<<Ասում են` հողագործ մարդիկ բարի են լինում, ազնիվ ու մաքուր, որովհետև շարունակ բնության հետ են շփվում : Ապրում են իրենց տնկած յուրաքանչյուր ծառ ու թփի հետ, բարիք են ստեղծում ու իրենց ստեղծածով ուրախանում: Երբեմն նույնիսկ ներշնչվում են ` բնության հրաշքները տեսնելով, ու կերտում են հոգեշունչ երգեր>>: Այս խոսքերը ուղղված են եղել հորս` տարիներ առաջ, երբ նրա մասին գրվել է <<Սևան>> թերթում:
Այսօր ես եմ ուզում նրա մասին գրել, քանի որ` էլ չկա հայրս, իսկ մտքերս ինձ հանգիստ չեն տալիս:
Երկար տարիներ աշխատեց,ապրեց քաղաքում, բայց հողի, բնության հանդեպ սերը նրա մեջ չմարեց, այլ աճեց, դարձավ բանաստեղծական խոսք, հայրենասիրական պաշտամունք: Հարազատ վայրերով շրջելը, սարեր բարձրանալը, վայրի բնության մեջ , լճի ափին ծառեր տնկելը դարձել էր հորս համար հոգու պահանջ:
Եղբայրներիս հետ բարձրացավ Արագած լեռը, շարունակ խոսում էր Արարատ բարձրանալու մասին:
Հայրս Մասիսն էր գովերգում, ասմունքում էր, ստեղծագործում էր շիրազյան մոտիվներով:
Կարոտը մարդուց երկար է ապրում,
Կյանքն է կարոտից համ ու հոտ առնում,
Ա~խ, առանց կարոտ հողն արժեք չունի,
Տերևի նման քամին կտանի:
Իր գրածները կատարյալ չէր համարում, բայց ապրած ամեն օրը փորձում էր վերարտադրել չափածո տողերով:
Հայրս ուսումնատենչ մարդ էր: Գիտելիքի, ուսման հանդեպ սերը անսահման էր, այնքան շատ, որ չէր կարող չփոխանցել մեզ:
Անսահման բարի էր: Շուտ էր խոցվում, շատ էր խոցվում, երբ անմարդկային որևէ արարք էր տեսնում:
Վերջերս ավելի շատ տխուր մոտիվներով էր գրում, հոգու թախիծն ավելանում էր հատկապես անձրևային օրերին:
Հորս հողին հանձնելիս մանրիկ անձրև սկսվեց, փոխվեց եղյամի , հետո մանր կարկուտ եկավ: Շատ կարճ: Իր համար էր, բնությունը հրաժեշտ էր տալիս:
Հայրս հավերժության էր ձգտում` իր արարքներով, իր գործերով ուզում էր ձուլվել բնությանը, որ նրա հետ միախառնված անմահ լիներ:
Հայրս` Վոլոդյա Հայրումյանը, մարդկային իր որակներով թող հավերժ հիշվի:


Մեջբերել
Էջանիշներ