրալույս,
Ավանդները մշտապես հայ առաջին ուսուցչի՝
Շողացել են լույսով լի, ինչպես պայծառ արշալույս:

Էմմա Խաչատրյան
06.11.2017, 00:50
Օշականն իմ ծննդավայրն է, իսկ ո՞րն է Ձերը...
Ես բանաստեղծություններով և արձակ խոհերով կխոսեմ նրա մասին, կխոսեմ նրա հետ:
Եկեք խոսենք մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունների մասին, մեր օրրան-ծննդավայրերի երազաշող խոհերը դարձնենք շատերինը:
Շնորհակալություն հարգելի՛ Արսենյան հետաքրքիր թեմա եք առաջարկել։Ես էլ կներկայացնեմ իմ ծննդավայրը։
Ես ապրում եմ Կոտայքի մարզի մարզկենտրոնում՝ Հրազդան քաղաքում։Այն գտնվում է Հրազդան գետի ափին։Ունի Վանատուր,Մաքրավան,Կաքավաձոր,Սոլակ,Քաղսի․Ջրառատ և այլն գյուղերը։
Հյուսիսց՝ Փամբակի,հարավ-արևմուտքից՝ Ծաղկունյաց,արևելքից և հարավ-արևմուտքից՝ Գեղամա լեռնաշղթաների մաս կազմող սարավանդներով է շրջապատված ծննդավայրս։Այն հարակից է զբոսաշրջության կետրոն Ծաղկաձոր քաղաքին։
Չնայած այստեղ ձմեռները ցրտաշունչ են,սակայն ես սիրում եմ ծննդավայրս տարբեր եղանաակներին։
Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Մարալիկ գետերը,որոնք միախառնվելով հասնում են և թափվում Արաքս գետը։Այստեղ է
գտնվում նաև գեղեցիկ Ծովինար լիճը,որն իր անունը ստացել է Ծովինար աստվածուհու պատվին։Այդ լճից վեր է խոյանում
համանուն գեղեցկուհու արձանը։
Հրազդանը շրջապատված է գեղատեսիլ անտառներով։Դրանցից մեկը կոչվում է <<Եղևնիների պուրակ>>։Սիրում եմ զբոսնել այդ պուրակում։Փշատերև ծառերն ամենուր անուշ բույր են տարածում։
Արդյունաբերական կենտրոն է ծննդավայրս։Գործում են Հրազդանի մեքենաշինական և Ցեմենտի գործարանները,ՋԷԿ-ը և Աթարբեկյանի ՀԷԿ-ը։

Արսենյան
07.11.2017, 12:26
3724

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցին Օշականի այցետոմսն է: Սուրբ Մաշտոցը գյուղիս պահապան սուրբն է: Նրա հանճարը ժողովրդիս փառավոր ճամփի լուսավոր ոգին է:

Արսենյան
07.11.2017, 16:01
Շնորհակալություն, հարգելի՛ Էմմա, ջերմ արձագանքի համար: Յուրաքանչյուրս, մեծ աշխարհի մեր անկյունը ներկայացնելով, ավելի ծանոթ ու հարազատ կդարձնենք Հայաստան երկրի հայրենական դիմագիծը: Ձեր ակտիվությունը շատ գնահատելի է և վարակիչ: Շնորհակալություն:

Արսենյան
08.11.2017, 10:39
Հիշողության կանչ

Օրը պայծառ է՝ որպես սրբություն,
Եվ ժպիտներ կան անձրևի մեջ թաց,
Գարուն է՝ խինդաչ, երազահամբույր,
Խնդուն է տոնն այս, ինչպես լուսաբաց:

Մեր օշականյան հինավուրց հողում
Հայ պատմությունը դարձել է գրիչ,
Քո պատմությունն է, գյու՛ղ իմ հոլովում,
Քո պատմությունը, որ հասել է ինձ:

Դարեր են եկել, դարեր գնացել,
Նույն ձորն է, կիրճը ու նույն բնառուն,
Քանի՜ սերունդ է, գյու՛ղ իմ, լողացել
Ուղտաթավիկում, Արաբագյոլում:

Հնության փոշին փոշի չէ բնավ,
Ծաղկափոշի է՝ նստած թերթերիդ,
Հուշ-ասքերի մեջ ծփում է խաղաղ
Հեռու հող կոչված արտդ ցորենի:

Մեծով ու փոքրով խաղող են քաղում,
Նույնն էր ամեն ինչ և դարեր առաջ.
Հնձվոր ու արտին արև է մաղում,
Գյու՛ղ իմ հնօրյա, իմ քնքշա՛նք կանաչ:

Վանք ու մատուռներ շուրթերով արդար
Խնդրանք-աղոթքդ տանում են Աստծուն,
Այսօր է խիղճդ թող լինի վարար,
Տքնանքդ՝ բեղուն, հրճվանքդ՝ մաքուր:

Օլգա Հայրապետյան
04.02.2018, 19:20
Ես ծնվել և մեծացել եմ Բաքու քաղաքում:Ծնողներս Ղարաբաղից են:1988 թ-ին հայտնի իրադարձությունների հետ կապված տեղափոխվել ենք Հայաստան:Բայց ծննդավայրը միշտ մնում է հիշողության մեջ:

Մարգարյան Նաիրա
04.02.2018, 20:07
Յուրաքանչյուրիս համար սիրելի ու հարազատ է իր ծննդավայրը: Անկախ ամեն ինչից մենք սիրում , պաշտում ենք մեր քաղաքը, որտեղ ծնվել ու մեծացել ենք: Իմ քաղաքն ունի հազարամյակների պատմություն: Ըստ որոշ աղբյուրների քաղաքամայր Արտաշատը կառուցվել է Ք.ա.185թ.Արտաշես 1-ի կողմից:Առաջինն է եղել Արտաշատը , որն ունեցել է ամֆիթատրոն:Այն կառուցվել է Ք.ա. 53 թ.Արտավազդ 2-րդի օրոք; Առաջկն ներկայացմանը ներկա էին Արտավազդ 2-րդը և պարսից արքան: Այդ ներկայացումը Էվրիպիդեսի << Բաքոսուհիներ>>-ն էր:

Արսենյան
01.03.2018, 15:55
Շնորհակալություն արձագանքի համար, հարգելի՛ Նաիրա: Հայաստան աշխարհը լի է հրաշքներով, իսկ հրաշքը դառնում է հարազատ և սրտամոտ, երբ խոսում է մեր զգացմունքների ու մտքի, պատմության ու հիշողության հետ, երբ գալիս է մեր մանկությունից և մեզմե՛զ է պատմում՝ մեր ծննդավայրի ոգին ամբարած:

Sirvard
05.03.2018, 01:00
Հարգելի տիկին Արսենյան, թեման այնքան հոգեհարազատ է ինձ, որ չեմ կարող չհիշել իմ մանկության քաղցր հուշերը, որոնք կապված են իմ սիրելի ծննդավայրի՝ Լալվար սարի փեշին ծվարած գեղատեսիլ Աքորի գյուղի հետ: Հուշե՜ր, հուշե՜ր, անվերադարձ թա՜նկ հուշեր..

***
Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված Ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ:
Ի՝նչ է ուզում՝ չըգիտեմ...

Հովհաննես Թումանյան

Sirvard
05.03.2018, 01:10
***
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով՝
-- Ջա՜ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:

Հովհաննես Թումանյան
1918, փետրվար

Sirvard
05.03.2018, 01:13
***
Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր ձեն է միշտ հընչում,
Անհո՜ւն, անհո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում:

Հովհաննես Թումանյան
1918, հունվարի 26

Արսենյան
16.03.2018, 13:34
Հարգելի՛ Սիրվարդ, մեզանից է կախված, թե հուշերն ու կարոտները, երազանքն ու սերը ինչքան կապրեն, ինչպես կապրեն. ինչքա՞ն, թե՞ կանմահանան: Կարող ես ապրել նույն հող ու ջրի վրա ու կարոտել անցյալի կարկաչին, անուրջներիդ ղողանջին: Երբեք չկորցնենք երազանքի գուրգուրանքը և իրականության ներկա ու ապագայաշունչ պատգամը:
Լինենք հայրենականչի ու հայրենապատգամի ապրող շունչ: Հայրենիքը հիշողություն է ու հող, երգ է ու պատմություն, ներկա է ու լինելիության ավյուն, իսկ ծննդավայրը սրտի տաք անկյունն է, մեր մանկության բույրը:

Սվետլանա Քոչինյան
15.04.2018, 23:19
Մարգահովիտ՝ գյուղ հայրենի
Իմ էության մեջ, լինելության մեջ,
Ամեն բջիջի, արյան, ավշի մեջ,
Իմ արմատների ու ակունքի մեջ
Կաս ու կլինես իմ սկիզբ ու վերջ:
Ճերմակ ամպերի ու երազանքի,
Երկինք համբուրող վես գագաթների
Պերճ դրախտավայր, դու իմ սրբատուն,
Իմ հայրենականչ, հայրական իմ տուն:
Դու իմ մանկության անուշ համ ու հոտ,
Հոգիս պարուրող թանձրացող կարոտ,
Հովից ալեծուփ կանչող արտ,արոտ,
Մարգերի հովիտ՝ քաղցր, խնկահոտ:

հեղնարսարգսյան
17.04.2018, 23:02
Ծննդավայրիս մասին խոսելը մի տեսակ դժվար է ստացվում,ընկնում եմ հիշողությունների , երազանքների գիրկը, ծնողներիս կարոտը ,մանկության քաղցր հուշերը ,
մեր դատարկված տունը շատ ընկճում,տխրություն են հաղորդում: Երանի մանկանամ ,գրկեմ ծնողներիս,զգամ նրանց տաքուկ շունչը,նրանց մոտ ինձ էլի զգամ ուժեղ,ապահով,պաշտպատված.....

Նատաշա Պողոսյան
16.01.2019, 22:33
Օշականն իմ ծննդավայրն է, իսկ ո՞րն է Ձերը...
Ես բանաստեղծություններով և արձակ խոհերով կխոսեմ նրա մասին, կխոսեմ նրա հետ:
Եկեք խոսենք մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյունների մասին, մեր օրրան-ծննդավայրերի երազաշող խոհերը դարձնենք շատերինը:

Արցախում եմ ապրում, Մարտակերտն իմ ծննդավայրն է: Ակնածանքով եմ այցելում հուշահամալիր, այնտեղ անբաժան ցավի ու տառապանքի հիշողություններ կան, ծաղիկների խոնարհում, զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք, պատերազմի փորձություններ տեսած և կենդանի լեգենդներ դարձած ազատամարտիկների անցած ճանապարհի արթնացում ու պատկառանք:
93-ին հայության համար Մարտակերտի ազատագրումը մի նոր նվաճում էր, բայց զոհողությունների գնով. հանգան բազմաթիվ ճրագներ, արյուն հեղվեց, որբացան մանուկներ... Մարտական գործողությունների կիզակետում խոնավ հողաթմբեր բարձրացան, փոքրիկ շիրմաքարեր՝ կարճ, համառոտ մակագրություններով...Ամուսնական մահիճ չտեսած շատ պատանիներ զոհվեցին, կորստի ցավից կուչ եկավ հայի սիրտը, զոհվածների արյամբ ցողվեց հինավուրց հողը արցախյան: Սրբացած հողը ճաքճքեց ցավից, անմահացան հերոսներ... Անցանք փորձությունների երկար ուղի՝ բռնագաղթի խորդուբորդ ճանապարհների ահուսարսափ ու ողբ, սառն օտարություն, հայրենի հողի կարոտ...Տեղահան եղած ժողովրդի մի բեկորը բնակավայրի ազատագրումից հետո կամաց-կամաց վերադարձավ: Եկավ իր ավերված տունը, իր օջախը վերականգնեց, իր որդիների շիրիմների կողքին նոր աղոթք մրմնջաց՝ հայացքն Աստծուն ու երկնքին:
Տարիների ընթացքում պատերազմը գալիք սերունդների համար, թվաց, դարձել է հեռավոր հուշ, բայց նորից ապրիլին անմահացան հերոսներ, հավերժության ուղին բռնած մեր ժողովուրդը հասկացավ, որ խաղաղ ապրելու երաշխիքը այստեղ քիչ է, բայց ամուր պիտի կանգնի իր հողին՝ դարերին պատգամելով մեր ապրելու անսասան կամքը: Երկու պատերազմ տեսած մարտակերտցին այսօր արարում է, նորից ապրում: Գիտենք, որ դեռևս վաղ է պատերազմի վերջնական ավարտի մասին խոսելը, բայց նահատակների անցած ուղին հավերժ մեզ հետ է, մեր սրտերում: Անուն առ անուն հնարավոր չէ հիշել նրանց, ովքեր զոհվեցին, բայց ցավալիորեն մեր հիշողությանը նոր անուններ են գումարվում սահմանին կանգնած զինվորների անմահությամբ: Եվ իղձեր են կիսատվում, չիրականացված երազանքներ...

Նատաշա Պողոսյան
18.01.2019, 01:24
Արցախում եմ ապրում, Մարտակերտն իմ ծննդավայրն է: Ակնածանքով եմ այցելում հուշահամալիր, այնտեղ անբաժան ցավի ու տառապանքի հիշողություններ կան, ծաղիկների խոնարհում, զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք, պատերազմի փորձություններ տեսած և կենդանի լեգենդներ դարձած ազատամարտիկների անցած ճանապարհի արթնացում ու պատկառանք:
93-ին հայության համար Մարտակերտի ազատագրումը մի նոր նվաճում էր, բայց զոհողությունների գնով. հանգան բազմաթիվ ճրագներ, արյուն հեղվեց, որբացան մանուկներ... Մարտական գործողությունների կիզակետում խոնավ հողաթմբեր բարձրացան, փոքրիկ շիրմաքարեր՝ կարճ, համառոտ մակագրություններով...Ամուսնական մահիճ չտեսած շատ պատանիներ զոհվեցին, կորստի ցավից կուչ եկավ հայի սիրտը, զոհվածների արյամբ ցողվեց հինավուրց հողը արցախյան: Սրբացած հողը ճաքճքեց ցավից, անմահացան հերոսներ... Անցանք փորձությունների երկար ուղի՝ բռնագաղթի խորդուբորդ ճանապարհների ահուսարսափ ու ողբ, սառն օտարություն, հայրենի հողի կարոտ...Տեղահան եղած ժողովրդի մի բեկորը բնակավայրի ազատագրումից հետո կամաց-կամաց վերադարձավ: Եկավ իր ավերված տունը, իր օջախը վերականգնեց, իր որդիների շիրիմների կողքին նոր աղոթք մրմնջաց՝ հայացքն Աստծուն ու երկնքին:
Տարիների ընթացքում պատերազմը գալիք սերունդների համար, թվաց, դարձել է հեռավոր հուշ, բայց նորից ապրիլին անմահացան հերոսներ, հավերժության ուղին բռնած մեր ժողովուրդը հասկացավ, որ խաղաղ ապրելու երաշխիքը այստեղ քիչ է, բայց ամուր պիտի կանգնի իր հողին՝ դարերին պատգամելով մեր ապրելու անսասան կամքը: Երկու պատերազմ տեսած մարտակերտցին այսօր արարում է, նորից ապրում: Գիտենք, որ դեռևս վաղ է պատերազմի վերջնական ավարտի մասին խոսելը, բայց նահատակների անցած ուղին հավերժ մեզ հետ է, մեր սրտերում: Անուն առ անուն հնարավոր չէ հիշել նրանց, ովքեր զոհվեցին, բայց ցավալիորեն մեր հիշողությանը նոր անուններ են գումարվում սահմանին կանգնած զինվորների անմահությամբ: Եվ իղձեր են կիսատվում, չիրականացված երազանքներ...

ՀՈԳՈՒՍ ՄԵՋ ԾԱՆՐԱՑԱԾ ՑԱՎԸ ԱՇԽԱՀԻՆՆ Է ՈՒ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՆԸ

Այդ օրը առավոտյան դպրոցի հարակից փողոցի մի մայթից մյուսն անցնելիս անսովոր թեթևություն զգացի, ինձ թվաց` օդում սավառնում եմ: Նկատեցի, որ ինձանից ոչ շատ հեռու կանգնած երեք ոստիկան հայացքներն ուղղել էին դեպի ինձ: Չնայած նրանցից միայն մեկին ճանաչեցի, բայց իմ ողջույնից հետո խոսքս ուղղեցի նրանց. «Չեք պատկերացնի, թե ինչ թեթևություն զգացի, երբ անցա այս նոր ասֆալտապատված փողոցով: Սա ուղղակի հրաշալի զգացողություն է, որ տարիներ շարունակ մենք չենք վայելել»: Իմ խոսքի արձագանքը նրանց զարմացական ժպիտն էր, իսկ երբ բարձրացա դպրոցի երկրորդ հարկ, մոտեցա պատուհանին, որպեսզի մեկ անգամ ևս հեռվից վայելեմ ջրափոսերից ազատված փողոցը, որի ասֆալտապատումով մի նոր շունչ էր տրվել նախկինում փոշու մեջ կորած իմ բնակավայրի այդ տարածքին: Հետաքրքիր էր, ափսոսայի՞, որ շատերը չեն ունեցել այսպիսի զգացողություն, թե՞ երանի տայի նրանց, ովքեր ծնված օրվանից դարուփոսերով չէին անցել: Մտորումների շղթան ինձ տարավ 10-րդ դասարան... Նայում եմ իմ առջև նստած աշակերտուհու ձեռքի արագ շարժումներին: Ընդամենը տաս րոպե, առաջարկել էի աշակերտներին` շարադրել իրենց մտքերը` տեղավորվելով այդ րոպեների մեջ: Ուսուցման այս մեթոդի համաձայն` եթե գրելու բան չունես անգամ, փակագծերում պետք է գրել` չգիտեմ:
«Սևագրություն է, չհասցրի մաքրագրել»,-ինձ հանձնելով` ասաց նա: Մի պահ նայեցի շարադրանքին, փակագծերում դրված բառ չգտա, բայց կարծես իր սերնդակիցների կոչն էր թերթին հանձնած. «Ցանկանում եմ գոռալ, դիմել աշխարհի բոլոր մարդկանց` մի՛ փակեք ձեր աչքերը ուրիշի ցավի վրա, անտարբեր մի՛ եղեք անմեղ կյանքերի կորստյան հանդեպ: Գուցե կգտնվեն մարդիկ, որ կդատապարտե՞ն ինձ, որ մեղադրանքի խոսք եմ ուղղում անտարբեր դարձած աշխարհին: Իսկ դուք գիտե՞ք ես ինչպես եմ ապրում: Ամեն օր տագնապած սպասում եմ վատ լուրերի: Եվ շատ անգամ գույժը մեզ սպասեցնել չի տալիս: Ավելի հաճախակի են դարձել փոքրիկ երկրիս` սահմանից մեզ հասնող կրակոցները: Ամենաահավորն այն է, որ դրանք մեզ համար սովորական են դարձել, և մենք շատ ժամանակ դրանց չլսելուց ենք տագնապում և ապրում մեծածավալ հարձակումի սպասումով: Ամեն մի կրակոց լսելով` միտքս բթանում է, հոգիս` տակնուվրա լինում: Բայց իմ մտահոգությունը միայն մեր փոքրիկ Արցախում ապրողներիս մասին չէ: Ամբողջ աշխարհը բախվել է մահվանը, ամեն տեղ ահաբեկություն, պատերազմ, անմեղ զոհեր....Նույնիսկ սովորական լրահոսն է միայն տխուր լուրեր հաղորդում: Մեր կապույտ մոլորակը էլ չի կարող տանել չարիքի այս բեռը, ու մարդիկ ծանրացնու~մ, ծանրացնու~մ են մոլորակի սիրտը»: Ս ե դ ա ՛ Գ ր ի գ ո ր յ ա ն , այս փոքրամարմին, հասուն մտքերով աղջնակին որտեղի՞ց եկավ նաև իմ հոգին ծանրացնող այս խոսքը: Միտքը անսովոր էր, բայց զորեղ ու թախծալի... Այս տողերը ինձ մտովի տանում են դեպի հեռուները....Ուզում եմ աշակերտներիս խոսքերում ամեն անգամ բանաձևել բառը, արտահայտությունը, նրանց հուզական վիճակը, ցանկանում եմ ասել այն գերբնական զգացողությունն արտահայտող միտքը, որ կարող է նրանց հուսադրել, բայց կարծես չեմ գտնում, ու ես էլ հոգուս մեջ ծանրացած կուտակում եմ այն մեծ ցավը, որ աշխարհինն է ու մեր բոլորինը: Ու ժամեր հետո նստում եմ հեռուստացույցի առջև և ուշադիր հետևում աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձություններին… Կսկիծով անջատում եմ հեռուստացույցն այն մեծ համոզմամբ, որ աշխարհի ամենալավ վայրը Արցախն է, իմ սուրբ օրրանը, որտեղ պատերազմի հետքերն են ամենուր… Իմ և բոլորի Մարտակերտը` փոշու մեջ կորած և քարուքանդ եղած մեր քաղաք կոչված այդ փոքրիկ բնակավայրը, որի կենտրոնական փողոցի մի մասն արդեն ասֆալտապատել են: Դա իմ բնակավայրն է, որտեղ սահմանին մոտ ապրող ուսուցչուհիս ամեն օրվա լուսաբացի շտապում է ոտքով հասնել դպրոց, երբեմն ուրախանում, որ այդ օրն իր ծանոթ որևէ ծնողի մեքենայի ուղևորուհին է դարձել: Դա մարտով կերտված իմ աղքատիկ ծննդավայրն է, որտեղ երբ էլեկտրական լույսերն են հանգչում, գիշերային մթության մեջ սենյակի պատերը խարխափելով` մի նոր լույս եմ փնտրում: Դա այն վայրն է, որտեղ առանց իմ բնակարանի դուռը կողպելու` մտնում եմ խանութ, երբեմն մոռանում, որ այն բաց եմ թողել: Դա իմ բնօրրանն է սուրբ, առանց որի չեմ կարող ապրել, որովհետև բոլորը մեկը մյուսին ճանաչում են ու հավատում միմյանց, իսկ երբ սահմանին մոտ կրակահերթերի արձագանքներն են լսվում, դառնում են մեկ ՄԱՐԴ ու մեկ ՀՈԳԻ, որ կարողանան միասին «մեռնել», որպեսզի նորից հարություն առնեն:

Մարգարիտա Ղազարյան
04.02.2019, 00:33
ԳԱՌՆԻ...վեհաշուք, երբեմնի թագավորանիստ, հպարտ ծննդավայրս...
Անապական են Գառնո օդն ու անուշ, սառնորակ ջուրը...Գառնին <<բազմել է>> հսկա, բազալտե սյուների վրա՝ առինքնող ու անառիկ:
Սիրում եմ իմ օրրանը, չնաշխարհիկ իմ անկյունը: Այստեղ է Տրդատ արքան իրեն ապահով զգացել, կառուցելով հոյակերտ տաճար, գունավոր խճանկարով բաղնիք, հիմնելով այգիներ ու անտառներ: Խոսքը հելլենիստական մշակույթի առավել լավ պահպանված՝ Գառնո տաճարի, մասին է: Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Գառնի, հիանում են ու զարմանում, ժպտում են ու վայելում...
Գառնին շրջապատված է Գեղարդով ու Ամենափրկիչ եկեղեցիների համալիրով, սրբ. Ստեփանոսով, սրբ. Սարգիսով ու սրբ. Վարդանով, իսկ <<Խումարա ժամն>> ու <<Մաշտոց-Հայրապետը>>, սրբ.Աստվածամայր գործող եկեղեցին և բազմաթիվ այլ մատուռներ գտնվում են հենց գյուղի տարածքում:
Աստվածահավատ է գառնեցին, պատվախնդիր, աշխատասեր է ու հյուրասեր: Գառնին ունի հիմնական ու ավագ դպրոցներ, մարզադպրոց ու երաժշտական դպրոց, մշակույթի կենտրոն ու արվեստի դպրոց: Ուսումնասեր է գառնեցին, չի հանդուրժում օտարամոլությունը, կեղծիքն ու ձևականությունը:
Այստեղ էլ են եղել պատերազմներ, այստեղ էլ են լսվել այրուձիերի դոփյուններ, այստեղ էլ է եղել հզոր երկրաշարժ/մոտ 300տարի առաջ/, որի ուժից որձաքարի հսկա բեկորներ են շպրտվել այս ու այն կողմ, Գառնո տաճարն է ավերվել ու 1970-ականներին, վերականգնման ժամանակ, հսկայական սյուների ու խոյակների մի մասը Գառնու կիրճից է հանվել:
Զարմանահրաշ ու խորհրդավոր է Գառնիի կիրճը: Երաժշտությունը կարծես քարացել է մի պահ. << Քարե սիմֆոնիա>> է կոչվում մի գողտրիկ տեղանք, որտեղ, ուղղաձիգ, երկնակարկառ բազալտե սյուները, հնգանկյուն կամ վեցանկյուն կանոնավոր պրիզմաների վերածված՝ երաժշտական լարեր են ասես՝ հսկա, սահմռկեցուցիչ, վեհ ու անիրական... Միախառնվում են թռչունների ճռվողյունն ու Ազատ գետի խշշոցը, շնկշնկան զեփյուռը, ուրցի ու գիհու բույերը՝ ստեղծելով քարացնող <<Քարե սիմֆոնիա>>՝ ներդաշնակ, հանգիստ, բայց և՝ աժեղ, վայրի ու տիրական...
Անմեկնելի է ծննդավայրիս գրավչությունը. այստեղ ազատ եմ շնչում, տրամադրությունս բարձրանում է... Արևն էլ է ուրիշ այստեղ, մրգի, բանջարեղենի, հացի համն ու բույրն էլ է ուրիշ...
Այցելե՛ք Գառնի, ու կհամոզվեք...