PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական բնավորություն

Նարինե Մուրադյան
02.05.2017, 20:31
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ազգ ունի բնավորության որոշակի գծեր: Առաջարկում եմ քննարկել մեր ազգին բնորոշ հիմնական առանձնահատկությունները, դրանց դրական և բացասական կողմերը:

Gayane Lachinyan
02.05.2017, 21:31
Մենք հայերս ունենք բնավորության գծեր, որոնք բնութագրում են մեր ազգը: Ինքս շատ հպարտանում եմ հայերի հյուրասիրությամբ, որ պատրաստ են ցանկացած անծանոթ մարդու տուն հրավիրել և մի բաժակ սուրճ հյուրասիրել: Գիտեմ նաև, որ այդ սովորությունը ուրիշ ազգերը չունեն: Հպարտանում եմ, որ պահպանում ենք ազգային սովորությունները: Հայ ժողովուրդը ունի շատ բարձր արժեքներ, որոնք անտեսել չենք կարող, և մի գուցե այդ արժեքները գնահատելով է, որ հարմարվում ենք նաև վատ բնավորության գծերին:

Նարինե Մուրադյան
02.05.2017, 21:38
Ինչ եք կարծում` հայկական հյուրասիրությունը միայն դրական գիծ է, թե կարող է նաև դառնալ բացասական:

Նվարդ Հովհաննիսյան
02.05.2017, 23:24
Նարինե ջան, հային բնորոշ ամենաարտահայտված գծերից է, իմ կարծիքով, կամքի ուժն ու նպատակասլացությունը, հայը երբեք չի դադարում պայքարել ու ձգտել:

Աստղիկ Մարկոսյան
03.05.2017, 00:49
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ազգ ունի բնավորության որոշակի գծեր: Առաջարկում եմ քննարկել մեր ազգին բնորոշ հիմնական առանձնահատկությունները, դրանց դրական և բացասական կողմերը:

Այն, որ մենք հայ ենք ու հպարտ ենք դրանով, անկասկած շատերի կարծիքը կարտահայտեմ:

.Հայը կարող է մտերիմ(ու ոչ միայն) մարդուն անմնացորդ նվիրվել ու տալ իր ունեցածը, պարուրել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ և քնքշանքով:

.Հայերը շատ են սիրում և գնահատում ընտանիքը:

.Հայ ծնողները իրենց երեխաներին մեծացնում են անձնվիրաբար և հանուն նրանց անում ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ անհնար է թվում: Մեր երկրում երեխաների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է:

Անվերջ կարելի է թվարկել հայկական բնավորության դրական գծերը:

Նարինե Մուրադյան
03.05.2017, 22:04
Հային բնորոշ ամենաարտահայտված գծերից է, իմ կարծիքով, կամքի ուժն ու նպատակասլացությունը, հայը երբեք չի դադարում պայքարել ու ձգտել:

Համաձայն եմ, մենք պայքարող տեսակ ենք:

Նարինե Մուրադյան
03.05.2017, 22:05
.Հայը կարող է մտերիմ(ու ոչ միայն) մարդուն անմնացորդ նվիրվել ու տալ իր ունեցածը, պարուրել նրան հոգատարությամբ, ուշադրությամբ և քնքշանքով:

.Հայերը շատ են սիրում և գնահատում ընտանիքը:

.Հայ ծնողները իրենց երեխաներին մեծացնում են անձնվիրաբար և հանուն նրանց անում ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ անհնար է թվում: Մեր երկրում երեխաների նկատմամբ վերաբերմունքը յուրահատուկ է:

Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար: Իսկ ինչ եք կարծում` կարող են լինել իրավիճակներ, երբ Ձեր թվարկած այդ հատկանիշները դառնան ոչ թե դրական, այլ բացասական:

gayane0803
03.05.2017, 23:50
Նարինե ջան ես հիմա մի իրական դեպք պատմեմ հայի հյուրասիրությունից...
Մի ռուս (մինչև 90-ականները) հյուր է գալիս իր հայ ընկերոջը: Ընկերը խորովածով, ամեն ինչով նրան հյուրասիրում է: Ընկերը վերադառնում է Ռուսաստան ու կարծեմ գրում` հայն այդ ինչքան աշխատավարձ է ստանում, որ իրեն այդպես հյուրասիրել է: Հետո պարզվում է, որ հարևանից է պարտք վերցրել: Մերոնք այդպես են: Հիմա դուք դատեք` լա՞վ է, թե՞ վատ...

ՎարդԱ
04.05.2017, 00:43
Մեր ազգը ունի բնավորության բազմաթիվ լավ գծեր՝ պայքարի անկոտրում ոգին,աշխատասիրությունը, հյուրասիրությունը,կրթության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը,մեծին հարգելու ավանդույթը,ընտանիքի կարևորումը,երեխաներին նվիրվածությունը և այլն.......բայց դրանց կողքին ունի մի շատ յուրօրինակ գիծ՝ամեն ինչից տեղին անտեղին դժգոհելը,ինչն էլ բացասական էներգետիկա է ստեղծում մեր շուրջը՝ մեր մտքերը դառնում են խոսքեր,ապա նաև գործողություններ։Բայց առհասարակ սիրում եմ մեր ազգի հենց այդ հավաքական ու հակասական կերպարը,ինչն էլ մեր բնաշխարհի ազդեցության հետևանքն է, և հպարտ եմ,որ հայ եմ։

Աստղիկ Մարկոսյան
04.05.2017, 01:10
Շնորհակալ եմ հետաքրքիր վերլուծության համար: Իսկ ինչ եք կարծում` կարող են լինել իրավիճակներ, երբ Ձեր թվարկած այդ հատկանիշները դառնան ոչ թե դրական, այլ բացասական:

նարինե ջան ես մի ճշմարտություն գիտեմ, որ եթե ուզում ես դիմացինիդ լավություն անել, ուրեմն քեզ պիտի նեղություն տաս: Բազմիցս ես ինքս տուժել եմ այդ տեսակ դրսևորումներից, բայց մարդուն փոխել անհնար է: Այդպիսի դաստիարակություն եմ ստացել՝ հասնել, օգնել, կարեկցել...

Ալվարդ_Մ
04.05.2017, 07:44
Նարինե ջան, մի բան էլ չմոռանանք, որ հայն ավելի շատ կողքինի տխրությունը կիսող է, քան ուրախությունը:

Սվետլանա Քոչինյան
04.05.2017, 08:07
Թեման շատ հետաքրքիր է և բոլոր հայերին հուզող,մշտապես դառնում է բանավեճերի նյութ,և երբեք չի կարելի գտնել միակ ճշմարտությունը։Ինձ շատ է հիացրել ու զարմացրել Դերենիկ Դեմիճյանի «Հայը» հանճարեղ հոդվածը, որը շատ հաճախ եմ կարդում...կարող ես համաձայն լինել,կամ էլ հակառակը, մշտափոփոխ է հայը...
Դերենիկ Դեմիճյան «Հայը»
«Արդյոք մի բան հասկանո՞ւմ եք Հայից... Որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած: Որքա՜ն խաբուսիկ: Երևույթը, ո՛չ ինքը: Բայց և ի՞նչ է ինքը, իր նկարագիրը: Զո՛ւտ աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր: Անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենի՛ց համառ կառչեց նրան։ Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։ Ասենք՝ իր կյանքում երկու բան բնավ չտեսավ. մեկ՝ բախտ, մեկ էլ հուսահատություն։ Ինչպե՞ս ճանաչես նրան, ինչպե՞ս չափես։ Իր չափը չափազանցն է. զարմանա՜լի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է։

Ահա՛ նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ՝ ճկվում է, մեջքը կոտրում։ Աշխատա՞նք է կատարում, թե՞ ինքնախորտակումն։ Վրե՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու։ Ո՞ւմ դեմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքա՜ն ուժ, որքա՜ն աշխատասիրություն։ Ապա՞ տար տանդ ծառա։ <...> Ի՞նչ է միտքը, մի փոքրիկ գումար շինե, գնա, դուքան բաց անե։ Մարդը իր հացի և իր գործի տերն է ուզում լինել և ո՛չ թե սրա-նրա ծառան։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր... Բայց տեսե՞լ եք նրան, երբ գաղթական է. ի՜նչ ծույլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տա՝ ինքը ուտի։ Եվ սովից կմեռնի անխոս, անխնա, կասես՝ ջգրու։ Եվ սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազանացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մեջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնե։ Բայց գնա՛ իր խրճիթը, հազար գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են։ Ուտում են նրա հացը, ինչպես Հայր Աբրահամի սեղանից։

Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ... Բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված...

Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։ Դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացնին, Հայը իսկապես կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտությո՞ւնը»,— մտահոգվում է նա։

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դավթի նման և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես։ <...> երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյի՛ր, և կկողոպտվի, բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛յն սերը կարող է վաստակել, Հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է, ինչպես վարդապետ։ Եթե գժտվեց մեկի հետ, ոխակալ է ինչպես ուխտ: Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության, և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

Ուր հեղափոխություն՝ այնտեղ Հայություն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ։ Շահի դեմ, Սուլթանի դեմ, Ցարի դեմ։ Ասենք՝ ամեն Հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց։ <...>

Ինչո՞ւ է այսպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում... Ինչո՞ւ է այսպես անհավասար, ներհակ, մաղձոտ, <...> անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

Երևի, վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար և մեկուսանում է, որ նյութե, դավե, վնասե։ Ո՜չ. Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ի՞նչ եղավ իր պատմությունը. զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում ... <...> «Ջարդի՛ր ինձ,— ասում է նա,— ահա՜ քո պատիժը և իմ վրեժը»։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված... Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդվում, յապոնացու պես, որ, երբ մեկից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։

Այսպես է Հայը։ Չի՛ ուզում, որ իրան դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ։ Նա մեկուսի է, խստակյաց, բարի և ազատասեր։

Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,— ասում է նա իր նեղիչներին,— ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացե՛ք, ապրեցե՛ք խաղաղ և երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը՝ Ազատությունը...»։

Նարինե Մուրադյան
05.05.2017, 21:52
Նարինե ջան ես հիմա մի իրական դեպք պատմեմ հայի հյուրասիրությունից...
Մի ռուս (մինչև 90-ականները) հյուր է գալիս իր հայ ընկերոջը: Ընկերը խորովածով, ամեն ինչով նրան հյուրասիրում է: Ընկերը վերադառնում է Ռուսաստան ու կարծեմ գրում` հայն այդ ինչքան աշխատավարձ է ստանում, որ իրեն այդպես հյուրասիրել է: Հետո պարզվում է, որ հարևանից է պարտք վերցրել: Մերոնք այդպես են: Հիմա դուք դատեք` լա՞վ է, թե՞ վատ...

Այո, շատ հաճախ ինքնազոհողությունը դիմացինի կողմից չի վերլուծվում և սխալ է ընկալվում: Ուստի պետք է իմանալ՝ ում համար դիմել այդպիսի զոհողության, կամ արդյոք արժե, թե ոչ:

Նարինե Մուրադյան
05.05.2017, 21:55
Մեր ազգը ունի բնավորության բազմաթիվ լավ գծեր՝ պայքարի անկոտրում ոգին,աշխատասիրությունը, հյուրասիրությունը,կրթության նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը,մեծին հարգելու ավանդույթը,ընտանիքի կարևորումը,երեխաներին նվիրվածությունը և այլն.......բայց դրանց կողքին ունի մի շատ յուրօրինակ գիծ՝ամեն ինչից տեղին անտեղին դժգոհելը,ինչն էլ բացասական էներգետիկա է ստեղծում մեր շուրջը՝ մեր մտքերը դառնում են խոսքեր,ապա նաև գործողություններ։Բայց առհասարակ սիրում եմ մեր ազգի հենց այդ հավաքական ու հակասական կերպարը,ինչն էլ մեր բնաշխարհի ազդեցության հետևանքն է, և հպարտ եմ,որ հայ եմ։

Համաձայն եմ Ձեր նշած որակների հետ: Բացասականներից կուզենայի նաև ավելացնել այն, որ մենք չգիտենք հերթ կանգնել: Եթե աշխարհի բոլոր նորմալ երկրներում հերթը լինում է ուղղահայաց, մարդիկ կանգնում են շարքով՝ իրար հետև, ապա Հայաստանում, չգիտես ինչու, հերթը լինում է հորիզոնական՝ իրար կողք, ու ՛՛ով՝ շուտ՛՛ սկզբունքով:

Նարինե Մուրադյան
05.05.2017, 21:58
նարինե ջան ես մի ճշմարտություն գիտեմ, որ եթե ուզում ես դիմացինիդ լավություն անել, ուրեմն քեզ պիտի նեղություն տաս: Բազմիցս ես ինքս տուժել եմ այդ տեսակ դրսևորումներից, բայց մարդուն փոխել անհնար է: Այդպիսի դաստիարակություն եմ ստացել՝ հասնել, օգնել, կարեկցել...

Ես կարծում եմ, որ ոչ բոլորին արժե լավություն անել սեփական ռեսուրսների, ժամանակի և նյարդերի հաշվին, որովհետև հաճախ դա կարող է չարաշահվել: ՛՛Ոչ՛՛ ասելու կարողությունը շատ կարևոր անձնային որակ է, որը ևս պետք է սովորել և զարգացնել

Նարինե Մուրադյան
05.05.2017, 22:07
Նարինե ջան, մի բան էլ չմոռանանք, որ հայն ավելի շատ կողքինի տխրությունը կիսող է, քան ուրախությունը:

Համաձայն եմ, բարեբախտաբար, թե դժբախտաբար, դա այդպես է:

Նարինե Մուրադյան
05.05.2017, 22:16
Թեման շատ հետաքրքիր է և բոլոր հայերին հուզող,մշտապես դառնում է բանավեճերի նյութ,և երբեք չի կարելի գտնել միակ ճշմարտությունը։Ինձ շատ է հիացրել ու զարմացրել Դերենիկ Դեմիճյանի «Հայը» հանճարեղ հոդվածը, որը շատ հաճախ եմ կարդում...կարող ես համաձայն լինել,կամ էլ հակառակը, մշտափոփոխ է հայը...

Շնորհակալ եմ, տեղին մեջբերում եք արել: Իրոք, յուրահատուկ և ծայրահեղություններ սիրող ազգ ենք:

Marine6
06.05.2017, 11:34
Մենք հայերս ունենք բնավորության գծեր, որոնք բնութագրում են մեր ազգը: Ինքս շատ հպարտանում եմ հայերի հյուրասիրությամբ, որ պատրաստ են ցանկացած անծանոթ մարդու տուն հրավիրել և մի բաժակ սուրճ հյուրասիրել: Գիտեմ նաև, որ այդ սովորությունը ուրիշ ազգերը չունեն: Հպարտանում եմ, որ պահպանում ենք ազգային սովորությունները: Հայ ժողովուրդը ունի շատ բարձր արժեքներ, որոնք անտեսել չենք կարող, և մի գուցե այդ արժեքները գնահատելով է, որ հարմարվում ենք նաև վատ բնավորության գծերին:

Ազգային հյուրասիրությունը գեղեցիկ գիծ է, եթե այն կիրառվում է մեր ազգի համար: Այլազգիները դա օգտագործում են իրենց գումարները խնայելու միջոց միայն: Ականատես եմ եղել, թե ինչպես օտարերկրյա դիտորդները / որոնք հաստատ տեսել էին հայկական հյուրասիրությունը/ միայնակ ճաշում էին և չհրավիրեցին իրենց թարգմանչուհուն, որ նրանց իրերը օգնում էր տանել :

Marine6
06.05.2017, 11:40
Մենք սիրում ենք ճոխ սեղաններ, բայց մոռանում ենք հնուց եկած իմաստությունները՝ չի կարելի պարտքով նոր տարի դիմավորել: Առհասարակ չի կարելի պարտքով ինչ որ բանի հիմք դնել/ ընտանիք/: Ցավոք ազգը որքան աղքատանում է ՝ կենացներն այնքան թանկանում են:
Չգիտեմ, ամեն դեպքում չեմ հարգում նման բաները ...

Նարինե Մուրադյան
07.05.2017, 17:04
Կարծում եմ՝ պարտքով Նոր տարի դիմավորելը առանձին քննարկմման թեմա է... Այստեղ արդեն բախվում ենք մեր ազգի մյուս բացասական որակին՝ ցուցամոլությանը և ուրիշների կարծիքով ապրելուն: Ի վերջո, պետք է հիշել, որ կարելի է շատ ճոխ սեղանի շուրջ տխուր լինել, և հակառակը:

marine8
07.05.2017, 20:54
Սիրելի՛ Նարինե, մենք՝հայերս, միշտ պետք է հիշենք Մովսես Խորենացու տված հետևյալ դասը, որը կենսունակ է նաև այսօր,այն է՝ճանաչել սեփական արժանիքները՝ զերծ մնալով ազգային սնապարծությունից:

Gayane Lachinyan
07.05.2017, 21:07
Մենք սիրում ենք ճոխ սեղաններ, բայց մոռանում ենք հնուց եկած իմաստությունները՝ չի կարելի պարտքով նոր տարի դիմավորել: Առհասարակ չի կարելի պարտքով ինչ որ բանի հիմք դնել/ ընտանիք/: Ցավոք ազգը որքան աղքատանում է ՝ կենացներն այնքան թանկանում են:
Չգիտեմ, ամեն դեպքում չեմ հարգում նման բաները ...

Ցանկացած դրական սովորույթ կարելի է որպես չարիք ներկայացնել՝ բերելով ծայրահեղ օրինակներ:Հյուրասիրելիս երբեմն ծայրահեղությունների մեջ էլ են ընկնում.
դա ոչ թե հյուրասիրություն է, այլ ցուցամոլություն, ճոխություն:Ես չեմ ընդունում, որ հյուրասիրությունը պետք է կապված լինի ճոխության հետ։ Հյուրասիրիր այն, ինչ ունես և ինչ կարող ես։

Նարինե Մուրադյան
07.05.2017, 21:42
Սիրելի՛ Նարինե, մենք՝հայերս, միշտ պետք է հիշենք Մովսես Խորենացու տված հետևյալ դասը, որը կենսունակ է նաև այսօր,այն է՝ճանաչել սեփական արժանիքները՝ զերծ մնալով ազգային սնապարծությունից:

Հարգելի Մարինե, համաձայն եմ Ձեզ հետ: Ավելացնեմ նաև, որ սեփական արժանիքներն ադեկվատորեն ճանաչելն ու գնահատելը խոսում է անձի հասունության մակարդակի մասին: Դա նաև գործում է ազգի մակարդակում:

AsyaY
07.05.2017, 22:23
Հարգելի Նարինե ջան,կարող եմ ճոխ բառարանային բառերով ներկայացնել հայ ազգին բնորոշ բնավորության գծեր,արժեքներ և...իմ ազգը արժանի է:
Ես սիրում եմ իմ ազգին,հպարտ եմ ,որ հայ եմ:Երբեք չեմ լքի իմ հայրենիքը՝ինչ էլ որ պատահի:

Բայց թող ներեն ինձ բոլորը նախապես.
ՆԱԽԱՆՁ
միշտ նախանձել դիմացինին,չուրախանալ դիմացինի ձեռքբերումներով,գնահատել միշտ կորցնելուց հետո ...

Ալվարդ_Մ
07.05.2017, 22:59

Այո դառը իրականություն: Գնա մեռի, արի սիրեմ : /Ժողովրդական ասույթ/

Marine6
15.05.2017, 21:07
Համամիտ չեմ: Նախանձներ բոլոր ազգերի մեջ էլ կան: Դա մարդկային հատկություն է : Հայը վատը լինել չի կարող: Հայը ես եմ ու ես նախանձ չեմ: Տարբեր իրավիճակներում եմ հայտնվել, բայց այդ զգացողությամբ չեմ տառապել: Չեմ ընդունում նաև բարի նախանձ արտահայտությունը: Իսկ ով այդպիսին է՝ ես նրան հայ չեմ համարում / հարամ արյուն ունի /:

Նարինե Մուրադյան
16.05.2017, 20:36
Որպես կանոն՝ նախանձում են չկայացած և իրենց կյանքով չբավարարված մարդիկ, ում համար ուրիշի կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան իր սեփականը: Իսկ այդպիսի մարդկանցից վիրավորվել կամ նրանց վրա զայրանալ, կարծում եմ, անիմաստ է:

Նվարդ Հովհաննիսյան
16.05.2017, 20:46
Նարինե' ջան, շատ հետաքրքիր բացատրություն էր, ես համամիտ եմ Ձեզ հետ, նախանձում են կյանքում ոչնչի չհասած մարդիկ, որոնք վատատես են ամեն հարցում:

Gayane Lachinyan
16.05.2017, 23:30
Որպես կանոն՝ նախանձում են չկայացած և իրենց կյանքով չբավարարված մարդիկ, ում համար ուրիշի կյանքը շատ ավելի հետաքրքիր է, քան իր սեփականը: Իսկ այդպիսի մարդկանցից վիրավորվել կամ նրանց վրա զայրանալ, կարծում եմ, անիմաստ է:

Սիրելի Նարինե համամիտ եմ Ձեզ հետ :Նախանձը բացասական դիրքորոշում է ուրիշների հաջողությունների հանդեպ։

Նախանձներին տանջում են ոչ միայն իրենց անհաջողությունները, այլև ուրիշների հաջողությունները։
Արիստոտել

gayane0803
27.05.2017, 23:54
Ձեր ժամանակը սահմանափակ է, մի´ ծախսեք այն` ապրելով ուրիշ կյանքով: Մի´ ընկեք հավատի ծուղակը, որը հիմնված է ուրիշ մարդկանց մտածածի վրա: Մի´ թողեք, որ ուրիշների հայացքները խեղդեն ձեր ներքին ձայնը: Եվ շատ կարևոր է ունենալ տղամարդկություն հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք այսպես թե այնպես գիտեն, թե դուք ինչ եք ուզում: Մնացած բոլոր երկրորդական է:
Սթիվ Ջոբս

Ալվարդ_Մ
28.05.2017, 00:56
Գայանե ջան շատ դիպուկ մեջբերում է, բայց մարդկանց մեծ մասը կյանքի իմաստը դրա մեջ է գտնում /ուրիշի կյանքով ապրելու, քան իրեն/ ...

Նարինե Մուրադյան
30.05.2017, 21:24
Իսկ ո՞րն եք համարում հայ ազգի բնավորության ամենաարտահայտված և տարբերակիչ գիծը:

gayane0803
30.05.2017, 22:28
Իհարկե՛ հյուրասեր լինելը և շփվելը, որը երբեմն ծայրահեղությունների է հասնում: Սակայն լավ է:

AsyaY
31.05.2017, 21:21
Իսկ ո՞րն եք համարում հայ ազգի բնավորության ամենաարտահայտված և տարբերակիչ գիծը:

Հային բնորոշ/թասիբով գիծը/դա վերջին պահի միասնակամության ուժն է,որը ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:Դա հայրենասիրությունն է,ազգասիրությունը,/ցուցադրական/հյուրասիրությունը,հավատը,հիմնավոր կրթությունը,բարեկիրթ վարքագիծը,ճոխ հագնվելը,շատ քիչ խրախուսելը,հարևանություն անելը,ավանդապաշտությունը,պարտքով ճոխ-զարմացնող, ավանդական-ժամանակակից հարսանիքներ անելը...

Իրինա Մարգարյան
01.06.2017, 23:03
Իսկ ո՞րն եք համարում հայ ազգի բնավորության ամենաարտահայտված և տարբերակիչ գիծը:

Սրտացավությունը, դիմացինին օգնելու, կարեկցելու, նրա հոգսերով ապրելու, նրա լավի համար վատամարդ լինելու ունակությունը։

Նարինե Մուրադյան
03.06.2017, 21:03
Հային բնորոշ/թասիբով գիծը/դա վերջին պահի միասնակամության ուժն է,որը ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ:Դա հայրենասիրությունն է,ազգասիրությունը,/ցուցադրական/հյուրասիրությունը,հավատը,հիմնավոր կրթությունը,բարեկիրթ վարքագիծը,ճոխ հագնվելը,շատ քիչ խրախուսելը,հարևանություն անելը,ավանդապաշտությունը,պարտքով ճոխ-զարմացնող, ավանդական-ժամանակակից հարսանիքներ անելը...

Հիմնականում համակարծիք եմ Ձեզ հետ: Միայն համաձայն չեմ բարեկիրթ վարքագծի հետ: Ցավոք, մենք դրանից շատ հեռու ենք:

Rosi
03.06.2017, 21:07
Հայկական <<մունաթը>>:Հայերին շատ բնորոշ բնավորության գիծ: մարդկանց մի մաս կա , որոնց թվումա թե սաղ աշխարհը իրենց պարտքա: Այդպիսի մարդկանց երեսին ժպիտ չես տեսնի:

grigqrist
03.06.2017, 21:11
Հայկական <<մունաթը>>:Հայերին շատ բնորոշ բնավորության գիծ: մարդկանց մի մաս կա , որոնց թվումա թե սաղ աշխարհը իրենց պարտքա: Այդպիսի մարդկանց երեսին ժպիտ չես տեսնի:
Դիպուկ ասեցիր, դա էլ մեզ բնորոշ բացասական գծերից է: Կա հայերի մի մեծ խումբ, որ միշտ ամեն ինչից դժգոհ է ու ամենադրական բաների մասին անգամ մուննաթով է արտահայտվում:

Իրինա Մարգարյան
03.06.2017, 21:16
Ռոզա ջան, վատ կյանքից է․ աղքատը հարուստին է մուննաթ գալիս, որ րիեն ողորմություն չի տալիս, սովածը՝ կուշտին, որ հացն իր հետ չի կիսում, զավակը՝ ծնողին, որ իր բոլոր ցանկությունները չի հաջողացնում, ծնողը ՝ զավակին, որ իրեն չի լսում, ղեկավարն ՝ իր ենթակային, որ լավ չի աշխատում, ու բոլորն՝ աստծուն, որ իրենց դժբախտ է ստեղծել․․․

Rosi
03.06.2017, 22:32
Համամիտ եմ Իրինա ջան:Իսկ ինչ կասես մեր՝հայերիս, քննադատելու սովորությունը: Քննադատում են բոլորին, ամեն ինչ, և նույնիսկ այն դեպքում երբ այդ հարցը իրենց չի էլ վերաբերվում: Կքննադատեն ուրիշնորի արած գործը, դա էլ այն դեպքում, երբ իրենք չեն էլ կարող անել դրա 1 տոկոսը: Չնայած դրա պատճառն էլ <<նախանձն>> է: Նախանձն էլ առաջանում է այն ժամանակ,երբ որ մարդը իրեն թերագնահատված է զգում:

Անգին Ասլանյան
04.06.2017, 10:33
Իհարկե հպարտ եմ, որ հայ եմ։ Հայ, որ ծնվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում։ Միգուցե դա է պատճառը, որ ունեմ կարոտի մեծ զգացողություն և կարծում եմ, որ հայերը այլ կերպ են կարոտում։

AsyaY
04.06.2017, 18:51
Համամիտ եմ Իրինա ջան:Իսկ ինչ կասես մեր՝հայերիս, քննադատելու սովորությունը: Քննադատում են բոլորին, ամեն ինչ, և նույնիսկ այն դեպքում երբ այդ հարցը իրենց չի էլ վերաբերվում: Կքննադատեն ուրիշնորի արած գործը, դա էլ այն դեպքում, երբ իրենք չեն էլ կարող անել դրա 1 տոկոսը: Չնայած դրա պատճառն էլ <<նախանձն>> է: Նախանձն էլ առաջանում է այն ժամանակ,երբ որ մարդը իրեն թերագնահատված է զգում:

ԿԵՑՑԵՔ,դիպուկ մեկնաբանություն

Իրինա Մարգարյան
10.06.2017, 00:00
Բոլոր դեպքերում լավատեսությունն է մարդուն ապրեցնում։ Եթե չես կարողանում փոխել շրջապատող մարդկանց, ստիպված ինքդ ես փոխվում նրանց հանդեպ։ Հիշեցի Ու․ Բլեյքի <<Անմեղության նշանները>>

Տեսնել աշխարհ՝ ավազահատիկի մեջ,
Եվ երկինք՝ վայրի ծաղկում,
Որսա անվերջությունը ձեռքիդ ափի մեջ
Եվ հավերժությունը՝ մեկ ժամում։

Օլգա Հայրապետյան
12.06.2017, 16:29
Դրական կողմերը դրանք են որ հայերը հյուրասեր,կամեցող մարդիքեն:Իսկ բացասականը այն է,որ դժվար պահին թողում և լքումեն են իրենց հողը:

Անգին Ասլանյան
12.06.2017, 16:58
Մեր ազգի բնավորության անփոխարինելի մասն է կազմում դժվարության պահին համախմբվելու կարողությունը, անկոտրուն մարտական ոգին, ազգային արժանապատվությունը, հյուրասիրությունը, հարգանքը մեծի նկատմամբ։

Նարինե Մուրադյան
14.06.2017, 20:36
Շատ ճիշտ եք նշում, հարգելի Իրինա: Պետք է սովորել ամեն ինչում ու ամեն մեկի մեջ տեսնել որևէ դրական կողմ, իսկ այդպիսիք միշտ և ամենուր կան: Կարևոր է նաև առաջնորդվել հետևյալ սկզբունքով. «Եթե չես կարող փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ դրա հանդեպ»: Այդ դեպքում կյանքը կդառնա շատ ավելի հետշ և գունեղ:

Արսենյան
09.10.2017, 13:41
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ազգ ունի բնավորության որոշակի գծեր: Առաջարկում եմ քննարկել մեր ազգին բնորոշ հիմնական առանձնահատկությունները, դրանց դրական և բացասական կողմերը:

Գրեթե 2000 տարվա քրիստոնեությունը շատ բան է տվել հայ ազգային խառնվածքին: ՀԵՊ դասերը այն բացահայտելու մեծ հնարավորություններ ունեն:

Արսենյան
14.10.2017, 14:41
Հայկական բնավորության տիպիկ արտահայտություն է Սասունցի Դավիթը: Նա կռվից առաջ արթնացնում է քնած թշնամուն: Ազնիվ ենք, միամիտ:

Արսենյան
24.10.2017, 11:20
Հայը նաև նեղացկոտ է, բռնկուն, բայց չափազանց ներողամիտ: Ինչպես ասում են, սիրտը կհանի, ուրիշին կտա:

Արաքսյա Թևոսյան
13.04.2018, 19:19
Ինչպես գիտենք յուրաքանչյուր ժողովրդի մոտ ձևավորվում են բնավորության ազգային գծեր։ Բնավորության գծերի ընդհանրությամբ որոշում են ամեն մի ժողովրդի ազգային հավաքական կերպարը։ Ընդունված է հայերին հատուկ բնավորության գիծ համարել․
․ Աշխատասիրությունը
․ Ջանասիրությունը
․ Տոկունությունը
․ Ընկերասիրությունը
․ Հյուրասիրությունը
․ Սերը ուսման նկատմամբ
․ Սերը գործարարության նկատմամբ
․ Սերը արհեստների նկատմամբ
․ Սերը առևտրի նկատմամբ
․ Սերը ռազմական գործի նկատմամբ
Հայերի վեր նշված բնավորության գծերի ձևավորմանը նպաստել են լեռնաշխարհի դժվարին պայմանները և հզոր արտաքին թշնամիները, ավելի ճիշտ դրանց հետ անընդհատ մաքառելու անհրաժեշտությունը, կյանքի և մահվան գոտեմարտից հաղթանակով դուրս գալու բնական ձգտումը։

Սոֆյա Առաքելյան
13.04.2018, 20:52
Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր ազգ ունի բնավորության որոշակի գծեր: Առաջարկում եմ քննարկել մեր ազգին բնորոշ հիմնական առանձնահատկությունները, դրանց դրական և բացասական կողմերը:

Հայկական բնավորության առանձնահատկություններից է այն , որ մենք պետականություն , իշխանություն չսիրող ազգ ենք :

Վ. Հովհաննիսյան
13.04.2018, 20:55
Հայկական բնավորության առանձնահատկություններից է այն , որ մենք պետականություն , իշխանություն չսիրող ազգ ենք :

Սոֆյա ջան ես էլ կավելացնեմ, որ ամեն ինչի մեջ վատը տեսնող, տրտնջացող, բողոքող ու անընդհատ սրան-նրան քննադատող տեսակ ենք:

Սոֆյա Առաքելյան
14.04.2018, 21:09
Այո , հարգելի Վ. Հովհաննիսյան , դա նման է հիվանդության , որը համակել է ողջ հայությանը : Տրտնջալը միջերկրածովյան ավազանի և շրջակա տարածաժրջաններին բնորոշ բնավորության գիծ է , և մենք հեռու չենք :

Նաիրա Աղաբեկովա
18.04.2018, 01:20
Հարգելի Նարինե, գտնում եմ, որ բնավորությունը սուբյեկտիվ կատեգորիա է և չի կարող լինել ազգային, ինչը գլոբալ ու բովանդակային հասկացություն է: Սակայն, ինչպես դիպուկ նկատեցիք, կարող է ազգային որոշակի գծեր անցնել անհատին հատկապես կյանքի այսպես ասած անցումային շրջանում: Համաձայն ռուս մեծ մտածող Մակարենկոյի՝ անհատի զարգացումն առավելապես պայմանավորված է երեք գործոններով, այն է՝ գեն, դաստիարակություն ու շրջակա միջավայր: Հիմք ընդունելով սույն ելակետային ձևաակեպումը կարելի է հետևություն անել առ այն, որ թե գենը, թե ընտանիքը, թե դաստիարակությունը մեծ հաշվով կրում են ազգային, էթնիկական, սովորութային ու ավանդական արժեքներ և որքանով էլ անձը լինի ազատ ու ոչ սահմանափակ մտածողությամբ, միևնույն է վերջինիս վրա հետք է թողնում ծնողական գենը, ընտանեկան դաստիարակությունը և միջավայրը, որտեղ վերջինս հասունացել է: Ազգային արժեքները, գտնում եմ, ավտոմատ <<ժառանգելու>> իմաստ չկա, քանի որ այդ պարագայում անհատը ինքն իրեն զրկում է սեփական մտահորիզոնը զարգացնելու որակից: Ազգային կոնկրետ հատկանիշների վկայակոչման պարագայում հաճույքով կմասնակցեմ քննարմանը՝ պարզելու համար փե դրանց պրոդուկտիվ լինելու աստիճանը և թե դրանց դրական կամ բացասական կողմերը
:

Նարինե Մուրադյան
18.04.2018, 11:13
Հարգելի Նաիրա, շնորհակալ եմ քննարկմանը միանալու համար: Ինչքան էլ բնավորությունը սուբյեկտիվ է, այդուհանդերձ, կան բնավորության առանձին գծեր, որոնք բնորոշ են կոնկրետ ազգի ներկայացուցիչների մեծամասնությանը: Դա թույլ է տալիս խոսել ազգային կամ էթնիկ բնավորության մասին, ինչի ուսումնասիրությանն ուղղված հոգեբանության առանձին բնագավառ կա նույնիսկ՝ էթնոհոգեբանություն:

Նարինե Մուրադյան
18.04.2018, 11:19
Իսկ ինչ վերաբերում է անձի զարգացման գործոններին՝ ընտանիք, ժառանգականություն և դաստիարակություն, ուզում եմ ավելացնել նաև չորրորդը՝ անձի ինքնադաստիարակությունը, որը ևս շատ կարևոր եմ համարում: Շատ ճիշտ եք նշում, որ կարիք չկա ավտոմատ ժառանգելու ազգային բնավորության գծերը: Հաշվի առնելով անձի զարգացման այս չորրորդ գործոնը՝ անձը ինքնուրույն կարող է հետ զարգացնել այն բնավորության գծերը, այդ թվում՝ ազգային, որոնք իրեն խանգարում են լիարժեք զարգանալու տեսանկյունից։

Ստեփանյան Նելլի
18.04.2018, 13:32
Բնավորությունը ապրում է մարդու մեջ, համբավը` նրանից դուրս։
Հոլենդ
Մենք հայերս հայրենասեր ազգ ենք, որի միջոցով էլ կարողանում ենք հանդես գալ մի ամբողջություն:

Նարինե Մուրադյան
06.06.2018, 10:56
Հետաքրքիր է իմանալ, թե վերջերս Հայաստանում կատարված Թավշյա հեղափոխությունից հետո հայերի բնավորության ինչ որակներ կավելացնեք: