Մարդը հայտնվել է իմացաբանական պարադոքսային վիճակում. նա նայում է արտաքին աշխարհին` ձգտելով ճանաչել այդ ուժերն ու օրենքները, որոնք իշխում են իրեն, սակայն նրանում տեսնում է միայն իր արտացոլումը: Իսկ ըստ ամերիկացի հոգեբան Էրիկ Բեռնի` մարդն իր կյանքի ընթացքում պետք է սովորի կառավարել երեք տիպի ուժեր` ինքն իրեն, մյուս մարդկանց, բնությանը...
Արտաքին աշխարհի ճանաչումը կատարվում է ներքին հայացքի միջոցով, սեփական փորձի մեկնաբանության, նրա նշանակության և իմաստի արժևորման ճանապարհով: Այդ ընթացքում նաև բազմաթիվ սպասված և չսպասված սթրեսներ իրենց հետևանքն են ունենում և պահանջում լրացուցիչ մասնագիտական աջակցություն: Մարդկանց կյանքում առաջանում են իրավիճակներ (սոցիալական, հոգեբանական, տնտեսական և այլն), որոնք կարելի է համարել խնդրահարույց: Միաժամանակ վերջին տարիներին “ձեռք բերեցինք” նաև փախստականների, անօթևանների, բազմաթիվ որբ երեխաների, իրենց հարազատների կորուստը ողբացող մարդկանց, միայնակ մայրերի, փոխարկվող հասարակության մեջ չհարմարվող և անցյալի նկատմամբ կարոտախտ տածողների, ղարաբաղյան բախումներում և երկրաշարժի ժամանակ հաշմանդամության կարգավիճակ ստացած մարդկանց, տնտեսական ճգնաժամի պատճառով գործազուրկ և աղքատության պայմաններում ապրող ընտանիքների խնդիրները:
Այս խնդիրներին էլ հետևում է շեղվող վարքի տարբեր դրսևորումները, ինչպիսիք են ալկոհոլամոլությունը, գողությունը, թմրամոլությունը, մուրացկանությունը, թափառաշրջիկությունը, ինքնասպանությունը և այլն:
Այս պրոբլեմներն իրոք սոցիալական չարիք են և սպառնում են հասարակության յուրաքանչյուր անդամի նորմալ կենսագործունեությանը, իսկ խնդրի հաղթահարումը իմն են ու քոնը, սիրելի´ հասակակից:
Սոցիալական պրոբլեմներից շատ կարևոր եմ համարում առանձնացնել բռնությունները(երեխաների, կանանց, տարեցների , այլ խմբերի նկատմամբ), մասնագիտական կողմնորոշման հարցերը, գործազրկությունը, արտագաղթը, մտավորականության սոցիալական պաշտպանվածության մեխանիզմների բացակայությունը, աղքատությունը, անօթևանությունը, արատավոր սովորույթները, շեղվող վարքաձևերի տարատեսակները:
Ըստ ամերիակցի սոցիոլոգ Դյուրքհեյմի` հանցավոր արարքը հետևանքն է համերաշխության խախտման: Այստեղ շեշտը դրվում ավելի շատ ծնող պայմանների, քան դրա հաղթահարման կամ դոնորների հայտնաբերման վրա: Իսկ եթե գիտենք խնդրի պատճառը, դժվար չէ կանխորոշել հաղթահարումը: Ըստ սոցիոլոգ Կետլերի` հասարակությունն ինքն է իր մեջ կրում հանցագործության սաղմը, իսկ հանցագործը միայն դրա իրականացման գաղտնիքն է:
Շեղվող վարքաձևերի դրսևորումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես դեռահասների մոտ(ոչ կայուն դիրքորոշումներ, շրջապատի ազդեցություն, քրեածին ընտանիք, ծնողների մանկավարժական անգրագիտություն, նաև մանկավարժական բարձիթողություն, հոգեբանական սթրեսներ, ինքնագնահատականի ցածր մակարդակ, օրենքի գերակայության մերժում և այլն)...
Իսկ որն է ի´մ ու քո´ անելիքը, հասակակի´ց:
Մենք պետք է մեր ներդրումը ունենանք սովորելով, ընտանիքներիս ու հասարակությանը օգտակար լինելով: Կարևոր է, որ դու ՀՀ-ում տեսնես քո պետությունը, քո շահերը, գտնես հետաքրքրություններիդ բավարարման ոլորտները, տեսնես քո մասնակցությունը երկրի կառավարման գործում:
Արդեն առկա սոց. պրոբլեմները պահանջում են հստակ, կանոնակարգված և հետևողական լուծում, որի համար պետք է շահագրգռված լինի հասարակության յուրաքանչյուր անդամ: Պետք է փնտրել համագործակցության եզրեր տարբեր կառույցների հետ, միավորել ջանքերը, ձեռնամուխ լինել հայտնաբերված խնդիրների լուծմանը:
Վերականգնենք վնասված ռեսուրսներն ու միջոցները, անհրաժեշտության դեպքում ներգրավենք նոր միջոցներ ու ստեղծենք նոր հնարավորություններ:Դա գոնե անհրաժեշտ է հանուն քրիստոնեական գաղափարախոսության, այն է` օգնի´ր մերձավորիդ...
Թագուհի Ղուրշուդյան
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկ. ինստիտուտի “սոցիալական աշխատանք” բաժնի երրորդ կուրսի ուսանողուհի,
Նոր Կյանքի համայնքային գործողությունների կենտրոնի անդամ



Մեջբերել
Էջանիշներ