ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԷԼ ԹԵՍՏԱՎՈՐԵՑԻՆ
Այս տարվա հայոց լեզվի ավարտական քննություններին մեր լեզուն կարծես իսկապես «ճկուն ու բարբարոս» լույսի տակ է ներկայացվել: Սա են վկայում այդ առնչությամբ չդադարող քննարկումները ինչպես մասնագիտական դաշտում, այնպես էլ դիմորդների, քննությունների հետ կապ չունեցող քաղաքացիների, լրագրողների, նաև արդեն՝ պատգամավորների շրջանում: Պարզվել է, որ մեր երկրի ընտրյալ պաշտոնյաները չեն հասկանում հարցարաններում ընդգրկված բառերի իմաստը: Այսպիսի հարցում է իրականացրել պատգամավորների շրջանում «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողը և զետեղել նրանց պատասխանները թերթի 2010թ. հունիսի 9-ի համարում: Թեստի չափանիշներով պատգամավորները «չեն հանձնել» քննությունը:
Նքողնակ, գաղտակուր, պարտասուն, ընդահատ, ուրթ, որոմ, գուլ բառերը իմանալու վերաբերյալ մշակույթի նախարարը ասել է, որ գուցե հիմա ճիշտ է, որ այդ բառերն իմանան, քանի որ ցանկացած սերունդ իր լեզվամտածողությունն ունի և ուղարկել է մասնագետների մոտ՝ պարզաբանումներ ստանալու: Իսկ մասնագիտական աղբյուրներին արդեն դիմած Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ստիպված է եղել բացել Հայկազյան բառարանը և համեմատել Է.Աղայանի բառարանի հետ` կատարելու համար սեփական համեմատական բառագիտական հետազոտությունը: Ըստ Վահան Հովհաննիսյանի` պարտասուն բառը նշանակում է պատասխանատվություն ունեցող անասուն, իսկ Լյովա Խաչատրյանը կատակում է, որ դա պարտքի տակ ընկած անասունն է: Սակայն ինչքան էլ, որ պաշտոնյաների տրամադրությունը բարձրացել է այդ բառերից, ամեն դեպքում լրագրողը փաստում է, որ «ամեն ինչ այդքան ծիծաղելի չէր լինի, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ»:
Իսկ թե իրականում ինչեր են կատարվում այդ թեստերը լրացնող 16-17-ամյա դիմորդների ներսում, պարզ չէ: Կամ արդյոք բարբարոս ասելով պոետը ինչ նկատի ուներ, դա էլ պարզ չէ: Արդյոք դա ստուգելու տարբերա՞կ էր սա:
ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
www.report.am



Մեջբերել


Էջանիշներ