Դեկտեմբերի 3–ին երգահան Ռուբեն Հախվերդյանը կնշի իր 60–ամյակը։ Այս կապակցությամբ դեկտեմբերի 5–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա նրա հոբելյանական համերգը։
«Չգիտեմ թե ինչ եմ անելու 60 տարեկանից հետո, բայց մի բան գիտեմ՝ շատ պինդ խմելու եմ»,– այսօրվա ասուլիսին ասաց երգահանը։
Իսկ մինչ այդ ամեն առավոտ նա մարմնամարզությամբ է զբաղվում։
«Իմ խմելու մասին ավելի շատ են խոսում, քան իրականում ես խմում եմ», – պարզաբանեց նա։
Լրագրողների հարցին, թե ի՞նչ նվեր կցանկանա ստանալ այդ օրը, երգահանը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ավելի լավ ապրի, եթե ավելի լավ ապրի, ապա համերգի տոմսերը ավելի թանկ կվաճառեմ»։
Ի դեպ, Հախվերդյանի հոբելյանական համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել 1000-5000 դրամով։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է փոխվել նրա կյանքում այս տարիների ընթացքում։
«Իմ մտքերը ես երգերի մեջ եմ արտահայտում։ Հիմա ավելի հանգիստ եմ նայում տարբեր հարցերի, առաջ ավելի նյարդային էի»,– ասաց նա։
Երգահանը խոսեց նաև իր ընկերների մասին, որոնց «կեսը արդեն հողի տակ են, որոշ մասը դեռ ոտքի վրա է»։
«Պատերազմը շարունակվում է գոյություն պահպանելու առումով։ Արտագաղթը սարսափելի չափերի է հասել, վերջին շարջանում երկիրը լքել է 70 հազար մարդ: Դրանով կարելի է դատել մեր իշխանավորների պրոֆեսիոնալիզմը»,– ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ շարունակում է «զզվել» գավառականությունից։
«Ես զզվում եմ գավառականությունից, դա բերում է, ռուսերեն ասում են, беспредел–ի, իսկ հետամնացությունը բերում է ֆիքստուլության. նրանք մրցում են, թե ում ժեշտն է ավելի ուժող։ Ջիպազգիները ուզում են էն ինչ-որ պակասում է իրենց կյանքում, լրացնել մետաղով, ինչու չէ նաև կանաց միջոցով»,– հավելեց նա։
Ի՞նչ է երջանկությունը հարցին, երգահանը պատասխանեց. «Ամեն մարդ իր երջանկությունն ունի։ Եթե ես երգ եմ գրում և մարդիկ ծափահարում են, ես կայֆ եմ ստանում»,– ասաց նա՝ նշելով, որ մինչև հիմա էլ զարմանում է, թե ինչպես են իր երգերը «ծափահարվում»։
Հախվերդյանն իրեն արհեստավոր է համարում, ով կարող է շտկել սխալները միայն երգերով։
«Կարող եմ շտկել միայն իմ երգերով, ուրիշ արվեստ չգիտեմ», – եզրափակեց նա:
Էջանիշներ