Ողջույն, ես Տաթևն եմ, ծնվել եմ 1989թ. հունվարյան մի գիշեր Երևանում, որովհետև այդ ժամանակ իմ հայրենի քաղաքի հիվանդանոցը ավերակ էր դարձել երկրաշարժից: Մեծացել եմ Լոռու հեքիաթային բնության շնչով ոգեշնչված` նրա խորունկ ձորերի շառաչող ջրերն ու քամահար ծերպերը սիրելով, ու պատկառելի սարերի խորհրդային տարիներից ժառանգած անտառների շրշյունով օրորվելով, մի խոսքով` երազելով: Մինչև դպրոցն ավարտելը թողել եմ երազելու իմ գործն ու դարձել եմ ձանձրալի, պրակտիկ ռեալիստ իդեալիստի հակումներով:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ ու այնտեղ եմ սովորում մինչև օրս, այժմ մագիստրատուրայի երկրորդ կուրսում եմ:
Ավարտել եմ նաև երաժշտական դպրոց ու մի քիչ ծնգծնգացնում եմ:
Հետաքրքրություններիս շրջանակն ընդգրկում է գրականություն, երաժշտություն, կինո, մի խոսքով արվեստ, նաև փիլիսոփայություն, ֆունդամենտալ ֆիզիկա, մաթեմատիկա, մի քիչ էլ ծրագրավորում:
Տանել չեմ կարողանում կեղծիքը, սուտը, մարդկանց` իրար քծնելու հիմար սովորությունը, քաղաքավարությունից դրդված որոշ ձևականություններ, մեկ էլ, երբ որ հայերենում կրավորական սեռ չունեցող բառերին կրավորական 'վ' են ավելացնում /կզանգվենք, վիճվել, հեռվանալ ևն/, կամ սխալ են խոնարհում բայը /վախեցի, ուտեցի ևն/ :
Սիրում եմ մայրամուտը, որոտացող երկինքը հորդ անձրևով, նաև տապակած կարտոֆիլ սոխով, թխվածք սև կամ դաղձի թեյով, ու երբ որ մարդիկ առանց պատճառի իրար ժպտում են:
Դե, կարծես այսքանը: Ուրախ եմ ծանոթության համար:


:
Մեջբերել
Էջանիշներ