PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներառական կրթությունը և «Ինֆորմատիկա» առարկան



Արեգ
23.08.2016, 22:43
Ներառական կրթությունը և «Ինֆորմատիկա» առարկան

Օրենսդրական բարեփոխումների շնորհիվ` ներառական կրթության ներդրումը ենթադրվում է, որ դպրոցներում կրթությունը կազմակերպվելու է ոչ միայն սովորական երեխաների, այլև անհատական ուսուցման կարիք ունեցող երեխաների համար, ինչը նրանց հնարավորություն կտա լիարժեք կերպով ինտեգրվել հասարակության մեջ։
Ես ոգևորված եմ և ողջունում եմ ներառական կրթության ներդրման նախաձեռնությունը: Հասարակությունը պետք է ավելի ընկալունակ լինի, հասկանա, որ տվյալ անձն իր հասարակության անդամն է, սակայն չպետք է ցուցաբերի որևէ խղճահարություն այդ երեխաների հանդեպ, ընկերների օգնությունը հպարտության զգացողություն է առաջացնում այդ երեխաների մոտ:
Ներառական կրթության քաղաքականության հիմքում աշակերտակենտրոն մանկավարժությունն է: Այն հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի կրթությունը կազմակերպել հասակակիցների հետ համատեղ հանրակրթական դպրոցում, բայց ես չեմ պատկերացնում ինչպես պետք է նրանք ինֆորմատիկայի դասերին հաճախեն եթե.
 համակարգչային կաբինետը 2-րդ կամ 3-րդ հարկերում են
 դպրոցը ունի 3 կամ 4 համակարգիչ
 դպրոցը չունի նոտբուք
 սենյակը փոքր է, հարմարեցված չէ սայլակներ ունեցողներին
 և այլ պատճառների դեպքում:

Չէ որ ներառական կրթությունն իրականացվում է երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան, հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով: Բայց մեր դպրոցների մեծ մասը հարմարեցված չեն:

Եկեք խոսենք այս մասին:

Մանոն
24.08.2016, 17:36
Շատ տեղին և արդիական խնդիր ես առաջ քաշել, Արեգ ջան: Ներառական կրթության ներդնումը դպրոցներ` մի շարք խնդիրներ առաջ բերեց, որոնցից մեկն էլ հենց համակարգչային դասասենյակի ճիշտ ձևավորումն է: Ես կուզենայի քննարկել նաև ինֆորմատիկա առարկայի դասավանդման մեթոդիկան, թե որ առանձնահատկության դեպքում` ինչ մոտեցում պետք է դրսևորվի: Հուսամ փորձառու ուսուցիչներ կլինեն, որոնք կկիսվեն իրենց փորձով:

Արեգ
24.08.2016, 18:34
Մտահոգիչ է նաև այն փաստը, որ ծնողներն են որոշում, թե իրենց երեխան ինչպիսի դպրոց պետք է հաճախի՝ սովորակա՞ն, հատո՞ւկ, թե՞ ներառական համակարգով:
Ուսման հատուկ կարիք ունեցող երեխաների ընդգրկումը հանրակրթական դպրոցներ նպատակ ունի ինտեգրելու նրանց իրենց հասակակիցների շրջանում ու ապացուցելու, որ առանձնացման ու պաշտպանության կարիք չունեն:

Լիլ
24.08.2016, 21:23
Հետաքրքիր թեմա է բացված, շնորհակալություն ընկեր Միկիչյան: Ես կարծում եմ բացի հարմարեցված միջավայրի ապահովումը, կա նաև մասնագետների ոչ բավարար պատրաստվածություն այդ երեխաների հետ աշխատելու համար: Առաջին հերթին մանկավարժների վերապատրաստման խնդիրը պետք է լուծվի:

Արեգ
24.08.2016, 23:41
Այո, Լիլիթ ջան, դասերին ուսուցիչը պարտավոր է անհատական մոտեցում ցուցաբերել և չառանձնացնել մյուսներից: Այստեղ ուսուցչի դերը և պատրաստված լինելը մեծ նշանակություն ունի:

Gayane Tamazyan
25.08.2016, 00:12
Ներառական համակարգը արդիական է նմանատիպ երեխաների համար, որովհետև իրենք անպայման շահեկան դերում են լինում։ Յուրաքանչյուր երեխայի հետ, երբ տարվում է անհատական աշխատանք, անպայման արդյունք է լինում, իսկ արդեն այս գործընթացում, մեծ է ուսուցչի դերը, որոնց հետ էլ մենք՝ վերապատրաստողներս համապատասխան աշխատանք ենք տանելու։

Lilit Sahakyan
25.08.2016, 01:10
Մեր երկրում ներառական կրթություն իրականացնելու համար միայն ուսուցիչների վերապատրաստման խնդիրը չէ որ խանգարում է, կան նաև այլ խնդիրներ։ Օրինակ՝ ընտանիքում, հասարակության մեջ, դպրոցում առկա վերաբերմունքն է հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ, այստեղ շատ անելիքներ կան՝ վերաբերմունքը փոխելու և կարծրատիպերը կոտրելու համար: Նաև խնդիր ունենք շենքերի հետ կապված քանի որ դպրոցների մեծամասնությունը խորհրդային տարիներին են կառուցվել, և բարդ կլինի դրանք հարմարեցնել առողջական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին։ Հույս ունենանք, որ մինչև 2022 թվականը այս գործընթացը կավարտվի և իր նպատակին կծառայի։

Gayane Tamazyan
25.08.2016, 13:55
2017թ.-ից բոլոր դպրոցները անցնելու են ներառական կրթության և յուրաքանչյուր դպրոց պետք է ապահովի ամենաառաջնային պայմանները այս երեխաների համար: Յուրաքանչյուր մարզում ստեղծվելու են համապատասխան հանձնաժողովներ/ Լոռու մարզում՝ Ստեփանավան/, որոնք կորոշեն, թե տվյալ երեխան ներառական թե սովորական կրթություն է ստանալու:

Նաիրա Ղումաշյան
25.08.2016, 16:28
Հարգելի՛ գործընկերներ, մեր դպրոցը ներառական ծրագրեր չի իրականացնում, բայց հաճախ եմ ծնողներից և մանկավարժներից մտահոգություններ լսել առ այն, որ այնքան էլ բարեհաճ չեն աշակերտները ԿԱՊԿՈՒ երեխաների հանդեպ: Կուզեի՝ այս դժվարություններից խոսեինք: Կարծում եմ՝ մանկավարժների մեջ էլ դեռ չկոտրված կարծրատիպեր կան:

Տաթևիկ Փնջոյան
27.08.2016, 17:44
Սիրելի ընկ. Միկիչյան, ես նույնպես աջակից եմ այս բարեփոխումներին, սակայն յուրաքանչյուր բարեփոխում կրթության ոլորտում սկզբնական շրջանում դառնում է անընդունելի, և սովորաբար մարդիկ ընդդիմանում են և համարում են հնի կորուստ և ցավում են իրենց սիրած ու իմացած ձևով աշխատելու հնարավորությունը կորցնելու համար և ցանկանում են, որ սկսած և արդեն ավարտման փուլին հասցրած բարեփոխումները լինեն կատարյալ: Անհնար է որևէ բարեփոխում լինի կատարյալ, դրա համար զարգացած եվրոպական երկրներ երկար ճանապարհ են անցել ու դեռևս կրթական ոլորտը հեռու է կատարյալ լինելուց: Իսկ այսօր շեշտը դրվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին և չպիտի մոռանանք, որ մի մեծ շեշտ ունենք դնելու նաև նրանց համար հարմարավետ պայամններ ստեղծելու վրա, որը ես կասեի դեռ շաաաատ ճանապարհ ունենք մենք անցնելու, որպիսի կարողանանք արդեն մտածել նրանց բարձր առաջադիմության մասին և առանձնահատուկ ընդունակություններ ունեցող սովորողներին բացահայտելու մասին: Եթե մենք ունեցանք հարմարավետ պայմաններ ԿԱՊԿՈՒ երեխաներին կրթությունն ապահովելու համար, այս դեպքում ես կարող եմ համարել արդեն կատարյալ և կհավասարվենք մի շարք զարգացած եվրոպական երկրներին, և բոլոր սովորողները չեն խուսափի դպրոց հաճախելուց և ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատելուց և ոչ մի դժվարություն չի առաջանա որևէ առարկա ուսումնասիրելու համար, լինի դա թե 2-րդ հարկում, թե` 3-րդ:

Արեգ
27.08.2016, 21:09
Տաթևիկ ջան, կարծում եմ, կատարյալ կրթություն ոչ մի երկիր էլ չունի:
Բայց սա կարևոր բարեփոխում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Սա շատ բարդ գործ է, սկսած ուսուցիչներից, աշակերտներից ու ծնողներից, նրանք պետք է շատ նրբանկատ լինեն:
Գուցե սկսեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քայլող երեխաներից, հետո, մինչև դպրոցների պայմանները բարելավվեն, մյուսներին ընդգրկեն:
Շատ ու շատ հարցեր կան:

Rita-Vanadzor28
28.08.2016, 11:54
Հարգելի գործընկերներ մեր դպրոցը մեկ տարի է իրականացնում է ներառական կրթություն։ Այն աշակերտները, որոնք ընդգրկվել են ԿԱՊԿՈՒ աշակերտների ցանկում, միչև այդ էլ մեր դպրոցի աշակերտներ էին և մյուս երեխաները նրանց հետ բավականին լավ հարմարված էին։ Իմ համոզմամբ աշակերտները միմյանց հետ հարմարվելու ավելի քիչ խնդիրներ ունեն, քան հասարակությունը։ Ինչ վերաբերում է ուսուցչի աշխատանքին՝ ուսուցիչը անելիքներ շատ ունի։ Շերտավորված ուսուցումը մինչև ներառական կրթությունն էլ եղել է։ Ուսուցիչները միշտ էլ աշխատել են ԿԱՊԿՈՒ աշակերտների հետ՝ առանց ներառական կրթության ներդրման։ Ով իր աշխատանքին լուրջ է մոտեցել, այդ երեխաներին չի նստեցրել դասարանի վերջում և անտեսել, ինչպես անում են շատ ուսուցիչներ։ Հիմա, երբ այս դաշտը պետականորեն կանոնակարգվում է, գուցե այդ անբարեխիղճ վերաբերմունքին վերջ դրվի, հատկապես, որ գնահատումն իրականացվում է այլ կերպ։ Այլևս ոչինչ չանելու համար չեն գնահատելու։ Իսկ շենքային պայմանները իմ կարծիքով դեռ երկար ժամանակ չեն բավարարի ԿԱՊԿՈՒ աշակերտների պահանջներին։ Համակարգչային կաբինետի հնարավորությունները նույնիսկ նորմալ երեխաների պահանջներին չեն բավարարում, ուր մնաց առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներին բավարարեն։

Էդիտա Մելքոնըան
29.08.2016, 00:51
Յուրաքանչյուր երեխա պետք է իրեն հարմարվետ և կարևորված զգա հանրակրթության պայմաններում, և պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանիցՀՀ բոլոր դպրոցները մինչ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն օրենքի պահանջներով, ոչ թե ուղղակի ընդունեն երեխային: Այսօր էլ պարտավոր են ընդունել երեխաներին, բայց պետք է կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին երեխան առանձհատուկ պայամանների կարիք ունի թե չունի Շատ տեղին եք նկատել հարգելի Արեգ, որ Ներառական կրթությունը շատ նուրբ կողմեր ունի ...

Էդիտա Մելքոնյան
29.08.2016, 01:29
Հարգելի Արեգ, շատ տեղին եք նկատել, որ դեռևս շատ նրբություններ կան ներառական կրթություն իրականացնելու համար։ Յուրաքանչյուր երեխա պետք է իրեն հարմարվետ և կարևորված զգա հանրակրթության պայմաններում, և պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի: ՀՀ բոլոր դպրոցները մինչ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն օրենքի պահանջներով, ոչ թե ուղղակի ընդունեն երեխային: Այսօր էլ պարտավոր են ընդունել երեխաներին, բայց պետք է կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին անկախ նրանից, թե երեխան առանձհատուկ պայամանների կարիք ունի, թե չունի:

Gayane Tamazyan
29.08.2016, 15:11
2004-2005 ուստարում իմ դասարան ընդունվեց կենտրոնական նյարդային համակարգի խանգարմամբ մի աշակերտ: Սկզբում շատ դժվար էր, բայց ես իմ առջև նպատակ դրեցի, որ աշխատեմ այս երեխայի հետ և հասնեմ առավելագույն արդյունքի: Չորրորդ դասարանն ավարտելիս Պարույրը ճանաչում էր տառերը, կարողանում էր արտագրել գրատախտակից և գրքից, կարողանում էր գրել և կարդալ եռանիշ թվեր...: Ես գտնում եմ, որ հմուտ և բարեխիղճ ուսուցչի համար անհնարին ոչինչ չկա ընդամենը ցանկություն է պետք:

Karine M
29.08.2016, 18:01
Հարգելի գործընկերներ, ներառական կրթություն ասելով պետք է հասկանանք կրթություն ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԵԽԱՅԻ համար, այլ ոչ թե կենտրոնանանք ԿԱՊԿՈՒ երեխաների ուղղությամբ: Ըստ էության յուրաքանչյուր երեխա ունի առանձնահատուկ պայմանների կարիք. մեկի համար դա շենքային պայմաններն են, մյուսի համար հոգեբանական դրական միջավայրն է, մեկ այլ երեխայի համար ուսուցչի խոսքի ու մտքի արագությունն է.....ու եթե թվարկենք, կստացվի՝ քանի երեխա, այնքան հատուկ կարիք: Յուրաքանչյուր երեխա դասարանում, դպրոցում ունի ներառման կարիք, մեկի մոտ դա հեշտ է ստացվում, մյուսի մոտ՝ դժվար: Ներառական կրթությունը պետք է տանի այն բանին, որ ուսուցիչները բոլոր երեխաների մեջ տեսնեն անհատականություն: ԼԱՎ ուսուցիչները ներառական կրթություն իրականացրել են միշտ՝ անկախ կրթություն ստացողների ունեցած կարիքներից և անկախ այն բանից, թե նրանք այդ երեխաներին անհատական մոտեցում ցուցաբերելու համար որքան են վճարվում: Այսօր, ներառական կրթություն ասելիս, չգիտես թե ինչու պատկերացնում ենք միայն կոնկրետ բժշկական ախտորոշում ունեցող երեխաներին: Սակայն դրա տակ նկատի ունենք ԲՈԼՈՐ երեխաներին՝ անկախ նրանց առողջական վիճակից:

Արեգ
29.08.2016, 19:05
Այո, համաձայն եմ քեզ հետ հարգելի Կարինե
Ներառական կրթությունը յուրաքանչյուր երեխայի համար է, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովումն է: Ներառական կրթությունն իրականացվում է երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով:

Արեգ
29.08.2016, 21:09
Հարգելի գործընկերներ

Ներկայացնում եմ Պաշարների շտեմարանում տեղադրված նյութը

http://lib.armedu.am/resource/12110

և ակնկալում ձեր ակտիվ քննարկումները:

Մանոն
30.08.2016, 01:48
Արեգ ջան, կարդացի պաշարների շտեմարանում տեղադրածդ նյութը, որտեղ որոշակի լուծումներ ես առաջարկում.
ա) դպրոցներին տրամադրել նոութբուք և տեսացրիչ (եթե այդ դպրոցները չունեն)
բ) ինֆորմատիկայի դասասենյակը տեղակայել 1-ին հարկում՝ մինչև կբարելավվեն
դպրոցի շենքային պայմանները,
գ) նրանց կրթությունն անցկացնել հատուկ մշակված ծրագրով,
դ) ստեղծել հատուկ ստեղնաշար (ստեղնը շոշափելի լինի),
ե) թույլ տալ ծնողին, անհրաժեշտութան դեպքում, երեխայի հետ նստել դասերին:
Կարծում եմ այս կետերից ամենակարևորը «գ» կետն է, և այս կետի շուրջ պետք է լրջորեն մտածել: Չկա օրինակ նյարդային համակարգի խանգարմամբ երեխային գրաֆիկական խմբագրիչի ուսուցանման հստակ չափորոշիչ, կամ դասավանդման մեթոդիկա: Սա ես միայն մեկ օրինակ բերեցի, բայց բոլորս գիտենք, թե որքան շատ են նման խնդիրները:

Gayane Tamazyan
30.08.2016, 13:49
Մանուշ ջան ես էլ եմ համաձայն ձեզ հետ, կարծում եմ, որ այս հիմնախնդիրները, որ առաջարկում ենք, պետական մակարդակով պետք է լուծվի: Մենք ինչ կարող ենք անել, անում ենք:

Karine M
30.08.2016, 13:50
Իսկ շենքային պայմանները իմ կարծիքով դեռ երկար ժամանակ չեն բավարարի ԿԱՊԿՈՒ աշակերտների պահանջներին։ Համակարգչային կաբինետի հնարավորությունները նույնիսկ նորմալ երեխաների պահանջներին չեն բավարարում, ուր մնաց առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողներին բավարարեն։
Հարգելի Ռիտա, որպես Ներառական կրթության գաղափարի կրող, եկեք չօգտագործենք նորմալ երեխաներ, ԿԱՊԿՈՒ աշակերտներ և նմանատիպ այլ արտահայտություններ: Չէ որ բոլորն էլ կրթություն ստանալիս ինչ-որ պահի ինչ-որ առանձնահատուկ պայմանի կարիք են ունենում, բոլորի համար էլ իրենք նորմալ են, մյուսներն են իրենցից տարբերվում.........

Արեգ
30.08.2016, 16:36
Երբ ես «Ուսուցիչների փոխանակման» ծրագրով գնացել էի ԱՄՆ-ի Այովա նահանգ, զարմացած էի նրանց դպրոցների հարմարություններից: Դպրոցի բակը, մուտքը, դռները հարմարեցված էին այնպես, որ սայլակով երեխաները չդժվարանան: Բոլոր դասասենյակները հագեցված էին տեխնիկական գրեթե բոլոր միջոցներով, ամեն գույնի ու տեսքի աշակերտներ էին սովորում, ամեն ինչ (գրքեր, գրականություն, քարտեզներ, ատլասներ, հեռուստացույց, պրոյեկտոր և այլն) կար, որ այդ աշակերտները լավ սովորեն: Յուրաքանչյուր դպրոցում առկա էին 2-3 համակարգչային սենյակներ՝ հագեցած նորագույն տեխնիկայով: Այնտեղ խոսք չկար ներառական կրթության մասին, բոլորը հավասար էին: Կար մեկ միասնական կրթության ճակատ:
Հիմա մենք առաջին քայլերն ենք անում, որ տանը նստած մեր՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները իրենց լավ զգան, բարդույթներից (կոմպլեքսներից) դուրս գան ու բոլորով մտահոգվենք նրանց համար՝ սկսած նախարարից մինչև ուսուցիչ ու ծնող: Սրան արագ հասնելու համար, առաջարկում եմ, որ պետությունը վերակառուցի դպրոցները, իսկ մենք՝ ուսուցիչներս, ստեղծենք համապատասխան նոր ծրագրեր ոչ միայն ինֆորմատիկայի, ալյև մյուս առարկաների համար, որ ներառական կրթությունն արագ կայանա ու մեր երեխաները լիարժեք կերպով ինտեգրվեն հասարակությանը: Չ՞է որ ներառական կրթությունն իրականացվում է երեխայի զարգացման առանձնահատկություններին համապատասխան՝ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով:

Արեգ
30.08.2016, 16:39
Առաջին հերթին մանկավարժների վերապատրաստման խնդիրը պետք է լուծվի:

Լիլիթ ջան այս հարցը արդեն լուծում է գտել, շուտով կսկսվի դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումները:

Gayane Tamazyan
31.08.2016, 01:44
Ես կարծում եմ, որ մինչև 2025թ.-ը բավականին ժամանակ կա և դպրոցներում անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն: Իսկ ինչ վերաբերվում է ուսումնական գործընթացին ԿԱՊԿՈՒ աշակերտների համար կկազմվեն անհատական ուսուցման պլաններ՝ ԱՈՒՊ, որը և կհեշտացնի ուսուցչի աշխատանքը:

Մարիետա
06.09.2016, 15:13
Հարգելի կոլեգաներ, շատ արդիական և հրատապ խնդիրներ եք ներկայացրել, իսկապես մեր կրթական համակարգում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս համակարգում ընդգրկված երեխաների կրթությանը՝ հատկապես ՏՀՏ կիրառման հմտությունների խորացմանը, քանի որ այդ երեխաներից շատերը ունեն նաև տեղաշարժման դժվարություն, նրանց հետ անհրաժեշտություն կա «Հեռավար ուսուցման» հարթակի օգնությամբ իրականացնել ուսումնական գործընթաց: Այդ հարթակի օգնությամբ հնարավոր է լիարժեք իրականացնել ողջ ուսումնական գործըթացը, փոխանցել գիտելիքներ և գնահատել նրանց: Այս մեթոդով կարելի է մի ստվար երեխաների զանգվածի հետ աշխատել և ստանալ ռեալ արդյունք: Դրա համար անհրաժեշ է ունենալ վերապատրասված մասնագետներ, ովքեր կկարողանան այդ կերպ աշխատել: Հայաստանում ունենք արդեն վերապատրաստված մասնագետներ, ովքեր կարողանում են ստեղծել դասընթացներ և վարել այն «Հեռավար ուսուցման» (http://learning.armedu.am/) հարթակում: Պարբերաբար իրականացնում ենք վերապատրաստումներ այդ ծրագրի շրջանակներում:

Gayane Tamazyan
07.09.2016, 12:16
Հարգելի Մարիետա, շատ օգտակար հարթակի մասին եք խոսում: Ես ուսումնասիրեցի ձեր տեղադրած լինկը, շատ ուրախացա, որ այդքան հետաքրքիր դասընթացներ են հեռավար ուսուցանվում: Տեսա, որ նաև ընկ. Միկիչյանն է դաս վարել, բայց դե ամեն ինչ բնականաբար գաղտնաբառով է: Եթե ես ուզենամ որևէ մեկին մասնակցեն, պետք է ձեզ դիմեմ ?

Մարիետա
07.09.2016, 16:40
Այո Գայանե ջան, կարող եք ինձ դիմել: Համակարգում դասընթացներին կարող են մասնակցել միայն գրանցված մասնակիցները: Ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք տարբեր դասընթացներ, որոնց մասնակցում են ուսուցիչներ, աշակերտներ և կրթական համակարգի տարբեր ներկայացուցիչներ:

Արեգ
07.09.2016, 22:17
Իմ շատ-շատ սիրելի Մարիետա ջան, ուրախ եմ, որ արտահայտվեցիր այս հիմնախնդրի մասին, ես նորից վերհիշեցի մի երկու տարի առաջ մեր համատեղ բեղմնավոր աշխատանքը այդ հեռավար հարթակում, որը շատ հաճելի էր: Լավ կլինի մի հատ էլ փորձենք, հը՞: Ինչ կասես:

Արեգ
07.09.2016, 22:38
Մարիետա ջան, գրաճանաչ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ձեր առաջարկած հառավար կրթության հարթակը լավագույն տարբերակ է:
Բայց խոսք է գնում նաև 6-7 տարեկան և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին, որոնք տարրական դասարաններ պետք է գնան, արդյոք տանից նրանք կարող են տառեր կամ թվեր ճանաչել: Կամ ասենք, 2-րդ, 3-րդ դասարաններում շախմատ, ռուսերեն, անգլերեն, տեխնոլոգիա և ալյ առարկաներ են անցնում: Ի՞նչպես հասցնեն: Այ եթե կազմակերպվի օրինակ տարրական դասարաններին համապատասխան ( լրիվ առարկաներով ) հեռավար դասընթաց, լավ կլինի: Ծնողն էլ կօգնի տեխնոլոգիայի հարցում:

vanadzor27
08.09.2016, 01:15
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:

Մարիետա
08.09.2016, 16:54
Այո սիրելի Արեգ ջան, հետաքրքիր ու շատ ուսուցանող դասընթաց էր ձեր կողմից կազմակերպվել` «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» (http://learning.armedu.am/course/view.php?id=11) թեմայով, որին մասնակցել էին շատ ուսուցիչներ: Այո, ձեր կողմից ներկայացվել են ճիշտ փաստարկներ, ըստ որի ոչ բոլոր առարկաներն են, որոնք կարող են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ինքնուրույն ձևով նստել և սովորել: Սակայն հարթակը կարելի է այդ երեխաների համար ևս օգտագործել բազմաբնույթ դասընթացներ կազմակերպելու և գիտելիքները ավելի խորացնելու նպատակով: Այս հարցում մեզ կարող են օգնել համապատասխան առարկայական մասնագետները, ովքեր կցանկանան թվայնացել իրենց տեսական գիտելիքները և ես պատրաստ եմ իրենց ևս օգնել դասընթացը «Հեռավար ուսուցման» հարթակում կազմակերպելու համար

Արեգ
10.09.2016, 14:43
Այո սիրելի Արեգ ջան, հետաքրքիր ու շատ ուսուցանող դասընթաց էր ձեր կողմից կազմակերպվել` «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» (http://learning.armedu.am/course/view.php?id=11) թեմայով, որին մասնակցել էին շատ ուսուցիչներ: Այո, ձեր կողմից ներկայացվել են ճիշտ փաստարկներ, ըստ որի ոչ բոլոր առարկաներն են, որոնք կարող են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ինքնուրույն ձևով նստել և սովորել: Սակայն հարթակը կարելի է այդ երեխաների համար ևս օգտագործել բազմաբնույթ դասընթացներ կազմակերպելու և գիտելիքները ավելի խորացնելու նպատակով: Այս հարցում մեզ կարող են օգնել համապատասխան առարկայական մասնագետները, ովքեր կցանկանան թվայնացել իրենց տեսական գիտելիքները և ես պատրաստ եմ իրենց ևս օգնել դասընթացը «Հեռավար ուսուցման» հարթակում կազմակերպելու համար

Այո, Մարիետա ջան, իմ կարծիքով լավ դասվարներ ունենք, որոնք կցանկանան այդ գործը անել:

Արեգ
10.09.2016, 14:46
Ներառական կրթությունը ձգտում է հասնել ուսուցման նկատմամբ առավել ճկուն մոտեցման` բավարարելու մարդկանց զանազան կրթական պահանջները: Եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները:

Տա աստված, Ռուզան ջան, որ այդ կրթությունը լավ արմատներ ունենա, ու կշահեն բոլոր երեխաները:

Արեգ
10.09.2016, 14:47
Կա այսպիսի հրաշալի մի կայք, խնդրում եմ, ուսումնասիրեք:

http://parents.disabilityinfo.am/inclusive-education/

Gayane Tamazyan
13.09.2016, 15:40
Կա այսպիսի հրաշալի մի կայք, խնդրում եմ, ուսումնասիրեք:

http://parents.disabilityinfo.am/inclusive-education/

Այս թեմայի համար բավականին տեղեկատվական կայք է, այո, շատ սիրում է ասված, որ բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար: Շնորհակալություն ընկ. Միկիչյան:

Արեգ
15.09.2016, 12:51
Այս թեմայի համար բավականին տեղեկատվական կայք է, այո, շատ սիրում է ասված, որ բոլոր երեխաներն էլ կարող են սովորել. պետք է ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար: Շնորհակալություն ընկ. Միկիչյան:

Ես էլ եմ շնորհակալ ընկ. Թամազյան, որ ակտիվ մասնակցում եք ֆորումի այս թեմայի քննարկմանը:

Մարիետա
22.09.2016, 18:51
Հայաստանի Հանրապետությունում 169-ը դպրոց ներառական են և այդ դպրոցներ են հաճախում հաշմանդամություն ունեցող երեխաների 70%-ը: Ներառական կրթությունը միայն շենքային հարմարությունները չեն և թեքահարթակով չէ, որ կարելի է դպրոցը ներառական որակել: Անշուշտ շենքային հարմարությունները կարևոր են հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ միջավայրը մատչելի դարձնելու առումով: Սակայն ներառական կրթություն հասկացությունը շատ ավելի լայն է, քան միայն շենքային հարմարությունները: Ներառականությունը, առաջին հերթին, ենթադրում է բազմամասնագիտական թիմի առկայությունը, օրինակ՝ սոցիալական աշխատող, հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, եթե կա համապատասխան ծառայության անհրաժեշտություն, և այլն: Այդ մասնագետների վարձատրումը ապահովելու համար յուրաքանչյուր ներառական դպրոցին տրամադրվում է հավելյալ ֆինանսավորում: Դպրոցը անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի հատուկ կրթական պահանջներ ունեցող երեխայի ուսուցման համար անհրաժեշտ պարագաներով՝ բրայլյան տետր, դասագիրք և այլն: Հաշմանդամության տարբեր տեսակներ են հանդիպում՝ ֆիզիկական և մտավոր, և այդ առումով ներառական կրթության հասանելիությունն էլ է տարբերվում: Մտավոր և լսողական հաշմանդամության դեպքում երեխաների հաճախելիության ցուցանիշը նշանակալիորեն ավելի ցածր է` համապատասխանաբար 48% և 56%, մինչդեռ ֆիզիոլոգիական հաշմանդամության դեպքում ընդհանուր հանրակրթական դպրոցում նրանց ներգրավվածությունը կազմում է 90%:

Այստեղ տեղադրում եմ հղումը՝ http://www.un.am/up/library/Its%20about%20Inclusion_arm.pdf , որտեղ մանրամասն ներկայացվում է Հայաստանի ներառական կրթության վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Հաշվետվությունը պատրաստել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը:

Արեգ
23.09.2016, 21:25
Մարիետա ջան, էս ինչ ուժեղ հաշվետվություն էր: Շնորհակալություն նյութի համար:

Ես չգիտեի, որ Հայաստանում հաշմանդամ երեխաները այսքան շատ են, 30 % -ն էլ առանց կրթության:
Սա ևս ապացուցում է, որ ներառական գործընթացին պետք է շատ արագ և նուրբ անցնենք:

Արեգ
23.09.2016, 21:28
Ամփոփելով այս թեման ասեմ, որ
 √ մինչև 2025թ.-ը բավականին ժամանակ կա և դպրոցներում անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն,
 √ իսկ ինչ վերաբերվում է ուսումնական գործընթացին, պետական մակարդակով ԿԱՊԿՈՒ աշակերտների համար կկազմվեն անհատական ուսուցման պլաններ՝ ԱՈՒՊ, որը և կհեշտացնի ուսուցչի աշխատանքը,
 √ եթե ներառական կրթության մտցրած փոփոխությունները ուսուցումն ավելի արդյունավետ դարձնեն, ապա կշահեն բոլոր երեխաները, այլ ոչ միայն առանձնահատուկ կրթության կարիքներ ունեցողները,
 √ ներառական կրթությունը մարդու իրավունք է, այն ապահովում է լավ կրթություն և սոցիալական առումով հիմնվորված է,
 √ Հ Հ կառավարությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա)` հանձնառելով «ապահովել և խթանել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրագործումը» (հոդված 1):
Առաջարկում եմ.
 √ ինտեգրել հասարակությանը հաշմանդամություն ունեցող երեխաներին,
 √ ապահովել համապատասխան պայմաններ նրանց կրթության համար,
 √ կազմակերպել «Հեռավար ուսուցման» դասընթացներ կրտսեր դասարանի աշակերտների համար: Այս հարցում մեզ կարող են օգնել համապատասխան առարկայական մասնագետները, ովքեր կցանկանան թվայնացել իրենց գիտելիքները,
 √ամեն մի համայնք ինքը մշակի և իրագործի սեփական գաղափարները (այսինքն, ապահովի ԿԱՊԿՈՒ աշակերտների ճանաչման ու գնահատման ընթացակարգը ),
 √դպրոցը ավարտելուց հետո էլ ստեղծել շարունակական պայմաններ նրանց համար,

2010-11 ուստարում իմ դասարանում կար կենտրոնական նյարդային համակարգի խանգարմամբ մի աշակերտ: Խաղաղ, հանգիստ երեխա էր, բայց շատ դանդաղ էր մտածում ու աշխատում: Սկզբում շատ դժվար էր, բայց կարողացա նկարել սովորեցնել , մի քիչ էլ տեքս էր հավաքում: Ես գտնում եմ, որ հոգատար ուսուցչի համար անհնարին ոչինչ չկա, ընդամենը ցանկություն է պետք, քանի որ ներառական կրթությունը անհատական մոտեցում է երեխայի կարիքների ճանաչման և նրա հետագա զարգացման համար:

manush
28.09.2016, 17:29
Ըստ էության, Ներառական կրթությունն ուսուցման գործընթացի այնպիսի կազմակերպումն է, որի շնորհիվ բոլոր երեխաներն, անկախ իրենց ֆիզիկական, մտավոր, ինտելեկտուալ, մշակութային, էթնիկ, լեզվական և այլ հատկանիշներ ներառվում են հիմնական կրթական համակարգում և սովորում են համայնքի հանրակրթական դպրոցում՝ իրենց հասակակիցների հետ նույն դասարանում (ոչ թե հատուկ առանձնացված խմբում):

Այսինքն՝ Ներառական կրթության խնդիրը բոլոր երեխաներին հանրակրթական համակարգում ընդգրկելն ու նրանց իրավահավասարությունն ապահովելն է, որը պահանջում է լայնածավալ աշխատանք, դպրոցի ամբողջ գործունեության վերակազմակերպում.
- շենքային պայմանների հարմարեցում,
- նյութատեխնիկական միջոցների հարստացում,
- ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպում,
- առարկայական ծրագրերի վերանայում ու անհատական պլանների մշակում և այլն:
Միաժամանակ, դպրոցի վարչակազմը, դասավանդողները, հոգեբանները, համադասարանցիներն ու ծնողները պետք է ունենան նույն մոտեցումը՝ գործեն որպես միասնական թիմ:
Իհարկե, սրանք բոլորն էլ դժվար իրականանալի քայլեր են, որոնք պահանջում են ֆինանսական միջոցներ, բավարար ժամանակ ու փորձ:

Այս համատեքստում շատ արդիական է մեր՝ «Ներառական կրթությունը և Ինֆորմատիկան առարկան» թեման, որն արդեն հավակնում է համախմբել խնդրին տեղյակ և անհանգստացող մասնագետների:

ժամանակակից ՏՀՏ-ների մուտքը դպրոց, դրանց շարունակական զարգացումը, դպրոցների տեխնիկական ու ծրագրային ապահովվածության համալրումը նպաստում են ուսումնական գործընթացում ներառական կրթության կարիք ունեցող սովորողների առավել արդյունավետ ինտեգրմանը: Իրենց հասակակիցների հետ միասին նրանցից յուրաքանչյուրը կարող է մասնակցել տարբեր հետաքրքիր առցանց ծրագրերի, հեռահար ուսուցման հարթակների, տեսակոնֆերանսների աշխատանքներին, կատարել հետազոտություններ, ստեղծել նախագծեր:

Նեառման գործընթացը սահուն կազմակերպելու համար կարևոր նշանակություն ունի երեխայի համար ուժեղ կողմ հանդիսացող առարկաների ընթացքում ունեցած հաջողության (թեկուզ փոքր) մասին խոսելը, ոգևորելն ու խրախուսելը, առավել ևս, եթե ստացվի նրանց ձեռքբերումը, օգնությունը տրամադրել մյուս դասընկերներին: Ներառական կրթություն իրականացնող դպրոցների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպիսի առարկաներից է նաև ինֆորմատիկան:

Ստացվում է, որ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքը կազմակերպելը համեմատաբար հեշտ է Ինֆորմատիկա առարկայի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներին (ՏՀՏ) տիրապետող ուսուցիչների համար, ովքեր ավելի շատ հնարավորություններ ունեն՝ իրենց և այլ առարկաների ուղղությամբ ստեղծել ներառական կրթության համար նախատեսված նախագծային աշխատանքներ, լրացուցիչ ուսումնաօժանդակ նյութեր և իրենց փորձը փոխանցել գործընկերներին:

Liana Avagyan
02.11.2016, 18:54
https://krtutyun.wordpress.com/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
Հարգելի Արեգ հուսով են իմ ուղղարկած նյութը ձեզ կհետաքրքրի:

Liana Avagyan
02.11.2016, 18:59
https://krtutyun.wordpress.com/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/
Հարգելի Արեգ հուսով եմ իմ ուղղարկած նյութը ձեզ կհետաքրքրի:

Արեգ
08.11.2016, 15:12
Այո, Լիանա ջան, շատ հետաքրքիր ու ուսուցողական նյութ է: Կայքն էլ գեղեցիկ է: