Մաթեմատիկան իմ ամենասիրած առարկան է եղել դպրոցում: Չգիտեմ զավեշտական? կհնչի, որ ասեմ. խնդիրներ լուծելիս տարբեր զգացումներ ու ուրախության պահեր եմ ունեցել, ինչպես, ասենք, երաժշտություն լսելիս կամ արվեստի գլուխգործոցներ տեսնելիս... Երաժշտության հնչյունների ու նկարչության մեջ էլ եմ տեսնում մաթեմատիկական կանոններ: Բնության ներդաշնակությունը դարձյալ մաթեմատիկական կանոններից է բխում: Հատկապես մաթեմատիկայի գեղեցկությունն ավելի եմ զգացել տարբեր առարկաների կիրառական խնդիրներ լուծելիս: Գեղեցիկ է, շատ գեղեցիկ խնդրի վրա շաբաթներով “տանջվող” հաղթանակած մարդու ժպիտը...
Անկեղծ ասած` այսօր բոլոր առարկաների նկատմամբ եմ տեսնում աշակերտի անտարբերությունն ու արհամարանքը: Ավագ դպրոցի որևէ հոսքային դասարանում չես գտնում հինգ աշակերտի, որոնք իրոք սիրում են իրենց հոսքում ընտրած ու խորացված մատուցվող առարկաները: Ես դասավանդում եմ ինֆորմատիկա, դպրոցների մեծ մասում այս առարկան դասավանդում են մաթեմատիկ-ինֆորմատիկները: Փորձում եմ ինչքան հնարավոր է ինֆորմատիկայի դասաժամերին մաթեմատիկայի հմայքն ու գեղեցկությունը ներկայացնել: Աշակերտը, երբ իր ձեռքով է պատրաստում մաթեմատիկական տարբեր թեմաների վերաբերյալ շնորհանդեսներ, EXCEL ծրագրով կառուցում տարբեր ֆունկցիաների գրաֆիկներ, տեսնում տարբեր պարամետրերի դեպքում իր իսկ ձեռքով ստեղծած մոդելների ձևափոխումն ու ընտրում լավագույն տարբերակը, ավելի է կապվում մաթեմատիկային: Կրամերի մեթոդով հավասարումների համակարգը EXCEL ծրագրով էլ ավելի հետաքրքիր է դառնում աշակերտների համար, երբ փորձում են արդեն մաթեմատիկայի դասագրքի շրջանակներից դուրս գալ ու լուծել շատ ավելի բարդ համակարգեր: Մաթեմատիկան շատ ավելի է գեղեցկանում ծրագրավորման բաժնում` երբ աշակերտը իր իսկ ձեռքով ու խելքով է կազմում հետաքրքրաշարժ խնդիրների լուծումներ, համակարգչով ստանում “ցնցող արդյունքներ”...



Մեջբերել
Էջանիշներ