+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հուշեր,պատմվածքներ տարբեր թեմաներով

  1. #1
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2

    Հուշեր,պատմվածքներ տարբեր թեմաներով

    Հարգելի ֆորումակիցներ,այստեղ տեղադրենք մեր հուշերը կամ ստեղծագործությունները տարբեր
    թեմաներով:Առաջին պատմվածքը ,որ ես կտեղադրեմ,գրել եմ 1988 թվականին և նվիրում եմ Արցախյան գոյամարտի նվիրյալների հիշատակին…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (13.03.2011), Սահակյան Սահականուշ (13.03.2011), Իրինա (14.03.2011)

  3. #2
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Մի տխուր օր

    Նառայի հետ ծանոթությունս մի քանի րոպե էր տևել:Բայց նա խոստացավ մի օր իրար հետ
    գնալ զբոսանքի:
    Ես ավարտել էի ութերորդ դասարանը և ամառային արձակուրդը անցկացնում էի Կիրովականում՝քրոջս տանը:Նառայի ծնողները բարեկամական կապեր ունեին վարձակալած տան տիրուհու՝տիկին Անուշի հետ:Մի քանի օր անց Նառան եկավ:Տիկին Անուշից մի դատարկ ճամպրուկ պիտի վերցներ ու քրոջը տաներ:Քույրը գործով Սարատով պիտի մեկներ:Տիկին Անուշը դժկամորեն տվեց ճամպրուկը, և մենք փողոց դուրս եկանք:
    Օրը երեկոյանում էր:Ամառվա զովաշունչ քամին խաղում էր մայթերի եզրերին շարված ծառերի դալար ճյուղերի հետ:
    Փողոցում Նառան անվստահ էր քայլում.երևի ամաչում էր ճամպրուկի անսովոր մեծությունից:
    Նա ինձանից մի փոքր մեծ էր:Նրա հագին արտասահմանյան պիտակով սպորտային համազգեստ էր և նրան շատ էր սազում:Երկար,ոսկեշող վարսերը փռված էին ուսերով մեկ:Ճամպրուկին օտար լեզվով մի քանի բառեր էին գրված:
    -Հոյակապ է,-խոսեցի ես՝փորձելով «մխիթարել» նրան,-իսկական տուրիստի տեսք ես ստացել:
    -Դու հիմա տես,թե բակի երեխեքը ի՛նչ են անելու:
    Արդեն նրանց շենքի մոտերքում էինք:Բակ իջնող աստիճաններին մի րոպե հապաղեցինք,հետո
    ետևի կողմից շրջանցեցինք երկու կից շենքեր և հայտնվեցինք երկրորդ շենքի մուտքի մոտ:Մոտիկ նստարանին նստած մի քանի աղջիկներ մեզ տեսնելուն պես սկսեցին գոռգոռալ.
    -Չամադա՜ն,չամադա՜ն...
    Արագ ներս մտանք,ավելի ճիշտ՝ներս խուժեցինք:Այ քեզ բա՜ն...Նառան շունչ քաշեց.
    -Հեշտ պրծանք,շատերը չտեսան,թե չէ անեկդոտ էին կապելու գլխիս:
    «Զարմանալի մարդիկ են,էլ բան ու գործ չունեն,-մտածեցի ես,-ինչ լավ է,որ մեր գյուղում նման
    բան չկա,ինչքան մեծ պայուսակ ուզում ես վերցրու»:Բարձրացանք հինգերորդ հարկ,Նառան քրոջը տվեց ճամպրուկը և ետ դարձանք:
    Զրուցելով անշտապ անցնում էինք փողոցով,երբ հեռվից լսելի եղան ինչ-որ ձայներ:
    -Որտե՞ղ են հավաքվում ցուցարարները,-հարցրի ես:
    -Հրապարակում,գնա՞նք այնտեղ,այժմ մեր քաղաքի ամենահետաքրքրական տեղը այնտեղ է:
    -Գնանք,-համաձայնեցի ես:

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 15.03.2011, 10:52:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lus (06.08.2011), Սահակյան Սահականուշ (13.03.2011), Իրինա (14.03.2011)

  5. #3
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Կենտրոնական փողոցով անցնելիս քիչ մնաց մեքենայի տակ ընկնեինք:Ճանապարհի երկու երկայնքով շարված ավտոմեքենաների նեղ արանքով շարժվող մեքենաները համարյա իրար կպած էին գնում,իսկ անցորդները՝նրանց վրայով:Կողքի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար:
    Հազարավոր մարդիկ էին խցկված առաջին հայացքից փոքր երևացող հրապարակում:Դժվար էր առաջանալ:Բայց մենք,լինելով փոքրամարմին,խցկվում էինք մարդկանց արանքները և առաջ գնում՝իրար ձեռք բռնած:Մի հարյուր քայլ առաջանալով՝տեսանք շրջանաձև ցանցապարիսպ:Ներսում քարերի,փայտե նստարանների վրա նստած էին մոտ երկու տասնյակ երիտասարդ տղաներ ու աղջիկներ:Նստած էին մտախոհ, տխուր ու նայում էին իրենց շուրջը եռացող բազմությանը:Նստացույց անողներն էին:Մի կին՝ձեռքին զամբյուղ,անցավ ցանցի վրայով և մոտեցավ նրանց.սննդամթերք էր բերել:
    Բարձրախոսից,որը մենք չէինք տեսնում,կոչեր էին արվում ժողովրդին և բազմությունը ստեպ-
    ստեպ բռունցքները թափահարում էր օդում և գոչում՝միացու՜մ,միացու՜մ...
    Ես նայում էի նստածներին և նրանց մեջ նկատեցի մի տղայի,որը իր արտաքինով
    տարբերվում էր մյուսներից:Նա թխահեր ,գանգուր մազերով,մինչև գոտկատեղը մերկ երիտասարդ էր:Գլխին կապած ուներ մի սպիտակ ժապավեն:Հետո իմացա,որ նա սիրիացի հայերից է:Նա այնպիսի՜ հաստատակամ հայացք ուներ...
    Մեկը հայրենասիրական երգ էր երգում՝ֆիդայիներին նվիրված:Բայց այն հանկարծ ընդհատվեց և
    լսվեց տղամարդու խրոխտ ձայն.
    -Ուշադրությու՛ն,ուշադրությու՛ն...Հարգելի՛ քաղաքացիներ, ավելի քան կես ժամ առաջ կորել է
    հինգ տարեկան մի տղա՝Արսեն անունով:Նա մոր և եղբոր հետ գտնվելիս է եղել հրապարակի հյուսիսարևմտյան մասում:Հրմշտոցի ժամանակ երեխան անհետացել է մոր աչքից:Երկար փնտրելուց հետո մայրը ստիպված դիմեց մեզ՝խնդրելով օգնել:Խնդրում ենք ձեզ,նայեք ձեր շուրջը և հարցուփորձ արեք ձեր շուրջը գտնվող երեխաներին:Այժմ լսեք տղայի արտաքին նշանները...

    Շարունակելի

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lus (06.08.2011), Սահակյան Սահականուշ (13.03.2011), Իրինա (14.03.2011)

  7. #4
    Մասնակից Դեղձանիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2011
    Տարիք
    38
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    2
    Ես ակամայից նայեցի շուրջս:Այդ տարիքի երեխա չկար:Միայն մի փոքրիկ,այն էլ,երևի իր մոր գրկում:Ես ինձ վատ էի զգում:Օդ չկար շնչելու:Նայեցի,Նառան էլ էր տխրել:Երաժշտությունը
    շարունակվեց,բայց հանկարծ նորից ընդհատվեց և նորից նույն ձայնը.
    --Ուշադրությու՛ն...Հրապարակ մտնող ճանապարհին հավաքված բազմությանը խնդրվում է ճանապարհ տալ շտապօգնության մեքենային:
    Նույնը կրկնեց երկրորդ անգամ:Երևի ինչ-որ մեկը վատացել էր:Եվ ինչպես չվատանալ այս տխուր
    ու հեղձուցիչ մթնոլորտում:Ես այլևս չկարողացա համբերել:
    --Նառա՛,գնանք այստեղից:
    --Իսկապես,չարժեր գալ, տրամադրությունս ընկավ,գնացինք:
    Հեշտ էր ասել՝գնացինք...Կես ժամ տևեց ,մինչև դուրս սողոսկեցինք:Երբ արդեն դուրս էինք եկել,
    մի անգամ էլ հայտարարեցին,որ փոքրիկը դեռ չի գտնվել:Սա արդեն չափազանց էր:Փողոց դուրս եկանք բոլորովին փշրված սրտով:Չնայած փոքր էինք,բայց հասկանում և զգում էինք,որ ինչ-որ լուրջ բան է կատարվում,որ մարդիկ հենց այնպես նստացույց չեն անում,որ ծեր ու մանուկ այդտեղ զվարճանալու համար չէին հավաքվել:Քայլում էինք լուռ ու տխուր:
    Մտածում էի երեխայի մասին.ինչպե՞ս գտնի մայրը կորած որդուն այդ ամբոխի մեջ և արդյոք կգտնի՞:
    --Նառա՛,տեսնես կգտնե՞ն երեխային,-լռությունը խախտեցի ես:
    --Չգիտեմ,երևի,բայց շուտ չեն գտնի,հանուն դրա կարելի էր մնալ,բայց չէինք դիմանա:
    Արդեն մթնում էր, և մենք ,բարի գիշեր մաղթելով իրար, հեռացանք՝երկուսս էլ տոգորված խորունկ տխրությամբ:
    Այդ գիշեր ես չքնեցի.մտածում էի նստացույց անողների,նրանց տանջահար տեսքի ,Արցախի և
    այն երեխայի մասին,որին երևի մայրը արդեն գտել էր:Երանի մի օր էլ մեր մայր հայրենիքը վերագտներ ու իր գիրկը առներ զավակին՝Արցախին:
    Նառային այլևս չտեսա ու չլսեցի նրա մասին:Երեք ամիս անց աղետալի երկրաշարժը եղավ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lus (29.07.2011), Իրինա (14.03.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները