ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի երդումը հաստատելու մասին»: Համաձայն այդ հրամանի` հաստատվել են «Հայ ուսուցչի երդումը» և կազմակերպման ընթացակարգը: 2010-2011 ուսումնական տարվա առաջին օրը` սեպտեմբերի 1-ին, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների բոլոր ուսուցիչների համար կկազմակերպվի երդման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն աշակերտները և ծնողները, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ին կկազմակերպվեն նման հանդիսավոր արարողություններ այն ուսուցիչների համար, ովքեր առաջին անգամ կստանձնեն ուսուցչի բարձր պաշտոնը:
«Հայ ուսուցչի երդման» տեքստը.
«Ես` ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվում եմ` պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Երդվու՜մ եմ:
Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության գործին: Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված և այդպիսին էլ դաստիարակել իմ աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և Հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով: Երդվու՜մ եմ:
Երդվում եմ` ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ: Երդվու՜մ ենք:
Երդվում եմ` բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվու՜մ ենք»։



Մեջբերել
Էջանիշներ