PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարդ պետք է մի քիչ Ավո լինի



Parandzem
11.07.2014, 08:55
Մոնթե Մելքոնյանը սովորական մահկանացու չէր, այլ երևույթ` մի ամբողջ աշխարհ:
Թուր Կեծակին վիպասքներում չէ, թրկապումդ է, օրհասի պահին հանելու ես պատյանից, գրոհելու ես ոսոխի վրա, որ պաշտպանես Գրիգոր Լուսավորչի խաչը, Մաշտոցի երկնառաք գրերը, հայ լինելու քո երջանկությունը։

Եթե հավատաս այս ճշմարտությանը՝ անպայման կհաղթես։

Մոնթեն հավատում էր։

Նա Դավիթ ծնվել էր։

Խոսքը, չզարմանաք, այն նույն տղայի մասին է, որ աշխարհ էր եկել Միացյալ Նահանգներում, մայրենի լեզուն չէր իմանում, իր հայությամբ, հայկականությամբ չէր հետաքրքրվում, ամենից շատ սիրում էր իրենց տան մոտի գետի շերեփուկներով խաղալ։ Ու հենց գետը չորանում էր, խղճում, հավաքում, բերում էր տուն։ Ֆրեզնոյից ոչ հեռու, Վայսիլիայի իրենց առանձնատան պարտեզում մինչեւ հիմա պահպանվում է այն «գերեզմանոցը», որտեղ Մոնթեն թաղել է իր սիրելի կենդանիներին…

Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները:
Մի օր էլ, երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել` ասելով. «Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին»: Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարնեը ասում էին. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»:


Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։

Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս□, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ□ այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՄԵՆԱՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ԱՄԵՆԱԱԶՆԻՎ ՄԱՐԴՆ ԷՐ

Մոնթեի հետ ծանոթացել եմ 1992թ. փետրվարի 22-ին, Վերին Վեյսալուի ազատագրման ժամանակ։ Տեխնիկայի օգնությամբ եւ մեր ուժերով Վերին Վեյսալուն գրավելիս վիրավորվեցի։ Երեւանում բուժվելուց հետո ներկայացա ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին` իմանալու հետագա անելիքս։ Ասաց, որ Մոնթեն անծանոթ է մեր «մենթալիտետին», եւ իմ ներկայությունն այնտեղ ճիշտ կլինի։ Ես մեկնեցի Մարտունի։ Սկզբում Մոնթեի տեղակալն էի։ 1992թ. հուլիսի 28-ին հակառակորդն անցավ ծավալուն հարձակման։ Ես ղեկավարում էի Ճարտարի ուղղության պաշտպանությունը։ Փայլուն հաղթանակից հետո ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահի հրամանով նշանակվեցի Ճարտարի գումարտակի հրամանատար եւ ձեռնամուխ եղա բանակային գումարտակների ձեւավորմանը։ Ինձ համար ամենահայրենասեր, ամենաազնիվ մարդն էր Մոնթեն։ Ազնիվ էր ու անկոտրում։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, նա պրոֆեսիոնալ էր իր անցած ճանապարհով` որպես կորցրած հայրենիքի, Հայ դատի զինվոր, նաեւ ռազմական գործի իմացությամբ։ Մեծ հայ էր։

Եթե իմանաք, թե Մարտունիում ինչ աստիճանի դժվարություններ հաղթահարեց, բայց ոչ մի անգամ չասաց` կթողնեմ, կգնամ։ Ինքն իրեն հստակ խնդիրներ էր առաջադրում, այնպիսի խնդիրներ, որ այդ օրերին, այդ իրավիճակում մեզ թվում էին անիրագործելի։ 1992-93թթ. շատ ծանր իրադրություն էր։ Շահումյանը հայաթափվել էր, Մարտակերտը գրեթե ամբողջությամբ զավթված էր, Հադրութի գյուղերը` նույնպես։ Եվ անկումի այդ իրավիճակում Մոնթեն ասում էր. «Ղարաբաղի սահմանը պետք է այստեղ լինի»,- ու գծագրում էր ԼՂՀ այսօրվա սահմանները։ Մենք մտածում էինք, որ նա մեծ երազող է։ Մեր երազանքն էր ընդամենը վերադարձնել մեր գյուղերը։

Շատ լավ էր տիրապետում բանակային կարգուկանոնին։ Արտոնյալ անձանց (կային այդպիսիք) շարք կանգնեցնելու խնդիրներ շատ էին ծագում։ Ասում էին. «Մենք կռված ջոկատ ենք»։ Մոնթեն հրամայում էր. «Ինձ կռված տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք, շա՛րք կանգնեցեք»։

Երբ մարտի ժամանակ Մոնթեն զինակիցների կողքին էր լինում կամ թեկուզ հեռակապով լսում էին ձայնը, անսովոր ուժ էին ստանում եւ կռվում ավելի վստահ ու խիզախորեն։ Ընդհանուր առմամբ ձգտում էր ոչ թե հրամանատարական կետում լինել, այլ այնտեղ, որտեղ թեժ մարտեր էին։ Երբ ռադիոկապով մարտիկները լսում էին Մոնթեի ձայնը, գիտեին այն պահն է, երբ օգնություն պիտի լինի, եւ ավելի ամուր էին կանգնում դիրքերում։

Համոզված էր` մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է։ Զինվորը երդվում է` այդպիսով ստանձնելով հայրենիքի անձնուրաց պաշտպան դառնալու անխախտ պարտականությունն ու անվերապահ պատասխանատվությունը։ Բոլոր խորհրդանշանները, որ Մոնթեն ուզում էր կիրառել Մարտունու պաշտպանական շրջանում, այսօր կան, բնորոշում են մեր բանակը։ Երազում էր, որ բոլոր մարտիկները միատեսակ հագնվեն։ Ցավոք, չհասցրեց տեսնել այդ ամենը։ Չէր թողնում, որ գերիների հանդեպ դաժան լինեն, գրաված տարածքում նեղացնեն բնակչությանը։

Շատ բարձր եմ գնահատում այն, որ միշտ արդյունավետ արված գործը վերագրում էր իր ենթականերին, իսկ ենթակաների չարածը` իրեն։ Նրա ամենատպավորիչ, էական հատկանիշը մի օրինակով չես սպառի։ Ենթականերին նախապատրաստում էր որպես վաղվա հրամանատարներ։ Գումարտակի հրամանատարին ասում էր. «Այս կռիվը դու պիտի վարես»։

Ավոյի խոսքը դարձել է թեւավոր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում այս խոսքն ամենուր գրված է։

Եթե Մոնթեի պես աշխատենք ու ապրենք, վաղվա օրն ապահով կլինի։

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ պաշտպանության նախարար,
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

ԶԱՐՄԱՑԱ, ՈՐ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴ ԿԱ

1993թ. մարտի սկզբին, Դրմբոնում Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանը գումարտակների հրամանատարների խորհրդակցություն էր անցկացնելու։ Բոլորս զինվորական անթերի համազգեստներով նստած էինք։ Ավոն էլ պիտի գար։ Արդեն իր մասին մեծ ու զարմանալի տպավորություն կար։ Եվ ահա եկավ… կիսամաշ հագուստով ու ռետինե սապոգներով։ Զարմացանք` գնդի հրամանատար է, ինչպես է այդ անշուք հագուստը հագել։ Այդ ռետինե սապոգները մեզնից ոչ ոք չէր հագնի։ Հիմա հասկանում եմ, որ հագնվելն իր համար խնդիր չէր, կարեւոր չէր։

Մարտունեցիներն Ավոյի գլխավորությամբ մասնակցելու էին Քարվաճառի մարտական գործողությանը։ Խորհրդակցության ժամանակ խոսվեց Պուշկենյալն ու հեռուստաաշտարակի բարձունքը գրավելու մասին։ Ավոն լսողի դերում էր։ Շատ զարմացած հարցրեց. «Որտե՞ղ է Պուշկենյալը»։ Քարտեզի մոտ ես էի։ Հրամանատար Նորայր Դանիելյանն ասաց, որ տեղը ցույց տամ։ Երբ ցույց տվեցի, Ավոն հարցրեց. «Որտե՞ղ է Ղարաբաղի սահմանը»։ Ցույց տվեցի Սեյսուլանի ծայրը, որ սուր եռանկյան նման մխրճված էր Ադրբեջանի տարածքը։ Հետո խոսակցության թեման փոխվեց։ Ավոն նայեց, նայեց քարտեզին ու գոչեց. «Ծո՛ւռ է քարտեզը, ծո՛ւռ է քարտեզը»։ Եվ մատիտը դնելով Սեյսուլանի սուր անկյան վրա` ուղիղ գիծ տարավ դեպի Կուրոպատկինո, Մարտունի` ասելով.

-Այսպե՛ս պետք ըլլա։

Այդ գծով Աղդամը մնաց մեր կողմում։ Մտածեցինք` այս մարդն աշխարհից կտրված, ի~նչ է գծում։ Մարտակերտը չենք ազատագրել, Աղդա՞մ պիտի գրավենք։ Բայց հետո սահմանը ճիշտ իր գծածով եղավ։

ՎԼԱԴԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ԼԵԳԵՆԴ ԷՐ

Մոնթեն ու Նրա նմանները պատերազմից անձնական շահ, օգուտ չէին ակնկալում։ Նրանց պայքարը միայն ու միայն հայրենիքի փրկության ու ազատության համար էր։ Եվ ինքը, լինելով այդ գաղափարի նվիրյալը` իր զինվորներին դաստիարակում էր մարդկային բարձր արժեքների ոգով։

Մի օր Մարտունու շրջանի «Սեւան-1», «Սեւան-2» դիրքերն ստուգելիս ուղեկցում էի Մոնթեին։ Հակառակորդն ականանետներով կրակում էր։ Յուրաքանչյուր կրակոցի ժամանակ գլուխս իջեցնում էի։ Ասաց. «Մի վախնար, մի վախնար, հոտկե ավելի չի գար»,- ցույց տալով մեր կանգնած տեղից մոտավորապես ութ մետր այն կողմ, ուր պայթում էին ականները։

Պետհամալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի աշխատասենյակում հանդիպեցի Մոնթեին։ Թամրազյանը հարցրեց.

-Թուրքերը լավ կռվողներ ունե՞ն։

Մոնթեն զինվորին վայել արժանապատիվ պատասխան տվեց.

-Այո, այն էլ ինչպիսի~, մարդու ափսոս կուգա սպանել…

1993թ. հունիսի 12-ին իմացանք, որ Մոնթեն զոհվել է։ Երբ մեկնում էինք Մարտունի` աճյունը բերելու, հիշեցի իրեն բնորոշ մի դրվագ։ 1992 թվականն էր։ Գետնին փամփուշտ էր ընկած, Մոնթեն վերցրեց այն, համազգեստին քսելով մաքրեց, համբուրեց ու դրեց գրպանը։ Փամփուշտը թանկ արժեր. գնում էինք հատը ութ ռուբլով։

Երբ հոսպիտալում փոխում էի Մոնթեի հագուստը, զարմանքով տեսա, թե այդ փոքրամարմին այրն ինչպիսի մարզված, հզոր բազուկներ ու կրծքավանդակ ուներ։ Արկի բեկորը մխրճվել էր գլուխը, իսկ մարմինն անաղարտ էր։

Չեմ մոռանում այդ օրվա մի դրվագ։ Նույն օրը զոհված Սարիբեկ Մարտիրոսյանի մայրը որդու դին թողել, եկել, ողբում էր Մոնթեի վրա։

Կենդանության օրոք Մոնթեն լեգենդ էր, իսկ զոհվելուց հետո սրբացավ։ Բազմիցս տեսել եմ, թե ինչպես զոհվածի նկարի առջեւից տանում են Մոնթեի նկարը։ Այսօր էլ Արցախի շատ օջախներում զոհվածի նկարի կողքին կտեսնես Մոնթեի նկարը։ Լեգենդը չի մեռնում, ապրում է ժողովրդի հիշողության մեջ։

ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ
Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ

Մասնակցել է Մարտունու շրջանի Ղարադաղլու, Վերին Վեյսալու, Մաճկալաշեն, Վերին Դիվանրար, Մարտակերտի շրջանի Վերին Հարությունագոմեր, Վաղուհաս գյուղերի ազատագրմանը, Աղդամի, Ֆիզուլու շրջանի մարտական գործողություններին։

Առաջին անգամ Ավոյին հանդիպեցինք Վերին Վեյսալուի ազատագրման ժամանակ։ Առաջինը տպավորվեց նրա արեւմտահայերենը, որը շատերին անհասկանալի էր։

Երբ ասում էր, որ պետք է դիրքավորվենք Ֆիզուլու մոտակա բլուրների վրա, եւ երբ գրավեցինք Ֆիզուլին, մեզ դա այն ժամանակ թվում էր անիրականանալի մի բան։ 1992թ. էր։ Թեժ մարտեր էին.

-Հինգ-վեց օր է` փոխարինողներ չեն գալիս,- սրտնեղեցին զինվորները։

Ավոն զարմացած նայեց նրանց ու ասաց.

-Ուրախ չե՞ք, որ դուք կպահեք դիրքերը։

Նրա հայրենասիրությունը սահման չուներ։

1992թ. մայիսն էր. ուզում էինք մտնել Աղդամի գյուղերը։ Ծրագրված էր հաջորդ օրն աղջամուղջին։ Ունեինք 70-80 հետեւակ, երկու զրահամեքենա։ Կապվեցի, ասացի.

-Ավո, թուրքերի կողմից հինգ տանկ է բարձրանում։

Ասաց.

-Ոչինչ, ոչինչ, Արթուր ջան, ատիկա մեզի նվեր կբերեն։

Միշտ ասում էր` մեր մեկը պիտի կռվի հազարի դեմ։ Ավոն մեծ մարդ էր, լավագույններից լավագույնը։

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ազատամարտիկ

Աղբյուրը՝ http://www.hayzinvor.am/26662.html

Parandzem
14.08.2014, 00:00
Տեսակով՝ ՀԱՅ, էությամբ՝ ռազմիկ, կոչումով՝ ուսուցիչ:

Մոնթեն մեծագույն ուսուցիչ է, սովորեցնում էր ոչ միայն կենդանության օրոք, այլեւ հիմա, երբ ֆիզիկապես վաղուց արդեն մեզ հետ չէ: Սովորեցնում է մի բառով, հայացքով, բարկանալով, ժպիտով...

Փառքի չէր ձգտում, պարզապես զգում ու հասկանում էր մեծագույն վտանգը՝ եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը: Իր քաջությամբ, անձնազոհությամբ, մարդկային բոլոր որակներով Մոնթեի կերպարն այսօր պիտի օրինակ դառնա յուրաքանչյուր հայորդու համար եւ հատակապես նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանից հեռու:

Իրինա Մարգարյան
07.06.2017, 21:53
Մոնթեի կյանքը նկարաշարով․․․

http://lib.armedu.am/resource/18177

Parandzem
10.06.2017, 19:42
Անչափ հետաքրքիր էր հարգելի Իրինա , կարելի է այդ նկարներով PPT պատրաստել հերոսի վերաբերյալ դաս կամ միջոցառում կազմակերպելիս :