Սիրելի հասակակից
Մենք` Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի XI դասարանի աշակերտներս, առաջարկում ենք ձեր դպրոցում անցկացնել
ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՍու բացել նոր թեմա ֆորումում` արտահայտելու մեր հարգանքն ու հիացմունքը հայոց մեծերի ու նրանց արած մեծ գործերի հանդեպ:
Այսօր 2010թ. սեպտեմբերի 18-ն է, հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, որ մեր երկրում նշվում է նաև որպես Աստղագիտության օր: Մենք մեր Հպարտության դասն ենք անցկացնում և հայտարարում.
ՀՊԱՐՏ ԵՆՔ, որ Վիկտոր Համբարձումյանի հայրենակիցն ենք ու նրա ազգի գեները կրողները:
ՀՊԱՐՏ ԵՆՔ, որ այդ հանճարեղ մարդն է ստեղծել գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտահանվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի` միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Նա է ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնաբերել է անկայուն ու քայքայվող նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նա նաև գալակտիկաների միջուկների ակտիվության երևույթի հայտնագործողն է ու նախաաստղերի վարկածի հեղինակը:
ՀՊԱՐՏ ԵՆՔ, որ Համբարձումյանը իր կենդանության օրոք հսկայական հեղինակություն ուներ աշխարհի գիտական ու քաղաքական շրջանակներում:
ՀՊԱՐՏ ԵՆՔ, որ այդ ամենով հանդերձ` նա ազնվագույն մարդ էր ու Մեծ հայ, արցախյան շարժման նվիրյալ:
ՀՊԱՐՏ ԵՆՔ հայտարարելու, որ նա մեր ինքնության կռվաններից ու գոյության խորհուրդներից մեկն է:



Մեջբերել

Էջանիշներ