PDA

Դիտել ողջ տարբերակը : Դարերի խորքից



Սահակյան Սահականուշ
21.09.2010, 11:31
Մենք պատրաստվում ենք իրականացնել մի միջոցառում, որը պատմելու է Հայաստանի ամբողջ պատմությունը, նրա մայրաքաղաքների, անցած դաժան ուղու մասին, և թե ինչպես են կարողացել այդ ծանր իրավիճակում հայ հերոսները պատվով հաղթահարել, և պահպանել մեր բազմադարյա Հայաստանը: Ես մեծ նշանակություն եմ տալիս այնպիսի միջոցառումների, որոնք պատմում են այն ամենի մասին, որը դժվար է ուղակի իմանալ, պետք է այն ներկայացնել: Մենք դասարանի երեխաներով <Կիլիկիյա> երգի դյութիչ հնչյունների ներքո պետք է փորձենք գոնե որոշ չափով ցուցադրել Ցեղասպանությունը, որքան էլ որ դա ծանր է:
Սահակյան Սահականուշ
ՎՊՄԻ-ի հենակետային վարժարանի 10բ դասարանի աշակերտուհի

Սահակյան Սահականուշ
21.09.2010, 14:24
Ես դիմելով բոլոր աշակերտներին խնդրում եմ, որ նրանք այս էջում տեղադրեն Հայոց պատմության մասին հետաքրքիր տեղեկություններ:
Ըստ իս պարտադիր է հայոց պատմությունը սկսել գրերի գյուտից: Գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360-440թթ.Տարոնի Հացեկաց գյուղում(այժմ Թուրքիայում): Երանելի Վարդանի որդին էր: Մաշտոցի կենսագրական տեղեկությունների աղբյուրը նրա աշակերտ Կորյունի <Վարք Մաշտոցի> գրքից ենք ստանում: Մաշտոցը տիրապետել է ասորերենի, պարսկերենի, հունարենի:
Հայաստանում եկեղեցական ծիսակատարությունները կատարվում էին ասորերենով, որը անհասկանալի էր մեծամասնությանը: Մաշտոցին այդ ամենը անհանգստանալու տեղի է տալիս և նա որոշում է ստեղծել հայ գիրն ու գրականությունը: Այդ մասին հայտնում է Սահակ Պարթևին, Պարթևը ողջունում է Մաշտոցի այդ քայլը և նրանք միասին գնում են Վռամշապուհ արքայի(389-415) մոտ արքան ողջունում է նրանց որոշումը հայտնելով, որ Դանիել անունով ասորի մի եպիսկոպոսի մերձավոր Հաբելի մոտ պահպանվում են հայերեն նշագրեր: Մաշտոցը վերցնելով այդ նշագրերը սկսում է ուսուցանել երեխաներին, սակայն նկատելով որ այդ նշագրերում չկան հայերենի բոլոր հնչյունները իր աշակերտների և Սահակ Պարթևի հետ գնում է Եդեսիա ստեղծում հայ գրերը, իսկ Կորյունը Ասորիքից վերադարձող Մաշտոցին համեմատում է Սինա սարից իջնող Մովսես մարգարեի հետ: Հայ գրերի ստեղծումը հայ ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է:
Մաշտոցին Հույները անվանել են Ակումիտ,որը նշանակում է հոգով միշտ արթուն: Մաշտոցը առաջին բանաստեղծն է, ուսուցիչը: Մաշտոցը գրել է շարականներ:

Սահակյան Սահականուշ
25.09.2010, 21:27
Ռազմագիտություն առարկայից այսօր մեզ հանձնարարեցին կատարել խմբակային աշխատանք: Մեր խմբին հանձնարարված էր գրել լրացուցիչ տեղեկություններ հայ մարշալ Արմենակ Խանփարյանցի մասին:
Արմենակ Արմենի Խանփերյանցը /Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդայկով/ ծնվել է 1902թ. Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում: 1916թ. տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում: Բաքվի կոմունան պաշտպանել է կարմիր գվարդիայի շարքում: Կոմունայի անկումից հետո տեղափոխվել է Աստրախան: 1919թ. որպես կադրային զինվոր կռվել է Կարմիր բանակի 1-ին հեծյալ գնդի կազմում: Մասնակցել է քաղաքացիական կռիվներին: 1931-36թթ. սովորել է Մոսկվայի Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայում: Ակտիվորեն մասնակցել է Հայրենական պատերազմին: Եղել է օդային բանակի շտաբի պետ: Որպես ավիացիայի գծով խորհրդական մասնակցել է Յալթայի կոնֆերենսին: Ճապոնիայի դեմ մղված պատերազմում 12-րդ օդային բանակի հրամանատարն էր: 1944թ. նրան շնորհվել է ավիացիայի մարշալի կոչում: Վախճանվել է 1950թ.:

Ռուզանկա
12.10.2010, 14:12
926926
Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թ-ի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյան մեջ խեղդելհայերին, Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ: Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը (մոտ 214.000, այդ թվում ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ) Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարների և նրանց գնդերի (ընդհանուր` 6.000 հեծյալ) ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս: Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով` մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին: Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտրոնացած Հայկական բանակը (100.000 , որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ, 34.000 աշխարհազորային) իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին: Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար:
Մարտի ընթացքը
Մայիսի 26-ի վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին:
Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում՝ հեծելազորը: Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը: Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը:
Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում` աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում` պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ: Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը՝ Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին: Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը:
I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը: Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա: Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը տևեց բավականին երկար:
II փուլ – 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը:
IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև "անմահ" կոչվածներին:
V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին:
VI փուլ – 15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները:
VII փուլ – 18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար:
VIII փուլ – 23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից: Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:

Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։
Մարտից հետո
Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց: Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց հաշտություն և վերականգնվեց 428 թ-ին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը:

Սահակյան Սահականուշ
25.10.2010, 21:03
Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն.՝ Τιγρανης ο Μέγας, լատ.՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:

Սահակյան Սահականուշ
27.10.2010, 17:11
Արշակունյաց իշխանությունը Մեծ Հայքում (66 – 428)

Գահակալման հետագա տարիներին (66 – մոտ 88 ) Տրդատ Ա թագավորը նշանավորվել է շինարարական և բարենորոգչական գործունեությամբ։ Տրդատին հաջորդել է Սանատրուկը, որը 91-ին գրավել է նաև Եդեսիայի թագավորությունը (Օսրոենե)՝ կրելով «Մեծ Թագաւոր Հայոց Մեծաց և Եդեսիոյ» տիտղոսը։ Նա արքունիքը փոխադրել է նորակերտ Մծուրք (Մծուռն, ըստ Խորենացու սակայն՝ Մծբին) քաղաքը։ Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաար թագավորել են Պարթևաց Բակուր II թագավորի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը։ Վերջինս գահակալել է առանց Հռոմի նախնական համաձայնության։ Տրայանոս կայսրը Պարթամասիրի գահակալությունը դիտելով իբրև Հռանդեայի պայմանագրի խախտում, 114-ին տապալել է նրան և խոշոր բանակով հարձակվել Մեծ Հայքի վրա, այն դարձնելով հռոմեական նահանգ։ Տրայանքսի արկածախնդրության ձախողումից և Հռանդեայի պայմանագրի վերահաստատումից հետո (117) Մեծ Հայքում թագավորել է Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ն։ Նա արքունիքը հաստատել է նորաշեն Վաղարշապատ քաղաքում, կառուցել է նաև Վաղարշավան (Բասեն գավառում) և Վաղարշակերտ (հետագայի Ալաշկերտ՝ Բագրևանդ գավառում) քաղաքները, կատարել է պետական բարենորոգումներ։ Անտոնինոս Պիոս կայսրը, խախտելով Հռանդեայի պայմանագիրը, 140-144-ի միջև գահազրկել է Վաղարշ Ա-ին և Մեծ Հայքի գահին կարգել Էմեսայի իշխանատոհմի ներկայացուցիչ Սոհեմոսին։ 161-163-ին ընդմիջվել է Սոհեմոսի գահակալությունը. Պարթևաց Վաղարշ III թագավորը տապալել է նրան և գահ բարձրացրել Բակուր Բ Արշակունուն։ Հռոմի ջանքերով Սոհեմոսը երկրորդ անգամ է գրավել Մեծ Հայքի գահը։ Նրա մահից (186) հետո Մեծ Հայքում թագավորել է Վաղարշ Բ-ն։ Ներքին անկայուն վիճում գտնվող Հռոմը համաձայնել է Մեծ Հայքում կատարված այս փոփոխությանը, պարտավորվել հայկական մեծաթիվ հեծելազորին ռոճիկ վճարել՝ կովկասյան հրոսակ ցեղերի ներխուժումներից Կոբկասի լեռնային կիրճերը հսկելու համար։ Վաղարշ Բ-ով վերջնականապես հիմնավորվել է հայ Արշակունիների ժառանգական հարստությունը։ Մեծ Հայքում գահակալող Արշակունիները հայացել են՝ հետևելով հայոց մեջ արմատավորված ինքնուրույն պետականության և հելլենիստական մշակույթի նախկին ավանդներին՝ հակադրվելով թե՛ Հռոմի, թե՛ Պարթևստանի զարգացման միտումներին։ Վաղարշ Բ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Ա-ն, որը խոշոր արշավանքով պատժել է կովկասյան ցեղերին և ամրացրել լեռնային կապանները։ 216-ին Հռոմի կայսր Կարակալան, խարդախությամբ ձերբակալելով Խոսրով Ա-ին, փորձել է Մեծ Հայքը դարձնել հռոմեական պրովինցիա։ Սակայն հայկական զորքերը հաղթանակ են տարել Հայք ներխուժած հռոմեական զորքերի նկատմամբ և պաշտպանել նրա անկախությունը՝ թագավոր հռչակելով Խոսրով Ա-ի որդուն՝ Տրդատ Բ-ին։ Հռոմի նոր կայսր Մակրինոսը 217 թվականին հարկադրաբար ճանաչել է Տրդատ Բ-ի թագավորությունը։

224-227-ին Պարսից Սասանյանների տոհմը, խլելով հյուծված Պարթևաց Արշակունիների գահը, հետևողականորեն պայքարել է Արշակունյաց մյուս ճյուղերի դեմ՝ նրանց համարելով գահի հակառակորդներ։ Սասանյան հարստության հիմնադիր Արտաշիր I-ը մոտ 230-ին հարձակվել է Մեծ Հայքի վրա՝ այն նվաճելու նպատակով, սակայն պարտվել է և նահանջել։

Սասնյանների դեմ պայքարում հայ Արշակունիները դաշնակցել են Հռոմի հետ։ Շապուհ II Սասանյանը, օգտվելով Հռոմեական կայսրության ժամանակավոր թուլացումից, նվաճել է Մեծ Հայքը և այնտեղ թագավոր նշանակել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին (իշխել է 262-272 թթ.), որին հաջորդել է իր եղբայր Ներսեհը, որն իշխել է 272-293 թվականներին։ Մեծ Հայքում վերջիններիս վարած հակաարշակունի քաղաքականությունը, ինչպես նաև զրադաշտականության ներմուծման փորձերն անցել են ապարդյուն։

297-ին հայ-հռոմեական զորքերը, Դիոկլետիանոս կայսեր զորավար Գալերիոս Մաքսիմիանոսի և Խոսրով Բ-ի որդի Տրդատ Գ Մեծի առաջնորդությամբ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ ճակատամարտում հաղթել են Պարսից արքայից արքա Ներսեհի բանակին և վերականգնել Արշակունիների գահակալությունը Մեծ Հայքում։ 298-ին Մծբին քաղաքում կնքված 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասնյան Իրանը ճանաչել է Մեծ Հայքում Արշակունիների թագավորությունը և նրանց նկատմամբ Հռոմի հովանավորությունը։ Տրդատ Գ-ի օրոք երկիրը վայելել է խաղաղություն և բարգավաճել։ 301-ին քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։

Տրդատ Գ-ի որդին և հաջորդը՝ Խոսրով Գ Կոտակը, վարելով պետության կենտրոնացման քաղաքականություն, հսկել է հզոր նախարարների գործունեությունը՝ նրանց մշտապես բնակեցնելով արքունիքում, բնաջնջել է պառակտիչ տոհմերին՝ բռնագրավելով նրանց կալվածքները։ Խոսրով Գ-ն շինարարություն է ծավալել. հիմնել է Դվին քաղաքը, շրջակայքում տնկել անտառ՝ «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» արգելանող-որսարաններով։ 338-ին հաղթել և դուրս է վռնդել երկրի ներխուժած պարսկական զորքերին։

Խոսրովի մահից հետո, 338-ի աշնանը պարսկական բանակը գրավել է Մեծ Հայքը։ Գահաժառանգ Տիրանը թագավորել է Հռոմի օգնությամբ։ Նա վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքական գիծ։ Նրա օրոք, սակայն, շարունակվել են նախարարությունների և եկեղոցու, մասնավորաբար հայրապետական գահի ժառանգական տերերի՝ Գրիգոր Լուսավորչի տոհմի կենտրոնախույս ձգտումները։ Ավատատիրական ներքին հակամարտությունները առավել սրվել են Տիրանի հաջորդի և որդու՝ Արշակ Բ-ի գահակալության ժամանակ։ րշակ Բ-ի մեղմ և զիջողական քաղաքականությունն ավատատիրական խոշոր իշխանությունների նկատմամբ անցել է ապարդյուն։ Ի վերջո նա վարել է կենտրոնախույս ուժերին բռնությամբ սանձելու քաղաքականություն։ Տիրանի և Արշակի օրոք թագավորական իշխանության համար պայքարում աչքի է ընկել հայ արքունիքի խոշոր գործիչ Հայր Մարդպետը։ Երկրի ներքին և արտաքի դրությունը ծանրացել է Հռոմի և Պարսկակստանի միջև կնքված հակահայկական համաձայնագրի ստորագրումից հետո («Ամոթալի դաշնագիր» 363), երբ Արշակ Բ-ն մաքառել է ոչ միայն պարսից բանակի, այլև Շապուհ II-ի խրախուսմամբ աշխուժացած կենտրոնախույս ուժերի դեմ։ 364-368-ին Արշակ Բ-ն հերոսական ջանքերով պահպանել է թագավորությունը։

Արշակի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը։ 371-ի գարնանը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) տեղի ունեցած ճակատամարտում հայ-հռոմեական զորքերը հաղթել են պարսից բանակին և ազատագրել Մեծ Հայքը։ Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և եկեղեցու անհնազանդությունները, կատարել երկրի կենտրոնացումն ու հզորացումն ապահովող բարեփոխումներ։ Հռոմեական իշխանությունը, երկյուղելով Հայող երիտասարդ թագավորի ձեռներեցությունից, 374-ի աշնանը դավադրությամբ սպանել է նրան և Մեծ Հայքի գահին դրել Վարազդատին։ Սասանյան Իրանը Հայոց սպարապետ Մանուել Մամիկոնյանի և պարսկասեր նախարարների միջոցով Վարազդատին տապալելուց հետո, 387-ին Հռոմի հետ համաձայնվել է բաժանել Մեծ Հայքը։ Մեծ Հայքի ծայրագավառներն անդամատվել են, մնացած գավառների մոտ 4/5-ը ճանաչվել է պարսկական ազդեցության շրջան, 1/5-ը՝ հռոմեական։ Նրանցում առժամանակ ձևականորեն պահպանվել են Արշակունի գահակալները։ Պապի որդի Արշակ Գ-ի մահով (389) հռոմեական մասը վեր է ածվել պրովինցիայի։ Պարսկական մասում մինչև 428-ը հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ, Վռամշապուհ և Արտաշես Գ արքաները։ Վերջինիս գահազրկումից (428) հետո Մեծ Հայքի պարսկական հատվածը վեր է ածվել մարզպանության։ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները Մազքթաց Արշակունիների պետության տարածքի միասին կազմեցին Աղվանից մարզպանությունը։

Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։

Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ։
Հայ Արշակունիների գահացանկը

1. Տրդատ Ա (52-ից, պաշտոնապես՝ 66-88)
2. Սանատրուկ (88-110)
3. Աշխադար (110-113)
4. Պարթամասիր (113-114)
5. Վաղարշ Ա (117-140/4)
6. Բակուր Բ (161-163)
7. Վաղարշ Բ (186-198)
8. Խոսրով Ա (198-216)
9. Տրդատ Բ (217-252)
10. Խոսրով Բ Մեծ (279-287)
11. Տրդատ Գ Մեծ (287-330)
12. Խոսրով Գ Կոտակ (330-338)
13. Տիրան (338-350)
14. Արշակ Բ (350-368)
15. Պապ (369-374)
16. Վարազդատ (374-378)
17. Արշակ Գ (378-389)
18. Խոսրով Դ (384-389)
19. Վռամշապուհ (389-417)
20. Արտաշես Գ (422-428)