+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Հայոց պատմության ուսուցման ձևերը

  1. #1
    Սկսնակ մասնակից armghukassyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2016
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0

    Գրառում Հայոց պատմության ուսուցման ձևերը

    Հայոց պատմության ուսուցման ձևերը

    Մասնագետների շրջանում և մեթոդական գրականության մեջ շատ է գրվել ու խոսվել ուսուցման կազմակերպման ձևերի ու եղանակների մասին։ Հայտնվել են ամենատարբեր տեսակետներ, կարծիքներ ու գնահատականներ։ Դրանց մեջ գերակշռել է այն տեսակետը, ըստ որի դասը համարվում է ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը։ Վերջերս հաստատված պետական կրթակարգում մեկ անգամ ևս ընդգծվում է, որ դասը եղել և մնում է ուսուցման հիմնական ձևը։ Բայց որպեսզի դասն ամբողջությամբ արտահայտի ուսուցման գործընթացում կատարվող փոփոխությունների, ուսուցման նոր մոտեցումների և սկզբունքների իմաստն ու բովանդակությունը, առաջարկվում է օգտագործել դաս–դասարանական համակարգ հասկացությունը։ Դաս-դասարանական համակարգը ինքնակառավարվող փոխներգործուն խմբերից բաղկացած աշակերտների հաստատուն կազմով, ուսուցչի ղեկավարությամբ իրականացվող ուսուցման ակտիվ գործընթացների ամբողջություն է՝ սահմանափակված ժամանակի որոշակի տևողությամբ։ Դաս–դասարանային համակարգի մեջ, բացի դասի տարբեր տիպերից, մտնում են նաև սեմինարները, գործնական պարապմունքները, պրակտիկումները, կոնսուլտացիաները, աշակերտական կոնֆերանսները, հարցազրույցները, էքսկուրսիաները և այլն։
    Պատմության ուսուցումը կառուցվում է պրոբլեմային-ժամանակագրական սկզբունքով։ Ժամանակի յուրաքանչյուր հատվածի դեպքերն ու երևույթները ներկայացվում են միասնության մեջ, իսկ օրենքների ու օրինաչափությունների միջև եղած փոխադարձ կապերը հաստատվում են դասից դաս՝ ըստ բովանդակության։ Այս դեպքում մենք գործ ունենք պատմության թեմաների մի շարք խոշոր բլոկների հետ, որոնց բովանդակությունը կազմում են.
    ա) հասարակության տնտեսական կյանքի հարցերը իրար հաջորդող պատմական դարաշրջաններում,
    բ) հասարակության սոցիալ-քաղաքական կյանքի հարցերը իրար հաջորդող պատմական դարաշրջաններում,
    գ) պատմական դարաշրջանների պատմամշակութային կյանքի հարցերը։
    Այս թեմատիկ բլոկները, որոնք հաճախ իրարից բաժանվում են ժամանակի մեծ տևողությամբ, ուսումնասիրվում են որոշակի քանակությամբ դասերի ընթացքում։ Դրա համար ուսուցիչը պետք է կարողանա ճիշտ որոշել յուրաքանչյուր դասի տեղը ոչ միայն տվյալ թեմայում, այլև մեծ բաժիններում և ողջ դասընթացում։ Այսպես՝ «Հայկական հարցը 1912–1914 թթ.» թեմայի ուսումնասիրման դասին այդ նյութի ուսուցումից առաջ ուսուցիչը պետք է կազմակերպի ընդհանուր հարցազրույց ավելի վաղ անցած «1877–78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը» թեմայի շուրջ, նպատակ ունենալով վերականգնել աշակերտների ունեցած գիտելիքները Հայկական հարցի ծագման ու միջազգայնացման, խոշոր տերությունների կողմից այդ հարցի շահարկման և այն լուծելու թուրքական եղանակի մասին, որոնք կօգնեն հասկանալ Հայկական հարցի առանձնահատկությունները, դրսևորման պայմանները, արդյունքները և այլն։ Նույն ձևով պետք է կազմակերպել նաև հասարակական-քաղաքական կյանքի մյուս հիմնահարցերին նվիրված դասերի համակարգը։
    Ինչ վերաբերում է Հայոց պատմության դասերի տիպավորմանը, ապա անհրաժեշտ է նշել, որ մեթոդական գրականության մեջ լայն տարածում են գտել հետևյալ դասատիպերը.
    ա) համակցված (կոմբինացված) դաս,
    բ) նոր նյութի ուսումնասիրման դաս,
    գ) նոր նյութի քննարկման դաս,
    դ) գիտելիքների կիրառման և կարողությունների ու հմտությունների ձևավորման դաս,
    ե) գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընդհանրացման և համակարգման դաս,
    զ) գիտելիքների, կարողությունների և հմտությունների ամփոփիչ կրկնության և ընդհանրացման դաս,
    է) գիտելիքների, կարողությունների և հմտությունների ամփոփիչ գնահատման դաս։
    Կան պատմության դասերի դասակարգման նաև այլ տարբերակներ։ Դասը բաղկացած է արտաքին կառուցվածքից (մակրոկառուցվածք) և ներքին կառուցվածքից (միկրոկառուցվածք)։ Մակրոկառուցվածքը պարունակում է.
    ա) կառուցման տրամաբանությունը, այսինքն՝ թե ինչ հաջորդականությամբ են դասի փուլերը մտնում ուսուցման գործընթացի մեջ,
    բ) կապերը, այսինքն՝ թե ինչպես են դասի փուլերը կապված միմյանց հետ։
    Դասի մակրոտարրերից են դասի նպատակի որոշումը, զգայական կենսափորձի և հենակետային գիտելիքների արդիականացումը (հիշողության մեջ վերականգնումը), ուսումնական գործունեության խթանումը, սովորողներին դասի նպատակների, խնդիրների հայտնումը, նոր նյութի ուսումնասիրումը, նոր նյութի ստուգումը, դասի ամփոփումը, տնային առաջադրանքը և այլն։
    Դասի թվարկված մակրոփուլերը համեմատաբար կայուն են. դասի մակրոփուլերի մյուս մասը՝ գիտելիքների ամրապնդումը, իմաստավորումը, ընդհանրացումը, նոր գիտելիքների յուրացումը, սովորական պայմաններում գիտելիքների կիրառումը, կարողությունների և հմտությունների ստեղծագործական կիրառումը և այլն, կայուն չէ և անընդհատ կարող է փոփոխվել տարբեր դասատիպերի կառուցվածքում։
    Դասի միկրոտարրերը դիդակտիկական մասնավոր խնդիրների լուծման եղանակներից են, որոնք նախատեսում են, թե ուսուցման ինչ միջոցներ, մեթոդներ և մեթոդական հնարներ են անհրաժեշտ և ինչպիսի հաջորդականությամբ դրանք պետք է օգտագործվեն դասի յուրաքանչյուր մակրոփուլում։ Օրինակ, համակցված դասի 1-ին՝ տնային առաջադրանքի գնահատման մակրոփուլում ուսուցիչը կարող է առաջարկել ծավալուն պատասխաններ պահանջող հարցեր, կարող է դասարանի հետ անցկացնել ընդհանուր զրույց կամ էլ առաջարկել դասագրքի տեքստի պլանի կազմում և այլն։
    Պատմության դասի կառուցվածքը քարացած չէ և կարող է փոփոխվել։ Դասի կառուցվածքը կախված է.
    ա) դասի նպատակից և դիդակտիկական խնդիրներից,
    բ) ուսումնասիրվող նյութի բովանդակությունից,
    գ) կիրառվող մեթոդներից ու մեթոդական հնարներից,
    դ) ուսուցման գործընթացում դասի տեղից,
    ե) սովորողների տարիքային և հոգեբանական առանձնահատկություններից,
    զ) դասարանի և կոնկրետ սովորողների պատրաստվածության աստիճանից,
    է) ուսումնական աշխատանքի իրականացման կոնկրետ պայմաններից (կաբինետի առկայություն, ուսուցման միջոցներ և այլն),
    ը) ուսուցչի ստեղծագործական աշխատանքից և մանկավարժական վարպետությունից։
    8–9-րդ դասարաններում ամենատարածված դասատիպը համակցված (կոմբինացված) դասն է (հարկ է նշել‚ որ վերջին շրջանում այս դասատիպը սկսել է զիջել իր դիրքերը)։ Համակցված դասը նման է նոր նյութի ուսումնասիրման դասին և քիչ է տարբերվում նրանից։ Գլխավոր տարբերությունն այն է, որ նոր նյութի ուսումնասիրման դասը գրեթե չունի տնային առաջադրանքի կատարման վերահսկողության և խթանման փուլ, իսկ համակցված դասի մեծ մասը նվիրված է տնային առաջադրանքների և գիտելիքների ընթացիկ գնահատմանը։ Համակցված դասն իր մեջ զուգակցում է ուսուցման գործընթացի գրեթե բոլոր հիմնական օղակները՝ տնային առաջադրանքի ստուգում, ավելի վաղ յուրացրած գիտելիքների գնահատում, նոր նյութի ուսումնասիրում՝ նրա ընկալում և նախնական ըմբռնում, գիտելիքների ամրապնդում, իմաստավորում, ընդհանրացում և համակարգում, դասի ամփոփում և տնային հանձնարարություն։
    Համակցված դասի հետ սերտորեն կապված է նոր նյութի ուսումնասիրման դասատիպը։ Այս դասատիպն ընտրելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի ուսումնասիրման ենթակա նյութի կարևորությունը և բովանդակության առանձնահատկությունները, նրա ծավալը և սովորողների տարիքը։ Դասի բովանդակությունը դասագրքի տեքստն է, որի ուսումնասիրմանն էլ նվիրվում է գրեթե ամբողջ ժամանակը։ Ուսուցիչը հայտնում է դասի թեման, ապա սկսում զրույց թեմայի շուրջ՝ նոր նյութի վերաբերյալ սովորողների ունեցած հենակետային գիտելիքները պարզելու համար (կարելի է կիրառել մտքերի տարափի մեթոդական հնարը)։ Ամփոփելով զրույցի արդյունքները և սովորողների պատասխանները՝ ուսուցիչը շարունակում է նոր նյութի ուսումնասիրման աշխատանքները։ Այս փուլում արդեն կիրառվում են ուսուցման բազմազան մեթոդներ ու մեթոդական հնարներ։ Ուսուցիչը կարող է հանձնարարել անհատապես‚ զույգերով կամ փոքր խմբերով ուսումնասիրել և վերլուծել դասագրքի տեքստը (կամ համապատասխան հատվածը)‚ այնուհետև կազմակերպել խմբային կամ համադասարանական քննարկում։ Ուսուցչի խոսքն ու զրույցը կարող է նաև զուգակցվել տեքստի տրամաբանական ավարտուն հատվածների (պարբերությունների) բացատրական ընթերցանության, սովորողների ինքնուրույն և խմբային աշխատանքի, դասագրքի նկարազարդումների‚ փաստաթղթերի և այլ նյութերի ու տեղեկատվական ուսումնասիրման հետ։
    Այդ դասին սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդումը տեղի է ունենում կա՛մ նոր նյութի ուսումնասիրման ընթացքում, կա՛մ էլ դասի վերջում։ Ամրապնդումը իրականացվում է դասագրքի տեքստին, ուսումնադիտողական պիտույքներին, նկարներին, պատմական քարտեզներին և գիտելիքների այլ աղբյուրներին վերաբերող տարբեր բնույթի առաջադրանքների ու վարժությունների կատարմամբ։ Ամրապնդման ընթացքում ուսուցիչը ճշտում, լրացնում և հաստատում է սովորողների նոր ստացած գիտելիքները։ Դասի վերջում ձևակերպվում է տնային առաջադրանքը։
    8–9-րդ դասարաններում վերջին շրջանում մեծ կիրառություն է գտել նոր նյութի քննարկման դասը։ Հերթական դասի վերջում ուսուցիչը դասարանին հայտնում է հաջորդ դասի թեման և տալիս տնային հանձնարարություն՝ ինքնուրույն կարդալ դասագրքի համապատասխան հատվածը և նախապատրաստվել նրա խմբային և համադասարանական քննարկմանը։ Միաժամանակ ուսուցիչը հայտնում է այն հիմնական հարցերը, որոնք պետք է քննարկվեն հաջորդ դասին, խորհուրդ է տալիս, թե ինչպես աշխատել շարադրանքի վրա, ինչին ուշադրություն դարձնել, ինչպես առանձնացնել գլխավորը և այլն։
    Հաջորդ դասի սկզբին ուսուցիչը կազմակերպում է տանն ուսումնասիրած նյութի նախ խմբային և ապա համադասարանական քննարկում։ Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները‚ պատասխանում ուսուցչի հարցերին, շարադրում են ուսումնասիրած նյութը, ինչ-որ բան ավելացնում ընկերների ելույթներին, լրացնում և ուղղում միմյանց պատասխանները, համատեղ հանգում եզրակացությունների։ Վերջում ուսուցիչը կատարում է ամփոփում ու գնահատում նրանց ելույթները։
    Հաջորդ դասատիպը՝ գիտելիքների կիրառման և կարողությունների ու հմտությունների ձևավորման դասը, նպաստավոր պայմաններ է ստեղծում գիտելիքները կիրառելու ուսումնական նյութի բարդության ավելի բարձր աստիճաններում։ Այս դասատիպը կարող է ունենալ ծավալով ոչ մեծ և բովանդակությամբ ոչ բարդ ուսումնական նոր նյութ և կարող է կառուցվել անցած նյութի հիման վրա՝ սովորողների համար գիտելիքների բոլորովին նոր աղբյուրների օգտագործմամբ։ Դասի մեծագույն մասը սովորողներն աշխատում են ինքնուրույն՝ զույգերով կամ խմբերով, ըստ ուսուցչի առաջարկած թեմայի և ուսումնական տեղեկատվության աղբյուրների։ Այս դասի ժամանակ ուսուցչի գործունեությունը սահմանափակ է։ Նա կատարում է միայն ուղղորդող գործառույթ՝ կազմակերպելով սովորողների աշխատանքը։ Դասի սկզբում նրանք աշխատում են ուսուցչի հուշած ծանոթ պայմաններում իրենց գիտելիքների ու կարողությունների կիրառման վրա, իսկ այնուհետև դրանք կիրառվում են նրանց կողմից ընտրված ոչ սովորական իրադրության մեջ։ Փոքր համագործակցային խմբերով աշխատելով դասագրքի, պատմական փաստաթղթերի, ուսումնադիտողական պիտույքների և մամուլի նյութերի վրա՝ սովորողների մոտ ձևավորվում և ամրապնդվում են բանավոր կամ գրավոր այնպիսի կարողություններ, ինչպիսիք են տեքստը վերլուծելու և գլխավորն առանձնացնելու, համեմատելու, եզրակացություն անելու, դեպքերի և երևույթների միջև փոխադարձ կապեր հաստատելու, գիտելիքների տարբեր աղբյուրներից տեղեկատվություն քաղելու, պլան, թեզիսներ կազմելու և ռեֆերատ գրելու կարողությունները։
    Հայոց պատմության դասընթացի ուսումնասիրման գործում կարևոր տեղ են գրավում գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընդհանրացման և համակարգման դասերը։ Այս դասատիպը շատ գծերով նման է կրկնության և ընդհանրացման դասերին։ Ընդհանրացումն ու համակարգումը անց են կացվում դասագրքի կարևորագույն բաժինների ուսումնասիրումից հետո։ Ընդհանրացման, համակարգման ենթակա ուսումնական նյութերի մեջ ընդգծվում են հիմնական հասկացությունները, առանցքային գիտական գաղափարները, տեսությունները, սահմանվում են կարևորագույն փաստերի, երևույթների և պատմական գործընթացների միջև եղած պատճառահետևանքային կապերը։ Ընդհանրացման և համակարգման դասերի հիմքում նույնպես ընկած է ուսումնական նյութի կրկնությունը։ Կրկնությունը կատարվում է ոչ միայն անցածը հիշելու և ամրապնդելու, այլև գիտելիքներն ընդհանրացնելու և համակարգելու նպատակով։ Գիտելիքների, կարողությունների և հմտությունների ընդհանրացման և համակարգման դասերը սովորաբար ունենում են կառուցվածքային հետևյալ փուլերը.
    ա) առանձին փաստերի, դեպքերի և երևույթների կրկնություն և ընդհանրացում,
    բ) պատմական հասկացությունների կրկնություն և ընդհանրացում և դրանց համապատասխան գիտելիքների համակարգի յուրացում,
    գ) պատմագիտության առանցքային գաղափարների, տեսական դրույթների կրկնություն ու համակարգում,
    դ) ճանաչողական, ստեղծագործական, հաղորդակցական և համագործակցային կարողությունների և հմտությունների կիրառում սովորական և ոչ սովորական (ոչ ստանդարտ) պայմաններում։ Այս դասի բոլոր փուլերը նույնպես իրականացվում են անհատական‚ խմբային և համադասարանական աշխատանքների կազմակերպման միջոցով։
    Պատմության դասատիպերի շարքում կարևորվում են նաև գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման դասերը։ Գնահատումը իրականացվում է գրեթե բոլոր դասերին՝ ուսուցման գործընթացի տարբեր փուլերում։ Յուրաքանչյուր փուլում գնահատումը միատեսակ չէ և կատարում է տարբեր գործառույթներ։ Այսպես, նոր նյութի ուսումնասիրման սկզբում գնահատվում, ճշտվում և խորացվում են հենակետային գիտելիքները և հասկացությունները, որպեսզի սովորողներին նախապատրաստեն նոր նյութի յուրացմանը։ Գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման դասին գնահատումը կատարվում է վերահսկող-կարգավորող, վերահսկող-խթանող, վերահսկող-ընդհանրացնող գործառույթներ։ Գնահատումը կատարվում է ուսուցչի‚ խմբերի և սովորողների (փոխադարձ գնահատում և ինքնագնահատում) կողմից։ Գիտելիքների, կարողությունների և հմտությունների գնահատման դասին բնորոշ են հետևյալ կառուցվածքային փուլերը.
    ա) գիտելիքների (փաստական նյութի) կրկնություն, ստուգում և հաշվառում բանավոր հարցման մեթոդներով՝ ընկերների պատասխանների ուղղում, լրացում և գրախոսում, ընդհանուր (ֆրոնտալ) զրույց, հարցում՝ գրատախտակին դասարանի կողմից կազմված պլանով, թեմատիկ և ժամանակագրական աղյուսակներով ու սխեմաներով,
    բ) սովորողների ձեռք բերած հիմնական հասկացությունների էությունը բացահայտելու և սեփական մտքերը պնդելու համար առավել համոզիչ փաստարկներ բերելու կարողության ու հմտության ստուգում,
    գ) սովորողների տեսական գիտելիքների իմաստավորման ստուգում,
    դ) գիտելիքների կիրառում սովորական պայմաններում պատրաստի նյութի հիման վրա,
    ե) գիտելիքների կիրառում ոչ ավանդական, փոփոխված պայմաններում։
    8–9-րդ դասարաններում տարածված դասատիպերից են գիտելիքների, կարողությունների և հմտությունների կրկնության և ընդհանրացման դասերը։ Այդ դասերի գլխավոր խնդիրն արդեն անցած նյութի, ինչպես նաև թեմայի, բաժնի կամ ամբողջությամբ վերցրած՝ ամբողջ դասընթացի նյութի հիման վրա ձեռք բերած գիտելիքների համակարգի ձևավորումն ու ընդհանրացումն է։ Նկատի ունենալով այս դասատիպի կարևորությունը՝ Հայոց պատմության ծրագրում նախատեսված են հատուկ ժամեր դրա անցկացման համար։ Կրկնության և ընդհանրացման դասի հաջողության երաշխիքը դասին լավ նախապատրաստվելն է։ Կազմվում է դասի պլան, որի մեջ արտացոլվում են ուսումնական նյութի և դիտողական պիտույքների ընտրությունը, հարցերի և առաջադրանքների (հիմնական և լրացուցիչ) քանակը և ծավալը, ուսուցչի խոսքի և սովորողների պատասխանների հարաբերակցությունը, խաղային տարրեր մտցնելու հնարավորությունը։ Այս պլանը ուսուցիչը հայտնում է սովորողներին դասի անցկացումից մի քանի օր առաջ։ Դասը սկսվում է զույգերով ու խմբային քննարկումներով։ Ընդհանուր համադասարանական զրույցի (ֆրոնտալ հարցում) և սովորողների անհատական ծավալուն պատասխանների միջոցով կրկնվում են նրանց հենակետային գիտելիքները։
    Քննարկման ընթացքում ուսուցիչն առաջարկում է ոչ միայն կրկնության համար դասագրքում եղած հարցերն ու առաջադրանքները, այլև լրացուցիչ հարցեր, անում համառոտ եզրակացություններ։ Դիտողական պիտույքների հետ տարվող աշխատանքը նպատակ ունի ոչ թե մանրամասնորեն վերլուծել, այլ որպես դիտողական պատկերային հենարաններ դրանք օգտագործել իրադարձությունների մեջ ընդհանուրն ու տարբերը պարզաբանելու, եզրակացություններ կատարելու համար։ Հաճախ դասի բովանդակության բանավոր քննարկումը զուգակցվում է գրավոր աշխատանքի կատարման հետ՝ երևույթների համեմատության թեմատիկ աղյուսակի կազմում, գիտելիքների նոր աղբյուրներով սովորողների պատասխանի պլանի կազմում և այլն։
    Կրկնության և ընդհանրացման դասին պետք է կարևորել հետևյալ կառուցվածքային փուլերը.
    • հենակետային գիտելիքների (փաստերի, երևույթների) արդիականացում և ամրապնդում,
    • կարողությունների և հմտությունների ամրապնդում,
    • նախկինում մաս-մաս ուսումնասիրած պատմական դեպքերի, երևույթների ամբողջական պատկերի ստեղծում,
    • գիտելիքների ընդհանրացում և համակարգում,
    • մարզողական առաջադրանքների ու վարժությունների կատարում և այլն։
    Նշված դասերը պետք է բավարարեն մի շարք պահանջների։ Դրանք են.
    ա) դասի բովանդակության համապատասխանեցում պատմագիտության ժամանակակից մակարդակին։ Դասին պետք է հստակ արտահայտվեն պատմական գիտելիքի դասական, ժամանակակից և հեռանկարային տարրերը.
    բ) դասի նպատակի հստակեցում ուսուցման, կրթական, դաստիարակչական և զարգացման խնդիրների հետ անխախտ միասնության մեջ,
    գ) ուսումնական նյութի գիտական և ստեղծագործական ընտրություն, գլխավորի առանձնացում և յուրացում դասի ժամանակ դասարանի բոլոր սովորողների կողմից, այն հաշվով, որ դրանք հասկանալի լինեն դասարանի բոլոր սովորողներին և յուրացվեն նրանց կողմից անմիջականորեն դասի ժամանակ,
    դ) դասի կառուցվածքային յուրաքանչյուր փուլի անցկացման մեթոդների ու հնարների նպատակասլաց ընտրություն,
    ե) սովորողների ակտիվ ճանաչողական գործունեության կազմակերպում։ Ընդ որում, դասը պետք է առանձնանա իր ամբողջականությամբ, դասի փուլերի ներքին փոխկապվածությամբ, ուսուցչի և սովորողի միասնական տրամաբանական գործունեությամբ,
    զ) դասի հումանիտարացում, այսինքն՝ պատմության դասին միջառարկայական կապերի միջոցով այն առարկաներից ստացած գիտելիքների օգտագործում, որոնց հիմքում ընկած են իրականության ճանաչողության և վերափոխության հումանիտար մեթոդները։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Մոդերատոր Թելունց is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2016
    Գրառումներ
    22
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի armghukassyan, Ձեր հոդվածը շատ ուսանելի է: Համաձայն եմ Ձեզ հետ, որ դասը ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևն է: Ձեր ներկայացրած Հայոց պատմության դասերի տիպերի կիրառումը տարբեր թեմաներ անցնելիս ավելի արդյունավետ կդարձնի պատմության ուսուցչի աշխատանքը: Ես կիսում եմ Ձեր կարծիքը, նաև այն հարցում, որ դասի կառուցվածքը քարացած չէ, որ դասը ուսուցչի ստեղծագործությունն է և կարող է փոփոխվել կախված դասի նպատակից: Շնորհակալություն:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները