Բոլոր շահագրգիռ անձինք այսօր խոսում են կրթական բարեփոխումների, վեջիններիս լավ ու վատ կողմերի մասին: Ողջունելի են ուսման որակին նպաստող բազմապիսի նորամուծություններն ու նոր մեթոդները: Ինքս էլ աշխատելով կրթության բնագավառում իմ համեստ լուման եմ ներդրել այն բնագավառում: Բայց երբ այդ խայտաբղետ մեթոդների ոգեւորված կիրառումն հասնում եւ անցնում է վտանգավորության սահմանը, կարծում եմ, արժե մի պահ կանգ առնել ու խորհել, արդյոք երեխաների ֆիզիկական առողջության հաշվին ձեռք բերված գիտելիքը մեզ պետք է, թե ոչ:
Խոսքս մասնավորապես վերաբերվում է աշակերտական պայուսակներին, ավելի ճիշտ վերջիններիս պարունակությանը: Այսօր միջին դասարաններում/տարիքային առումով ամենախոցելի խումբը/ ամեն օր նախատեսվում է միջինը 4-5 տարբեր առարկաներ, որոնցից յուրաքանչյուրի համար սովորաբար նախատեսվում է գիրք, տետր: Սակայն նոր մեթոդներն իրենց նոր պարագաներն են թելադրում յուրաքանչյուր առարկայի համար պահանջելով էլ աշխատանքային տետրեր, էլ բառատետրեր, էլ հրաշք տետրեր ու թեստային աշխատանքների տետրեր, էլ նկարչական ալբոմներ, գունավոր գրիչներ ու մատիտեր,քարտեզներ ու ատլասներ էլ… էլ… Արդյունքում աշակերտական պայուսակի փոխարեն ստացվում է մի ծանր պարկ, որն աշակերտն ստիպված , շալակած ամեն օր ԿՐՈՒՄ է դպրոց, ապա տուն: Այս ֆոնի վրա, արդեն բոլորովին զարմանալի չէ, թե ինչու բարձր դասարաններում, հատկապես տղա աշակերտները պայուսակ չեն բռնում:
Ինքս լինելով 5-րդ դասարանի աշակերտի ծնող, ամեն օր հետեւում եմ տղայիս պայուսակին, որպեսզի ավելորդ իրեր չտեղադրի եւ լրացուցիչ ծանրություն չստեղծի ինքն իր համար: Սակայն նրա ամենօրյա ,,բեռը,, տատանվում է 7-8կգ-ի սահմաններում, ինչը խիստ վտանգավոր է այդ տարիքի երեխայի առողջության , հատկապես ողնաշարային խնդիրների համար: Ինտերնետային համացանցում որոնեցի բժշկական տեղեկատվություն աշակերտի պայուսակի տարողության թույլատրելի նորմայի վերաբերյալ, պարզվեց այն չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը, ինչը այդ տարիքի երեխայի համար միջին հաշվարկներով տատանվում է 3-3,5 կգ-ի սահմանում: Կարծում եմ այս թվի իսկությունը կհաստատի յուրաքանչյուր մանկաբույժ:
Բայց ով է պատասխանատու այս իրավիճակի համար, ով է հետեւելու այս հիմնախնդրի կարգավորմանն, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում: Սակայն չբարձրաձայնել էլ չեմ կարող, այն վտանգի մասին, որ նման պայուսակները խաթարում են ոչ միայն երեխայի առողջությունը: Հետագայում մենք կկանգնենք ավելի լուրջ խնդիրների առաջ, երբ մեր երեխաները ձեռք կբերեն ողնաշարային տարատեսակ հիվանդություններ: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ բարդույթներ ձեռք կբերի ծռմռված ողնաշարով դեռահասը, կամ թեկուզ եւ այն, որ վերջինս չի կարողանա ծառայել բանակում… Կուզենայի համապատասխան ատյանների ուշադրությունը բեւեռել այս խնդրի առկայության ու լուծման վրա, որոնք ի զորու կլինեն այդ մեթոդների կիրառման նոր ձեւեր գտնել, որոնք արդյունավետ լինելուց բացի, կլինեն առնվազն անվնաս…


Մեջբերել


Էջանիշներ