PDA

Դիտել ողջ տարբերակը : Պահանջում ենք հատուցում



Արեն
26.01.2015, 11:40
Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը ևս մեկնարկել է մեծ եղեռնի 100 – ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարք, որը կրում է ″Պահանջում ենք հատուցում″ խորագիրը: Թեմատիկ միջոցառումները կազմակերպվում են սեպտեմբեր ամսից. Յուրաքանչյուր ամսվա 24 – ին դպրոցի մեկ դասարան հանդես է գալիս միջոցառմամբ՝ բարձրացնելով իր բողոքի ձայնը կատարված անպատիժ ոճիրի դեմ : Միջոցառումների շարքում տեղ են գտել նաև շարադրություններ, որոնցից լավագույնները ներկայացնում ենք Ձեզ:

Արեն
26.01.2015, 14:04
Իմ հայրենիքը
Իմ հայրենիքը Հայաստանն է: Այն իմ տունն է: Ես հայրենիքս շատ եմ սիրում: Այն շատ փոքր է թուրքերի պատճառով, բայց կմեծանա իմ և իմ քույրիկի շնորհիվ: Երբ մեծանանք մեր ծրագիրը կիրականացնենք: Եթե մենք կարողանանք մեծացնել Հայաստանը, շատ հպարտ կլինենք: Եկեք Հայաստանը պատկերացնենք տարիներ հետո: Մեր սուրբ Արարատը և շատ քաղաքներ, որոնք թուրքերը խլել են մեզնից, մենք հետ կվերադարձնենք: Դա է մեր երազանքը:
Արմեն Թումանյան, 4 – րդ դասարան

Արեն
26.01.2015, 14:41
Այսօր Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ամենամսյա հերթական միջոցառումը՝ նվիրված ցեղասպանության 100 – ամյակին:
,, Եղեռնը Մեծերի աչքերով,, - հայ քնարերգուների թեմատիկ ստեղծագործությունները ներկայացնելով իրենց բողոքի ձայնն ու հոգու կանչն արտահայտեցին 10 – րդ դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում նրանք անմոռուկ- կրծքանշան փակցրեցին ներկաների կրծքին՝ ,, Միացեք մեզ,, ճանաչման կոչ ուղղելով աշխարհին:
Տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ՝ Ս. Սահակյան

Արեն
27.01.2015, 18:10
Սպասում
Հայոց վիշտը անհուն մի ծով,
Հայոց վերքը՝ չսպիացող…
Արհեստի ու արվեստի, հողի ու տիեզերքի համար ծնված հայը ամեն տեղ և միշտ ապրել է համեստ ու խաղաղ: Մեկ դար առաջ թուրք ելուզակները անգթաբար կոտորեցին, բնաջնջեցին մի ողջ ժողովուրդ՝ չնայելով սեռ ու տարիք, դիրք ու ձիրք: Մեկուկես միլիոն մարդ նահատակվեց միայն մի ,, մեղքի,, համար՝ հայ լինելու համար:
Ապրեց հայն այս անապրելի ճակատագիրը, իսկ ողջ մնացածները ցրվեցին աշխարհով մեկ: Ամեն մեկն իր հետ տարավ մեծ կսկիծ, ապրելու հույս, ,,էրգրի,, կարոտ: Նրանց ես համեմատում եմ տիեզերքում սփռված անհամար աստղերի հետ, որոնք իրենց փայլով գերում են բոլորին: Ինձ թվում է ամեն գիշեր այդ աստղերը երկրագնդի վրա փնտրում են կորցրած հարազատներին, բայց, ավա~ղ, քչերին է հաջողվում երջանկություն ապրել:
Հայի վերքը չի սպիանում, քանի որ դա հոգու վերք է, ոչ թե մարմնի: Այդ վերքի միակ բալասանը կլինի երկրագնդի ողջ բնակչության անկողմնակալ և արդարացի վերաբերմունքը: Միթե ոչ մեկի համար տեսանելի չէ Դեր- Զորի գիշերային լույսը, որը նույնիսկ հարյուր տարի հետո էլ վառ է:
Ես երազում եմ այն պահը, երբ ողջ աշխարհը կասի՝ այո, իսկ թուրքերը այնքան խիզախություն կունենան, որ կասեն.
- Մենք ամաչում ենք մեր պապերի արածի համար:

Ստելլա Ավետիքյան, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, 8 – րդ դասարանի աշակերտուհի

Արեն
29.01.2015, 18:52
Հիշում եմ և պահանջում
1915 թվականը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ: Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության մշակած ծրագրով տեղահանվեց և Դեր-Զորի անապատում, սովից ու քաղցից տանջահար արվելով, մորթվեց մի ամբողջ ժողովուրդ:Շուրջ միլիոն ու կես հայեր բնավեր եղան իրենց շեն գյուղերից՝ թալանի և սպանդի ենթարկվելով թուրք ենիչերիների և քուրդ ավազակների կողմից: Անխնա կոտորվեցին անզեն տղամարդիք, կանայք, երեխաներ ու ծերեր: Համընդհանուր սպանդը խլեց ժամանակի մեծ մտավորականների՝ Գրիգոր Զոհրապի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և այլոց կյանքը:Ավերված հայրենիքի կորստի ցավից խելագարվեց Կոմիտասը:Թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայերը որբերի նման ցրվեցի ի սփյուռս աշխարհի : Արևմտյան Հայաստանը հայաթափվեց, և այդ բարեբեր տարածքներում հաստատվեցին թուրքերն ու քրդերը: Կատարվեց 20 – րդ դարի ամենամեծ ոճիրը՝ հայոց ցեղասպանությունը, որը մինչև այսօր չի ճանաչել գերտերությունների մեծ մասը, չի ճանաչել նաև Թուրքիան: Բայց հայ ժողովուրդը չի դադարեցնելու իր պայքարը և հասնելու է ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից:
Այս տարի լրանում է հայոց Մեծ եղեռնի 100 – ամյակը: Մենք մեր ձայնն ենք բարձրացնելու ի լուր աշխարհի և կոչ ենք անելու,, ոչ,, ասել ցեղասպանությանը, ապրել խաղաղ, որպեսզի ոչ մի տեղ այլևս չզոհվեն մարդիք, այլևս չլինեն որբեր, այլ լինի միայն անամպ երկինք և պայծառ արևը տեսնեն բոլորը:
Անահիտ Թումանյան, 8 – րդ դասարան, Դսեղի՝ Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Արեն
30.01.2015, 14:18
Դատապարտում եմ
Տասնիններորդ դարի ութսունական թվականներին Աբդուլ Համիդ երկրորդը սկսել էր հայերի ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն: Որոշ ժամանակ անց, իշխանությունը վերցնելով իր ձեռքը, երիտթուրքերը շարունակեցին այդ քաղաքականությունը: Հայ ժողովրդի դահիճը ծրագրեց ու իրականացրեց հայերի զանգվածային կոտորած: Մեկուկես միլիոն հայ սպանվեց, մոտ ութհարյուր հայ գաղթականներ ապաստան գտան ուրիշ երկրներում: Նրանք, ովքեր փրկվեցին, որբացան, զրկվեցին ինչքից, տանիքից: Արմատներ ու բողբոջներ ունեցող ճյուղաշատ ծառեր էին հայերը, բայց հանկարծ, մեկ վայրկյանում դարձան քամու բերանն ընկած մենավոր տերև: Անպատկերացնելին հայրենաորբ լինելն էր, ծննդավայր ու երկիր կորցնելը:
Տասնամյակները հարյուրամյակ դարձան, բայց հայի վերքը սպիացավ. այն մորմոքվում է, ծխում ու ծխում...
Այդ վերքը կմեղմվի, եթե Թուրքիայի ներկայիս կառավարությունը, և ներկա սերունդը, որոնք փաստացի մեղք չունեն ազգասպան ոճիրի մեջ, պաշտոնապես ընդունեն և հրապարակայնորեն դատապարտեն հայ ժողովրդի նկատմամբ կիրառված դաժան փաստը: Թուրքիայի կառավարությունը ի վերջո պետք է, պարտավոր է ճանաչել մեր 100 – ամյա մորմոքի իրականությունը, այդժամ միայն նրան կարելի է դասել քաղաքակիրթ պետությունների շարքը:
Ես, որպես հայ, դատապարտում եմ կատարված ոճիրը, որին զոհ դարձան իմ նախնիները և պահանջում եմ հատուցում:
Անահիտ Քոչարյան, 12 – րդ դասարան, Դսեղի՝ Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

izabet
01.02.2015, 01:32
Անե՛ցք,անիծվե՛ք
Նզովյալ լինեք թուրք ասկյանրներ,
Նզովյալ լինեք Թալիաթ ու էնվեր,
Նզովյալ լինես
Երիտթուրք Համիդ,
որ խլեցիք.
Այգաբացին
սպասող կյանքեր.
Մանկության
ծաղկուն առավոտներ;
Նզովյալ լինեք թուրք փաշաներ
Հայը ապրում է,
Ապրում ,
Արարում … և
Չի մոռանում.
1915 թվականի
թուրք ասկյաների
Ցեղասպանությունը
հայ ժողովրդի,
Մոռանալ չկա,
Հիշել է միշտ պետք,
Քանզի հիշելով է
Հայը հզորանում
Ու նոր թափ առնում:
Հիշում և պահանջում եմ.

Արեն
02.02.2015, 15:35
Բարի, խաղաղ օր, իմ թու՛րք բարեկամ…
Այո՛, դիմում եմ քեզ իբրև բարեկամի, իբրև աշխարհի քաղաքացու, ոչ թե թշնամի ազգի զավակի: Բարեկամի, որովհետև ես հավատում եմ, որ քեզ համար ել այս խաղաղ ու արևոտ արշալույսը մեծ արժեք է ու խթան` մտածելու` արդյոք այս պարգևը, որ ընձեռվում է մեզ Բարձրալից (ու կապ չունի` մենք նրան Ալլահ, թե Աստված կանվանենք), որևէ մեկը իրավունք ունի արյամբ ողողելու; Վստահ եմ, որ քո մեջ էլ կխոսի հումանիզմը, և կասես. <<Միանշանակ ոչ՛>>: Կասես… Իսկ կմտածե՞ս արդյոք մի պոքրիկ ազգի միլիոնուկես զոհերի մասին, որոնց արշալույսները ուժով մարեցին...
Ես գրում եմ քեզ, իմ թու՛րք բարեկամ, Կոմիտասի երգի հնչյունների ներքո: Գիտե՞ս՝ ով էր Կոմիտասը,երբևէ լսել ես նրա անունը...Վստահ եմ, որ ոչ՛, բայց թույլ տուր պատմել քեզ նրա մասին.Կոմիտասը երիտասարդ երաժիշտ էր, տաղանդավոր անձ, որ վեր էր կանգնած ազգային պատկանելիությունից ու գոհարներ էր ստեղծում ոչ միայն հայ ազգի, այլև գրի էր առնում ու փրկում կորստից նաև թուրքալեզու երգերն ու նոր կյանք տալիս դրանց...
Բայց...ցավով եմ անգամ գրում այս բառերը...անգամ Կոմիտասը չփրկվեց:


Ռուզաննա Խառատյան ,12 – րդ դասարան, Դսեղի՝ Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Արեն
02.02.2015, 15:38
Իմ թու´րք… ո´չ, չեմ ուզում ասել բարեկամ, թեև շատ կուզենայի, որ բարեկամներ լինեինք: Չէ՞ որ ապրում ենք կողք կողքի:
Իմ թու´րք հասակակից: Դու երևի չգիտես իմ երկրի պատմությունը: Քո երկրում միայն ատելություն են սերմանում իմ ժողովրդի հանդեպ, մի հինավուրց ժողովրդի հանդեպ:
Բայց դու լսի´ր իսկական պատմությունը: Դու տեսնու՞մ ես այն բիբլիական սարը, որին քո երկրում Քեմալ դաղ են ասում: Դա իմ Արարատն է: Դա իմ Արևմտյան Հայաստանի տարածքն է: Քո պատմության դասագրքերում այդ մասին ոչինչ գրված չէ, գրված չէ նաև, որ Արևմտյան Հայաստանի ժողովրդին հարյուր տարի առաջ տեղահան արին միայն նրա համար, որ հայ անունն են կրում, որ ավելի խելացի են, ավելի աշխատասեր ու արարող…
Ռուզան Շաքարյան, 12 – րդ դասարան, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Արեն
04.02.2015, 15:33
Հիշում եմ և պահանջում
Հարյուր տարի է աչքներս գցել ենք աշխարհի երեսին և արդարություն ենք պահանջում՝ մոռանալով, որ աշխարհը կքել է մեծ բեռան տակ, և ոչ մեկը ուրիշի ցավի համար երկար չի պայքարի, երկար չի խոսի, չի պահանջի: Միշտ մոռանում ենք, որ ինքներս պետք է մեր հարցերը լուծենք: Ոչինչ հենց այնպես չի տրվում. Յուրաքանչյուրն էլ ունի իր ակնկալիքները, իր քաղաքական շահերը, և մեծերի դասերն անգամ չեն փոխում կարծրացած մտածողությունը, թե օտարն է պաշտպան կանգնելու մեզ: Մեր պատմության այն հազվադեպ ակնթարթները, որ հերոսացում են կոչվել և ապացուցել, որ զենքի ուժով, սեփական բազկով պետք է քո արդարությունը հաստատես, քո երկրի սահմաններն ամրակուռ պահես…Դրանք ևս շատ արագ մոռացվում են, մնում է միայն հիշողություն, որը ոչինչ չի տալիս. Անընդհատ Ավարայր կրկնելով՝ կորցրինք հսկայական հայրենիք:
Այն միասնությունն ու հերոսական ոգևորվածությունը, որ փայլատակեց Արցախյան պատերազմի ժամանակ, եթե մշտապես լիներ, չէին լինի ոչ մի կոտորած, ոչ մի սպանդ, ոչ մի եղեռն: Այս բառերն անգամ նվաստացման,խեղճության դառնագին համ են առաջացնում, և զարմանում ես՝ Մուշեղ Մամիկոնյան, Վարդան, Անդրանիկ ու Նժդեհ ծնող ազգն ինչպես կարող էր թուլանալ, չմիաբանվել, չպայքարել և թշնամու սադրանքներով մեկը մյուսին դավաճանել:
Հիմա էլ բազմահոգս աշխարհի ականջին ենք ուզում հասցնել այն խնդիրները, որ մենք պետք է լուծենք՝ մեր համերաշխությամբ, սիրով և երկու հատվածի բաժանված հայության ջանքերով:
Պահանջում ենք… Բայց ոչ թե ուրիշներից, այլ ինքներս մեզանից:
Անուշ Աղաբեկյան, 11 – րդ դասարան, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Արեն
05.02.2015, 14:49
Բաց նամակ իմ թուրք հասակակցին
Բարև, իմ հասակակից:
Ես ապրում եմ ուրախ ու անհոգ մանկություն և համոզված եմ, որ այդպիսին է նաև քո մանկությունը: Սակայն, երբ լսում եմ իմ և քո նախնիների անցյալի մասին, ակամայից հոգիս ալեկոծվում է: Ինչքան դաժան ու անխիղճ պետք է լինի մարդ արարածը, որ սրի քաշի անմեղ մանուկների ու անպաշտպան կանանց, սպանի միայն նրա համար, որ հայ է և, կներես ինձ, իրենից խելացի: Գոնե այսօր՝ մեկ դար հետո, բարի եղեք ընդունել ձեր սխալը և մարդկայնորեն ի լուր աշխարհի ասեք, որ ամաչում եք ձեր պապերի բարբարոսության համար; Այնժամ ես բարեկամաբար կսեղմեմ քո ձեռքը և կասեմ.,, Իմ բարեկամ, արի միասին աղոթենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հոգիների համար,,:
Բարի խորհուրդներով՝ Ստելլա

Ստելլա Ավետիքյան, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, 8 – րդ դասարան

ԱՍՏՂԻԿ85
06.02.2015, 22:52
Միանում եմ բոլորի կոչերին, պահանջներին: Մեր խնդիրները մենք պիտի լուծենք, աշխարհին երբեք էլ չի հետաքրքրել մեր փոքրիկ ազգի ճակատագիրը. այնպես որ մենք մեր արդար պահանջով պիտի հասնենք մեր ուզածին: Շատ հավանեցի մեր աշակերտների մտքերն ու պահանջները, ուրախ եմ, որ այսպես մտածող պատանիներ ունենք:

Արեն
07.02.2015, 13:16
Նամակ իմ թուրք հասակակցին
Բարի, խաղաղ օր, իմ թուրք բարեկամ...
Այո, դիմում եմ քեզ իբրև բարեկամի, իբրև աշխարհի քաղաքացու, ոչ թե թշնամի ազգի զավակի: Բարեկամի, որովհետև ես հավատում եմ , որ քեզ համար էլ այս խաղաղ ու արևոտ արշալույսը մեծ արժեք է ու խթան՝ մտածելու՝ արդյոք այս պարգևը, որ ընձեռվում է մեզ Բարձրյալից ( ու կապ չունի՝ մենք նրան Ալլահ, թե Աստված կանվանենք), որևէ մեկը իրավունք ունի արյամբ ողողելու: Վստահ եմ , որ քո մեջ կխոսի հումանիզմը, և կասես. ,, Միանշանակ ոչ,,, կասես...
Իսկ կմտածես արդյոք մի փոքրիկ ազգի միլիոնուկես զոհերի մասին, որոնց արշալույսները ուժով մարեցին...
Ես գրում եմ քեզ, իմ թուրք բարեկամ, Կոմիտասի երգի հնչյունների ներքո: Գիտես ով է Կոմիտասը, երբևէ լսել ես նրա անունը... Վստահ եմ, որ ոչ, բայց թույլ տուր պատմել քեզ նրա մասին. Կոմիտասը երիտասարդ երաժիշտ էր, տաղանդավոր անձ, որ վեր էր կանգնած ազգայի պատկանելիությունից ու գոհարներ էր ստեղծում ոչ միայն հայ ազգի, այլև գրի էր առնում ու փրկում կորստից նաև թուրքալեզու երգերն ու նոր կյանք տալիս դրանց...Բայց... ցավով եմ անգամ գրում այս բառերը... անգամ նա չփրկվեց: Ճիշտ է, նրան չմորթեցին այն միլիոնուկեսի նման, խնայեցին, չէ՜, վախեցան անգամ թուրք ազգի զայրույթից, նրան ձեռք տալ չէր կարելի... բայց գիտես Կոմիտասն էլ չփրկվեց, խնայված կյանքը ոչինչ էր չխնայված խղճի, մտքի, հոգու կսկիծի առաջ; Նա սթաջ մտքով անկարող էր տանել այդ սոսկալի ցավը, բայց դու դա չես հասկանա ու չես էլ կարող...
Չես էլ կարող, որովհետև այն հումանիզմը, որ ունես քո մեջ, երբեք ազգիդ սպանդը չի տեսել , այն պատմությունը, որ ինձ նման սովորում ես, մի զտող ձեռքի միջամտությամբ ճշմարտությունը քեզ երբեք չի ասել, ծնվածդ օրից քեզ սնել ու փայփայել են ստով, ներարկել ատելությամբ... Եվ հիմա... միևնույնն է, ես դիմում եմ քեզ իբրև իմ թուրք բարեկամի, դիմում եմ ակնկալիքով, որ մարդը, որ նստած է քո մոջ, կլինի ավելին այդ ատելությունից, ստից ու անգիտությունից, կլինի հիմքը ընդառաջ քայլի ու խաղաղության, պահպանման ջանքի...
Մենք տվել ենք միլիոնուկես կյանք, միլիոնուկես սիրտ ու հայրենիք ամայացած, ու ներիր, բայց դուք էլ հիմա գոնե պարտավոր եք 100 տարի հետո այդ միլիոնուկեսը 100 զղջումով բազմապատկեք ու ունենաք քաջություն կանգնելու խաղաղ արշալույսի առաջ ու խոստովանելու ոչ քո, բայց քո ազգի ոճիրը...
Հավատա, այդժամ առավոտը առավել խաղաղ կլինի...
Ռուզաննա Խառատյան, 12 – րդ դասարան, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Արեն
09.02.2015, 13:26
Բաց նամակ իմ թուրք հասակակցին
Բարև…
Բարևում եմ իմ սուրբ լեզվով, այն լեզվով, որի կրողներին քո ազգի ,, մեծարգո,, այրերը փորձում էին ոչնչացնել, այն լեզվով, որի ամուր արմատները չկարողացան պոկել քո նախնիները:
Գարուն էր չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար…
Մեր հարյուրամյա տառապանքը ու քո ազգի հանդեպ իմ ատելությունն սկսվեց այս տողերից: Փոքր էի ,կարդում էի այս տողերը , բայց չէի հասկանում, չէի զգում այն ցավը, որ կար ,,Անլռելի զանգակատուն,, պոեմի տողերում, բայց , երբ մեծացա , գիտակցեցի, որ նշված գեղեցիկ, բայց ցավով լի տողերում մեծ բանաստեղծը ներկայացրել է ձեր ազգի մեծ ամոթը և մեր ազգի պատմության սև էջը: Մի ամբողջ ազգի ճակատագիր էր որոշված՝ ո-չըն-չա-ցում… Աստված իմ, ինչպես կարող է մարդկային ուղեղը նման գաղափար ծնել, իրագործելու փորձ կատարել և չզղջալ: Գուցե հետնորդներդ փորձենք քավել նախնիների մեղքերը: Եթե դժվարանում եք դա անել. զրուցեք ձեր խղճի հետ, հնարավոր է այն արթնանա նիրվանայից: Երբ դա տեղի ունենա, այդժամ կանգնեք Սուրբ լեռան գագաթին և գոռացեք ի լուր աշխարհի՝ մե- ղա-վոր ե՜նք, գոռացեք կոկորդ պատռելու աստիճան բարձր, գոռացեք այնքան, որ ձեր ձայնը հասնի նահատակների աճյուններին, և եթե դադարեն նրանց ոսկորների տնքոցները, այդ ժամանակ միգուցե ձեր ճակատից ջնջվի ,,դահիճ,, խարանը…
Հիշում ենք և պահանջում:
Պահանջում ենք հատուցում:
Նունե Շեկոյան, 12-րդ դասարան, Դսեղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Արեն
09.02.2015, 13:28
Հիշում եմ և դատապարտում
Դարեր շարունակ հայ ժողովրդի գլխին կախված դամոկլյան սուրը, որը ահ ու սարսափի մեջ էր պահում բարեգութ ու բարեպաշտ մի ազգի, 1915 թվականին մազից պոկվեց և արյունով ողողեց սրբազան մի երկիր՝ Արևմտյան Հայաստանը: Թուրքական յաթաղանին զոհ գնաց միլիոն ու կես հայ, փրկվածներն էլ սփռվեցին աշխարհով մեկ: Մեղադրել որևէ մեկին անտարբերության համար սխալ է, որովհետև այդպես էլ չսովորեցինք ինքներս մեզ պաշտպանել, աչքներս չգցել ուրիշների օգնությանը: Հարկավոր էր միավորվել և միաձուլվել, ինչպես Սարդարապատյան օրերին, որը ապացուցեց, որ կարելի է այդ ոգեղեն ուժի միջոցով հաղթել: Պատմության էջերը թերթելով համոզվում ես, որ միշտ էլ ժողովրդի համախմբվածությունը դրական արդյունք է ունենում: Ազգիս լավագույն հատկանիշները՝ աշխատասիրություն, քանքար, արարելու և ստեղծելու ձիրքը, որին գումարենք պարզամտությունը և հավատը թշնամու խոսքերին, դարձան նրա կործաման պատճառը: Մեծերի դասերից ոչինչ չքաղեցինք և այսօր էլ միամտաբար հավատում ենք աշխարհի մաքրությանը, ուրիշներին կարեկից լինելու դերասանական խաղերին: Յուրաքանչյուրս գալով երկրային կյանք, անմեղ լինելով հանդերձ, պարտավոր ենք պատասխան տալ նախնիների մեղքերի համար: Անցյալի դեպքերը մեզ պարտադրում են թև-թևի տալ, զորեղանալ, և միայն այդ դեպքում հայը կլինի ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դերում: << Քաջերի սահմանը իրենց զենքն է, Որքան կտրում է, այնքան տիրում է>>:

Արեն Թումանյան, Դսեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց,
XII դասարան:

Արեն
18.02.2015, 13:20
Վերքերը կլավանան, բայց
կմնան սպիներ ու եթե անգամ
դրանք չցավեն, ամեն դեպքում
ցավի մասին կհիշեցնեն:
Պետք է պատժվի‚ որ չկրկնվի… Սա է ազգիս կարգախոսը ու չենք կանգնի անգամ հողմի կամ քամու դեմ: Կգնամ, ամուր կբռնեմ մեր Արարատի փեշերից ու կբերեմ նրան տուն ̀ իր տուն ̀Հայաստան‚ որ այլևս ոչ ոք չխլի նրան մեզնից և չզրկի անառիկ մնալու մեր կարողությունից:
Սպանել‚ մորթել ‚ ողջ –ողջ այրել… դա հատուկ է նրանց ̀ փախչել անցյալից , եզերքն ու սխալները թաղել ու ջնջել պատմությունից: Ես եղեռն տեսած ժողովրդի զավակ եմ …Ես մեկուկես միլիոն նախահայր ու նախամայր կորցրած ազգի ժառանգ եմ :
Վերադառնալ զառամյալ անցյալ … մի պահ հարցնում ենք ինքներս մեզ.<<Այս ինչպես ենք մնացել...հայ ենք …այդքան քիչ ‚սակայն այդքան զրկանք կրած ազգ և կարողացել ենք պահպանել մեր գոյությունը>>: Ու մի բան կա, որը մեզ ստիպում է հիմա այսպես մտածել: Մտածել , որ մենք փոքր, թույլ ազգ ենք …սա այսպես չէր լինի, եթե չլիներ 1915թ., եթե չլինեին դժնդակ և սատանայական ծրագրերով լեցուն երիտթուրքերը, ովքեր մեծ հետք թողեցին պատմության վրա:
Ինչ իրավունք ուներ թուրք գիշակերը մորթազերծ անել մեր սուրբ ազգին: Պատկերացրեք, թե որքա~ն դաժան‚ սրբություն չունեցող պետք է լինի մարդ‚ որ մանկանը մոր դեմ մորթի‚ սպանի գլուխը քարով կիսի…որքա~ն դառնատենչ էին դա իրագործողները և առավել ևս կազմակերպողները: Ինչ ցավոտ է, երբ հասկանում ես, որ այդ վայրենիների պատճառով դու̀ հայ զավակդ ̀ չէիր կարող այսօր լինել, ապրել, չէիր զգա սեփական հողդ …երբ հասկանում ես, որ անցյալդ կարող է ընդհատվել, և այսօր էլ ոչ ոք չէր հիշի, որ ինչ-որ ժամանակ <<Հայաստան >>է եղել , որ եղել են կռվող և հանճարեղ մարդիկ…
Պատկերացրեք այն մանկան մահը, ում սպանեցին նրա համար, որ ինքը հայ է …ու չթողեցին ապրել շնչել …
Երբ պատկերացնում եմ ,թե ինչպես են միլիոնավորներին քշել Դեր Զորի անապատ ̀հայերի գերեզմանոց , սիրտս կսկիծով է լցվում:
Արդեն հարյուր տարի հայն արտասվում է …ու ինչ: Միթե էլ չենք կարողանա թուրքերին լողացնել իրենց իսկ <<կապած>> արյան գետի մեջ, որ խեղդվեն այդքան մեղքերի ու վերքերի տակ …որ կամաց-կամաց խորտակվեն . չէ որ արյունը ներքև է քաշում…մնաց ընդամենը 2 ամիս …մի քանի օր: Ինչ ենք պատրաստվում անել: Ուզում եք ուղղակի թողնել պատմության էջերին, որ նրանք էլ նայելով տոնեն իրենց հաղթանակը ,թե պայքարենք… Մեզ ոտքի կանգնելու և պահանջելու համար ներքին միասնություն է պետք:
Մեզ Պայքար է պետք:
Էլյա Եգանյան 11-րդ դասարան Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն դպրոց

Արեն
18.02.2015, 13:21
Հիշողություն…
Հիշողությունը ժամանակ չունի‚ հատկապես եթե այն ներծծված է լացով ու արյունով:
Մտքի հիշողությունից զատ կա նաև սրտի հիշողություն‚ որը զգայական է‚ անջնջելի և ավելի ուժգին:
Հարյուր տարի առաջ թուրքերը‚ քոչվոր ցեղերից հազիվհազ պետություն ստեղծած‚ բայց իրենց վայրագ էությունը չմոռացած մարդանման արարածները‚ արյունռուշտ շների նման սկսեցին ազգ մորթել:
Եվ ի~նչ ազգ…
Մի ազգ, որը գալիս էր անհիշելի ժամանակներից, ուներ պատմություն, պատմական հայրենիք, ոսկի´ ձեռքեր‚ լուսավո´ր միտք‚ մե´ծ քերթողներ: Եվ ահա´‚ ինչպես ամեն մի ոչնչություն ատում է մեծությունը ,չունևորը ̀ ունևորին , եղկելին ̀ վեհին և լուսավորին, այդպես հայ ժողովուրդը ակամա դարձել էր թուրքերի ատելության թիրախը: Այդպես է ̀ ինչքան էլ վայրի գազանին պահես եդեմական այգում, կերակրես ու փաղաքշես, մեկ է, գազանի բնազդը երբ զարթնեց, կհոշոտի ամեն ինչ ̀ իր կերակրողից սկսած:
Հարյուր տարվա հեռավորությունից միտքս գնում է Դեր Զոր՝ մեկուկես միլիոն անմեղ զոհ, անմեղ մանուկներ դեռ չապրած, վախից ու սովից խելագարված:
Որդեկորու~յս մայրեր, սու~րբ մայրեր, ինչ հրեշի ձեռք է բարձրացել, որ վշտից խելագար, գրկած մեռած մանուկին, թավալվել եք սեփական արյան մեջ:
Մոռանա՞լ, ա՞չք փակել…
Թե մտքիս հիշողությունն էլ ջնջվի, սիրտս կգոռա ̀ հատոցում:
Տիգրան Թումանյան 11-րդ դասարան Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջն դպրոց

vagharsh
21.02.2015, 19:58
Շնորհակալություն ,հետաքրքիր նախաձեռնություն է:

Լուսինե Ա.
22.10.2017, 17:16
Հագեցած ծրագիր եք իրականացրել: