Ինտերնետային հսկա Գուգլն իր ունիվերսալ թարգմանչական համակարգում՝ Google Translate-ում, ներառել է նաև հայերենը՝ Armenian ALPHA տարբերակով։ Սա նշանակում է, որ այսուհետև մկնիկի մեկ հարվածով կարելի է համակարգում ընդգրկված մյուս 56 լեզուներով (ըստ երևույթին, դրանց թիվն ապագայում էլի կաճի) կայքէջերի ողջ բովանդակությունը դարձնել հայերեն և հակառակը։
Հեղափոխական այս նորարարության շնորհիվ հայերեն լեզվով կայքերը փաստորեն հասանելի են դառնում միջազգային հանրության համար։ Մյուս կողմից, ցանկացած հայ դպրոցական, ուսանող և շարքային քաղաքացի կարողանում է օգտվել ինտերնետային կայքերի մեծամասնությունից, անգամ եթե չի տիրապետում օտար լեզվի։
Թեև թարգմանությունների որակը դեռևս պատշաճ մակարդակի վրա չէ, սակայն, հաշվի առնելով մյուս լեզուների պարագայում արձանագրված որակական արագ աճը, կարելի է հուսալ, որ այն աստիճանաբար կբարելավվի։
«Գուգլ թարգմանչի» ամբողջական ծառայություններից կարելի է օգտվել՝ այցելելով http://translate.google.com/ կայքէջ։ Սակայն առավել հարմարավետություն է ապահովում Google Chrome բրաուզերը՝ իր Google Translate հավելվածով (extension)։ Վերջինս, բրաուզերի վերին հատվածում ավելացվելու դեպքում, թույլ է տալիս ավտոմատ կերպով թարգմանել ձեր այցելած էջերը ցանկացած լեզվից ձեր նախընտրած լեզուն։
Tert.am







Մեջբերել

Էջանիշներ