+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Խ. Աբովյանի «անհայտ բացակայման» առեղծվածը

  1. #1
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1

    Խ. Աբովյանի «անհայտ բացակայման» առեղծվածը

    Խաչատուր Աբովյանի անհայտության առեղծվածին շատերն են անդրադարձել, սակայն մինչ այսօր 38- ամյա հայ հանճարի ողբերգական վախճանի հանգամանքները բացահայտված չեն:
    Մեծ լուսավորիչը գերեզման չունի, նրա անհայտ գերեզմանի փոխարեն նրա տան քարերն են մնացել:

    ԿՈՐԱԾ ՇԻՐԻՄ

    Այս գիշեր նորից կարոտով անհուն
    Վերքի պես այրվող գիրքդ կարդացի,
    Ու նորից, նորից տրտմությամբ անքուն
    Կորստիդ վշտին իմ սիրտը բացի…
    ՈՒ թվաց, թվաց թե ոտքերիս տակ
    Ծփում են խաղաղ դաշտերը մեր պերճ,
    Ու ես վշտիս հետ լուռ ու գլխահակ
    Շիրիմդ եմ փնտրում մեր դաշտերի մեջ:
    Սրբում եմ փոշին բոլոր քարերի,
    Բայց ոչ մի քարի անունդ չկա,
    Որ ճամփան արդյոք քեզ մոտ կբերի,
    Եվ ով է արդյոք մահվանդ վկա:
    Սրտիդ պես անզուսպ Զա՞նգուն այս վարար,
    Թե՞ Մասիսդ ծեր՝ ձյունի տակ նիրհող,
    Այս ժա՞յռը մամռած, աղբյու՞րը այս պաղ,
    Թե՞ դու, հայրենի տառապած իմ հող:
    Բայց լուռ են հողն ու Մասիսն ալեհեր,
    Հին երգն է երգում Զանգուն էլ հստակ,
    Եվ ո՞վ կարող է մահըդ վկայել,
    ԵՐԲ ԱՆՄԱՀ ԵՍ ԴՈՒ ԱՅՍ ԱՐԵՎԻ ՏԱԿ:

    Վահագն Դավթյան

    Առաջարկում եմ խոսել այս թեմայի շուրջ...

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.08.2011), Սահակյան Սահականուշ (07.08.2011), Suzi Malumyan (12.03.2012)

  3. #2
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Ակսել Բակունցը Խ. Աբովյանի «անհայտ բացակայման» առեղծվածը մեկնում է հետևյալ կերպ.
    1843թ. աշնանը Երևան տեղափոխվելով՝ անձնական շփումների և բազմաթիվ ճամփորդությունների հետևանքով Աբովյանը գալիս է այն համոզման, որ ցարական ռեժիմը «հայոց ազգի», այսինքն՝ նախկին «Հայկական մարզի» գյուղացիության համար ակնկալած բարիքների փոխարեն բերեց կնուտ և աղքատություն… Էջմիածնի նախկին «խոնարհ դպիրը» տարիների ընթացքում փոխում է իր համոզումները նաև Էջմիածնի և նրա ղեկավարի՝ Ներսես Աշտարակեցու հանդեպ:
    Դեռ Թիֆլիսում, Աբովյանը չի կարողանում լեզու գտնել ռուս պաշտոնյաների, իշխանավորների հետ: Կան տեղեկություններ, որ Թիֆլիսում նրան ծեծում են 3 ռուս պաշտոնյա, և քաղաքի ոստիկանությունը գործին ընթացք չի տալիս: Երևան տեղափոխվելուց հետո հարաբերությունները համարյա հենց սկզբից լարվում են գավառապետ Բլավացկու, ոստիկանապետ Մորոխովեցի և մյուս, ավելի ստորադաս պաշտոնյաների հետ, որոնք նրա շուրջը ստեղծում են կասկածամտության, մանր ինտրիգների և բամբասանքների մթնոլորտ:
    Դպրոցական ասպարեզում ևս ձախողանքի է հանդիպում Աբովյանը: Նրա պայքարը նոր լեզվի և դասավանդման նոր ձևերի համար դեմ է առնում մի անանցանելի պատնեշի: Էջմիածնից մինչև Գիտությունների ճեմարանը արգելք են հանդիսանում նրա ռեֆորմներին: Կարապետ եպիսկոպոսը կրակի է մատնում նրա անդրանիկ դասագիրքը՝«Նախաշավիղը»:
    Այսպես ուրեմն՝ իր կյանքի վերջին շրջանում նա մեկը մյուսի հետևից կորցնում է բոլոր կապերը, խորտակվում են բոլոր կռվանները… Գյուղը ակնկալած ազատությունը չստացավ, վաճառականներն ավելի վայրագ սկսեցին գռփել, սարդարի և ֆարաշի փոխարեն ժողովրդի վզին նստել էր մի դաժան ադմինիստրացիա: Այս անանձնական հուսախաբությանն ավելացավ անձնական, ընտանեկան կյանքի խորթությունն ու սառնությունը: Նրա վրա ծանրացավ մի զարհուրելի հուսահատությույն, որի նկարագրն արել է հենց ինքը.« Որ լսում էի, թե մեկ մարդի պատիժ տվին յա բանտ քցեցին, որ ասում էին, թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա եկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարարիցը մեկ թուղթ էր գալիս, որ կառավարությունիցը ստորոյը գիրքը կռնատակին աչքիս չէր երևում, էնպես էի սարսափում, կարծում, թե էսա, իմ վերջի օրը հասել, մոտացել ա. իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է տանին, սաղ-սաղ թաղեն յա կախ տան... ԻՆձ պահողը հենց էս էր, որ ասում էի, թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնես, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի ըլիլ: Ապրիր, որ ասածդ անես, մուրազդ առնես: Էս, էս էր ինձ ամեն դժոխքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ ՔՈՒՌԸ ՎԱՂՈՒՑ ԿԸԼԵՐ ԻՄ ԳԵՐԵԶՄԱՆԸ»:
    Ըտ Բակունցի՝ Աբովյանն ինքը ապրիլի 2-ի լուսաբացին կամ գիշերը գիտակցաբար է տնից հեռացել, մտքում վճռած լինելով ոչ թե ինքնասպանություն, այլ փախուստ այն միջավայրից, որտեղ այլևս ոչ մի կռվան չուներ և որտեղից նա «հույս չուներ երբևիցե կենդանի դուրս գալու., եթե հեղափոխության լուրը կայծակի նման չճեղքեր շրջապատի խավարը և չխոստանար ազատություն:
    Արդյոք ճի՞շտ է Բակունցի այն եզրակացությունը, թե մեծ ընդվզումի ՝ 1848թ-ի փետրվարյան հեղափոխության ձայնը հրապուրել է Աբովայնին և ստիպել թողնել տուն-տեղ, ընտանիք և անցնել Երասխը դեպի Տաճկահայաստան և այնտեղից թերևս մի ուրի՞շ տեղ...

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (31.07.2011), gayane0803 (03.08.2011), Սահակյան Սահականուշ (07.08.2011), Արմինե Մ (01.08.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    Որտե՞ղ է Աբովյանի գերեզմանը

    1848 թ. ապրիլի 2-ին Խաչատուր Աբովյանը դուրս եկավ իր տնից ու այլևս չվերադարձավ: Ավելի քան մեկ ու կես դար է անցել, բայց մինչ օրս էլ մեծ գրողի ու լուսավորչի անհայտ բացակայության առեղծվածային պատմությունը հանգիստ չի տալիս հետազոտողներին: Այս ընթացքում շրջանառվել են բազմազան վարկածներ ու կարծիքներ, քննության են դրվել հավանական ու անհավանական տեսակետներ, հրապարակվել են ծավալուն աշխատություններ: Սակայն, այդ ամենով հանդերձ, գաղտնիքը շարունակում է մնալ գաղտնիք, իսկ յուրաքանչյուր նոր մոտեցում էլ ավելի է խճճում առանց այդ էլ կնճռոտ պատմությունը:
    Անհետացման հավանական պատճառների ու ենթադրությունների ցանկն ի սկզբանե ընդարձակ էր: Դրան նպաստել էին երկու կարևոր հանգամանք: Մի կողմից դեպքի առթիվ ոտիկանության հարուցված գործի և հետաքննության արդյունքներն էին, որոնց կցկտուր լինելը արդեն իսկ զանազան կասկածներ էր հարուցում, մյուս կողմից ամենատարբեր ասեկոսեների առիթ էին տալիս ոմանց հետ Աբովյանի անձնական ու ծառայողական բարդ հարաբերությունները, որոնք գրողի անհետացումից հետո ներկայանում էին միանգամայն այլ երանգներով ու ենթատեքստով:
    Երևանում լուրեր էին տարածվում այն մասին, թե գրողը խեղդվել է Զանգու գետում, և գետի ափին գտել են նրա ոտնամանը: Ուրիշները պնդում էին, թե պատահարի մեղավորներ կարող են լինել Էջմիածնի կղերականները, որոնք հալածում էին Աբովյանին այն բանի համար, որ վերջինս հերքել էր Արարատի գագաթին Նոյյան տապանի գոյության փաստը: Ոմանք էլ հակված էին մտածելու, թե Աբովյանը կարող էր սպանվել մի քանի թուրքերի ձեռքով, որոնք իբր ժամանակին պարտք էին վերցրել գրողից և որոշել էին չվերադարձնել գումարը:
    Ավելի ուշ շրջանառության դրվեց նաև ինքնասպանության թեզը, ինչը ևս որևէ կերպ չէր հիմնավորված: Ասենք, որոշ կենսագիրներ ու պատմաբաններ էլ ավելի հեռուն գնացին: Մի դեպքում Աբովյանը հայտնվում էր Կովկասի լեռնականների առաջնորդ Շամիլի մոտ, մեկ այլ տարբերակում նա մեկնել էր զինվորագրվելու Եվրոպական հեղափոխությանը, իսկ հետո եղան նաև պնդումներ, թե “Վերք Հայաստանի”-ի հեղինակը հասել է մինչև... Բրազիլիա: Սակայն պետք է ասել, որ այս շարքում առավել հետաքրքրական էին շշուկներն այն մասին, թե Աբովյանին “սև կառեթով” տարել են Սիբիր: Կարո՞ղ էր այս վարկածն իրական լինել: Կա՞ն այնպիսի փաստեր, որոնք թույլ են տալիս փոքր-ինչ այլ կերպ գնահատել ու դիտարկել Աբովյանին աքսորելու հնարավորությունը:
    Այս առումով Հայաստանի ազգային արխիվի թղթապանակներում պահպանված մի վավերագիր (ՀԱԱ, ֆ. 122, ց. 1, գ. 236, էջ 74-76) բավականին ուշագրավ և անսպասելի տեղեկություններ է պարունակում` իր հավաստիությամբ ստիպելով առանձնակի վերաբերմունք դրսևորել այնտեղ շարադրվածի հանդեպ: Խոսքը 1926 թվի գարնանը Մայր Աթոռի միաբան Ռուբեն ծ. վարդապետ Մանասյանի կողմից Հայաստանի Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին հղված նամակի մասին է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ նամակն ամբողջությամբ:

    “Հայաստանի Խ. Ս. Հանրապետության
    Լուսժողկոմ մեծարգո Ա. Մռավյանին
    Անցյալ 1925 թվին իմ Հեռու Արևելքում ճանապարհորդությանս միջոցին, Խարբինում` տեղական հայ գաղութի աչքի ընկնող անդամներից Սարգիս Գրձիլյանը պատմեց, որ իր մոտ է եղել Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարը, որը պահելիս է եղել մեծ գուրգուրանքով, սակայն այդ նկարը այրվել է 1917 թվին իր տանը պատահած հրդեհի ժամանակ, իր գրադարանի և մի շարք նկարների հետ:
    Պատմեց, թե ինչպես է այդ նկարը ընկել իր ձեռքը: Սարգիս Գրձիլյանի` դեռ Վլադիվաստոկում եղած ժամանակ գալիս է իր մոտ մի անծանոթ մարդ և հայտնում, թե ինքը Կուկունյանի1 խմբից է, Սախալին աքսորված, անունը Ծերուն, որ գիտե լուսանկարել: Երբ դեռ ինքը Սախալինում է լինում, գալիս է Սախալին Խաբարովսկ քաղաքից Մարգարիտովի էքսպեդիցիան 1906-07 թվին և այդ խմբի հետ ինքն էլ գնում է Օխոտսկ որպես լուսանկարիչ, որտեղ և լուսանկարում է մի շարք տեսարաններ:
    Օխոտսկում մի աքսորյալ ծերունի ռուս` գիտնալով այդ լուսանկարչի հայ լինելը, ցույց է տալիս մի գերեզման ասելով. “Ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որ աքսորված էր այստեղ”:
    Լուսանկարիչը նկարում է այդ գերեզմանը, որը Սարգիս Գրձիլյանի պատմելով ներկայացնում է մի չարդախ (չորս սյուն տնկած, վրան ծածկած տախտակով), որի տակ կար մի գերեզման:
    Լուսանկարիչ Ծերունը Օխոտսկից վերադառնալիս էքսպեդիցիայի գլխավոր Մարգարիտովի2 երաշխավորությամբ ազատվում է Սախալինից և ժամանակավորապես ապրում Խաբարովսկում, որտեղ և զբաղվելիս է եղել լուսանկարչությամբ:
    Սակայն ցարական կառավարությունը նորից հետապնդում է նրան բանտարկելու, որի պատճառով փախչում է Խաբարովսկից և գալիս է Վլադիվաստոկ, որտեղից էլ մի քանիսի օգնությամբ փախչում է Ֆուզուն և Սինգապուր:
    Վլադիվաստոկից հեռանալիս մի շարք իր լուսանկարներից նվիրում է Սարգիս Գրձլյանին, որոնց հետ և հանձնում է ի պահ Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարը:
    Ի նկատի ունենալով մի հանգամանք, որ Կուկունյանի արշավախմբի անդամներից ամենակրթվածը և ինտելիգենտ անհատներից մեկն է եղել վերոհիշյալ լուսանկարիչ Ծերունը, որը անշուշտ քննադատական աչքով և լրջությամբ է վերաբերվել այս խնդրին և լուսանկարելով մեր մեծ հայրենասերի գերեզմանի նկարը, որ անհայտության մեջ է եղել մինչև այսօր, ցանկացել է հրապարակ բերել նրա ուր լինելը, սակայն իր դրությունը կասկածելի լինելով չի կարողացել իր մտադրությունը իրագործել և վախենալով, թե կարող է իր փախուստի ժամանակ նկարը կորցնել, հանձնել է ի պահ Սարգիս Գրձիլյանին, որը պահելիս է եղել ամենայն խնամքով:
    Սարգիս Գրձիլյանը որպես խելացի և լուրջ մարդ միշտ հետաքրքրվել է հասարակական և հայկական կյանքով և պարբերական մամուլի միջոցով մոտիկ ծանոթ է հայկական կյանքի անցուդարձի հետ, ցավելով էր պատմում, որ իրեն մեծ վիշտ է պատճառել ոչ այնքան իր նյութական խոշոր վնասը, որքան Խաչատուր Աբովյանի գերեզմանի նկարի կրակի ճարակ դառնալը:
    Այս մասին հայտնելով Ձեզ, հարգելի կոմիսար, ցանկալի է Խորհրդային Միության հաստատությունների միջոցով ստուգել Խաչատուր Աբովյանի անհայտանալու տարեթվի արխիվներից:
    Իմ ճանապարհորդությանս միջոցին Սիբիրում հանդիպեցի շատ ու շատ հայ աքսորականների, որոնց հետ խոսելուց երևաց, որ աքսորականների գլխավոր ուղին է եղել Պետերբուրգ-Իրկուտսկ-Չիտա-Խաբարովսկ-Նիկոլաևսկ-Սախալին-Օխոտսկ. ահա այս քաղաքի արխիվներից էլ պիտի ստուգել Խաչատուր Աբովյանի աքսորի պատմությունը:
    Ընդունեք իմ հարգանքներիս հավաստիքը`
    Ռուբեն ծ. վարդապետ Մանասյան
    թիվ 17
    15 մարտի 1926թ.
    Էջմիածին”:

    Ռուբեն վարդապետի այս գրությունից բացի կան այլ վկայություններ ևս, որոնք գալիս են ամրապնդելու Աբովյանի սիբիրյան կյանքի վարկածը: Այսպես, օրինակ, 19-րդ դարի վերջին Հեռավոր Արևելքում ճանապարհորդող գիտնականները աշխարհից կտրված, մոռացված մի գյուղակում հանդիպում են երեխաների, որոնք ազատ խոսում էին գերմաներեն: Երբ գիտնականները զարմանքով հարցնում են, թե ո՞վ է նրանց սովորեցրել այդ լեզուն, տեղացիները պատասխանում են, որ իրենց ուսուցիչն է եղել ազգությամբ հայ Խաչատուր Աբովյանը:
    Ռուս հայտնի գրող և հրապարակախոս Ն. Չեռնիշևսկին Աստրախանում եղած ժամանակ տեղաբնակ հայերին պատմել է, որ իր Աքսորի տարիներին Սիբիրում հանդիպել է Խ. Աբովյանին: “Ես Աբովյանի հետ էի”,- ասել է նա: Ժամանակին այս փաստը հաստատել է նաև Էջմածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը, ով Գերմանիայում իր ուսումնառության տարիներին Աստրախանի հայերից ստացել է դեպքը հաստատող նամակ:
    Գալով վերը ներկայացված փաստաթղթի հետագա ճակատագրին` կարող ենք ընդամենը հավելել, որ արխիվային մատյաններում մեզ հաջողվեց գտնել ևս մի կարճ գրություն, որտեղ ասված էր.

    “Գիտության և արվեստի ինստիտուտին. կից ուղարկվում է Ռուբեն Ծ. վարդապետ Մանասյանի նամակի պատճենը, Լ. Ժողկոմ Ա. Մռավյանի մակագրությամբ:
    Ավագ գործավար` Մ. Հակոպջանյան
    2984
    27.03.26թ.”

    Հայտնի է, որ ավելի ուշ Ռուբեն վարդապետը նույն խնդրանքով դիմել է նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերին: Այլ տեղեկություններ դրանց ընթացքի մասին չկան: Պետք է կարծել, որ այն օրերին այնքան էլ հեշտ չէր կազմակերպել որոնումներ Հեռավոր Արևելքում, մի բան, ինչն այսօր, կարծում ենք անհամեմատ ավելի հեշտ իրագործելի է:
    1. Սարգիս Կուկունյան- Հայ ազատագրական շարժման գործիչ: 1890 թ. աքսորվել է Սախալին:
    2. Վ. Պ. Մարգարիտով- Ռուս հետազոտող, երկրաբան, Ամուրի հետազոտման ընկերության անդամ, Վլադիվոստոկի արական գիմնազիայի դասախոս:

    ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.08.2011), lus (31.07.2011), Սահակյան Սահականուշ (07.08.2011), Արմինե Մ (01.08.2011), Suzi Malumyan (12.03.2012)

  7. #4
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ համոզիչ փաստեր են և իրենց մեջ տրամաբություն ունեն, այնինչ՝

    ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Աբովյանի կորուստը պետք է որոնել Երևանում, ոչ Երևանից դուրս: Աբովյանը վտանգավոր անձ չէր բարձրագույն իշխանության աչքում, որպեսզի խոսք լիներ Սիբիրի մասին: Այլ էր գավառականը: Երևանում Աբովյանը 2 թշնամի ուներ՝ գավառապետ Բլավացկին և ոստիկանապետ Մորոխովեցը: 2 տարի առաջ նրանց հաջողվել էր Աբովյանին երեքօրյա բանտարկության ենթարկել:

    Մեկ ուրիշ վարկածի համաձայն Աբովյանը գերմանացի երկրաբան Աբիխի հետ պետք է բարձրանար Մասիսի գագաթը: Նրանց փորձը ձախողել էր, բայց և այնպես, թուղթ էին գրել և հավատացրել իրենց ուղարկողներին, որպես թե հաջող ելք են ունեցել: Քննությունը պարզել էր, որ նրանք իրականում չեն կարողացել բարձրանալ: Նամակ է հղվել աբովյանին, որ Մասիսի կատար ելնելը մի հանձնարարություն էր, որ եթե չկատարեին, պետք է պատժվեին… Ըստ այս ամենի կարծիք կա, որ Աբովյանը փախել է այս նամակի հետևանքով, վերահաս պատժի երկյուղից:

    Ինչևիցե, ինչ էլ որ եղած լինի, մի բան անվիճելի է. այն մարդը, որ պետք է խաղաղ հանգչեր փառքի թավշյա բարձերի վրա,կորավ անհայտության մեջ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (31.07.2011), gayane0803 (03.08.2011), Սահակյան Սահականուշ (07.08.2011)

  9. #5
    Ավագ մասնակից Վանաձորի 27 դպրոց is on a distinguished road Վանաձորի 27 դպրոց-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    1
    Ա.Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848թ. Եվրոպական հեղափոխություններին մասնակցելու։
    Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել։
    Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով։
    Այս բազմաթիվ տարբերակներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վ. Ղազարյանը։ Առկա է նաև մի փաստաթուղթ լուսավորչի աքսորված լինելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ նման վկայություն կա նաև մեծ բանաստեղծ Ավ. Իսահակյանի մոտ։
    1927 թ. Վիեննայում տպագրված «Հանդես ամսօրյա»-ում «Խաչատուր Աբովյանի գերեզմանը Ախոտսկում» հոդվածում Ռուբեն վարդապետ Մանասյանը պատմում է, որ կովկասահայ Սարգիս Գրձիլյանը, որը հայ համայնքներում ճանաչված և երևելի անձ էր, Խ. Աբովյանի գերեզմանի մասին վկայել է հետևյալը. իբր Ծերուն անունով մի մարդ, որը աքսորված է եղել Սախալին և տիրապետել է լուսանկարչական արվեստին, իրեն է նվիրել մի շարք լուսանկարներ, որոնց մեջ եղել է նաև Աբովյանի գերեզմանի լուսանկարը։ Այդ մասին նրան հայտնել է մի ռուս՝ ասելով. «Դու հա՞յ ես, ահա այստեղ է թաղված հայ Խաչատուր Աբովյանը, որը աքսորված էր այստեղ»։
    Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի վաստակավոր ուսուցիչ Ստեփան Կանայանցը։ Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1883 թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս նշանավոր գրող և հրապարակախոս Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին։

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Suqiasyan Ruzanna (11.03.2012), Suzi Malumyan (12.03.2012)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները