+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Նովել՝ «Հուշերիս բովից»

  1. #1
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1

    Նովել՝ «Հուշերիս բովից»

    Հուշերիս բովից

    Ես հավատում եմ բնության
    ամենազորեղ ուժին,
    Ես ենթարկվում եմ նրան…


    Չեմ ցանկանում հիշատակարան գրել, պարզապես տարիների հոլովույթում ապրածս քաղցրությունը կրկին վերապրելու միտումով պատմում եմ հիշողություններս, որոնք վանդակել է: Հիմա դրանք բաց եմ թողնում, թող թևեր առնեն ու ճախրեն. ամեն ինչ ազատության մեջ է գեղեցիկ:
    Ո՞վ կարող է հակառակվել ինձ՝ ասելով, որ գեղեցիկ չէ այն մայրամուտը, երբ նայում ես շառագունած կիսասկավառակին, նրա մեջ տեսնում ես ծիծաղախիտ աչքեր, քեզ բարի գիշեր մաղթող շուրթեր ու զգում ես մի տաք համբույր, որից այրվում, անէանում ես՝ ձուլվելով մարմրող արևի շողերին: Ո՞վ կարող է հակառակվել ինձ՝ ասելով, որ գեղեցիկ չէ այն քամին, որը չարաճճիորեն խաղում է մազերիդ հետ, շշնջում ականջիդ հուզավարար մեղեդու ելևէջներ, բույրեր տարածում շուրջդ, շնչես, որ հագենաս, զգաս, որ ապրես…
    Կյանքն ինձ համար անավարտ վեպ էր, որի վերջաբանն անընդհատ փոխում էի, որ բարի ու սիրուն ավարտ ունենար: Իմ վեպի հերոսը մտացածին չէր, բայց նրա հայտնվելն իմ վեպում, այսինքն՝ կյանքում, պատահական էր այնպես, ինչպես անհետանալը:
    Աշուն էր, իմ սիրած աշունը: Նրա միամիտ գունախաղը թմրեցրել էր ինձ, ու ընդարմացած հոգուս թեթևություն տալու նպատակով քայլում էի դատարկ փողոցով, լռության մեջ լսվում էր միայն ոտքերիս տակ մեռնող տերևների հառաչը: Այո՛, բնությունը մեռնում էր, իսկ ինձ համար այդ օրից սկսվելու էր մի կյանք, որն ապրեցնելու էր ինձ քաղցր պատրանքի մեջ, ստիպելու էր զգալ ամենակարող սիրո պոռթկումները: Այդ սիրուց տանջվեցի, բայց չչարացա, այրվեցի, բայց չմոխրացա:
    Իմ երազկոտ հոգու վրա իջել էր աշնանային տրամադրություն: Քայլում էի՝ հայացքս երկնքին սևեռած. ինչքա՜ն սիրուն էին ամպերը կիսամերկ ճյուղերի արանքից: Թովիչ տեսարանն ինձ ամբողջովին կլանել էր, և ոտքերիս տակ ոչ թե ասֆալտն էի զգում, այլ՝ փրփրացայտ ամպերը: Երկնքում զբոսնելը երկար չտևեց. բախվել էի մեկին, ով իր կրակոտ աչքերով կարծես հարցնում էր. <<քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է>>: Ես շփոթմունքից վեր թռա ու ինձ չկորցնելով՝ նախ ժպտացի, ապա ներողություն խնդրեցի ու քայլեցի առաջ: Արդեն մթնում էր: Փողոցի լուսարձակները վառվեցին: Զգացի՝ ինչ-որ մեկը հետևում է ինձ, քայլերս արագացրի: Թանձրացող ստվերը հավասարվեց ինձ ու պատճառ բռնելով մութն ու ուշ ժամը՝ առաջարկեց ուղեկցել : Նայեցի նրա աչքերին, մտովի թափանցեցի նրա էության խորքերը և մի ներքին մղումով համաձայնվեցի:
    Այսպես ամեն օր, խորհրդավոր ու խոհուն քայլում էինք մինչև տուն: Օրն ինձ համար պահ էր, ժամն՝ ակնթարթ: Ամեն ինչ փոխվեց. կյանքը նոր նրբերանգներ ստացավ, երևույթները՝ նոր անուններ, իմ ըմբոստ ներաշխարհը խաղաղվեց, և կենսաթրթիռ հույզերը հյուսեցին սերը:
    Ես սիրում էի, ու իմ սերն այնքան քնքուշ էր, որքան նորաբողբոջ նռնենու ծաղիկը, այնքան գունեղ, որքան աշունը: Խենթությունը թևեր էր առել ու սավառնում էր մտքումս ու սրտումս: Մտովի թևածում էի անծայրածիր հեռուներ ու լուսավոր հորիզոնում տեսնում իմ փայլուն ապագան՝ եթերային ու սիրաջեր: Ես ինքնամոռաց տրվել էի զգացմունքներիս, որոնք ինձ դարձրել էին համարձակ ու վճռական: Այդ զգացումով համակված՝ մի օր էլ ծածուկ դուրս եկա տնից՝ իմ անծանոթ-ծանոթի հետ վայելելու աշնան երեկոյի անդորրությունը բացօթյա տաք լողավազանում:

    Մեքենայում երկուսս էինք ու լռությունը, որը, անձրևի կաթկթոցին ներդաշնակ, ասես քաջալերում էր ինձ՝ չփոշմանել խենթ արարքիս համար:
    Հասանք սարահարթի վրա գտնվող ամառանոց: Ես վարանում էի մեքենայից իջնել, նա խորամանկ ժպիտով թե՝ հետ դառնա՞նք: Գլխով իմ ոչի նշանը նրան համարձակություն տվեց ձեռքիցս զգույշ բռնել ու առաջնորդել ինձ հանքային աղբյուրներից բխող տաք ջրի մեջ: Գիշերվա առեղծվածում երկու անկեղծ հայացքներ քարացել էին դեմ հանդիման, և թաց կախարդանքի մեջ անխուսափելի էր առաջին համբույրը, որի միակ վկաներն եղան աստղերը:
    Տունդարձի ճանապարհին երանավետ հոգնություն էր իջել վրաս: Դանդաղ էի շնչում, որ իմ տաք շնչից չհալվի երազ թվացող իրականությունը: Ամբողջ գիշեր չքնեցի. իմ գլխում խառը մտքեր էին հղանում, բանաստեղծական տողեր օղակվում.

    Սիրում եմ ես քո աչքերը,
    Որ փայլում են աստղերից վառ:
    Սիրում եմ քո ջերմ շուրթերը,
    Որ օծված են սիրո բույրով.
    Համբույր եմ տենչում քեզանից իմ սեր,
    Ուզում եմ հավերժ սիրել ու սիրվել…

    Հենց այդ գիշեր աշնանային ցուրտ մշուշում դողում էի անձկության մեջ: Ուզում էի խելագար քամի լինել, թափառել փողոցներում, գտնել նրա պատուհանը, ներս սողոսկել ու գրկել նրան: Սիրո սարսուռներից փշաքաղված՝ քնել էի՝ գրիչը ձեռքումս ամուր բռնած, իսկ գրածս տողերն արդեն ներծծվել էին ափիս մեջ:
    Նորից արշալույս, նորից վերջալույս: Ես քայլում էի ճակատագրական հարվածին հանդիման՝ բնավ չգիտակցելով: Հանդարտ անցնում էի ծառուղով՝ հայացքով փնտրելով իմ թվացյալ կեսին, որն ինձ համար այնպիսի անակնկալ էր պատրաստել, որ իր ուժգնությամբ չէր հավասարվի ահեղ փոթորկին կամ անխիղճ ջրհեղեղին, որն ամեն ինչ սրբում, լվանում է՝ առանց հետք թողնելու, իսկ անակնկալը հետքեր թողեց, ավաղ:
    Ահա և նա՝ իմ առեղծվածը, գրկեց ինձ, կարոտով սեղմեց կրծքին ու համբուրեց, ապա նայեց աչքերիս ու կարկամեց: Ես զգացի հրաժեշտի սարսուռը, դողդոջ մատներս սահեցրի նրա դեմքի վրայով՝ սառը, անարյուն: Երկար լռությունը կոտրեցի վերջապես.
    -Ի՞նչ տագնապներ ես ներսդ թաքցնում:
    -Խոսելու բան կա, քա՜ղցրս:
    -Էդքան լուրջ է՞, լավ, խոստանում եմ մի կերպ դիմանալ:
    -Սիրում եմ քեզ, գիտես չէ՞:
    -Համարյա,-կեղծ ժպտալով հազիվ պատասխանեցի:
    -Ես ստիպված պիտի մեկնեմ, դու էլ գիտես, որ չեմ ուզում, ինչքան բան է ինձ կապում էստեղի հետ:
    -Ի՞նչ ես դուրս տալիս, երբ սիրում են, չեն լքում: Քո հերթական կատակներն ե՞ն, դեռ դիմանում եմ:
    -Ինչու ես էդքան լավը, ինչու քո անունը Քաղցր չեն դրել:
    Կրկին լռություն, խոցող լռություն, որն ամպրոպի պես ճայթեց սրտումս ու պիտի առատ անձրևեր:

    -Ատում եմ էս պահը, բայց եկել եմ հրաժեշտ տալու. գործերով պիտի Ռուսաստան մեկնեմ, չգիտեմ՝ երբ կգամ:
    -Մեկնում ե՞ս… Չգիտես ե՞րբ… Իսկ ես, քո սերը…
    Իմ հոգում ամեն ինչ տակնուվրա եղավ, սիրտս սկսեց անկանոն բաբախել, միտքս մոլորվեց: Ինձ ցնցեց նրա դժնի անակնկալը, որը ծանր մահակի նման իջավ թիկունքիս: Կանգնած տեղումս արձանացա ու մի ներքին ուժով սկսեցի մենախոսել.
    -Ո՞վ քեզ թույլ տվեց, առանց բախելու սրտիս դռները, ներս մտնել ու հարմար տեղավորվել: Մի՞թե լեզուդ ավելի զորեղ էր, քան հոգիդ, կամ գուցե ես նվաստացա քո առաջ՝ բացելով սիրտս, որն անառիկ էր, ամրակուռ մի բերդ, բայց դու նենգաբար մտար ու ավերեցիր այն, ինչ ստեղծվել էր քո շնորհիվ… Ինչու՜, ինչու՜… Դուրս արի իմ փխրուն սրտից, դու արժանի չես այնտեղ հանգրվանելու, ատում եմ քեզ. սա էր իմ հրաժեշտի խոսքը :
    Գիշերը երկար էր, անվերջանալի, ու թվում էր՝ լույս չի բացվելու: Ես գիտեի, որ հպարտությունս թույլ չի տա ինձ ընկճվել, ետ նայել ու սգալ կորցրածիս համար: Դա իմ առաջին կորուստն էր, այո՛, բայց ես սովոր եմ շատ գտնել, քիչ կորցնել և կորցրածս էլ չփնտրել:
    Հետադարձ հայացք գցելով իմ ապրածին՝ չեմ փոշմանում ոչնչի համար ու չեմ էլ մեղադրում ո՛չ ինձ, ո՛չ նրան. ես զգացել եմ այն, ինչին շատերը ունակ չեն՝ սիրո թրթիռներ, վսեմ անուրջներ, տեսել եմ գույներ, լսել եմ ձայներ, որ լինում են միայն հեքիաթում, որը միշտ բարի ավարտ է ունենում: Եվ հիմա էլ, երբ հիշում եմ իմ ապրած քաղցր դառնությունը, ժպտում եմ ու ինքս ինձ ասում՝ գուցե բարին էլ դա էր:

    2007թ․
    Վերջին խմբագրող՝ manush: 29.05.2017, 11:56:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մասնակից Նունե Մարգարյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Իրինա, շատ հուզիչ և գեղեցիկ սիրո պատմություն է:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    282
    Հեղինակության աստիճան
    1
    Երջանկությունն այն է , երբ պատրաստ ես երջանիկ լինելու …Դուք դրան պատրաստ եք եղել Իրինա ջան, հետաքրքիր պատմություն էր, համոզված եմ շարունակություն կլինի …

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան is on a distinguished road Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    33
    Գրառումներ
    269
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալ եմ, Ալվարդ ջան, հուսով եմ մի օր մուսաս էլի կգա:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #5
    Ավագ մասնակից Օլգա Հայրապետյան is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Իրինա,շատ ռոմանտիկ նովել է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները