Մարդկային արժեքներին երեխայի հաղորդակցման հիմք են հանդիսանում բարոյագիտական առանձնահատուկ գիտելիքները և ուսուցման ողջ համակարգի դաստիարակչական – բարոյագիտական ուղղվածությունը: Երեխային այդպիսի հնարավորություն է ընձեռնում խաղը, որի միջոցով ի հայտ է գալիս համագործակցության ու փոխօգնության իրական արժեքը: Խաղի ընթացքում տեղի է ունենում ակնկալիքների ճշտում, որոշ արարքների իմաստի գիտակցում , տրվում է ընդունված որոշումների արդարացի գնահատականը, և լուծվում են վեճերն ու կոնֆլիկտները:
Խաղային գործընթացը մեր կողմից դիտարկվում է որպես վարքի փորցառության հավաքագրման, կշռադատման ընդհանրական միջոց, երեխայի բարոյական և սոցիալական ձգտումների հիմնական բաղկացուցիչների ձևավորում:Խաղի ընթացքում տիրապետող է զգայական այնպիսի մթնոլորտը, որը նպաստում է երեխայի ապրումակցային խառնվածքի, այն է' ուշադրության , նրբազգացության, հոգատարության, պատրաստակամության, բարյացկամության, արդարացիության ձևավորմանը: Այս ամենը միավորում է Բարություն հասկացության մեջ:Խաղը երեխային դարձնում է գործուն սուբյեկտ, նպաստում անվստահ, կախյալ, վախկոտ երեխաների անհատական աճին և զարգացմանը:
Զգայական, զարգացնող, գեղարվեստական և դերային խաղերը երեխայի համար համարվում են իր իսկ ուսուցման և դաստիարակման համակարգաստեղծ բաղկացուցիչների մի մասը:
Մշակվել է խաղերի մի ամբողջ համակարգ, որն ապահովում է տարիքային բոլոր խմբերի երեխաների բարոյագիտական մշակույթի դաստիարակման գործընթացի համընդհանուր գիծը: Նախապատվությունը տրվում է այն խաղերին, որոնք սովորեցնում են, ամրապնդում, վարժեցնում և արտացոլում երեխաների սոցիալական փորձը:
Նախադպրոցական տարիքի երեխաների բարոյագիտական դաստիարակության առաջին աստիճանում առաջատար են համարվում զարգացնող խաղերը: Դրանցից են այն խաղերը, որոնց կարևոր կառուցվածքային բաղադրիչներն են առարկաների հետ գործողության բնույթն ու կերպը, համագործակցության միջոցներն ու ձևերը, մարդկանց հետ շփումն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Այս խաղերի նպատակը ոչ միայն գիտելիքների սովորական փոխանցումն է,այլև երեխաների ակտիվ, գիտակցված գործունեությունը, հոգեկան որոշակի գործընթացների զարգացումը, սոցիալական կարևոր փորձի փոխանակումը:
Զարգացնող շատ խաղեր են ստեղծվել մանկավարժների կողմից: Դրանց մշակումն ու խմբավորումը իրականացվել են «բարություն» բավականին տարողունակ հասկացության գործնական դրսևորումների և երեխաների անհատական առանձնահատկությունների հաշվառմամբ:Այս առումով էապես կարևորվում են բարոյագիտական հետևյալ հասկացությունների բովանդակային բացահայտումներն ու պարզաբանումները.
Բարյացկամություն' դիմացինին հաճելին պարգևելու կարողություն հետևյալ միջոցներով.
. բարյացկամ վերաբերմունք,
. հյուրասիրություն,
. խաղալիքների առաջարկում,
. ծննդյան տարեդարձի և այլ տոների շնորհավորանքներ,
. ծառայությունների մատուցում,
. հաճոյախոսություններ:
Պատրաստակամություն' ուրիշների հետ միասին ուրախության և տխրության պահերը վերապրելու կարողություն հետևյալ միջոցներով.
. արձագանքել խնդրանքին, դիմումին և այլն,
. դժվարությունների հաղթահարման նպատակով օգնության ցուցաբերում,
. անհանգստության թոթափում' կարեկից խոսքի, միասին խաղալու,նկարելու,
Հասակակիցներից որևէ մեկի տուն հրավիրելու առաջարկներ:
Ուշադրություն'տագնապները նկատելու և հասկանալու կարողություն հետևյալ միջոցներով.
• « հեռացնել» զգայական անհանգստությունը դեմքից և ամբողջ կեցվածքից
• Ոչ ցայտուն արտահայտված անհանգստության նկատում և ընկալում,
Վատ տրամադրության, ցրվածության , գործունեության մեջ անհաջողության հաղթահարմանը միտված քայլեր:
Հոգատարություն ' օգնության ցուցաբերում հետևյալ միջոցներով.
• Կռահել օգնության կարիքը և համապատասխան գործողություններ ձեռնարկել,
• Վառ արտահայտված ցանկությամբ ցուցաբերել հոգատարություն «օգնել հագնվել, անկողին պատրաստել, խաղալիքները հավաքել և այլն»,
• Արթնացնել որևէ առաջադրանքի կատարման ցանկություն:

Արդարություն ' հասակակիցների հետ հավասարության իրավունքների ճանաչում հետևյալ միջոցներով.
• Համագործակցությունից բխող բերկրանքի ճաշակման զգացողություն,
• Առաջատար դերի կատարման ուրախության պատճառում,
• Սեփական կարծիքը պաշտպանելու ձգտում,
• Որևէ գործընթացում բախումային իրավիճակի արդարացի լուծում:
Խաղերն ընդգրկում են տարբեր աստիճանի բարդության առաջադրանքներ, որոնք և հնարավորություն են ընձեռնում դրանք ընդունելի դարձնել ինչպես խմբի,այնպես էլ յուրաքանչյուր երեխայի համար' հաշվի առնելով նրա անհատական որակները:
Բարոյական փորձի ամրապնդմանը նպաստում են հատկապես դերային խաղերը, որոնք հատկանշվում են բեմականացման, թատեկարացման և մարզումների բաղադրիչներով: Դրանք ներառում են երեխային հոգեհարազատ ինչ-որ կենսական իրավիճակ,որը հնարավորություն է տալիս գործել և շփվել ցանկացած դերի րջանակներում: Իրական գործնական, նմանակային- խաղային կամ պայմանական – խոսքային իրավիճակները մանկավարժի ղեկավարությամբ հնարավորություն են ընձեռնում կատարել բազմակի զգայական վարժություններ' տարբեր միջոցներով և գործողություններով:Դրանցով ամրապնդվում են բարոյագիտական պատկերացումները և փոխարկվում առավել ամուր հմտությունների ու կարողությունների:
Ինչպես զարգացնող, այնպես էլ գեղարվեստական և դերային խաղերում մեծ տեղ է հատկացվում փոքրիկների կողմից շատ սիրված խաղալիքներին, սիրելի, հասանելի, զվարճալի նյութերին « նկարներ, սխեմաներ, մոդելներ, մակետներ, փոքրիկ խաղալիքներ»:Դրանք երեխաների մեջ ցանկություն են առաջացնում մասնակից լինել հաղորդակցման գործընթացին: