+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Դիդակտիկ նյութերի օգտագործումը տարրական դասարաններում

  1. #1
    Սկսնակ մասնակից Ruzan.G is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0

    Դիդակտիկ նյութերի օգտագործումը տարրական դասարաններում

    Ժամանակակից դպրոցը, ինչպես երբևէ, ապրում է լուրջ հեղաշրջում: Հնրակրթական դպրոցի բարեփոխումները կոչված են պատանիներին ու աղջիկներին զինել սովորելու, աշխատելու, մտածելու կարողություններով և հմտություններով: Իսկ այդ բոլորի հիմքը դրվում է տարրական դասարաններում: Տարրական դպրոցը այն հիմնաքարն է, որի վրա է հետագայում բարձրանում շենքը: Այդ է պատճառը, որ դպրոցական բարեփոխումները անդրադարձան հատկապես տարրական դասարաններում ուսումնադաստիարակչական պրոցեսի կատարելագործմանը:
    Բարեփոխումների առաջ քաշած դրույթներն իրականացնելու գործում կարևոր դեր ունի ուսուցիչը: Նա պետք է ստեղծագործի, նրա միտքը պետք է լինի պրպտող ու հետազոտող: Ժաամանակակից դասը արդյունավետ դարձնելու համար ուսուցիչը պետք է ծանոթ լինի մանկավարժական գիտության նորագույն նվաճումներին և առաջավոր ուսուցիչների ուսանելի փորձին, ստեղծի իր աշխատանքային սեփական «դարբնոցը»: Այսօր տարրական դասարանների ուսուցիչները վերանայում են իրենց փորձը, որոնում ուսուցման նորանոր ձևեր և մեթոդներ, վերակառուցում դասի պրոցեսը: Այսօրվա ուսուցիչը իր ձեռքի տակ ունի բազմազան միջոցներ, որոնցով կարելի է ուսուցումը դարձնել հետաքրքիր ու բովանդակալից:
    Բնական է, որ ամեն ինչի մասին հնարավոր չէ այստեղ հանգամանորեն խոսել, քանի որ աշխատանքներն անընդհատ կատարելագործվում, հագենում են նոր տարրերով ու ձևերով, տեխմիջոցներով, ինքնաշեն նյութերի հարստացմամբ, երեխաների հետ տարվող փորձարարական զանազան բնույթի աշխատանքներով:
    Այնուհանդերձ ես գտնում եմ, որ այն, ինչի մասին ես կխոսեմ, կարող է օգտակար լինել իմ գործընկերներին, նոր, գործնական մտքեր հուշել նրանց, ի վերջո, խորհելու, գուցե և բանավիճելու առիթ կտաս, որոնք, իմ կարծիքով, կնպաստեն ընդհանուր ու միասնական նպատակի իրականացմանը՝ հայրենիքին տալու ժամանակակից, կրթված ու դաստիարակված սերունդ:
    Միջոցների բազմազանության մեջ իր անփոխարինելի տեղն ու դերն ունեն ուսուցման զննական պարագաները: Ինչ խոսք, այժմ շատացել են դիդակտիկ նյութերը, սակայն այսպես թե այնպես, կարիք է զգացվում սեփական մեթոդական զինանոցը հարստացնել ինքնաշեն դիդակտիկ նյութերով:
    Այս աշխատանքում ներկայացնում եմ այն ինքնաշեն դիդակտիկ նյութերը, որոնք ստեղծվել են իմ կողմից և օգտագործվել տարրական դասարանների մաթեմատիկայի, մայրենիի և ես և շրջական աշխարհի ընթացքում:
    Իմ ստեղծած դիդակտիկ նյութերն օգտագործում եմ թվագրության, պարզ, բաղադրյալ, հակադարձ խնդիրներ կազմելու, քերականության, ուղղագրության, խոսքի զարգացման, բառապաշարի հարստացման, աշակերտների ինքնուրույնության, գեղագիտական ճաշակի զարգացման համար և այլն:
    Դասավանդվող բոլոր առարկաները այս կամ այն չափով իրենց մեջ պարունակում են գեղագիտական տարրեր: Գեղագիտական դաստիարակությունը գեղեցիկի զացմունքի դաստիարակումն է, գեղեցիկի ընկալումն է, բարձր ճաշակի զարգացումը, որ շատ կարևոր դեր ունի մատաղ սերնդի դաստիարակության գործում: Որպես դասվար իմ առաջակարգ խնդիրն է եղել երեխաների մեջ զարգացնել գեղեցիկը տեսնելու կարողություն բնության մեջ, արվեստում, մարդկային հարաբերություններում, ընդհանրապես շրջապատում, այնտեղ, որտեղ ապրում և սովորում են իմ աշակերտները և դրա հիման վրա երեխաների մեջ դաստիարակել ազնվություն, բարություն և հոգու գեղեցկություն: Երեխաների գեղագիտական ճաշակը մենք զարգացնում ենք բոլոր առարկաների դասավարդման ժամանակ բազմաթիվ միջոցներով և հնարքներով: Ուսուցչի խոսքը, իմ կարծիքով, քաղաքական ,գաղափարախոսական, դաստիարակչական զենք է: Նա գործ ունի դեռ չկազմակերպված էակի հետ, նա ձևավորում է աճող սերնդի հոգեկան աշխարհը: Սակայն, որքան էլ խոսքը հարուստ և տպավորիչ լինի, աշխատանքը շահում է, եթե այն ուղեկցվում է զննական նյութերով: Հանրահայտ ճշմարտություն է, որ կրտսեր դպրոցականների մտածողությունը կոնկրետ է, հետևաբար զննականությունը կօգնի նրանց յուրացնելու մատուցվող նյութը: Ուսուցանվող նյութը ավլի մատչելի, դյուրըմբռնելի և հաճելի դարձնելու համար ուսուցիչը դասարան է մտնում դիդակտիկ նյութերով զինված:
    Այդ նյութերը զարգացնում են նաև երեխայի երևակայությունը, ճաշակը, նպաստում բառապաշարի հարստացմանը, տալիս աշխարհաճանաչողական գիտելիքներ:
    Դիտումները ցույց են տալիս , որ մանկական հոգեբանությանը մոտ ու հարազատ նկարները մեծ ներգործություն են թողնում նրա վրա: Նկարները առիթ, որ երեխաները դիտելու միջոցով շատ առարկաներ տեսնեն, վերհիշեն դրանց հատկանիշները, կապը, դասավորության հերթականությունը և այլն: Նկարներ դիտել՝ նշանակում է դիտել առարկաներ և երևույթներ, այսինքն՝ սովորել բառեր, քանի որ յադ առարկաներ ունեն անուններ, նշանակում է՝ կարողանալ հաշվել դրանով կատարել մաթեմատիկական տարբեր գործողություններ, կազմել խնդիրներ, տարբերել գույները և այլն: Նկարները նպաստում են ուսուցման պրոցեսում սովորողների արդեն ունեցած կենսափորձի օգտագործմանը:
    Ուսուցման ընթացքում՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, մենք ձգտում են դրանց ընտրության մեջ դրսևորել առավելագույն ստեղծագործական մոտեցում՝ առանձնապես ուշադրություն դարձնելով աշակերտների ինքնուրույնությանը և ստեղծագործական ակտիվությանը:
    Ուսումնասիրելով մաթեմատիկան՝ տարրական դասարանների աշակերտները յուրացնում են մի շարք բարդ հասկացություններ՝ հավասարությունը, անհավասարություն, թվային կարգեր, դասեր, բազմանիշ թվեր, հայտանիշ և այլն: Կրտսեր դպրոցականների համար շատ դժվաշ է պատկերացնել այդ բոլորը առանց համապատասխան դիտակտիկ նյութերի: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ես ստեղծել եմ բազմաթիվ դիդակտիկ նյութեր, որոնք նպաստում են թեմաների յուրացմանը: Խոսեմ առաջինի մասին: Դա նկար-պաստառ է՝ առաջինից չորրորդ դասարանների մաթեմատիկայի դասերին օգտագործելու համար: Այն հնարավոր է օգտագործել մաթեմատիկայի ծրագրային համարյա բոլոր նյութերի ուսուցման ընթացքում:
    Պաստառը կազմված է երեք ուղղաձիգ, ինքնուրույն մասերից: Պաստառի ձախ, աջ և ներքևի մասում պատրաստված են գրպանիկներ, որտեղ տեղավորված են շարժական, բազմազան գունավար նկարներ, թվեր, մաթեմատիկական տարբեր գործողություններ նշաներ, երկրաչափական պատկերներ: Գրպանիկներում դրված են նաև առանձին բառեր՝ կար, վերցրին, նվիրեցին, անջատեցին, կերան, բերեցին, գինը, քանակը, զանգվածը, ծավալը, գումարելի, գումար, արտադրիչ, արտադրյալ, նվազելի, հանելի, տարբերություն, բաժանելի, բաժանարար, քանորդ և այլն: Այս բառերը հնարավորություն են տալիս պաստառի վրա կատարել տարբեր տիպի խնդիրների կազմում, համառոտագրում: Պաստառի մեջտեղի մասի երեք տողի վրա կարելի է տեղադրել բառերը, թվերը, տառերը և նկարները: Պաստառի վրա կարելի է կատարել բազմապիսի աշխատանքներ՝ սկսած թվերի ուսուցումից մինչև բաղադրյալ խնդիրների լուծումը: Պաստառի վրա փակցում եմ նկարներ և պահանջում եմ աշակերտներից կազմել խնդիր և լուծել գրավոր կամ բանավոր: Այս առաջադրանքի նպատակն է՝ ստուգել, թե ինչպես են երեխաները օգտվում պաստառից, ինչպիսին է գիտելիքների մակարդակը, ակտիվացնել ուշադրությունը, խնայել ժամանակը և բարձրացնել ուսուցման արդյունավետությունը: Շատ առաջին դասարանցիներ, գալով դպրոց, րդեն գիտեն հաշվել տասի սահմանում գումարել և հանել: Բայց կան երեխաներ, որ առանց դիդակտիկ նյութերի չեն կարողանում կատարել անգամ ամենապարզ մաթեմատիկական գործողություններ: Նրանք չեն կարողանում համեմատել թվերը, իսկ, եթե, ցուցադրվում են նկարներ, երկրաչափական պատկերներ, ապա ամենաթույլ երեխան անգամ կարողանում է հաղթահարել դժվարությունները: Առաջին տասնյակի սահմանում գիտակցորեն հաշվելը հետագա հաշվման և մաթեմատիկական չորս գործողություններ կատարելու հիմքն է: Հարկավոր է միշտ հիշել, որ նոր անծանոթ տեքստի վարժությունը ավելի շատ հետաքրքրություն է առաջացնում երեխաների մեջ, քան սովորական աշխատանքը:
    Պաստառը օգնում է բազմաբնույթ աշխատանքներ կազմակերպելուն: Միևնույն ժամանակ պաստառի օգնությամբ աշխատելիս անհրաժեշտ է անպայման խոսել, բացատրել: Ինչ խոսք, երեխաները սիրում են գրատախտակի մոտ աշխատել, պաստառի մոտ նրանք խոսում են ավելի համարձակ: Իսկ դա շատ կարևոր է: Պետք է անպայման հենց առաջին իսկ մաթեմատիկական գործողությունը կատարելիս խոսեցնել երեխաներին:
    «Թվագրություն» թեման սովորելիս երեխաները, կատարելով պրակտիկ գործողություններ, միացնում են երկու առարկաների բազմազանություններ, հեռացնում են բազմության մասերը, գտնում են բազմությունների քանակը: Առարկաների նկարների վրա տարվող այսպիսի աշխատանքները հիմք են ծառայում թվագրությունը, թվաբանական գործողությունները, թվերի համեմատությունները լավ յուրացնելուն: Այստեղ երեխաները օգտագործում են թվային քարտեր և երկրաչափական պատկերների հավաքածուներ:
    Մաթեմատիկայի ծրագրի հիմնական խնդիրներից է նաև գումարման աղյուսակի յուրացումը: Անվիճելի է դրա կարևորությունը ծրագրային հետագա նյութի յուրացման գործում: Սովորաբար առաջին դասարանցիները հաճույքով և հեշտությամբ են յուրացնում այդ թեման: Այնուամենայնիվ, այս ուղղությամբ դիդակտիկ նյութերի կարիք է զգացվում:
    Ամենաբարդ մեթոդական հարցերից է 1ից 4-րդ դասարաններում թվաբանական խնդիրների լուծումը (պարզից բարդ), որին բավականին մեծ տեղ է տրված: Այս աշխատանքը ամուր հիմքի վրա դնելու համար նախ և առաջ անհրաժեշտ է աշակերտներին սովորեցնել հասկանալ խնդրի պահանջը և ըստ հաջորդականության որոշել, թե ինչ է անհրաժեշտ այդ պահանջը կատարելու համար: Այստեղ էլ աշխատանքն արդյունավետ են դարձնում դիդակտիկ նյութերը: Եվ ահա օգտագործում եմ մի այսպիսի պաստառ, որի ուղղաձիգ երեք բաժինները հնարավորություն են տալիս ակնառու կերպով համառոտագրել խնդրի պայմանը՝ նկարներ ցուցադրելով, աղյուսակ կազմելով և այլն: Յուրաքանչյուր ցուցադրամիջոց ունի իր նշանակությունը: Ուսուցիչն ինքը պետք է ընտրի այդ ձևերից առավել արդյունավետը՝ նկատի ունենալով այն, թե որն ավելի շուտ կյուրացնի աշակերտը:
    Երեխաները առանձնապես հաճույք են ստանում այն խնդիրներից, որտեղ կարիք է զգացվում կազմել հավասարումներ: Տարբեր նկարներով երեխաներին առաջադրվում է կազմել խնդիրներ և լուծել: Նրանք պաստառի վրա կարողանում են արագ կազմել տրված խնդրի հակադարձ խնդիրները:
    Եթե երեխաները թվերով դժվարանում են կազմել հավասարումներ, այդ դեպքում օգնության է գալիս պաստառը, որի վրա նկարների օգնությամբ երեխաները ավելի շուտ են կարողանում հասկանալ, կազմել և լուծել հավասարումները:
    Պաստառի վրա հաճախակի եմ կազմում խնդրի պայմանը և երեխաներին առաջարկում լուծել: Աշակերտները տրված խնդիրները լուծում են յուրովի, տարբեր եղանակներով՝ առանձին գործողություններով, արտահայտություն կամ հավասարում կազմելով: Երբ նպատակ եմ դնում ստուգելու, թե ով որ տարբերակով կամ եղանակով է լուծել, ապա իմ հրահանգով նրանք բարձրացնում են իրենց մոտ եղած ազդանշանային քարտերը: Կարճ ժամանակում կարողանում եմ պարզել, թե աշակերտներն ինչպես են լուծել առաջադրված խնդիրը: Նրանք կարողանում են բանավոր բացատրել խնդրի բովանդակությունը, ասել, թե ինչն է անհայտ և ինչպես իմացան գինը, քանակը, արժեքը և այլն:
    Հայտնի է, որ սովորողները լավ են յուրացնում այն նյութը, որը նախապատրաստվում և դժվարությունը հաղթահարվում է անմիջականորեն, իրենց ուժերով: Այս իմաստով շատ օգտակար է դիդակտիկ նյութերի պատրաստումը երեխաների ուժերով: Նրանք ավելի են հետաքրքրվում ուսուցվող նյութով:
    Դասերի ընթացքում երեխաների ուշադրությունը զարգացնելու համար պաստառի վրա դնում եմ երկրաչափական տարբեր գույնի և չափսի պատկերներ: Հանձնարարում եմ ուշադիր նայել, ապա ծածկում եմ վարագույրով և առաջարկում նկարել նույն պատկերները նույն հերթականությամբ, մեծությամբ և գույնով: Հետագայում այսպիսի աշխատանքը ավելի եմ բարդացնում, ավելացնում պատկերների թիվը, փոփոխում նրանց չափերը:
    Նմանօրինակ աշխատանքները, տարբեր տիպի խնդիրների լուծումը նպաստում են ոչ միայն մաթեմատիկական մտածողության և ինքնուրույն աշխատանքի ձևավորմանը, այլև ծառայում են մաթեմատիկայի հիմնական դասընթացն ամրապնդելուն: Պաստառի վրա կատարվող աշխատանքներն ակնհայտորեն օգնում են երեխաներին, նրանց ճաշակը զարգացնելուն, ժամանակը ռացիոնալ օգտագործելուն, սեր առաջացնում առարկայի նկատմամբ, գրավում ուշադրությունը, զարգացնում ինքնուրույնությունը և ստեղծագործական ակտիվությունը ուսուցման պրոցեսում: երեխաները աշխուժանում են, ակտիվանում է նրանց ճանաչողական հետաքրքրությունը, մեծանում են ուսումնական դրդապատճառները:
    Այժմ կանգ առնեմ մի քանի դիդակտիկ նյութերի նկարագրության վրա, որոնք մշակել և օգտագործում եմ մայրենիի դասերին:
    Մայրենիի ուսուցման խնդիրներից է զարգացնել աշակերտների բանավոր և գրավոր խոսքը, մտածողությունը, բարձրացնել նրանց մակարդակը, նրանց մեջ դաստիարակել աշխատասիրություն և այլն:
    Որպես հաղորդակցական միջոց լեզվական գիտելիքները հիմք են տալիս աշակերտների աշխարհայացքի ձևավորմանը, քերականական գիտելիքների ուսուցմանը և ուղղագրական հմտությունների մշակմանը: Հնարավորություն է ստեղծվում քերականորեն և ոճաբանորեն ճիշտ, բովանդակալից արտահայտել մտքերը բանավոր խոսքում և ճիշտ ուղղագրությամբ՝ գրավոր խոսքում:
    Այս բոլորին կարելի է հասնել աստիճանաբար: Օրեցօր պետք է հարսացնել աշակերտի բառապաշարը, օգնել ճիշտ կազմելու նախադասություններ, փոքրիկ պատմվածքներ, վերարտադրել կարդացածը, դիտած նկարի բովանդակությունը և այլն: Այդ ամենին հասնելու համար կան զանազան միջոցներ: Մեծ նշանակություն ունեն դասերին օգտագործվող նյութերը, որոնք պետք է լինեն բովանդակալից և ունենան գեղարվեստական արժեք: Կարևոր է դասերին օգտագործել տարբեր բնագավառի վերաբերող բառեր, այսինքն՝ դպրոցական կյանքից, երկրի իրադարձություններից, մարդկանց փոխհարաբերություններից, կենդանական և բուսական կյանքից և այլն: Տարրական դասարաններում իմ տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ առաջին հերթին անհրաժեշտ է երեխաների մեջ սեր առաջացնել մայրենի լեզվի և գրականության նկատմամբ: Իսկ այդ պետք է իրականացվի ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ որոշակիորեն մշակված համակարգով, գիտականորեն, մանկավարժորեն և հոգեբանորեն հիմնավորված մեթոդական հնարքներով:
    Այստեղ տեղին է նշել Ա. Տեր- Գրիգորյանի խոսքը. «Լավ տիրապետել մայրենի լեզվին՝ նշանակում է կարողանալ լավ օգտվել նրա հրաշալի գանձերից, այն միջոց դարձնե աշխարհը ճիշտ ճանաչելու, անընդհատ զարգացնելու ու կատարելագործելու համար»:
    Աշակերտների խոսքի զարգացումը մայրենի լեզվի տարրական դասընթացի, նրա առանձին բաժինների (գրաճանաչության, ընթերցանության, ուղղագրության, քերականության) հիմնական նպատակն է: Խոսքի զարգացումը սկսվում է հենց գրաճանաչության շրջանից: Գաղտնիք չէ, որ երեխաներին միշտ գրավում է գեղեցիկը: Գրաճանաչության շրջանն ավելի բովանդակալից և հետաքրքիր դարձնելու համար կազմեցի յուրաքանչյուր տառի համար առանձին պաստառ:
    Պաստառի վերևից ձախ անկյունում գրված են տպատառ և ձեռագիր (մեծատառ և փոքրատառ) տառերի նմուշները: Ամբողջ ստվարաթղթի վրա փակցված են նկարներ, որոնց անվան սկզբում, բառամիջում կամ վերջում կան այդ տառերը: Ո՞րն է նպատակը. Նախ անցնեով տառը՝ երեխան ծանոթանում է նրա տպագիր և ձեռագիր գրությանը, կարողանում է ասել ցուցադրված նկարների անունները, ապա լրացնել չիմացածը: Աշակերտը կարողանում է այդ բառերով կազմել կապակցություններ, դրանք օգտագործել նախադասության մեջ, գտնում է այդ բառերի հոմանիշը, հականիշը, մի քանի նկար իրար կապելով՝ կազմում է փոքրիկ պատմություններ: Այդ պաստառները շատ են օգնում երեխաների բառապաշարը հարստացնելուն: Նրանք սովորում են բազմաթիվ նոր բառեր դպրոցական կյանքի, ընտանիքի, գիտության և այլ բնագավառների վերաբերյալ:
    Այսպիսի աշխատանքը մեծ բավականություն և հաչույք է պատճառում երեխաներին: Նրանք լրացնում են, օգնում իրար, պատմում տեսածը յուրովի, և զգացվում է, թե ինչպես օր-օրի հարստանում ու կատարելագործվում է նրանց խոսքը: Բացի բանավոր խոսքի զարգացումից, զարգանում է նաև աշակերտների գեղագիտական ճաշակը: Նրանք տեսնում են գեղեցիկ, գունազարդ նկարներ, ասում առարկայի գույնը, թվում, թե էլ ինչ գույնի կամ մեծության կարող է լինել այդ առարկան:
    Ետայբբենական շրջանի նպատակն է նաև ձեռք բերած գիտելիքների ու կարողությունների հետագա խորացումն ու ամրապնդումը: Այս շրջանը նախապատրաստական ու գրուսուցման շրջաններից տարբերվում է իր բովանդակությամբ և իր մեթոդներով: Ուստի աշխատանքը շարունակում եմ վերը նշված պաստառի օգնությամբ: Ցույց եմ տալիս որևէ նկար կամ նկարների շարք, իսկ աշակերտները պետք է անվանեն դրանք, կազմեն բառակապակցություններ կամ գրեն շարադրություն: Բերեմ մի քանի օրինակ.
    1. Վարդուհին մայրիկի օգնականն է: Նա դույլով ջուր է բերում, լվացք անում, արդուկում շորերը: Գործն ավարտելուց հետո նա երեխաների հետ գնդակ է խաղում:
    2. Սարգսի հայրիկը դարբին է: Նա ամբողջ օրն աշխատում է իր դարբնոցում: Սարգիսն ամեն օր իր հայրիկի համար ճաշ է տանում: Հայրիկը շատ գոհ է իր տղայից:
    Գրաճանաչության նախապատրաստական շրջանում երեխաները ստանում են որոշակի լեզվական նախագիտելիքներ և հասկացություններ, որոնք անհրաժեշտ են նրանց ինչպես գրաճանաչության ուսուցման, այնպես էլ՝ տրամաբանական մտածողության զարգացման համար: Յուրաքանչյուր թեմայի համար ստեղծել եմ փոքր նկար-պաստառներ, որոնք օգտագործում եմ աշակերտների ինչպես ինքնուրույն, այնպես էլ խմբային աշխատանքների համար: Նախապատրաստական շրջանում այդ թեմատիկ և առարկայական նկարների ու գծային մոդելների օգնությամբ երեխաներին գաղափար եմ տալիս միավանկ ու բազմավանկ բառերի, վանկը բաղադրող հնչյունների, նախադասության, նախադասության կազմի մեջ մտնող բառերի, տողադարձի ժամանակ գաղտնավանկ ը-ի և բառամիջում և ունեցող բառերի մասին:
    Երեխաներին բաժանում եմ մարդկանց կամ կենդանիների կատարած գործողություններ պատկերող նկարներ: Ստանալով նկարները՝ աշակերտներս կազմում են նախադասություններ, գրում և ընդգծում են նախադասության գլխավոր և երկրորդական անդամները:
    Խմբային աշխատանքի ժամանակ խմբերին բաժանում են առարկայական նկարներ և պահանջում, որ նրանք տան առարկայի ճիշտ անվանումը, գտնեն հոմնիշը, ասեն, թե քանի վանկանի բառ է, քանի հնչյուն և տառ ունի այն: Կամ երեխաներին բաժանում են քարտեր, որոնց վրա գրված են բառեր: Երեխան բարձրաձայն կարդում է բառը, ասում է, թե տվյալ բառը ինչ է ցույց տալիս՝ առարկա, հատկանիշ, թե գործողութուն: Ապա այդ բառով կազմում են բառակապակցություններ և նախադասություններ կամ կապակցված տեքստ:
    Այսպիսի աշխատանքի նպատակն է երեխաներին սովորեցնել նախադասություն կազմել, զարգացնել խոսքը, հարստացնել բառապաշարը, դաստիարակել սեր և հպարտություն դեպի հայրենիքն ու ժողովուրդը:
    Այս կամ այն ուղղագրական կանոնի յուրացումը ստուգելու համար սովորողներին բաժանում եմ մեկական նկար-քարտ: Երեխաները գրում են դրանք անվանումը և փոխանցում իրար(առանձին շարքերով): Փոխանցելով իրար՝ յուրաքանչուր երեխա իր տետրում գրում է մոտավորապես 12-14 բառ: Ավելի լավ սովորողներին հանձնարարում եմ գրված բառերով կազմել 4-5 նախադասություն կամ գրել համապատասխան հանելուկ, ասացվածք:
    Տարրական դասարններում մայրենիի դասերի ամենահիմնական նպատակներից մեկը կարդալու տեխնիկայի կատարելագործումն է: Լավ կարդալ նշանակում է կարդալ հասկանալով, պարզ, հստակ, բնական խոսքի արագությամբ, ճիշտ արտահայտել գործող անձերի հոգեվիճակները, զգացմունքները, մտքերը:
    Հասկանալով այս բոլորի նշանակությունը՝ ուսոցիչը կարդալու տեխնիկայի վրա պետք է հստակ ուշադրություն դարձնի: Անհրաժեշտ է այս աշխատանքը սկսել հենց 1-ին դասարանից: Այդ նպատակով ըստ դասարանների ստեղծել եմ հատուկ քարտեր, որոնք օգտագործում եմ բանավոր կամ գրավոր աշխատանքից խնայված րոպեների հաշվին: Երեխաներին բաժանում եմ քարտերը, որտեղ գրված են փոքրիկ, մատչելի տեքստեր: Աշակերտն անծանոթ տեքստը կարդում է առանց դրան նախապատրաստվելու: Այսպիսի աշխատանքի նպատակն է ստուգել երեխաների կարդալու տեխնիկան, պարզել, թե աշակերտը մեկ րոպեում քանի բառ է կարդում: Ապա առաջադրանքը ավելի եմ բարդացնում, առաջարկում եմ պատմել կարդացածի բովանդակությունը, բացատրել անծանոթ բառերը և ասել, թե ինչ բառերով կարելի է այն փոխարինել, ինչ տրամադրությամբ պետք է կարդալ և այլն:
    Այսպիսի աշխատանքները ուսումնական տարվա տարբեր ժամկետներում միանգամայն տարբեր դրսևորումներ են ունենում:
    Այսպիսով, գալիս եմ այն եզրակացության, որ ճիշտ կազմված և մեթոդապես հիմնավորված դիդակտիկ նյութերը ժամանակին և նպատակային օգտագործելու դեպքում ուսուցանվող նյութը դառնում է դյուրամարս, դասն անցնում է հետաքրքիր, մեծանում է սովորողների ճանաչողական ակտիվությունը, ուսուցումը դառնում է արդյունավետ:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AnnaBalyan (17.02.2017), AsyaY (18.02.2017), gayane0803 (17.02.2017), Սվետլանա Քոչինյան (01.03.2017), Ռուզաննա Խաչատրյան (18.02.2017)

  3. #2
    Մասնակից AnnaBalyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2016
    Հասցե
    ք.Չարենցավան
    Տարիք
    41
    Գրառումներ
    76
    Հեղինակության աստիճան
    2
    Դիդակտիվ նյութերի օգտագործումը անհրաժեշտ է բոլոր դասարաններում և բոլոր դասաժամերին,բայց հատկապես մեծ է նրա կիրառումը տարրական դասարաններում:Հետաքրքիր թեմա եք սկսել Ռուզաննա ջան:Շարունակեք:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #3
    Ավագ մասնակից AsyaY is on a distinguished road AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    137
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկեր կարծում եմ,որ աշակերտների օգնությամբ պատրաստած դիդակտիկ նյութերով անցկացված դասը էլ ավելի հետաքրքիր կլինի աշակերտների համար և կնպաստի դասարանի բոլոր աշակերտների ստեղծագործական ակտիվությանը:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (22.02.2017), Ռուզաննա Խաչատրյան (19.02.2017)

  7. #4
    Սկսնակ մասնակից gabi is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2017
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորակալություն Ռուզաննա ջան, թեման հետաքրքիր է:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (22.02.2017)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները