+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Բանակային օրագիր. 12. Սաքոն գժվում է

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Բանակային օրագիր. 12. Սաքոն գժվում է

    Մեջբերում Մանոն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, քանի որ այս ֆորումում աշակերտներ էլ կան, ես շատ կուզենայի տեղադրեիր բանակային պատմվածքներդ, որոնք համարում եմ քո գլուխգործոցները: Դրանք շա~տ դաստիարակչական են:
    Այսօր ինձ հիշեցրին այս առաջարկի համար ու առաջարկեցին տեղադրել բանակային գործերից: Չգիտեմ թե ինչպես անեմ, ինչ հերթականությամբ, մինչ որոշելս, կտեղադրեմ այդ շարքի գործերից մեկը՝ 12-րդը («Սաքոն գժվում է»): Ուրախությամբ կլսեմ բոլոր քննադատություններն ու դիտողությունները, միայն թե խնդրում եմ, որ դրանք չվերաբերվեն ուղղագրությանը, կետադրությանը. սա անմշակ, չսրբագրված ու չխմբագրված տարբերակն է: Հետագայում, երբ հրատարակման համար սրբագրված ու խմբագրված կլինի, այդ տարբերակով կթարմացնեմ այստեղ: Գործը գրվել է բանակային ծառայությանս ընթացքում, իրական պատմության հիման վրա: Ինչպես բանակային շարքի բոլոր գործերս, այնպես էլ սա իրականի ու հորինվածի նուրբ միահյուսում է: Հուսամ, որ կհետաքրքրի գործը:





    12. Սաքոն գժվում է


    Մարդկանց վստահելը, սիրելը, մտերմանալը, հարգելը, նվիրվելը շատ հեշտ է: Բայց այդ ամենը հեշտ է մարդու սովորական առօրյայում, այլ ոչ թե բանակային ծառայության ընթացքում: Յուրաքանչյուրի կողմից որոշակի զգուշավորությունը դիմացինին արգելում է իրեն ամբողջովին ճանաչել, կամ էլ ստիպում է սխալ կարծիք կազմել:
    Բայց դա իհարկե չի նշանակում, որ բանակում չես գտնում մարդկանց, ում վստահում ես (ոչ մեկին խորհուրդ չէի տա բանակում ինչ-որ մեկին լիովին վստահել), սիրում ես, մտերմանում ես, հարգում, նվիրվում և այլն: Առանց մտերմության, առանց ոմանց նկատմամբ ջերմ զգացմունքներ ունենալու, առանց հարգելու ու հարգվելու, առանց ինչ-որ չափով վստահելու կարելի է պարզապես խելագարվել: Իհարկե չի բացառվում, որ այդպես ավելի լավ կլինի: Ի՞նչ է եղել որ: Կխելագարվես, խելառ-խելառ քեզ համար տրտինգ կտաս ու չես զգա թե ծառայությունդ ինչպես անցավ:
    Բայց այդպե՞ս է որ: Ինչու՞ պետք է խելագարի համար ծառայությունն անկատ անցնի: Դժվար, հա, դու էլ... Ա՛յ ավագ Հարությունյան, մեկ-մեկ այնպիսի ախմախ մտքեր ես ասում, որ անկախ ինձնից մտածում եմ, թե արդեն խելառել ես: Դե որ խելառ ես, ասա տեսնեմ, ծառայությունդ աննկատ է անցնու՞մ: Իհարկե կարող ես ինձ հակաճառել ու հակադարձել, թե իբր «խելառը դու ես», բայց մի մոռացիր, որ ես դու եմ...
    Չէ, աչքիս իսկականից խելագարվել եմ, կամ էլ գուցե տաքություն ունեմ: Բայց ամենից հավանականն այն է, որ արդեն ավանդական դարձած եղանակով իմ բուն պատմությունից շեղվում եմ ու ընկնում կեղծ փիլիսոփայական մտորումների գիրկը: Այնպես որ նորից վերադառնանք մեր բուն պատմությանը, կամ ավելի ճիշտ այդ պատմության համար անհրաժեշտ որոշ իրադարձություններին:
    Սաքոն յուրօրինակ մարդ էր: Առաջինը Փանոսն էր, երկրորդը Սաքոն: Չէ, Սաքոն ձախորդ չէր: Ինքը ուղղակի սիրված էր, ճիշտ այնպես, ինչպես Փանոսը:
    Հետաքրքրիր մարդ էր Սաքոն: Վստահում էր բոլորին, սիրում էր բոլորին, մտերմանում էր ամենքի հետ, հարգում էր բոլորին ու նվիրվում բոլորին: Ու այդ ամենն անում էր այնպիսի պարզ մանկական անմիջականությամբ, որ դիմացինին, այսինքն բոլոր մյուս զինծառայողներին, ստիպում էր վստահել, սիրել ու հարգել իրեն, մտերմանալ ու նվիրվել:
    Սաքոն հաճախել էր իրենց գյուղի տասնամյա դպրոցը: Հաճախել տաս երկար ու ձիգ տարիներ, ապա ավարտելով ութնամյակը, դուրս եկել դպրոցից: Սաքոն երկու անգամ մեկ դասարան հետ էր մնացել ու սրա մեղավորը ոչ թե իր ունակություններն են եղել, այլ երկրի ու մասնավորապես գյուղի ու մասնավորապես իր ընտանիքի սոցիալական վիճակը: Ընտանիքի հոգսը հիվանդ հայրը մենակ չէր կարող քաշել, մայրը հազիվ հասցնում էր փոքր քույր-եղբայրներին պահել, տատ, պապ չուներ: Գյուղում չունենին ուրիշ հարազատներ, ու թեև հարևանները բարի մարդիկ էին, կարողացածին պես հասնում էին Սաքոի ընտանիքին, բայց դե նրանք էլ էին խեղճ ապրում:
    Բայց երբ Սաքոն դարձավ տասնութ տարեկան, նրան չթողեցին նորից կանգնել հոր մեջքին, ու տասնութամյա պատանին անցավ պարտադիր զինվորական ծառայության, տան ողջ հոգսը թողնելով հոր ու փոքր եղբոր վրա, ու մեկ էլ այն հույսին, որ մեծ հորեղբայրը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանից փող կուղարկի:


    * * *


    Սաքոյի ծառայությունը լավ էր անցնում: Դարդը իր հեռվում մնացած ընտանիքն էր, ում կողքին չէր, մեջքին չէր կարող կանգնել:
    - Ասում եք հայրենիքն եմ պաշտպանում, տո՛, թողեք ընտանքիս պաշտպանեմ, - ասում էր դառնացած Սաքոն ատելությամբ հայացք նետելով սենյակի տձև պատերին: - Չեմ սիրում ես պատերը, քլունգ լիներ, ջարդեի, փշրեի: Էս ասֆալտից տհաճ հոտ ա գալիս, քանդեի, բույս ցանեի, - հավելում էր թախիծով:
    Նրա գործը զորամասի մուտքին հետևելն էր: Հավերժ պահակ էր Սաքոն: Իր փոքրիկ սենյակ-տնակն էր ու դարպասները, որոնց հետևում էր աչալուրջ:
    - Տո ո՞ւր ա, ավտո գա, դարպասները բացեմ համ ավտոն ներս գա համ էլ դրսի օդը, - ասում էր սպասումով ու ավտոմեքենայի թույլ ձայն լսելով վազում էր դարպասները բացելու:
    Այսպես անցնում էր Սաքոյի սպասումով լի ծառայությունը: Բայց չէ, այդպես չէր անցնում:
    Չնայած որ չէր սիրում բանակ կառույցը, չէր սիրում զորամասի պատերն ու պարիսպները, չնայած խորշում էր զինվոր-սպա, զինվոր-զինվոր արմատավորված փոխհարաբերություններից, բայց նա այնումամենայնիվ օրինակելի զինվոր էր, իր զինվորական պարտականությունները կատարում էր անթերի, անտրտունջ, առանց առարկելու:
    Գուցե պատճառն այն էր, որ հասկացել էր, որ գործ անելիս ժամանակն ավելի արագ էր անցնում, գուցե պատճառը իր խառնվածքն էր, բայց նրա կեցվածքն այդպիսին էր: Երբ զորամասում սկսվեց որոշակի հատվածի վերանորոգման աշխատանքները, Սաքոն ինքնակամ գնաց ու միացավ բանվորներին: Հետո արդեն բոլորն ասում էին «Սաքոյի վերանորոգումը», որովհետև ամենից լավ հասկացող ինքն էր, ամենալավ գործ անողն ինքն էր, ամենանվիրված գործ անողն ինքն էր, ամենաՍաքոն ինքն էր: Իր անմիջական զինվորական պարտականությունները, կապված պահակակետի հետ, չէր մոռացել: Տարօրինակ վարպետությամբ համատեղում էր, տարօրինակ ձևով օր ու գիշեր ծառայում առանց հոգնելու, տարօրինակ կերպով այդ ողջ ընթացքում չէր մոռանում հաշվել ամիսները, շաբաթներն, օրերն ու ժամերը, երբ պետք է դուրս գար զորամասի պատերից, հաներ զինվորական համազգեստը, հագներ իր սիրելի՝ գյուղի աշխատանքից մաշված, բայց խիստ հարմար շորերն ու գնար դաշտում գործ անելու:
    Այս օրինակելի ծառայությունը չվրիպեց հրամանատարության աչքից: Շուտով շարքային Սաքոյին պարգևատրեցին դիպլոմով, տվեցին սերժանտի կոչում: Զարմացած էր իր հաջողությամբ, փոքր ինչ շփոթված, գուցե փոքր-ինչ ուրախացած, բայց իրականում անտարբեր էր, շարունակում էր հաշվել իր ծառայության ժամերը, սպասելով երանելի ժամին, երբ պետք է տուն հասնի, գրկի ու համբուրի արդեն ծերացած մորը…
    Ի՞նչ իմանար խեղճ Սաքոն, որ իր օրինակելի ծառայությունն իր գլխին փորձանք է դառնալու…


    * * *

    Հարևան զորամասում զինծառայողի պակաս կար: Ներքին հրամանով այնտեղ պետք է տեղափոխվեր Սաքոյենց զորամասի զինվորներից մեկը: Այդ ժամանակ Սաքոն օրերը հաշվելով հասել էր երկու ամսին ու ուրախ զվարթ բոլորին ասում էր.
    - Մեկ զույգ ամիս մնաց ու կգնամ տուն… Այս պատերն էլ իմ համար չեն լինի:
    - Այս պատերն արդեն քո համար չեն: Քո համար արդեն հարևան զորամասի պատերն են, - պատասխանեցին նրան:
    Սաքոն սփրթնեց:
    - Ինչու՞ ես:
    - Որովհետև այնտեղ սերժանտ է պետք:
    - Ես սերժանտ չեմ, շարքային եմ:
    - Օրինակելի ծառայության համար քեզ սերժանտի կոչում է շնորհվել:
    - Ախպեր, չեմ ուզում էդ սերժանտի կոչումը, առեք Ձեզ, - ասաց ձեռքն ուսադիրին գցելով:
    - ԴՈՒ ԱՐԴԵՆ ՍԵՐժԱՆՏ ԵՍ: ՎԵՐԱԴԱՐՁ ՉԿԱ:
    - Էլ օրինակելի չեմ ծառայի, մի տարեք ինձ, - խնդրեց Սաքոն:
    - Կծառայես, դա քո բնավորությունն է:
    - Չեմ ուզում: Ինչու՞ հենց ես: Զույգ ամիս է մնացել, թողեք հանգիստ ծառայեմ, տուն գնամ:
    - Այնտեղ հանգիստ կծառայես:
    - Այնտեղ հանգիստ չի լինի, ոչ մեկին չեմ ճանաչում: Ամեն մեկն ուզելու է իրենն ասի: Մեկի հետ վեճ, մեկի հետ կռիվ, մեկի հետ իրար չհասկանալ, մեկին ճնշել, մեկից ճնշվել, չեմ ուզում Ձեր այդ զորամասը: Թողեք հանգիստ ծառայեմ: Այնտեղի սպաներին չեմ ճանաչում: Բոլորն ինձ թշնամանքով են նայելու: ԹՈՂԵՔ հանգիստ ծառայեմ, զույգ ամիս է մնացել…
    - Երկու ժամից ճամփա ենք ընկնում: Իրերդ հավաքիր, ընկերներիդ հրաժեշտ տուր:
    - Թողեք հանգիստ ծառայեմ…
    - Շտապիր:
    - Թողեք հանգիստ ծառայեմ…


    * * *

    Սաքոյի աչքերում թախիծ ու սարսափ էր: Շփոթված ման էր գալիս զորամասում, որ ում տեսնի, հրաժեշտ տա: Բայց հենց որ մեկին տեսնում էր, մոտենում, բռնում էր ձեռքն ու ասում.
    - Լավ էլի, խնդրում եմ, թողեք հանգիստ ծառայեմ: Ինչու՞ հենց ես:
    Նրան պատասխանելու բան չունեին ոչ զինվորները, ոչ սպաները: Ինչ ասեին խեղճ տղային մարդիկ, ովքեր զինծառայող են ու պարտավոր են, երդում են տվել անվերապահորեն կատարել վերադասի հրամանները:
    Չգիտեի որ Սաքոյին տանում էին: Տեսա շփոթված մոտենում է: Նրան տեսնելով ուրախացա.
    - Ո՞նց ես, Սաք ջան:
    - Թող հանգիստ ծառայում:
    - Ի՞նչ:
    - Լավ էլի, խնդրում եմ, ինչու՞ հենց ես:
    - Սա՞ք, ի՞նչ է եղել:
    - Գնում եմ: Էլ ինձ չես սովորեցնի: Էլ մարդ չեմ դառնա: Գնում եմ… չեմ գնում, տանում են…
    - Ու՞ր Սաքո:
    - Էն զորամասը: Էլ մարդ չեմ դառնա: Խոստումդ մոռացե՞լ ես: Չե՞ս սովորեցնելու: Ինչու՞ հենց ես: Դու էլ խաբեցիր: Էլ մարդ չեմ դառնա, տանում են… թողնեիր հանգիստ ծառայեի…
    Ասաց ու գնաց առաջ, թողնելով ինձ շփոթված, տարակուսած, տրտում, գցելով հիշողությունների գիրկը:


    * * *

    Սաքոյին արդեն հասցրել էի ճանաչել ու հարգել, բայց մտերմանալու ժամանակ ու առիթ դեռ չէր եղել: Նոր տարվա օրերն էին: Առաջին անգամ պետք է լինեի ՀԱԿ-ի (Հսկիչ Անցագրային Կետ) հերթապահ: Սովորաբար երեք հոգով են կանգնում հերթապահության, մենք երկուսով էինք: Քսանչորս ժամ, այսինքն աշխատանքը պետք է այնպես բաժանեինք, որ գիշերը մեկս քներ, մյուսս արթուն մնար, առավոտյան նոր գնար հանգստանալու՝ հերթափոխը հանձնելով մյուսին: Ընտրեցի գիշերն արթուն մնալու տարբերակն ու արթուն նստած էի: Սաքոն իմացավ: Նրա պահակակետը մերինից բավական հեռու էր: Փակեց ու եկավ մոտս:
    - Սաք, այստեղ ի՞նչ ես անում, - հարցրի զարմացած, - բա պահակակետդ:
    - Եկել եմ կողքդ նստելու, - ասաց հանգիստ, - դարպասները փակել եմ:
    - Կխոսեն վրադ, չի կարելի, - ասացի անհանգստացած:
    - Ոչինչ, թող խոսեն: Առաջին անգամ ես կանգնում, հո մենակ չես կանգնելու:
    - Այ մարդ, մի անհանգստացիր, գնա քո ծառայությանը, իմ մասին մի մտածիր:
    - Չէ ու չէ, կողքդ նստելու եմ, էլ բան չասես:
    Ասաց ու նստեց: Առաջս խաչբառ էր դրած, հայացքը միանգամից դրան գցեց:
    - Խաչբառ հազար տարի է չեմ լրացրել, - ասաց, - փող չէի ունենում, թերթ առնեի:
    - Վերցրու, լրացրու, - ասացի, նրա կողմը հրելով հիմար հայկական սկանվորդը:
    - Հա՞ որ:
    - Հա:
    - Բա որ տառերը չհիշե՞մ:
    - Կհիշացնեմ, - ասացի ժպտալով:
    - Դե սկսեմ, - ասաց ու կարդաց առաջին հարցը, - հա-վա-քա-րա-րի գո-գո գոր-ծիք, - կարդաց կմկմալով, հետո մի հատ էլ ամբողջական կարդաց, - հավաքարարի գործիք: Էդ ո՞րն ա:
    - Հավաքարարն ինչո՞վ է մաքրում ասենք սենյակները:
    - Ավելով, - ասաց:
    - Դե գրի, - ասացի, առանց խաչբառին նայելու:
    Գրեց, պրծավ, դարձավ ինձ:
    - Չստացվեց:
    - Ինչու՞:
    - Տառերն ավելի շատ են:
    Նայեցի, իրոք որոնվող բառի տառերն ավելի շատ էին՝ յոթը:
    - Դե մտածի ինչ «գործիքի» մասին է խոսքը, որ յոթ տառանի լինի:
    - Գտա, - ասաց ուրախ:
    - Դե՛, գրիր:
    Գրեց: Գրեց մեծատառ տպատառերով, իսկ ես կարդացի «ՊՈԼԻՓԵԴ»: Ակամա փռթկացի:
    - Ինչու՞ ես ծիծաղում, - հարցրեց շփոթված:
    - Դե, որովհետև «պոլի փեդը» նախ մի բառ չի, երկու բառ է, հետո մի բառը ռուսերեն է… մի խոսքով չէ, դա չի: Երևի «ցախավել» բառն են պահել…
    - Ի՞նչ անեմ: Անգրագետ եմ, - ասաց տխուր:
    Սկսեցինք խոսել: Պատմեց կյանքի պատմությունը, պատմեց որ ժամանակ չի ունեցել դպրոցում սովորելու, բայց ինքը գիրը շատ էր սիրում, ուզում էր սովորել…
    Հետո հանկարծ պայծառացավ.
    - Դու գիտնական մարդ ես երևում, գրական խոսում ես, ամեն ինչի մասին գիտես, բանակը պրծնեմ ինձ պրոֆեսոր դարձրու էլի:
    - Էդ ո՞նց, - հարցրի ծիծաղելով:
    - Դե բանակը պրծնենք, այս պատերից դուրս գանք ու դու ինձ գիրը սովորեցրու: Թվերն էլ, ֆիզիկան էլ: Համ էլ պատմություն, կանե՞ս:
    - Սաք, ես դասատու չեմ, ո՞նց սովորացնեմ: Ես քեզ կարող եմ օգնել, ինչքան որ գիտեմ, որովհետև իմ իմացածն էլ քիչ է, բայց սովորեցնել չեմ կարող:
    - Կարող ես, դու գիտնական ես: Խոսք տուր, որ կսովորեցնես:
    - Սաք, ախր...
    - Արտակ, խոսք տուր:
    Խոսքս կորզեց: Թեև ես իրականում միայն խոսք տվեցի ուժերիս սահմանում օգնել, բայց խոսքս կորզեց:
    Հետո ամեն հերթապահության ժամանակ կողքիս կանգնում էր հավատարիմ ընկերը, անտեսելով այն, որ գուցե իր պահակակետը թողնելու համար պատժվի: Այդպիսին էր իմ ընկեր Սաքոն:

    * * *

    Սաքոյին տարան հարևան զորամաս ու երկար ժամանակ լուր չունեինք: Եղած լուրն այն էր, որ ընկճված է ու էլի ժամերն է հաշվում: Այդպես անցնում էին երկու ամիսները ու հասավ Սաքոյի զորացրվելու ժամանակը: Ու հենց այդ օրը լուր եկավ, որ Սաքոյին նորից բերել են: «Երևի բերել են, որ փաստաթղթերը ձևակերպեն ու տուն ուղարկեն», - մտածեցի ուրախ, - «Վերջապես դուրս կգա այս պատերից»: Գնացի նրան տեսնելու:
    Սենյակում բացի Սաքոյից չորս-հինգ հոգի էլ կային, բոլորը լուռ ու շփոթված էին: Սաքոն նստել էր Սենյակի ամենաանկյունում, լուռ, հայացքն առաստաղին: Ինչ-որ խելագար կայծ կար աչքերում:
    - Ողջու՛յն, Սաք, - ձայնեցի ուրախ:
    Չպատասխանեց, վրաս չնայեց: Տղերքը նշաններով հասկացրին, որ սուս մնամ: Շփոթված լռեցի ու էդ լռությունը խախտեց Սաքոն: Տեղից վեր թռավ ու գոռաց.
    - Թողե՛ք տուն գնամ, ես Ձեր մայրիկը… - ու նորից նստեց, նորից նույն դիրքով, նույն հայացքով:
    Մեկ րոպե չանցած նորից թռավ տեղից.
    - Ծառայելուց պիտի վատ ծառայես, - գոռաց ու նստեց:
    Հետո էլի թռավ.
    - Ես էս երկրի սենցն ու նենցը, էլ ստեղ չեմ ապրելու, Ռուսաստան եմ գնալու:
    - Թողնեիք տուն գնայի, ես Ձեր մայրիկը:
    - Սրանք մարդ չեն:
    - Սա երկիր չէ:
    Սաքոն գժվել էր… Ինչպե՞ս չգժվեր օրերը հաշվող տղան, ում ծառայությունը երկարացրել էին 20 օրով իր օրինակելի ծառայության համար: Ձևակերպվել էր, որ բանակին այդ երիտասարդը պետք է, ու կանոնադրության կամ եսիմ ինչի եսիմ ինչ կետի վրա հիմնվելով նրա ծառայությանը երկարացրել էին: Իսկ Սաքոն գժվել էր:
    20 օր տեղից չշարժվեց: Մենակ զուգարան էր գնում: Հաց բերում էին, զոռով մի կտոր ուտում էր: Չէր թրաշվում, պարտականությունների մասին չէր մտածում: Նույնիսկ սպաները չէին փորձում խոսել վրան, երևի մտնելով նրա դրության մեջ, հասկանալով, որ խոսելն անիմաստ է: 20 օր տառապեց, ոչ մեկիս հետ չխոսեց, 20-րդ օրը գնաց ու էն գնալն է, որ գնաց: Լսել եմ, որ հիմա Ռուսաստանում է, հորեղբոր մոտ, ու Հայաստան գալ էլ չի ուզում:
    Ականջիս են նրա վերջին խոսքերը.
    - Ասու՞մ եք հայրենիքն եմ պաշտպանում, տո՛, թողնեիք պաշտպանեի: Չունեմ հայրենիք...
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (30.07.2010), Gago (27.07.2010), manush (26.07.2010), Արեգ Գրիգորյան (27.07.2010), Արմեն (26.07.2010), Դեղձանիկ (25.02.2011), Մանոն (27.07.2010), Համլետ (28.07.2010), Ruzan_#105 (29.07.2010), Susanna55 (28.07.2010)

  3. #2
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Արտակ ջան, շնորհակալ եմ խոսքս չմերժելու համար հենց այս գործդ ամենաշատն եմ սիրում "Բանակայիններ"-իդ շարքից: Կարծում եմ ընթերցող երիտասարդները շատ ու շատ լավ բաներ կսովորեն: Մաիյն թե, ես կուզենայի (կարծում եմ հեղինակը` նույնպես), որ այստեղ շնորհակալություններից ու վարկանիշերից բացի գրվեին նաև կարծիքներ, ծավալվեին գրական բուռն քննարկումներ:
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.07.2010), Ruzan_#105 (28.08.2010)

  5. #3
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Ես իսկապես շատ կուզեի լսել կարծիքներ, լինեին քննարկումներ: Բայց դե որ չկա՝ չկա: «Բանակային օրագրիս» էջերից մի քանիսը կոնկրետ անձերի, այլ ոչ թե բանակային առօրյայի մասին է, ու քանի որ դրել էի Սաքոյի մասին պատմությունը (Սաքոյի իրական անունը սովորությանս համաձայն չեմ հրապարակում), հիմա էլ տեղադրեմ Փանոսի մասին պատումը, հուսալով, որ կարող է այս անգամ քննարկում ծավալվի.


    9. Փանոսի վերջին ձախորդությունը

    Ինչպես պայմանավորվել էինք սկզբում, ես փոխում եմ բոլոր հերոսների անունները: Հասնելով այս տղային, ես անմիջապես գտնում եմ անունը, որով կարելի է փոխարինել նրա իսկական անունը: Այո՛, նա ի ծնե Փանոս էր, Փանոս անվան ամենալայն՝ հեքիաթից եկած իմաստով:
    Փանոսին զորամասում բոլորն էին ճանաչում ու դա շատ տարօրինակ ու զարմանալի էր: Նրան ճանաչում էին սպաներն ու ենթասպաները, սերժանտներն ու շարքայինները, քաղաքացիական աշխատողները, խոհարարներն ու բժիշկ-բուժքույրերը: Այ այդ վերջին մարդիկ պետք է ճանաչեին, նրանց ճանաչելը զարմանալի չէր, զարմանալի էր, որ մյուսներն էին ճանաչում:

    Դե... սխալ չհասկանաք: Ճանաչելն ինքնին այնքան էլ զարմանալի չէր, զարմանալի էր այն, որ բոլորը նրա հետ այնքան էին շփվել, որ մտերմացել էին: Այո, Փանոսը զորամասում մտերիմ էր եթե ոչ բոլորի, ապա մեծամասնության հետ: Ու սա շատ տարօրինակ էր, որովհետև Փանոսը զորամասում քիչ էր եղել ու դժվար էր հասկանալ, թե երբ է հասցրել այսքան մարդու հետ մտերմանալ:

    Երբ ես եկա այս զորամաս, ինձ դիմավորողներից էր Փանոսը, քանի որ մենք նույն դասակից էինք: Բայց սա էլ էր տարօրինակ, տարօրինակ էր, որ իմ գալու պահին նա զորամասում էր, այլ ոչ թե հոսպիտալում:

    Փանոսը, հավատարիմ իր անվանը, բավական շատ ժամանակ էր անցկացնում հոսպիտալներում: Չէ, Փանոսը Շվեյկի հետնորդը չէր: Նրան երբեք չէր կարելի մեղադրել սիմուլյանտության մեջ: Գրական հերոսներից նա մենակ իր անվանակցի՝ Ձախորդ Փանոսի հետնորդն էր:
    Զորամաս գալուս երկրորդ օրվանից ինձ սկսեցին պատմել բարի ու ժպտերես զինվոր Փանոսի զարմանահրաշ արկածները: Դրանք լսում էի ժպիտով, զարմանալով զինակից ընկերներիս ստեղծագործ մտքի, գեղարվեստական ունակությունների վրա: Այս պատմություններից մեկն այն մասին էր, թե ինչպես մի տաս զինվորով տեղափոխել են մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, հետո պայմանավորված պահին բոլորը միասին բաց են թողել, որ գցեն գետնին, իսկ Փանոսը, որը բռնած գնում էր խողովակի մեջտեղի մասերից, չի լսել «թողնել» կոչն ու այդ ծանր խողովակը մի 5-10 վայրկյան պահել է, իսկ հետո ճողվածքով տեղափոխվել հոսպիտալ, որտեղ անց է կացրել մեկ ամսից ավելի երկար ժամանակ: Հաջորդ պատմությունը սնունդի վերաբերյալ էր: Զինվորներով ժամանակ առ ժամանակ փախել ու գնացել են մոտակա այգին՝ թութ ուտելու: Շատերն են բարձրացել հաստ բնով թթենու վրա և ոչ մի բան: Իսկ մի օր էլ այդ նույն ծառը բարձրացել է Փանոսը, իսկ ծառը որոշել է բնից կոտրվել, կոտրվել է ու շուռ եկել, ոտքի և ձեռքի կոտրվածքներով Փանոսին թողնելով իր տակ, մինչև որ աղմուկը լսած մոտակա այլ ծառերին թառած զինվորները եկել ու նրան ծառի տակից հանել են, իսկ հետո տեղափոխել հոսպիտալ: Այսպիսի պատմությունները շատ էին ու մեկը մեկից անհավանական: Դե ես կարող էի հավատալ պատմությանը, եթե ասեին, որ կոտրվել է մի բարակ ծառ, որին, չգիտես թե ինչու, որոշել էր բարձրանալ Փանոսը: Բայց պնդում էին, որ շատ հաստաբուն ծառ է եղել ու շատ ամուր: Կարող էի հավատալ խողովակի պատմությանը, եթե չասեին որ այդ ֆիզիկապես ամուր կառուցվածք չունեցող տղան 5 վայրկյանից ավել պահել է մի քանի հարյուր կիլոգրամանոց խողովակը, մինչև վայր գցելը: Բայց պնդում էին, որ հենց այդպես է եղել:

    Իհարկե պատմում էին նաև հակաձախորդական պատմություններ՝ համեմված ձախորդականի հետ: Օրինակ ձախորդություն էր եղել, որ նրա ծննդյան օրը նախօրոք նախատեսված ազատ արձակումը նրան չէին տվել, բայց ձախորդություն չէր, որ համարձակ Փանոսը այնուամենայնիվ որոշել էր այդ օրը դուրս գալ զորամասից ու տուն գնալ (անցնելով մոտ 30 կմ ճանապարհ), դուրս է եկել զինվորական համազգեստով, անցել ռազմական ոստիկանների կողքով, պատիվ առել ու առաջ անցել ու չի բռնվել: Ամեն ինչ լավ է վերջացել:

    Բայց այսպիսի՝ լավ ավարտով պատմությունները քիչ էին, հիմնական պատմությունները համեմված էին ժպիտ առաջացնող ձախորդություններով, որոնք իր մշտական ժպիտը դեմքին լսում էր նաև Փանոսն ու հաստատում, որ հենց այդպես էլ եղել է:

    Փանոսի հետ շատ արագ մտերմացա: Պարզվեց, որ ընդհանուր հետաքրքրություններ ունենք, ընդհանուր ընկերներ ու մտերիմներ ունենք, նույնիսկ պարզվեց, որ ժամանակին ճանաչել ենք իրար, թեև շատ քիչ ենք շփվել: Ի դեպ, Փանոսը ժպիտը դեմքին ինձ հիշեցրեց, որ երբ առաջին անգամ հանդիպել ենք, իր ձեռքը գիպսի մեջ է եղել, ու, փաստորեն, նրա ձախորդությունները բանակում չէին ի հայտ եկել:

    Ու չնայած այս ամենին չէի հավատում նրա ձախորդությունների մասին պատմություններին, ավելի ճիշտ հավատում էի, բայց համարում էի, որ դրանք խիստ չափազանցված են, ու այդպես մինչև այն պահը, երբ զորամաս ժամանելուցս մի քանի օր հետո Փանոսը ինքնակամ ու պատրաստակամ առաջարկեց ինձ ուղեկցել մոտակա խանութը, որպեսզի ծանոթացնի նրա տեղի և վաճառողների հետ: Ուրախ զվարթ գնացինք: Ուշ երեկո էր ու համարձակ դուրս եկանք երկաթյա դարպասներից: Առաջինը դուրս եկա ես ու սպասում էի որ Փանոսն էլ դուրս գա, գնանք: Փանոսը դուրս եկավ ու զգուշորեն դարպասը փակելով կանգնեց նրա առաջ: Մեջքով ինձ էր կանգնել, դեմքով դարպասին ու չէր շարժվում:

    - Փանո՜ս, - ձայնեցի ես, զարմացած, թե ինչու չի գալիս:

    Պատասխան չկար:
    - Փանոս, ուր մնացիր, - նորից ձայնեցի ես: - Ինչու՞ չես գալիս:
    - Չեմ կարող գալ, - նվազած ձայնով պատասխանեց Փանոսը:
    - Ինչու՞, - զարմացա ես:
    - Ձեռքս բռնել է:
    - Ո՞վ է բռնել:
    - Ով չէ, ինչը:
    - Չհասկացա:
    - Դարպասի տակ է մնացել, - խեղճ-խեղճ ասաց Փանոսը: - Չեմ կարողանում շարժվել:

    Ծիծաղեցի, հիմարաբար ծիծաղեցի, մտածելով, թե կատակ է անում:

    - Վրաս ես ծիծաղում, - ավելի խեղճացած հարցրեց Փանոսը, ու նոր միայն հասկացա, որ կատակ չի անում:

    Մոտեցա, որ տեսնեմ ինչ է եղել: Հիմա, հիշելով այդ տեսարանը, մեկ է չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր այդպիսի բան լինել: Երկաթյա դարպասը հերիք չի փակվել էր ձեռքին, փականն էլ ինչ-որ կերպ հաջողացրել էլ փակ դիրքի գալ, ինչի արդյունքում Փանոսը մեջտեղից ճղվեր էլ, չէր կարող ոչ ձեռքը հանել դարպասների արանքից, ոչ էլ դարպասները բացել: Իրոք չեմ հասկանում, թե ինչպես կարող էր փականը փակվել, ինչքան էլ մտածում եմ, լուծում չեմ գտնում:

    Փականին դրսից հասնելը հեշտ չէր, բայց հաջողացրի շատ արագ բացել ու Փանոսի ձեռքն ազատել գերեվարությունից: Խեղճ ու բարի ժպիտը դեմքին նայեց ու շնորհակալություն հայտնեց, իսկ ես վախեցած նայում էի նրա կապտակարմիր, ճզմված թաթին: Գնացինք բուժ. կետ, որտեղ Փանոսի գալուց ոչ մեկը չզարմացավ, ոչ մեկին չզարմացրեց ձեռքը դարպասի տակ մնալու պատմությունը, որովհետև այստեղ Փանոսին շատ լավ էին ճանաչում: Ուղղակի արագորեն ցույց տվեցին համապատասխան բժշկական օգնությունը, իսկ հոսպիտալ չուղարկեցին:

    Սա առաջին դիպվածն էր, որն ինձ ինչ-որ չափով համոզեց Փանոսի մասին պատմությունների ճշմարտացի լինելուն: Հաջորդ պատմությունը եղավ դրանից 2-2.5 շաբաթ հետո, երբ նրա ձեռքն արդեն հասցրել էր լավանալ: Նախ ասեմ, որ այդ ընթացքում նա հասցրեց հիվանդանալ հարբուխով ու գրիպով, ապա լավացավ:

    Հետո զորամաս էր եկել զորամասում շատ տարիներ առաջ ծառայած մի զինվոր, երևի կարոտն առնելու համար ու եկել, ծանոթանում էր մեզ հետ: Հարբած էր, հարբած՝ լավագույն դեպքում: Հերթով բոլորիս ձեռքով բարևում էր, ու նրա բարևելու ձևը շատ զվարճալի էր, որովհետև ձեռքը բարձրացնում էր իր գլխից վերև, պարզում, ապա ինչքան ուժ ուներ արագորեն իջեցնում ու հարվածելով մեկնած ձեռքիդ բռնելով այն ուժգին թափահարում էր, ևս մեկ անգամ կրկնելով իր անունը: Մի քանիսս հետևում էինք նրա օրինակին, նույն կերպ ու ձեռքներս վեր էինք բարձրացնում ապա ուժգին հարվածելով սեղմում էինք միմյանց ձեռքերը ու ծիծաղելով ներկայանում: Հերթը հասավ Փանոսին: Նախկին զինվորն արդեն սովորական ձևով ձեռքը բարձրացրեց, արագ իջեցրեց ու հարվածելով բռնեց Փանոսի ձեռքը, ասաց իր անունն ու սկսեց թափահարել Փանոսի ձեռքը, սպասելով, որ Փանոսն էլ ներկայանա: Իսկ Փանոսը ձայն չէր հանում: Նայեցի ու տեսա նրա կուլ գնացած աչքերը, հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Նախկին զինվորը երկար սպասեց Փանոսի ներկայանալուն, բայց տեսնելով, որ Փանոսը չի ներկայանում, գուցե մտածեց, որ ներկայացել է, ինքը չի լսել, անցավ հաջորդին:

    Ես ու էլի երկու հոգի զարմացած մոտեցանք Փանոսին:

    - Ի՞նչ է եղել, - հարցրինք:
    - Առանձնապես ոչ մի բան, - մշտական ժպիտը դեմքին պատասախանեց նա: - Ուղղակի որ այդպես ձեռքիս խբեց, մատս դուրս ընկավ:
    Մեզնից ոչ մեկը չծիծաղեց, որովհետև հասկացանք որ լուրջ է ասում: Սկզբից ուզեցինք ինքնուրույն տեղը գցել նրա դուրս ընկած մատը, բայց հետո որոշեցինք տանել բուժ. կետ, ուր Փանոսին տեսնելիս էլի ոչ մեկը չզարմացավ, այլ կատակելով ու աչքով անելով պարզապես տեղը գցեցին նրա մատը:

    Փանոսի ձախորդությունների մասին այսքանը թերևս բավական է, եթե որոշեի գրել նրա բանակում ունեցած բոլոր ձախորդությունների մասին, ապա պետք է բանակային ծառայության բոլոր 2 տարիների ընթացքում անընդհատ գրեի:

    Փոխարենը նորից հիշելով իմ ձախորդ բանակային ընկերոջը, ով արդեն զորացրվել է և հուսով եմ, որ քաղաքացիական կյանքում էլ ձախորդությունների չի հանդիպում, ուզում եմ մի քիչ պատմել նրա մասին, քանի որ նա բանակային կյանքիս բացառիկ լուսավոր էջերից է:

    Իրականում այնքան էլ զարմանալի չէ, որ Փանոսի հետ գրեթե բոլորը հասցրել էին մտերմանալ: Նա բանակային կյանքի համար բացառիկ բարի ու բացառիկ ընկերասեր տղա էր, ով իր հոսպիտալում չեղած ժամանակ հասնում էր ամենքին, օգնում իր հնարավորությունների սահմանում և դեռ ավելին: Նրա խորհուրդների հետևից էին շտապում բոլորը՝ զինվորից մինչև սպա: Բանակում շատ մարդիկ են իրենց բնավորությունը փոխում, դառնում սովորականից ավելի ինքնամփոփ, կամ ավելի կեղծ, կամ ավելի սառը, կամ ավելի զգուշավոր ու դա տարօրինակ չէ: Այստեղ կա թե այդ ինքնամփոփության, թե կեղծավորության, թե սառնության, թե զգուշավորության և թե շատ ուրիշ բաների պահանջներ: Փանոսը այն եզակի մարդկանցից էր, ում այս բոլոր փոփոխությունները շրջանցել էին, իսկ եթե նույնիսկ չէին շրջանցել, ապա մեծ հետք չէին թողել, կամ էլ կարողանում էր հմտորեն թաքցնել այդ ամենը: Կարծում եմ, պատճառը զորամասում քիչ լինելն էր, ինչի արդյունքում կարծես այդքան մեծ պատճառ չէր ունեցել փոխվելու, գուցե և այդպես չէ: Միայն հայտնի է, որ Փանոսը իսկականից իր զինվորական ծառայության մեծ մասն անցկացրեց հոսպիտալներում՝ թե՛ ֆիզիկական վնասվածնքերի, թե՛ այլ հիվանդությունների պատճառով:

    Ժպտերես տղան... ի դեպ պատահական չէ, որ նրան ժպտերես եմ ասում, որովհետև ժպիտը նրա դեմքից անպակաս էր, ու շատերը նույնիսկ մտածում էին, որ ոչ թե ժպտում է, այլ նրա դեմքի արտահայտությունն է այդպիսին: Բայց չէ, նա ժպտում էր, որովհետև երբեմն նրան տեսել եմ առանց այդ ժպիտի, միայնակ նստած, երևի տնեցիների մասին հիշողությունների գիրկն ընկած...

    Էլի շեղվեցի: Ժպտերես տղան երբեք ոչ մեկին չէր մերժում, կատարում էր բոլոր խնդրանքները: Ամենքի հետ կիսում էր իր մի կտոր հացն ու էլ ավելի կարևոր՝ մեկ կտոր կատակը:

    Ու այսպես անցավ Փանոսի ծառայությունն ու մոտեցավ հրաժեշտի պահը: Նա զորացրվում էր: Նրան ամենից մտերիմ մարդիկ, այդ թվում ես, եկել էինք նրան հրաժեշտ տալու: Հիշվեց այս ընկերների մեջ արմատավորված հրաժեշտի սովորությունը, որին առաջին անգամ էի ներկա գտնվում:

    Հայտնի է, որ զորացրվածին էլ զինվորական համազգեստը, զինվորական պարագաները պետք չեն: Յուրաքանչյուր զինվոր ձգտում է դրանցից շուտափույթ ազատվել: Հիմա հասականանք, եթե այդ զորացրված զինվորն ունի ավելի լավ պահպանված գոտի, քան Պողոսը, ինչու՞ տանի դեն գցի, կամ պահարանում կողպի: Փոխարենը կարելի է Պողոսի հետ փոխանակություն կատարել ու դեն գցել ոչ թե նոր գոտին, այլ Պողոսի մաշվածը:

    Աչքիս առաջ ընկերները «հարձակվեցին» Փանոսի վրա ու սկսվեց փոխարինման գործընթացը: Փանոսն այնքան քիչ էր եղել զորամասում, որ նրա գրեթե բոլոր պարագաներն ու հագուստը թարմ էին մնացել: Շատ շուտով նրա հետ փոխանակեցին գոտին, գլխարկը, կոշիկի թելերը, վերնազգեստը, ուսադիրները, ինչ-որ մեկը որոշեց վերցնել այդ նոր վերնազգեստի վրայի՝ իր արյան կարգին համապատասխանող արյան կարգը ու պոկեց համազգեստի վրայից...

    Քիչ առաջվա մարտական կեցվածքով Փանոսը վերածվեց մի տանջված ու մաշված, փնթի համազգեստով զինվորի: Հրաժեշտ տվինք այդ քրքրված համազգեստով տղային:

    Հրաժեշտ տվեցինք ուրախ սրտով, ուրախ, որ մեկն էլ ազատվեց, տխուր, որ էլ մեր կողքին չէր լինելու լավ ընկերը ու մեկս բարի, մյուսս չար նախանձով, որ նրա տեղը մենք չենք եղել:

    Հետո նրանից ստացանք վերջին լուրը: Տան ճանապարհին կանգնացրել էր ռազմական ոստիկանությունն ու համազգեստի խախտման համար 3 օրով տարել մեկուսարան: Էլ լուր չստացանք նրանից: Երևի նեղացել է, որ մեր ագահության պատճառով երեք օր ուշ տուն հասավ: Գուցե պատճառն այլ է, չգիտեմ: Բայց դեռ սպասում եմ իմ լավ բանակային ընկերոջից լուրի, սպասում եմ նրան ու սպասում եմ, նրա նման այլ բանակային ընկերների:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    avdsusanna (30.07.2010), Gago (29.07.2010), manush (30.07.2010), Արեգ Գրիգորյան (29.07.2010), Դեղձանիկ (25.02.2011), Մանոն (30.08.2010), Ruzan_#105 (29.07.2010)

  7. #4
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2
    Չուկ ջան, ինձ իրոք դուր եկան Փանոսի ու Սաքոյի մասին պատմությունները, մանավանդ Փանոսինը, իրոք շատ լավն են ու ինձ համար շատ կարևոր մի հատկություն ունեն, կենդանի են: Ինչ-որ բանով հիշեցրին Սարոյանի "Վեսլի Ջեքսոնի արկածները", բայց երևի պատճառն այն է, որ նա էլ բանակային թեմայով շաաաատ գլուխներ ունի, ու նրանք էլ այսպես կենդանի են: Սարոյանին շատ եմ սիրում:
    Նախորդ ստեղծագործություններդ ինձ ասյքան դուր չէին եկել, նամանավանդ "Երկխոսությունները": Այդտեղ երկխոսությունը մի տեսակ քարոզի նման է հնչում, պարտադրող, իսկ դա համենայն դեպս ինձ համար վանող է:
    Շարունակիր ստեղծագործել, կսպասեմ այլ գործերիդ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.08.2010), Մանոն (30.08.2010)

  9. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Tatev*-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ինձ իրոք դուր եկան Փանոսի ու Սաքոյի մասին պատմությունները, մանավանդ Փանոսինը, իրոք շատ լավն են ու ինձ համար շատ կարևոր մի հատկություն ունեն, կենդանի են: Ինչ-որ բանով հիշեցրին Սարոյանի "Վեսլի Ջեքսոնի արկածները", բայց երևի պատճառն այն է, որ նա էլ բանակային թեմայով շաաաատ գլուխներ ունի, ու նրանք էլ այսպես կենդանի են: Սարոյանին շատ եմ սիրում:
    Նախորդ ստեղծագործություններդ ինձ ասյքան դուր չէին եկել, նամանավանդ "Երկխոսությունները": Այդտեղ երկխոսությունը մի տեսակ քարոզի նման է հնչում, պարտադրող, իսկ դա համենայն դեպս ինձ համար վանող է:
    Շարունակիր ստեղծագործել, կսպասեմ այլ գործերիդ:
    Շնորհակալ եմ, Տաթև
    Ցավոք արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ ստեղծագործում, բայց դա վերականգնելի է, հուսով եմ: Իսկ մինչ այդ պարբերաբար կտեղադրեմ իմ հին ստեղծագործություններից, հուսով, որ չհավանելու դեպքում նորից պետք է քննադատեք ու ասեք, որ չեք հավանել, ինչպես արեցիք երկխոսությունների դեպքում՝ ասելով նաև պատճառը: Դա իմ համար օգտակար ու կարևոր է
    Նորից շնորհակալություն:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները