+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Սարմեն

  1. #1
    Սկսնակ մասնակից nana is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2010
    Գրառումներ
    16
    Հեղինակության աստիճան
    0

    Սարմեն

    << Ծնողներս զոհ գնացին թուրք ոճրագործների կազմակերպած հայկական ջարդերին: Ես պապիս հետ գաղթեցի Կովկաս: Ճանապարհին մահացավ նաև պապս: Ես մտա մանկատուն և տասը տարին ապրեցի զանազան որբանոցներում` կրելով որբության դառնությունները>>, սա ճակատագիր էր,որ կանխորոշեց Սարմենի աշխարհայացքի ուղղությունն ու պոետական ընկալումների բնանկարը:
    Երբ ռոմանտիկ պատանին << Դեպի Աստված>> /1999/ բանաստեղծական նախերգանքում <<ունայն երազի>> հեգնանքն էր ուղղում Ամենակարողին, արհավիրքի օրերին տակավին չէր ենթադրում, թե դեպի ուր է տանում իրեն ճակատագրի խաղը` անցյալը մղձավանջ է, ներկան` տաղտկալի, ապագան` անորոշ: Եվ սակայն ընվզումը հուշում էր կամքի գիտակցումը հանուն նպատակի, հանգամանք, որ ներդաշնակ հնչեց վերածնվող հայրենիքի առօրյա երթին և այդ նվիրումի արձագանքը եղավ << Դաշտերը ժպտում են>> /1925/ բանաստեղծությունների գրքույկը, որ իր խոսքերով ասած, երգում է << այն մեծ ուրախությունը, որ Շիրակի ջրանցքի կառուցումով ապրեց հայ ժողովուրդը>>:
    Ապա հաջորդում են մտավոր հասունացման, ինքնահաստատման և աշխարհայացքի կազմավորման տարիները և երբ 1935-ին լույս տեսավ Սարմենի <<Թռիչք>> ժողովածուն, քննադատությունը լիարժեք ընդունեց նրա մուտքը գրական ասպարեզ: << Ես աշխատել եմ պատկերել մեր երկրի ապագան>>, խոստովանում է բանաստեղծը….
    Այդպիսին էր ժամանակի բանաստեղծական <<պոետիկան>>, որ բնորոշ եղավ նաև հաջորդ ժողովածուներին` <<Հերոսական մահ>>, <<Երգաստան>>, <<Ծաղկունք>>, <<Սրտի ձայնով>>: Սարմենը արդեն համազգային ճանաչված անուն էր:

    Լուսավորել եմ կյանքում ամեն ինչ,
    Ամեն փայլուն բան կարծել եմ ոսկի,
    Ծով է թվացել ամեն կապույտ լիճ,
    Շռայլ վատնել եմ պատիվը խոսքի:

    Թող որ անաղարտ մնար պոետական իդեալը, բայց անկասկած էր տեսահորիզոնի ընդլայնումը, հոգեզգացական բռնկումների խոհափիլիսոփայական վերապրումը` բնության, սիրո, թախծի, կարոտի, անձնական ու անանձնական հուշերի թարմությամբ: Ստեղծագործական այս շրջադարձի նշանավորումը եղան <<Հայրենի տուն>> /1955/, <<Կարոտի կրակներ>> /1957/ և հատկապես << Բանաստեղծի աղբյուրը>> /1961/ ժողովածուները:
    Սարմենը զտարյուն քնարեգու է: Բանաստեղծությունը նրա կեցության ձևն է, նա ստեղծագործում է անընդհատ ու անընդմեջ, մի մեղեդի մշտապես հնչում է մենության պահերի նրա խորհերում և կարելի է ասել, որ նա ոչ միայն բանաստեղծությունը դարձրեց իր անձնական գործը, այլև նաև տասնյակ շարքեր հյուսեց իր հոգու քնարարական զեղումներից, ինչ որ տեղ թաքուն մնացած արձագանքներից:
    <<Կարոտի կանչ>> գիրքը յուրատեսակ հատընտիր է, որը ներկայացնում է Սարմենի քնարարական մոտիվների ընտրանին` համակարգված վեց պայմանական շարքերում` <<Մայր հայրենիք>>, << Իմ գերդաստանը>>, << Հայի կարոտ>>, << Անցյալս ու ես>>, <<Սիրապատում>>,, << Բնության գրկում>>: Ընդհանուր ոգին, որ իբրև գաղափար-խորհրդանիշ կազմավորվում է շարքերի ներքին միասնությունը , հայրենիքն է` << Մայր հայրենիքը>> ոչ միայն որպես երկիր և բնաշխարհ, այլև հոգու ապաստան և փիլիսոփայական կեցություն:
    Բայց հայրենիքը որպես պոետական մտապատկեր, նաև ճակատագիր է` բեկված Սարմենի կենսագրության էջերում: << Իմ գերդաստանը>>, <<Հայի կարոտ>>, << Անցյալս ու ես>> շարքերում բանաստեղծը վերապրում է նույն այդ ճակատագրի էլեգիան, որ սկիզբ է առնում անցյալի և ներկայի անջատումից:
    Կարոտի մոտիվը Սարմենի պոեզիայի ամենագեղեցիկ էջերից է. կարոտը հայրենի տան, վերադարձի կարոտը, կորած եզերքների կարոտը` անթարգմանելի << հայի կարոտ>>:
    Սարմենը փիլիսոփայական վերին հաշտությամբ էր ընկալում` չարն ու բարին, կյանքի ու մահվան խորհուրդը չափում տիեզերական ժամանակի նույնարժեք ունայնությամբ: Նրա պոեզիան յուրատեսակ մենախոսություն է բնության հետ և ունկնդիր բնության ձայնին, նա ավետում է << հոգու խաղաղության>> իր ավետարանը.

    Եթե ուզում ես դու քեզ ճանաչես,
    Ելիր, հյուր գնա քո մայր բնության,
    Քո հոգու գիրքը նա կկարդա քեզ,
    Աղբյուրները քեզ ճամփա ցույց կտան:
    Ու դու քո ձեռքով ինքդ կբացես
    Փակված դռները քո բարդ էության,
    Եթե ուզում ես դու քեզ ճանաչես,
    Ելիր, հյուր գնա քո մայր բնության:

    Հարուստ ու բազմաժանր է Սարմենի թողած գրական ժառանգությունը: Նրա գրչին են պատկանում տասնյակ պոեմներ, լիրո-էպիկական ասքեր, բանահյուսական սյուժեներ, լեգենդներ, քնարական մանրապատումներ ու տաղաչափական ձևեր, որոնք իրենց հավաքականության մեջ պատկերում են մի գունեղ աշխարհ:
    Անցողիկն ու պատահականը կծվարեն անցյալի հուշերում, բայց կմնա մարդկային հոգու արթնացումները բանաստեղծող մի մատյան, որը ներշնչված է բարու, գեղեցիկի, սիրո, կարոտի և հայտնության լուսավոր հղումներով:



    ՀՀԳԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյան

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.07.2011), magabo (15.07.2011), manush (11.07.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր Arpine is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Բանաստեղծ Սարմենը (իսկական անունը` Արմենակ Սարգսյան է) ծնվել է 1901 թվականին, Արևմտյան Հայաստանի Ռշտունիք գավառի Պախվանց գյուղում:

    1915 թ. Սարմենը զրկվում է ծնողներից, որոնք ազգային արհավիրքի` մեծ եղերնի զոհեր են դառնում:



    ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ

    Ա

    Աշնան միջօրեն շռայլ պերճությամբ
    Գունազարդել է դաշտն Արարատյան,
    Երկինքը լազուր, երկինքը անամպ
    Փռվել է որպես անպարփակ ովկիան:

    Ամենուր գույնե՜ր, գույնե՜ր ու գույնե՜ր,
    Ոսկեզօծվել են և´ դաշտ, և´ այգի,
    Մասիսներն այնպես հաստատ են կանգնել,
    Որ կարծես սյուներ լինեն երկնքի:

    Անդորր է չորս դին. հովը չի փչում,
    Չեն դողում ո´չ շյուղ, ո´չ տերև, ո´չ ծառ,
    Երգով գնում է կռունկների չուն,
    Դեպի հեռավո՜ր արևոտ աշխարհ:

    Այդ խաղաղ պահին, թագավորանիստ
    Վաղարշապատի իր ապարանքում,
    Մթնած, մտախոհ, անքուն, անհանգիստ,
    Մի մարդ էր ցավից մերթ ընդ մերթ տնքում:

    Նրա մահճի մօտ նստել էին լուռ
    Ազնվատոհմիկ երկու այր հասուն.
    Մէկը հագել էր սքեմ սևաթույր,
    Մէկը կապել էր զօրականի սուր:

    Հիվանդը նստեց՝ բարձին հենւելով,
    Հայրաբար նայեց այցելուներին,
    Բացելով հոգու խորքերը խռով,
    Այսպես սկսեց խոսքն իր մտերիմ.

    -- Ծերությունը ինձ ուզում է հաղթել,
    Երկնքից մի ձայն կանչում է՝ արի,
    Երբ իմ տենչերը անկատար են դեռ,
    Եւ ծանր է բախտը հայոց աշխարհի:

    Մենք չունենք հիմա թագավորություն,
    Խլել են մեզնից թե´ թագ, թե´ երկիր,
    Մենք չունենք հիմա Լուսավորչի տուն,
    Սահակ Պարթևը մեռավ տարագիր:

    Եւ ես խորհում եմ, խորհում անդադար,
    Ի՞նչ պիտի լինի վիճակը ազգիս,
    Պիտի կորնչի՞ հայն ստեղծարար,
    Թե՞ պիտի ապրի ինչպես այս Մասիս: -

    Ասաց ու ձեռքը պարզեց Մասիսին,
    Որ այդ վայրկյանին ննջում էր կարծես,
    Այնքան վճիտ էր, այնքան անբասիր
    Նրա հայացքը խորն ու վեհատես:

    Մի պահ լռեց նա ու հաստատ ասաց.
    --Ո´չ, մենք չենք կորչի, մենք կապրենք անմեռ,
    Եւ ոչ Հոռոմը, ոչ ազգը Արյաց
    Չեն կարող ընկճել ժողովուրդը մեր:

    Երբ նա խոսում էր, զինվորականի
    Աչքերը հրով բոցկլտում էին,
    Սքեմավորը նման արձանի
    Լսում էր նրան լո՜ւռ, երազային:

    Հետո զրույցը հոսեց այլ հունով.
    Զվարթացել էր դահլիճը լռին,
    Խօսում էր հուզված, այրող ավյունով,
    Կյանքի կրակում կոփված ծերունին:

    --Քիչ ես երևում Վարդան սիրելիս, -
    Դիմեց տանտերը զինվորականին, -
    Ա´յ մեր Կորյունը հաճախ է գալիս, -
    Ասաց, նայելով իր խոնարհ սանին:

    --Ուր էլ լինենք մենք, մեր սրբազան հայր
    Դու մեր սրտումն ես,- ասաց Վարդանը, -
    Մենք աղոթում ենք քո կյանքի համար
    Քեզնով հպարտ է ողջ Հայաստանը:

    --Զորանաս, որդի´, դու Մամիկոնյան
    Դյուցազուն տոհմի շառավիղն ես քաջ,
    Թուրըդ սուր պահիր, կրակըդ՝ վառման,
    Դեռ շա՜տ փորձություն, դավ կայ մեր առաջ:

    Հանկարծ խզելով վայրկյանն անշշունջ,
    Թնդաց հայրենի նորաստեղծ մի երգ,
    Պատանիների վառվռուն մի փունջ
    Երգով գալիս էր դաշտից լիաբերք:

    Մայրենի լեզուն զնգում էր զվարթ,
    Այնպե՜ս հմայիչ, այնպե՜ս կենսալի,
    Կարծես կարկաչով լցրված մարգ ու արտ՝
    Ուրախ հոսում էր գետակը սարի:

    Երգն այս պարուրեց թախծող ծերուկին,
    Ու նա ջերմացած՝ գոչեց սրտագին. -
    -Ոչ, դու միշտ կապրես, չես մեռնի երբեք,
    Հայրենի բարբառ, հայրենական երգ:

    Ու կարծես մի պահ մոռացավ և´ ցավ,
    Ե´վ հիվանդություն, և´ խոր ծերություն.
    Տոթակեզ հոգին կարծես հովացավ,
    Եւ անդորր տիրեց ալեկոծ սրտում:

    Կորյունն ուզում էր ինչ-որ բան ասել,
    Բայց տեսավ՝ խոսքը հեռուներ գնաց,
    Կանգնեց՝ աչքերում անսահման մի սեր
    Դեպի անկոտրում մարդն այդ մենակյաց:

    Վեր կացավ նաև Վարդանն առնական՝
    Թավ հոնքերի տակ աչքերն հրացայտ,
    Թիկնեղ, թևերը երկաթամկան
    Ու սև մազերում թելիկներ արծաթ:

    Հրաժեշտ տալով սիրելի մարդուն,
    Փողոց դուրս եկան նրանք միասին.
    Դղյակում նորից տիրեց լռություն,
    Պատուհանի տակ թախծում էր սոսին:

    Այս խիստ հաճելի այցելությունից
    Կարծես կյանք առավ բեկված ծերունին,
    Ուժ տւեց բազկին, վեր ելավ մահճից,
    Հագավ սքեմը՝ կռթնելով սյունին:

    Ծաղկազարդ գորգով մի քանի անգամ
    Դատարկ դահլիճը չափեց ծայրից ծայր,
    Արծվաքիթ էր նա, դեմքը՝ առնական,
    Ճակատը՝ խոհուն, աչքերը՝ պայծառ:

    Հաղթահասակ էր, բայց քիչ կորացած,
    Կրծքին փառահեղ ձյունահեր միրուք,
    Թէև իր գլխին ձմեռ էր նստած,
    Բայց դեռ ամուր էր և հոգով առույգ:

    Մօտեցավ, բացեց Աստվածաշունչը
    Ու Սաղմոս կարդաց մի քանի բերան.
    Անդորրություն էր հեռուն ու շուրջը,
    Լոկ օրորվում էր սոսին գեղիրան:

    Աշնան արևի անխառն ոսկին,
    Անուշ մեղմությամբ անձրևում էր ցած.
    Նա խոհուն նստեց գահավորակին՝
    Դաշտի, փշատի բույրով արբեցած:

    Հիշեց Հացեկաց գյուղն իր հայրենի,
    Կարոտով հիշեց Սահակ Պարթևին,
    Որի հետ հիսուն տքնաջան տարի
    Այրվելով, կյանքին, մարդուն լույս տվին:

    Ու մեկ-մեկ հիշեց սիրած սաներին -
    Մովսեսին՝ այնքան խրոխտ ու խոկուն
    Մամբրեին՝ այնպես երազկոտ, լռին,
    Ղևոնդ երեցին՝ բուռն ու փոթորկուն:

    Ու կամաց-կամաց թմբիրը տիրեց,
    Եւ լուռ հանձնվեց նա Մորփեոսին,
    Որպես սրտակից ու եղբայր տարեց,
    Պատուհանի տակ երգում էր սոսին:

    Բ

    Զանգերի տխուր, գուժկան ղօղանջով
    Բացվում է օրը խստաշունչ ձմռան.
    Անվերջ, ալեկոծ մարդկային մի ծով
    Հոսում-հորդում է դէպի Վեհարան:

    Այնտեղ դագաղում ննջում է մի մարդ,
    Հայոց առաջին ուսուցիչը մեծ.
    Ընկել է կաղնին, կաղնին խորարմատ,
    Եւ արդ, անտառն է հեծում հողմածեծ:

    Լցվել է արդեն վանքի շրջական,
    Բայց մարդիկ դարձյալ գալիս են, գալիս.
    Մի մայր գրկել է մեղմանուշ մանկան,
    Տան դռան կանգնած նայում է, լալիս:

    Բոլորի դեմքին՝ վհատանք ու վիշտ,
    Ծիծաղը կարծես ջնջվել է հողից,
    Սևեր են կապել պալատ ու խրճիթ,
    Ձյունը մաղվում է որպես նուրբ թախիծ:
    Բյուր-հազարավոր աչքեր են հառած
    Դեպ Վեհարանի ապարանքը մեծ.
    Մի խուլ փսփսուկ ծայր առավ հանկարծ,
    Շրթից-շուրթ անցավ ժողովրդի մեջ.

    --Բերո՜ւմ են, նայէ´ք, բերո՜ւմ են սրբին…
    Եւ ահա քայլքով համընթաց, դանդաղ,
    Ջերմեռանդությամբ, քնքշությամբ նրբին
    Դուրս բերին մի սև, ոսկերիզ դագաղ:

    Վարդան, Հմայակ Մամիկոնյաններ,
    Եւ Ամատունի իշխանը՝ Վահան,
    Եւ յոթը պարթև երիտասարդներ
    Դագաղը ուսած՝ բերում են ահա:

    Ճեղքվում է ծովը և ճամբա բացում,
    Թափորը հանդարտ շարժվում է առաջ,
    Նորից հույզերի խուլ ալեկոծում,
    Ե´ւ լաց, և´ մրմունջ, և´ ողբ, և´ հառաչ:

    Ջահերի լույսը մշուշն է ցրում,
    Թաղման երգերը հնչում են տխուր,
    Այրվում է սիրտը վշտի բոցերում,
    Ցավը դառնում է հանուր-ընդհանուր:

    Երկար է ճամբան, բքոտ է ճամբան,
    Բայց կարծես ցուրտ չէ, այլ կիզիչ ամառ,
    Արագածի տակ փորված է դամբան
    Մեծ լուսավորչի աճյունի համար:

    Վահան իշխանը, քաջ Ամատունին՝
    Հազարապետը հողին հայկական,
    Տեղատարափին, ցրտաբեր ձյունին
    Թափորն ուղղում է դեպի Օշական:

    Ճամբին մարդկային խուռներամ խմբեր
    Գալիս ձուլվում են այս լաց ու կոծին,
    Որ վերջին անգամ տեսնեն լուսաբեր
    Այն հացեկացի հրաշագործին:

    Անցնում է անվերջ դագաղն ուսից-ուս,
    Որպես սուրբ մասունք՝ չեն դնում գետին.
    Հասան Քասախին՝ մեր փոթորկահույզ
    Հաւերժ հառաչող հայրենի գետին:

    Նոր ու կամարուն կամրջի ծայրին
    Թափորը կանգնեց քիչ հանգստանա,
    Որպես սրտաբեկ սգավոր այրի,
    Գետն է բարձրաձայն արտասվում հիմա:

    Մի պահ… և ահա սգերթը կանգնեց
    Օշական շենի այն ցածրիկ բլրին,
    Ուր ձյունի անծայր ճերմակության մեջ,
    Մի թափուր սև փոս թախծում է լռին:

    Եւ Ամատունյաց իշխանը ահա
    Գլխաբաց կանգնած փոսի եզերքին,
    Ձայնով դողդոջուն, հոգով վշտահար,
    Սրտի խոսքով է դիմում ամենքին.

    --Հայե՜ր, մենք այսօր մեր այս սուրբ հողում
    Մեր ամենամեծ հային ենք թաղում:
    Մեսրոպ վարդապե՜տ. սա մի սրբազան,
    Սա մի թանկագին անուն չէ միայն,

    Մեսրոպ Մաշտոցը հոգին է հայի,
    Եւ դարեր, դարեր նման մի ջահի
    Մեր ճամբին պիտի շողա ու վառվի,
    Որ հայն ապրի միշտ ու չմոլորվի:

    Խոնարհվենք այս սուրբ աճյունի առաջ…
    Եւ երբ իշխանը այս խոսքը ասաց,
    Բաց գլուխների մի թանձր անտառ
    Խոնարհվեց, իջավ տխուր ու անբառ…

    Հետո տխրահունչ աղոթաերգի,
    Հազար սրտերի հառաչանքի տակ,
    Զսպած կսկիծը արնածոր վերքի,
    Իշխան Վահանը, քաջն Հմայակ,
    Կորյունն ու Գյուտը, Եզնիկ Կողբացին
    Ննջեցյալի դին հողին հանձնեցին…

    Վարդանն առաջին ափ հողը լցրեց
    Իր ուսուցչի անբիծ աճյունին,
    Հետույ՝ Եզնիկը, Հովսեփը երեց
    Կորյունն ու Գյուտը և Ամատունին…

    Ու երբ խոր փոսը լցվեց, բլրացավ,
    Մարեց աղոթքի մրմունջը վերջին
    Մի շիրմաքարի ելավ բարձրացավ՝
    Տխրության մուժը աչքերի միջին,
    Երկար մազերը ուսերին թափված
    Հայացքը դյութող, հասակն հույաշեն,
    Իր խռովահույզ խոհերով տարված,
    Բոլորից սիրված քերթող Եղիշէն:

    --Իմ բարեկամնե՜ր, եղբայրնե՜ր, քույրե՜ր,-
    Այսպես դիմեց նա ծփուն ամբոխին,-
    Այսօր մեր ձեռքով մի անձնվեր,
    Մի մեծ իմաստուն հանձնեցինք հողին:

    Նա մեզ գիր տվեց, մեզ դպրոց տվեց,
    Փրկեց մեր հոգին, հավատն ու լեզուն,
    Ամեն մի գիրը՝ մի բանակ է մեծ,
    Հավիտյան հաղթող հսկա զորասյուն,

    Որ ժողովրդի ոգորող ոգին
    Միշտ պիտի պահի անվթար, անխոց,
    Եւ մեր դաշտերին, բերքին ու կյանքին
    Միշտ պիտի վառվի արևը հայոց:

    Հավիտյան հանգի՜ստ քո ոսկորներին,
    Իմ մեծ ուսուցիչ, իմ մեծ բարեկամ,
    Հանձնում ենք ահա մենք քեզ դարերին,
    Դու մեր ներկան ես ու մեր ապագան, -

    Գոչեց Եղիշէն և արտասվաթոր
    Քաշվեց մի անկյուն, կանգնեց գլխահակ.
    Մի պահ՝ համրություն, ծանրաշունչ անդորր,
    Հետո սգերթը կոհակ առ կոհակ
    Սկսեց ցրվել, իջնել դէպի տուն,
    Մնաց մի շիրիմ, խորի՜ն լռություն:

    *

    Դարեր են եկել, գնացել անդարձ,
    Ազգեր են ծնվել ու մեռել անհետ,
    Այրուձիերի արշավն հողմընթաց
    Տրորելով մեր հողը ծաղկավետ,

    Մեր դաշտի, արտի, սրտի վրայով
    Անցել է որպես աւերիչ մորեխ,
    Հետքից թողնելով ավեր, մահ ու սով,
    Արյուն սփռելով ամե՜ն, ամեն տեղ:

    Կործանվել են մեր կոթողները ճոխ,
    Մեր ոստանները դարձել ավերակ,
    Մեր երգի, կյանքի ծառը բողբոջող
    Եղել է կացնին ու հրին ճարակ,

    Մեր ավանները, մեր շեները նոր
    Քանդվել են, դարձել հողին հավասար,
    Մեր տառապանքից՝ խոր ու ահավոր,
    Մեր տեսած վշտից մաշվել քար ու սար:

    Բայց մենք կանք նորից, կայ երկիրը մեր,
    Անուշ հնչում է մեր հայոց լեզուն,
    Նորից կերտում ենք շքեղ կոթողներ,
    Հայրենաբարբառ երգեր ենք հյուսում.

    Ծաղկում-ծփում են մեր արտերը ծով,
    Ծուխն է բարձրանում մեր օջախներից,
    Ու մեր խնդության երգի զնգոցով
    Սար ու ձորերը թնդում են նորից:

    Ու մեր հորդաբուխ ուրախության մէջ
    Մենք երբեք, երբեք քեզ չենք մոռացել,
    Դու մութն ակոսող հրի պես անշեջ
    Ժողովրդի հետ ճամբա ես անցել,

    Լուսավորել ես մեր դժվար ուղին,
    Մեր մաքառումին եղել ես սատար,
    Նոր ուժ ես տվել հայրենի հողին
    Ու քո ազգի հետ քայլել դարեդար:

    Դու քո գրերով զրահել ես մեզ,
    Դարձրել հավերժող ու անխոցելի.
    Մեր դեմ բացել ես անծիր ասպարեզ՝
    Խոսքի, խոյանքի, խիզախումների:

    Եւ արդ կանգնել եմ շիրիմիդ առաջ,
    Ես՝ շառավիղը քո երախտապարտ,
    Իմ սրտի բոլոր լույսերը վառած
    Աշխարհի առաջ քեզանով հպարտ՝

    Պսակ եմ դնում քո շիրմաքարին,
    Ջերմեռանդությամբ, հոգով ալեկոծ.
    Ընդունիր սերս, հիացքս խորին.
    Դու, Մեսրո՜պ Մաշտոց, հանճա՜ր մեծագործ:
    Արփինե Դանիելյան
    ԿՏԱԿ-ի ավագ մարզային համակարգող

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    magabo (15.07.2011), manush (11.07.2011), nana (17.08.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները