PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ



Կարեն Ասատրյան
27.05.2015, 22:17
Երկինքն անգամ արտասվում է այն փոքրիկի համար, որը դեռ ուզում էր ապրել, բայց չապրեց, այն երիտասարդի համար, որ հոգում կրակներ ուներ, բայց չբոցկլտաց, այն մայրիկի համար, որ թաքուն փայփայում էր իր փոքրիկի ապագայի հույսը, բայց հուսահատվեց: Ու հոգուս մեջ պահված մի կտոր արևը մի քանի վայրկյանում մթագնում է: Վիշտս անսահման է, վերքս չի սպիանում, հողս մրսում է, հողս կարոտել է:

Կարեն Ասատրյան
27.05.2015, 22:19
Մտորումներ Ծիծեռնակաբերդի Ճանապարհին

Ամեն անգամ, երբ քայլում եմ այդ ճանապարհով, գնում եմ Ծիծեռնակաբերդ, երկինքը գունատ է, երկինքը դժգույն է: Նա փորձում է թաքցնել հայացքը, բայց անձրևի կաթիլները սկսում են թակել դռները, ու նա արտասվում է, ինձ հետ արտասվում է:

Արտասվում է այն փոքրիկի համար, որը դեռ ուզում էր ապրել, բայց չապրեց, այն երիտասարդի համար, որ հոգում կրակներ ուներ, բայց չբոցկլտաց, այն մայրիկի համար, որ թաքուն փայփայում էր իր փոքրիկի ապագայի հույսը, բայց հուսահատվեց: Ու հոգուս մեջ պահված մի կտոր արևը մի քանի վայրկյանում մթագնում է: Վիշտս անսահման է, վերքս չի սպիանում, հողս մրսում է, հողս կարոտել է:

Փորձե՞լ եք երբևիցե գրել հոգեթով խոսքեր ձեր երկրի մասին, բնության մասին, անձրևի մասին կամ էլ սիրառատ ու բուռն կարոտի: Եվ այն կարոտի, որ աներևույթ, բայց համակում է իրարից հեռու երկու լուռ սրտեր, իրար շատ մոտիկ, բայց և բաժանված իրարից հեռու մեծ հայրենիքներ:

Թե կուզեք գրե՛ք խոսքեր միայն անձրևի համար: Թե կուզեք գրեք խոսքեր միայն քարերի համար, իսկ ես կգրեմ լոկ իմ հայրենիք, հայրենիք կոչվող սուրբ հողիս համար:

Գուցե խոսքերս լինեն սրտառուչ ու ոչ ձեզ համար, գուցե խոսքերս թվան ձեզ հեքիաթ, կամ անիրական, շատ ցնորական ու աներևույթ խոսքեր դյութական: Բայց սիրտս անհագ մի կարոտ ունի, իմ հոգում հրկեզ խարույկ կա վառվող, ու չի հանգչելու կրակն իմ հոգու, կարոտով լցված իմ լռությունը չի փոխարինվի խուլ հառաչանքով:

Ու եթե անգամ հալվի հեքիաթս անուշ, ու թե համրանա իմ էությունը, դարձյալ մի կտոր արև ես լուռ կպահեմ, թեկուզ և կորցնեմ և՛տեղ, գուցե նաև ժամ՝ փնտրելուց հոգնած… Բայց ես կպահեմ, ու ես կգտնեմ, իմ հայրենիքս ես ետ կբերեմ:



1. - Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, մարդիկ չգիտեն խաղաղության գինը, ես կհանգչեմ:
2. -Ես միաբանությունն եմ, մարդիկ ինձ չեն հասկանում, նրանք ինձ լքել են, ապրում են անջատ: Ես պետք չեմ նրանց:
3. - Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ:
4. - Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց հարազատներին:
5. - Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք:
6. - Մի՛ հուսահատվիր, քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ:
Վառում են բոլոր մոմերը:
-Խաղաղություն, միաբանություն, սեր, հավատ և հույս: Ես անմոռուկն եմ, որ աշխարհում տարածված բազմասփյուռ հայերի խորհուրդն ունի, հինգ մայրցամաքներում ապրող հույսն է հայ ազգիս, և ես ասում եմ այսօր.
-Մարդի՛կ, քանի դեռ ձեր հոգում կրակ կա, հույսը չմարեք,
Քանի ձեր հոգում մի փոքր հույս կա, սիրտս ամոքեք,
Հիշեք բոլորին և մի մոռացեք,
Հույսով, հավատով հողս պահանջեք:

Երգ՝ Ապրելու ապրիլ

Դարեր ի վեր մեզ հայ են կոչել՝ նույնիսկ առանց իմանալու այն երկրի տեղը, որտեղ մենք բնակվում ենք, երկրի, որտեղ Ուրարտուից առ այսօր իմ նախնիները կարողացել են պահպանել մշակութային արժեքները 2000 տարի շարունակ՝ ենթարկվելով հալածանքների ու կոտորածների և ամեն անգամ հուսալով, որ դա վերջին անգամն է:

Զավթիչների փառամոլությունն ու ագահությունը աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդին ներգրավեցին իրենց սահմանների մեջ՝ թուրքական լծի տակ: Մզկիթների խաբուսիկ լռությունը հավատացյալներին աղոթքի էր հրավիրում, իսկ այդ ժամանակ իրականում գլխատված հայերի գանգերից բուրգեր էին գոյանում:

Այրող ավազների վրա, որտեղ հոգեվարք ապրեց մի ողջ ժողովուրդ, մահվան հրոսակները հազարավոր կյանքեր խորտակեցին ու լռեցին: Մնացին, անմահացան նրանց հոգիները, նրանց հիշատակը:

Եվ քամու երգը լսող ավազին, որի առջև մանկան կմախքների մասերից քամին սրինգ էր սարքել, ծնկաչոք պոետը սարսափելի լռության մեջ հնչեցնում էր անմահության երգը, հնչեցնում էր կարոտի երգը:

Երգ՝ Տեսնեմ Անին…

«Օսման, թալանչի Օսման, ուրեմն որպես ավազակ որ ճամփին կանգնեցիր, էդ ճամփեն քոնն է, հա՞։ Քու թալանչի ձեռքը, որ դռան դիպավ, էդ տունը քոնն է, հա՞։ Քու գիշատիչ աչքը, որ սարը տեսավ, էդ սարը քոնն է, հա՞։ Քու հարամ շունչը որ աղբրակին դիպավ, էդ աղբյուրը քոնն է, հա՞...»:

Աթաբունար... Հայը ճար չունեցավ, թե քեզ տրորեր, տրորեր ու տրորեր, ու դու հասկանայիր, թե Տալվորիկի սարերում ու ողջ Սասնա սարերում Աթաբունար հարամանուն աղբյուր չկա։ Չկա ու չկա։ Աղբյուրի անունը Մեհրե էր ու Մեհրե կմնա՝ Մեհրեաղբյուր։

Պատմություն կա, արարիչ կա ու հնուց եկած զրույց. Առյուծ Մհերն էդտեզ, հենց էդ աղբրակի բխած տեղն է հանդիպել առյուծին ու երախը պատռել, ու արարչի կամքով տեղն ու տեղը աղբյուր է բխել։ Եվ արարիչը ինքն է կնքել՝ Մեհրեաղբյուր։ Արարիչն է ծնել ու արարիչն է կնքել:

Օսման, թալանչի Օսման, ես էլ մեռնեմ, դու էլ մեռնես, աղբուրի անունը Մեհրե էր ու Մեհրե էլ կմնա, Մուշս Մուշ կմնա, Վանս Վան կմնա, Արարատս Արարատ կմնա, Արևմտյան Հայաստանն էլ մեր էրգիրն է, ու մերն էլ կմնա:

Գիտցեք աշխարհում մի հայ էլ մնա,
Հայոց եղեռնը նա չի մոռանա,
Նա չի մոռանա սուրբ սարը Մասիս,
Ծովից ծով ձգվող հողը պապերիս:

Երգ՝ Իմ փոքրիկ Հայաստան

Եթե ջուրը երկրի արյունն է, ապա լույսը հոգին է երկրի:
Այսպես մտածում էի, մտածում, իսկ ժամանակը անսանձ նժույգի նման սլանում էր առաջ՝ իր փոշին թողնելով մեր պատմության մեջ: Հարյուր տարի, հարյուր տարուց էլ ավելի անհուսահատ համբերությամբ սպասում էինք Ժամանակ տվողին, ով պիտի գար ու ճշտեր իր իսկ սխալը:
Ցեղասպանություն, մի ամբողջ ժողովրդի հայրենազրկում: Հայրենիք, որի փոշուց, ինչպես լորդ Բայրոնն էր ասում, Աստված ստեղծեց Ադամին: Այսինքն՝ տեղի էր ունեցել համամարդկային աղետ: Քանդվել, ավերվել, հողին էր հավասարվել Մարդու ծննդավայրը: Իսկ մենք շարունակում էինք սպասել, թե իբր պիտի ուղղվի խախտված ներդաշնակությունը:
Սպասում էինք, սպասում՝ փոխանակ նայելու մեր ներսը, թե ինչ եղավ փրկվածներիս, վերապրողներիս հետ: Նայեցինք, քրքրեցինք մեզ ու գտանք զարմանալի նվաստ մի բառ՝ գոյատևել, գոյատևել մեր տանը և դրսում՝ աշխարհը դարձնելով մեզ հայրենիք:
Եվ բառն այդ մեզ տաք թվաց, ու մենք, հարմար տեղավորվելով այդ բառի մեջ, սկսեցինք գոյատևելով հպարտանալ, որ փրկվել ենք ու դեռ կանք՝ ի հեճուկս թուրքի: Այո՛, գոյատևել բառը մեզ շատ դուր եկավ: Թուրքն իր գործն արել էր, և մեր մեծ հայրենիքի մի անկյունում մեզ մնացել էր փոքրիկ մի Հայաստան և աշխարհով մեկ սփռված պատմական հայրենիք փնտրող, կարոտով լցված հայություն:
Բեմադրություն՝ <<Կարոտ>>

Կարեն Ասատրյան
27.05.2015, 22:19
1. Գյուղն Արազի ափին էր:
Գարնանը, երբ վարարում էր գետը, տանը նստած՝ կլսեիր նրա ալիքների մռնչյունը, ուշ աշնանը՝ նրանց մեղմիկ ծփանքները։ Առավոտ շուտ Մասիսն այնքան մոտիկ ու հստակ էր երևում, որ թվում էր, թե ձեռքդ պարզես՝ նրա լանջից ծաղիկներ կքաղես։
2. Գյուղում ոչ ոք դաշտապահ Առաքելի նման չէր տեսնում ու չէր զգում այդ գեղեցկությունները: Մենակություն էր սիրում նա ու լավ էր զգում իրեն հանդ ու դաշտում, մարդկանցից հեռու։ Նստում էր թմբերի վրա, նայում Մասիսներին, արևելքից արևմուտք ձգվող լեռների կույտերի մեջ որոնում էր այն գյուղերը, որոնցով քանի-֊քանի անգամ անցել էր «երկրից» այստեղ և այստեղից երկիր վերադարձել։

3. Հիմա «երկիրը» հեռու էր ու անհասանելի, բայց աչքիդ առաջ։ Կարող էիր միայն նայել, նայել հարազատ վայրերի կողմը։ Եվ Առաքելը նայում էր՝ առավոտ, երեկո, գիշեր, ցերեկ: Սիրտը ներսում վառվում, խորովվում էր, բայց ոչ ոքի ոչինչ չէր ասում:

Առաքել- Ինչի՞ համար մեր երկիր թողիր թուրքերին, ինչի՞ համար աչքս կարոտով թողիր, մեր Մասիս լեռը շղթայված թողիր, մեր Անին, Վանը, մեր Մուշը, մեր հողեր ինչի՞ համար գերի թողիր:

Հեղինակ- Ո՞ւմ թողիր քու էրգիր, ո՞ւմ թողիր, քու էրգիր ո՞ւմ թողիր, շուն թուրքերին թողիր, դահիճ-մարդասպաններին թողիր, քու էրգիր անտեր թողիր…
Դու իմ միակ իմ Բիբլիական,
Կմնաս միշտ, միշտ հայկական,
Ու քանի կա հայ տառ ու բառ,
Քանի որբ ես հրաշք իմ սար,
Հայը չունի քուն ու դադար,
Քանզի մենք ենք քո տերն արդար,
Հայի երազ, հոգի, հավատ,
Մեսրոպատառ իմ Արարատ:

Դրվագ
Երաժշտություն Շվի
Նստում է ու նայում Արարատին /էկրան/:
- Ո՞ւր կնայիս, Առաքե՛լ,-- կանչեց Մուշեղը,- քոռնաս լե, չտեսնիս, ինչի քու աչքեր կցավցուս․․․։
- Քոռնաս լե, չտեսնի՜ս,- կրկնեց Մուշեղը։
Առաքելը խոր հառաչեց․
- Քու բերան կոտրի, Մուշեղ, որ մեկ էլ էդ խոսք չըսիս․․․

Դրվագ

- Ի՞նչ եղավ քըզի, հալիվոր․․․
Առաքելը աչքերը տրորեց, նայեց աջ ու ձախ, նայեց կնոջը։
- Ի՞նչ երազ տեսար,- կրկին հարցրեց կինը։
- Երկիրն էի գացեր, արտեր կավիրեին․․․
-- Սև՜ գա վրեդ,-- ծիծաղեց Սանամը,- երկիր ըսելով պիտի մեռնիս․․․
Երկրորդ անգամ Առաքելը փնչալով, մռնչալով արթնացավ լուսադեմին։
- Ի՞նչ եղավ քըզի, մարդ․․․։
Առաքելը բարկացավ․
- Չթողիք երա՞զ էլ տեսնամ: Իմ սիրտ կցավե․․․ Երկիր ինձի կկանչե․․․

Երգ՝ Կռունկ
Կռո՛ւնկ, հայոց մոխիրը կար քո թևերին,
Երբ չվեցիր.
Թրջվա՜ծ էր քո աչքը հայոց արցունքներից,
Երբ չվեցիր.
Ասիր. “Չե՜մ գա էլ Հայաստան. մա՛հ է այնտեղ,
Եղեռն, ավա՜ր…”
Մեր երկրի պես ավեր բույնդ անտեր թողիր
Ու չվեցիր:
Ո՜ւր չվեցիր` հայոց վշտի անծայր բանտից
Դու դուրս չեկար.
Ամեն ջրում, ամեն հողում` վտարանդի
Հայի տեսար.
Ականջ դրիր մեկի հարցին, մեկին թողիր
Անպատասխան
Եվ աշխարհում, ինչպես նրանք, քո բնի պես
Բույն չտեսար:
Ո՜ւր գնացիր` մոխիր դարձավ բույնդ նորից,
Թռար եկար.
Հազար հրի միջով անցար, հազար սրից
Փրկված եկար.
Ասիր. “Թէ մահ կա աշխարհում, լավ է մեռնեմ
Իմ հին բնում…”
Աչքդ հառած Արարատի սեգ կատարին`
Թռար, եկար:
Եկար, տեսար անապատում` նոր ջրանցքի
Հուն է բացվել,
Վարդ է բացվել քարի վրա, քարը կրկին
Տուն է դարձել
Եվ նախանձից Մասիսն անգամ թեքվել է, որ
Արազն անցնե,
Ծուխ է ելնում ամեն տնից. հավքն իր նախկին
Բույնն է դարձել:
Եկար մեզ մոտ, քո թևերին պանդուխտների
Վի՜շտը բերիր.
Նրանց կարոտն հայրենիքի ու դարերի
Ի՜ղձը բերիր.
Եկար, նորոգ բույնդ գտար ու չվում ես
Ափերն օտար,
Որ ազատե՜ս սև զուլումից ու ձուլումից
Քո ձագերին:
Գնա՜ , կռո՜ւնկ, Հայոց արտից ծի՜լ տար կանաչ`
Պանդուխտների՛ն,
Մի նշխար ձյո՜ւն` Արարատից, ջո՜ւր Սևանա`
Պանդուխտներին.
Ականջիդ մեջ` մեր երգն ուրախ, աչքերիդ մեջ`
Մեր լույսը նոր`
Մի բուռ հող տար` մահից փրկող սուրբ մանանա`
Պանդուխտներին:
Գնա՜, շրջիր երկրեերկիր ու ե՛տ դարձիր,
Բարո՜վ դառնաս.
Կանչիր բոլոր պանդուխտներին ու ե՛տ դարձիր,
Բարով դառնաս.
Դարձիր այնպե՛ս, որ ոչ մի տեղ, ոչ մի պանդուխտ
Քեզ չսպասի,
“Կռունկ, ուստի՞ կու գաս” չասի՛ ու չլացի՛…
Բարո՛վ դառնաս:


Այդ դեպքից մի քանի օր հետո, արևը դեռ չծագած, գյուղի ներքին թաղով մեկ լսվեց Սանամի ձայնը։ Հարևանները, ով արդեն շորերը հագած, ով շտապ հագնելով, վազեցին Առաքելի տան կողմը։ Քանի գնում, Սանամի ձայնն ավելի բարձր ու սուր էր դառնում, հասնում էր գյուղի հեռավոր տները։

Արազի ափի այդ մեծ գյուղն ամբողջովին իրար անցավ։ Առաքելի տան առջև հավաքվեց մի ամբողջ ամբոխ՝ ծեր, երեխա, կին, տղամարդ։ Սանամը հիմա գովում, գովասանում էր Առաքելին՝ ողբալով նրա կորուստը․
- Քո տանջված հոգուն մեռնիմ, Առաքել ջա՜ա՜ն․․․։
- Ի՞նչ պատահավ քըզի, Առաքել ջան,- էս ի՞նչ սև բերիր մեր գլխուն, Առ-ա-քե՜լ ջան…
- Իրիկուն Առաքել չկար։ Ասի միգուցե գնացել է դուրս հովնալու․․․։ Գիշեր ելա նայեցի՝ չկար․․․։ Լուսադեմին նայեցի՝ չկար․․․։ Չկա՜, չկա՜, Առաքել չկա․․․։ Մեր տուն քանդեց, մեր գերաններ փլցո՜ւց․․․։

Երգ՝ Արաքս
- Ոչինչ չի խոստովանում․․․ Կամ հիմար է, կամ շատ խորամանկ ու նենգ․․․
- Քո կարծիքով ո՞րն է դրանցից․․․
- Ժամանակ տվեք դրա համար։ Մի անգամ մոտս բերին մի յոթանասուն տարեկան մուժիկի․․․
Նախագահը նրան ընդհատեց․
- Այդ պատմություններն ուրիշ անգամ կպատմեք։ Հիմա պատասխանեք իմ հարցին՝ Առաքելը հիմա՞ր է, թե նենգ։
- Հիմա պատասխանել չեմ կարող, չնայած կասկածում եմ, որ նենգ լինի,-- պատասխանեց «վետերանը»։- Այդ մուժիկն էլ սրա նման խաղեր էր ուզում սարքել, բայց հենց որ․․․
- Թողեք, ասացի,- ընդհատեց, նախագահը։
- Դո՞ւք ինչ կասեք։ Հիմա՞ր է այդ գյուղացին, թե նենգ,-- հարցրեց նախագահը:
- Եմ կարծիքով նա ոչ հիմար է, ոչ էլ նենգ։
- Ապա ի՞նչ է։
- Գյուղացի մարդ է։
- Իսկ քո՞ կարծիքով,-- հարցրեց նախագահը երրորդին՝ ակնոցավոր, մտավորականի դեմքով քննիչին։
- Ես, ճիշտն ասած, խոստովանեմ, որ մի քիչ շփոթված եմ։ Այդ անգրագետ մարդը հանելուկ է, գոնե ինձ համար․․․։
- Այնուամենայնիվ, ի՞նչ է ասում, ինչո՞ւ էր գնացել Թուրքիա՝ սահմանը խախտելով, գիշերով․․․։
Վետերանը դարձյալ աշխուժացավ․
- Էնպես բան է ասում, որ եփած հավերի ծիծաղն է գալիս․․․
Նախագահը զսպեց բարկությունը, ժպտաց, փորձեց սրամտություն անել․
- Իսկ քեզ նման աքլորների ծիծաղը չի՞ գալիս․․․
- Բա չի գալի՞ս։- Նախագահին հաճոյանալու համար «վետերանն» ինքն էլ ծիծաղեց։
- Ի՞նչ է ասում, ինչո՞ւ էր փախել։
- Կարոտել էի, ասում է, իմ հայրենիք կարոտել էի, գնացի, տեսա, եկա․․․
Նախագահը դառը ժպտաց․
- Այդքան սրամիտ մա՞րդ է, թե՞ ձեռ է առնում մեզ։
- Իրեն է ձեռ առնում։ Ես դեռ խոսեցնել կտամ նրան, մի անգամ…
Նախագահն այս անգամ էլ չթողեց, որ նա իր պատմությունը շարունակի․
- Բերեք Էլոյանին այստեղ,- հրամայեց նա՝ ոտքի կանգնելով և ուղղելով համազգեստը։
- Ամենամեծ պետն է,- նրա ականջին շշնջաց երիտասարդ, հաղթանդամ քննիչը՝ գլխով ցույց տալով նախագահին, որ լուռ զննում էր Առաքելին։
- Ուրեմն դո՞ւ ես Առաքել Էլոյանը,- հարցրեց նախագահը՝ ուրախ դեմք ընդունելով։
Առաքելն էլ, չգիտես ինչու, ուրախացած, ժպտաց․
- Հրամանք իս, ուրեմն՝ ես իմ Առաքել Էլոյան։
- Ի՞նչ մարդ ես դու։
- Ռանչպար գյուղացի մարդ իմ, ինչ մարդ իմ․․․
- Առաքել Էլոյան, քանի՞ տարեկան ես։
- Քանի տարեկան ի՞մ։
- Այո՛։
- Տեր Ղուկասովի կռվին, որ սուտ չըսիմ, տասներկու, տասնչորս տարեկան էի։
Մեծավորը մտքում ինչ-֊որ հաշիվներ արեց․
- Ուրեմն հիմա 65-66 տարեկա՞ն ես։
- Հրամանք իս։
- Ի՞նչ գործով էիր զբաղվում այնտեղ՝ քո հայրենիքում։
- Հանդապահ էի։
- Գաղթից հետո՞, այս գյուղո՞ւմ։
- Էլի հանդապահ։
- Հիմի՞։
- Հիմի նստիր իմ ձեր մոտ, էստեղ իմ․․․
Կրկին զգալի դադար եղավ։
Առաքելի ծնկների վրայից փափախն ընկավ հատակին։ Կռացավ, վերցրեց, շփոթված նայեց նախագահին, անիմաստ ժպտաց։
- Առաքել Էլոյան,- դարձյալ սկսեց նախագահը։
- Հրամանք իս,- արձագանքեց Առաքելը։
- Ես քեզ խնդրում եմ, որ մեր բոլոր հարցերին ճիշտ պատասխանես, եթե ուզում ես ազատվել, եթե տղաներիդ մասին մտածում ես։ Վա՜յ քեզ, Առաքել Էլոյան, եթե փորձես խաբել։
- Թե սուտ ըսիմ, մարմնով պարտական էղնիմ, սուրբ հողին չարժանանամ, գել ու գազանի բաժին էղնիմ․․․
- Այ, էդպես էլ պայման անենք։ Համ աձա՞յն ես։
- Համաձայն իմ։
- Դե հիմա ասա՝ ով քեզ ուղարկեց Թուրքիա․․․ Այս հարցի պատասխանիցդ կերևա՝ ճշմարտախո՞ս ես, թե՞ ոչ։ Ովքե՞ր քեզ ուղարկեցին Թուրքիա։
Առաքելը նայեց պետին, մտածեց, խորը հառաչեց․
- Ո՞վ ուղարկեց․․․․
- Այո՛։
- Իմ սիրտ․․․ իմ սիրտ ընձի ըսեց՝ գնա, Առաքե՛լ, քո երկիր տես, արի։ Մեղավոր իմ սիրտն է․․․
- Առաքել բիձա։
- Հա, մատաղ։
- Ինձ մի խաբիր, Առաքել բիձա․․․
- Հազար ամոթ ընձի ու իմ գերդաստանին, թե կխաբիմ:
- Ինչի՞ համար գնացիր Թուրքիա։
- Երկիր կարոտել էի․․․
- Կարոտի համար կերթա՞ն։
- Կերթան։
- Բա ուրիշներն ինչո՞ւ չգնացին, դու գնացիր։
- Իմ սիրտ թուլ է․․․ ուրիշների սրտեր ուժեղ ին․․․
- Բա ինչո՞ւ վերադարձար։
- Իմ ազգ էստեղ է, իմ գերդաստան էստեղ է։ Հայաստան հիմի էստեղ է․․․․
- Որ Հայաստանն էստեղ է, ի՞նչ գործ ունեիր էնտեղի հետ,- հարցրեց նախագահը։
- Իմ սրտին ըսե, մատաղ․․․
- Մարդիկ խելքո՞վ պիտի շարժվեն, թե սրտով․․․
- Ես ուսում ու գաղափար չունեմ, ես սիրտ ունեմ, որ խոսք ու խրատ չհասկնա․․․ Որ կարոտցավ՝ կծռի, որ ծռավ՝ օրենք ու սահման կմոռնա․․․
- Այդ կարոտը պիտի մոռանալ,- խրատական եղանակով, կարծես փորձելու համար, հանգիստ ասաց նա։
- Չմոռցվի՛,- համոզված ու անմիջական պատասխանեց Առաքելը։
- Դու գուցե չմոռանաս, բայց քո տղաները, նոր եկող սերունդը կմոռանան։
Առաքելը ծանր հառաչեց․
- Չեմ հավատա։ Կարոտ թոնդրի մոխրի տակ մնացած անթեղ կրակ է։ Կարծես հանգեր է, չի երևա։ Թոնդիր պաղեր է։ Բայց որ մոխիր բացես, անթեղ կրակ կերևա, կկայծկլտա․․․ Անթեղ կրակ չմարի, կապրի։ Կրակ արդարություն է, անմահ է․․․ Կարոտն էլ չմարի կրակի պես։ Նոր սերունդ կանաչ է, խակ է, քանի կանաչ է, արմատը թաց է, որ հասնի, կարմրի, կծարավնա․․․ Կարոտ կրակ է, ծարավ է։ Ես գնացի, երկիր տեսա, իմ աչքերուն քսեցի Մուրադ գետի ջուր, իմ տան շեմին նստա ու կուշտ լացի, իմ կարոտ առա, եկա։


Կարոտում էր, վառվում, եփվում։ Ամեն օր երազին էրգիրն էր տեսնում, Արածանու խշշոցն էր լսում, բայց մտքով չէր անցել, որ գնա։ Հակառակի պես ամեն օր՝ արևածագից առաջ, երբ աչքերը բաց էր անում, արթնանում էր՝ երկրի սարերն էին կանգնում աչքերի առաջ։ Քուն ու դադար չուներ։ Էնտեղ է ծնվել, էնտեղի սար ու ձոր, դաշտ ու չոլն է չափել, չափչփել, ու էս հարյուր տարի է, որ զրկվել է էրգրից։
Հարյուր տարի է՝ մողեսներն են խաղում սուրբ քարերի վրա, Նպատ սարի տակ Հովանու մեծ վանքը չի տեսնում, որ ժողովրդին կոտորածից փրկել էր քանի-քանի անգամ, իրենց պաղ-պաղ աղբյուրների ջուրը չի խմում, ծաղկած լանջերում չի քնում, Արածանու զուլալ ալիքների մեջ չի լողանում։
Պարտական մնա Առաքելը, թե սուտ է ասում՝ կարոտում էր, բայց ոչ մի անգամ մտքով չէր անցել, որ տուն ու տեղ, կին ու որդի թողնի, գնա էն կողմերը։ Ինչ անենք, որ մերն է, մերն է, բայց գազանի թաթն է դրված վրան։ Ավերվել են, քանդվել են գյուղերը, պղծվել են վանքերը, ճամփեք խոտերով ու փշերով են ծածկվել։
Առաքել գնա՝ ի՞նչ տեսնի, ի՞նչ անի։ Ոչ գնալու միտք է եղել, ոչ խոսք ու զրույց, ոչ խորհուրդ ու խրատ տվող։ Մի իրիկուն կոպալն առավ ու դաշտ գնաց։ Լուսնյակ գիշեր էր, Մասիսը կշողար Առաքելի աչքերի առաջ: Մեկ էլ երկնքից մի ձեն լսեց․
- Վե՛ր կաց, Առաքե՛լ, վե՛ր կաց ու քո էրգի՛ր գնա․․․

Առաքելի մարմինը սրսփաց, ձեռքերն ու ոտքերը դողացին, սիրտը ահ ու սարսափ մտավ։ Հազար ու մի գիշերներ էր դրսում լուսացրել, այդպես ահ ու սարսափ ոչ մի անգամ չէր պատել նրան։
Ականջ դրեց։ Ձայնը կրկնվեց․
- Մի՛ վախեցիր, Առաքե՛լ․․․ Վե՛ր կաց՝ չուշանաս։ Գիշեր կարճ է, ճամփեն երկար է․․․
Ու էլի․
- Առաքե՜լ, Առաքե՜լ․․․Գիշեր կարճ է, ճամփեն երկար է․․․

Երգ՝ Քելե լաո…

Կարեն Ասատրյան
27.05.2015, 22:20
Գիշեր-ցերեկ նույն երգն է իմ ունկերում,
Ձայնի տեղակ ծուխ է ելնում այդ երգից,
Ու ծխի մեջ կսկծում է մի ծերուկ՝
«Քելե, լա՛ո, քելե էրթանք մըր էրգիր»:

Արնոտել է ոտքը ճամփից քարքարոտ,
Մանգաղն ուսած, գաղթի մախաղը՝ մեջքին,
Դեռ քայլում է սարով, ձորով, աշխարհով,
«Քելե, լա՛ո,, քելե էրթանք մըր էրգիր»:

Աչքերի մեջ համառ մի ուխտ ու հարցում,
Ու մի զարմանք, խեղճ մի զարմանք անմեկին,
Հարցնում է իրեն, բախտին, Աստծուն՝
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:

Իր ի՞նչ գործն է` թե կա սահման ու կա վեճ,
Իր ի՞նչ գործն է` թե կան ռումբեր ու հրթիռ,
Հողի, հոգու միամիտ կանչն է իր մեջ՝
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:

Իմա՞լ կեղնի: Ինքը` այստեղ, հողն` այնտեղ,
Արտը ծլել, սպասում է իր ձեռքին:
Ինչպե՞ս թողնենք տունն ու ջաղացը անտեր,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:

Ինչպե՞ս խեղդենք խև խռովքը Սասնա տան,
Ինչպե՞ս մարենք այսքան կարոտ, փառք ու կիրք,
Այսքան երազ ինչպե՞ս թաղենք գետնի տակ,
«Իմա՞լ կեղնի, իմա՞լ չերթանք մըր էրգիր»:

Թե աշխարհում արդարություն կա վերուստ,
Ու թե դաշն են Աստված, երկիր ու երկինք,
Պիտի փլվի ամեն պատնեշ, ամեն սուտ,
Պիտի էրթանք, պիտի էրթանք մեր էրգիր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրք-ադրբեջանական վայնասունը գալիս է ապացուցելու մի շատ կարևոր փաստ, որ հայոց հողը մշակույթի, գիտության ու բարձր մտածողության օազիս է մեզ բաժին հասած հարևանների ու տարածքների միջև:

Ավելի քան երբևէ ուրվագծվում են հայ պահանջատիրությունն ու ոտնահարված իրավունքների վերականգնումը, հայոց ոգեղեն ու աշխարհիկ աղոթքի, խոսքի, բարքի տարածումն ու արմատավորումը հայոց արևմտյան հատվածում:

Այս ամենն իրողություն է, բացահայտված եղելություն հենց թուրք քաղաքական վերնախավի կողմից, ովքեր հակահայ քարոզների կողքին իբրև թե զիջողականության քայլեր են ուզում կատարել:

-Ի՛նչ <<զիջողականություն>>, երբ պապերիս Մուշն ու մեր մայրաքաղաք Վանն եք դեռ պարտք... Ի՛նչ <<զիջողականություն>>, երբ իմ Անին ու անհաս Արարատը ողբում են ձեր կեղծ ձայներից... Ի՛նչ <<զիջողականություն>>, երբ Աղթամարն ու սուրբ Կարապետը պատարագի աղերսով ձեր հոժարությանն են սպասում...

Արցախյան հերոսամարտում հաղթանակած, նորօրյա պայքարում նոր հաղթանակներ կերտող հայի ոգին անկոտրում է: Մենք ճշմարտություն որոնող ժողովուրդ ենք, իսկ ճշմարտություն որոնողի ճանապարհը անվերջ է ու հավերժ: Եվ դա մեր ճանապարհն է, մարդկության գերագույն արժեքները պահպանողի ճանապարհը:

Ահա ե՛ս եմ՝ հավերժական հայը՝ կանգնած Եղեռնի ու հավերժության մեջտեղում՝ կարոտով լի աչքերս հառած Մասիս սարին, հայացքս ուղղած հավերժության ճանապարհին: Ինձ զարկել են, զրկել տարերքը տակից, թշնամին՝ մեջքից, Արևմուտքը՝ աջից, Արևելքը՝ ձախից, բայց ես ապրել եմ, ապրում եմ, կապրեմ: Ես Հայաստանն եմ, ես ամեն ինչ եմ, ամենուր եմ ու անվախճան:
Արևի երկիրն եմ ես, երջանկությունը, հպարտությունն ու հավերժությունը: Տարագիր հոգու բաղձանքն եմ ես, թափառական անտունին, քաղցրալուր հորովելը, երկաթագիր մագաղաթն ու սրբատաշ տաճարը: Ես Հայաստանն եմ:

Ես նա եմ, ում արմատները հասնում են մինչև Հայասա և Նաիրի, իսկ պտուղն ու տերևը թարմանում են այսօրվա ցողից ու լցվում, հասունանում վաղվա արևի շողից...

Ես՝ ինքը կյանքն եմ, հարատևումը, անմահությունը... Ես նա՛ եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի...


Իմ արմատները...
Քարերի մեջ են
Իմ արմատները։
Նախաստեղծ ու բիրտ
Հավիտենության
Դարերի մեջ են
Իմ արմատները։
Իմ սաղարթները..
Սարերի մեջ են
Իմ սաղարթները..
Անաղարտ ու կիրթ
Հավիտենության
Արևի մեջ են
Իմ սաղարթները։
Այս ես եմ։ Այսքանն եմ։
Ես Հայաստանն եմ։

Երգ՝ Հայաստան

Կարեն Ասատրյան
27.05.2015, 22:26
Նկարներ միջոցառումից

Կարեն Ասատրյան
29.05.2015, 01:45
http://lib.armedu.am/resource/4787

Լուսինե Ա.
22.10.2017, 17:19
Որքան ցավ կա մեր սրտում ,բայց և ապրելու,արարելու,պայքարելու ուժ: