PDA

Դիտել ողջ տարբերակը : Պետրոս Դուրյան



Chuk
04.05.2010, 17:16
Դուրյան (Զըմպայան) Պետրոս Աբրահամի [ 20.5(1.6).1851, Սկյուտար, Կ. Պոլիս – 21.1(2.2). 1872, Կ.Պոլիս], հայ բանաստեղծ, դրամատուրգ։

Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867)։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել է հրապարախոսությամբ (եղել է «Օրագիր ծլին Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վիկտոր Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Շեքսպիր, «Մակբեթ» ևն)։ 1869–ին և 1871–ին «Օրագիր ծլին Աւարայրւո», «Մեղու», «Եփրատ», «Մամուլ» պարբերականներում տպագրել է տաղեր։ Գրական ժառանգության զգալի մասը (երգիծական ոտանավորներ, «Տիգրան Բ», «Կործանումն Հռովմա», «Շահատակությունք Հայոց» ողբերգությունները, թարգմանություններ, բազմաթիվ նամակներ) չեն պահպանվել։

Դուրյանի թատերախաղերը նպաստել են հայ դրամատուրգիայի զարգացմանը։ Դուրյանը գրել է «Տարագիր Սիպերիա» այլաբանական ողբերգությունը, «Վահան և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867) հովվերգական մելոդրաման, ապա՝ «սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868), «Արտաշես աշխարհակալ» (1869), «Անկումն Արշակունի հարստության» (1870), «Ասպատակությունք պարսկաց ի Հայս կամ Ավերումն Անի մայրաքաղաքին Բագրատունյաց» (1870) պատմական ողբերգությունները; Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։ Նա 19-րդ դարի հայ առաջին գրողն է, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ։ Հրաժարվելով պատմա–հայրենասիրական ողբերգության թեմայից՝1871-ին գրել է «Թատրոն կամ Թշվառներ» դրաման, Գ.Սունդուկյանից և Հ.Պարոնյանից անկախ հանգել արդիական թեմայի անհրաժեշտության գաղափարին։ Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական–հոգեկան ծանր հետևանքները։ Դուրյանը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղոահարել կլասիցիզմի կապանքներին ու պայմանականությունները։ Նրա դրամաները, բացառությամբ «Տարագիր ի Սիպերիա»–ի և «Թատրոն կամ Թշվառներ»–ի, հեղինակի կենդանության օրոք բեմադրվել են «Թանրոն Օսմանիե»–ում և մեծ մեծ հաջողություն ունեցել։ Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն, որոնց 26-ը գրված են 1871–ին։ Հայրենասիրական մի քանի երգերում( «Վիշտք հայուն», «Իղճք առ Հայաստան»), նկարագրելով Հայաստանի ծանր վիճակը, Դուրյանը փրկության ելքը համարում էր լուսավորությունն ու միաբանությունը, կոչ էր անում դիմել ինքնապաշտպանության ( «Նոր սև օրեր»)։ Դ–ի բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնքրքկքն հերոսը ինքը՝ հեղինակն է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։ Նա հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակն է։ Նրա սիրային տաղերում («Ի՜ցիվ թե», «Պետք է մեռնի՜լ», «Սիրեցի քեզ») առկա են դիմանկարային շատ մանրամասներ, բայց բանաստեղծի համար էականը արտաքինը չէ, այլ ապրումները, հոգեբանությունը։ Դուրյանի ընկալմամբ բնության գեղեցկությունները կրավորական են, բնությունը ձգտում է նմանվել կույսի, ներշնչվում է նրանցից («Նե», «Զնե պատում», «Մանիշակ», «Ներա հետ»)։ Նա մերժված սիրո երգիչ է («Հծծյունք», «Սիրել», «Դրժել»), բայց անկարող է ապրել առանց սիրո։ «Պատանի Դուրյանը, – գրել է Վ.Բրուսովը,– մնում է հայ պոեզիայի պատմության մեջ որպես վառ, հրաշեկ շտրիխ. ի թիվս մյուս, ավելի հանդարտ բանաստեղծների, նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում ստեղծագործության մեջ «ավյունը», անմիջական ապրումների ուժը... Սրանում է Դուրյանի ստեղծագործության պատմական ոնշանակությունը...» Հայ նոր քնարերգության մեջ Դուրյանը սկզբնավորել է մարդու մեջ մարդկայինը պահպանելու և զարգացնելու թեման։ «Լճակ», «Ի՜նճ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանոը, սակայն աշխարհում «անապակ սեր» , «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։ Մահվան և գերեզմանի գաղափարները Դուրյանի ստեղծագործության մեջ հանդես են գալիս որպես ներկայի դեմ բողոքի կրքոտ ու տառապալի արտահայտություններ («Հեծեծեմումք»)։ Այդ տառապանքը ողբերգական է դառնում նշանավոր «Տրտունջք»–ում։ Բանաստեղծը կարեկցում է բոլոր նրանց , ովքեր «վսեմ երազներ» ունեն, բայց որոնց բաժին էր ընկել «սև ճակատագիրը»։ Մարդու և կյանքր նկատմամբ ունեցած սերը ստիպում է բանաստեղծին ընդվզել աստծու դեմ։ Դուրյանը մարդկության համար տենճում էր մի ուրիշ աշխարհ և երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջվի աշխարհիս վրայեն թագը, փառքը և միայն եղբայրությունը իր մանիշակներովը մարդոնց ճակատը պիտի պճնե փոխանակ դափնիի...», «Ե՛րբ տիեզերք համեղբայրության վառարան մը պիտի ըլլա»։

Դուրյանը վերականգնեց միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվեց կլասիցիզմից, նկարագրությունից,բանաստեղծությանը հաղորդեց զգացմումքային խորություն, հոգեբանություն։ Նա խորը հետք է թողել հայ բանաստեղծության վրա։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանս., անգլ., գերմ., ռուս., իտալ., ռում., բուլ., հուն., հունգ., պարս., թուրք.։


Տեղեկությունը վերցված է wikipedia (http://hy.wikipedia.org/wiki/Պետրոս_Դուրյան)-ից

Կարապետ
07.06.2010, 17:50
Լճակ

Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ,
ՈՒ չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ:

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրիդ:

Մելամաղձոտ Լըճա'կ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավիլ, լռել ու խոկալ:

Որքան ունիս դու ալի,
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր,
Սիրտս այնքան խոց ունի բյուր:

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չե'ս կրնար դուն
Հոգվույս` որ է բոց անհո՛ւն:

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ:

Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս,
Զի թ'հովե մ'ալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով:

Շատերը զիս մերժեցին,
"Քնար մ'ունի սոսկ" - ըսին.
Մին` "դողդոջ է, գույն չունի" -
Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛":

Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չը մեռնի":

Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին
Պատռե՛'նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՛ր գրված կան..."
- Հոն հրդեհ կա, ո'չ մատյան:

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա՛կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․

Պետրոս Դուրյան

Arinda
20.07.2010, 11:48
ՍԻՐԵԼ

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ'որո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց. “Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի”:

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի մ'որո գաղտնիքն է բույր
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք:

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
- “Կուզե՞ս պաշտել հոգի մ'անբիծ”:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակգիլ սիրողաբար:

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
- “Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ”:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար-
Հավատարիմ, ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Susanna37
04.09.2010, 07:51
Ճեմարանում սովորելու տարիներին Պետրոս Դուրյանի ուսուցիչները նկատում էին, որ նա բանաստեղծություններ է հեղինակում: Նկատում ու կարևորություն չէին ընծայում: Մի անգամ թվաբանության և աշխարհագրության դասատու Գաբրիել Ներշապուհը նրան խորհուրդ է տալիս թողնել բանաստեղծական տքնությունները: Բարեմի~տ խորհուրդ, որ այնպես վիրավորել է պատանուն: «Ա~խ ,- պատասխանել է Դուրյանը,- չեք գիտեր, էֆենտի, շատ կսիրեմ բանաստեղծությունը»; Իսկ ֆրանսերենի ուսուցիչ, թատերգակ, թարգմանիչ ու բանաստեղծ Սրապիոն Թղլյանը խոստովանել է, որ «դպրոցին մեջ Պետրոսին վրա արտասովոր բան մը տեսած չէր » : Սակայն կյանքի վերջալույսին, վերհիշելով ուսուցչական գործունեությունը Սկուտարի ճեմարանում, ծերունազարդ մտավորականը անսքող հպարտությամբ գրել է. «...Վեց տարվան շրջանի մեջ փայլուն աշակերտներ ներկայացուցի ազգին, որոնց մեջ ամենեն նշանավորը եղավ բանաստեղծ Պետրոս Դուրյանը»:
Մի ուրիշ անգամ Պետրոսի ընկերները հայերենի ուսուցիչ Եղիազար Մուրատյանին ցույց են տալիս «Ներա հետ» սքանչելի քերթվածքը: Իսկ ուսուցչի պատասխանը անխոհեմորեն դաժան է եղել. «Աղեկ, ամա տահա /բայց դեռ/ տղա է, ի~նչ նշանակություն ունի ատիկա » : Ու դարձյալ տարիներ պետք է անցնեին, մինչև որ ուսուցիչը խոստովաներ երբեմնի աշակերտի մեծությունը, «Տրտունջք»-ը համարեր Շեքսպիրին արժանի ստեղծագործություն և գրեր. «...Մարդ ի խոր կը խոցի, երբ մտածե, թե անոր /«Տրտունջք» -ի/ հեղինակը որչափ գլուխգործոցներ տարավ իր հետ ի գերեզման քսանամյա հասակին» : Ոշացա~ծ խոստովանություն:

Tatev*
05.09.2010, 02:17
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ

ՏՐՏՈՒՆՋՔ

Է՜հ, մնաք բարով, Աստւած եւ արեւ,
Որ կը պլպլաք իմ հոգւոյս վերեւ...
Աստղ մ’ալ ես կե՛րթամ յաւելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ
Եւ թշւառ հոգւոց անէծք ողբագին,
Որք թռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հրատ...:
Այլ, ո՜հ, ի՞նչ կըսեմ... շանթահարէ զի՛ս,
Աստւա՜ծ, խոկն հսկայ, փշրէ հիւլէիս,
Որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի...:
Ողջո՜յն քեզ, Աստւած, դողդոջ էակին,
Շողին, փթիթին, ալւոյն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգւոյս,
Ամպ տւիր աչացս, հեւք տւիր սրտիս,
Ըսիր մահւան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ, ինձ կեանք մը պահած ես ետքի,
Կեանք մ’անհուն շողի, բոյրի, աղօթքի.
Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մէջ համր անշշունջ,
Այժմէն թո՛ղ որ շանթ մ՚ըլլամ դալկահար,
Պլլւիմ անւանդ մռնչեմ անդադար,
Թող անէծք մ՚ըլլամ քու կողդ խրիմ,
Թող յորջորջեմ քեզ «Աստւած ոխերիմ,
Ո՜հ, կը դողդոջեմ, տժգոյն եմ, տժգո՜յն,
Փրփրի ներսս դժոխքի մ՚հանգոյն...:
Հառաչ մ՚եմ հեծող նոճերու մէջ սեւ,
Թափելու մօտ չոր աշնան մէկ տերեւ...:
Ո՜հ, կայծ տւէ՛ք ինձ, կայծ տւէ՛ք, ապրի՜մ...
Ի՜նչ, երազէ վերջ գրկել ցուրտ շիրի՜մ...
Այս ճակատագիրն ի՜նչ սեւ է, Աստւա՛ծ,
Արդեօք դամբանի մրուրո՞վ է գծւած...:
Ո՜հ, տւէ՛ք հոգւոյս կրակի մի կաթիլ,
Սիրել կուզեմ դեռ ւ’ապրիլ ու ապրիլ.
Երկնքի աստղե՛ր, հոգւոյս մէջ ընկէ՛ք,
Կայծ տւէ՛ք, կեա՛նք ձեր սիրահարին հէք:
արունն ո՛չ մէկ վարդ ճակտիս դալկահար՝
Ո՛չ երկնի շողերն ժպիտ մ’ինձ չե՛ն տար:
իշերն միշտ դագաղս, աստղերը՝ ջահեր,
Լուսինն յար կուլայ, խուզարկէ վհեր:
Կըլլան մարդիկ, որ լացող մը չունին,
Անոր համար Նա դրաւ այդ լուսին.
Եւ մահամերձն ալ կուզէ երկու բան,
Նախ՝ կեա՜նքը, վերջը՝ լացող մ՚իր վրան:
Իզո՜ւր գրեցին աստղերն ինծի «սէ՜ր»,
Եւ իզո՜ւր ուսոյց բուլբուլն ինձ «սիրել»,
Իզո՜ւր սիւքեր «սէ՜ր» ինձ ներշնչեցին,
Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,
Իզո՜ւր թաւուտքներ լռեցին իմ շուրջ,
աղտնապահ տերեւք չառին երբե՜ք շունչ,
Որ չխռովին երազքս վսեմ,
Թոյլ տւին, որ միշտ զնէ երազեմ,
Եւ իզո՛ւր ծաղկունք, փթիթնե՜ր գարնան,
Միշտ խնկարկեցին խոկմանցս խորան...
Ո՜հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են...
Աստուծոյ ծաղրն է աշխարհ ալ արդէն...:

Vanadzor10***Ani
11.09.2010, 21:55
Դրժել

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դըժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Ես ուզեցի պաշտել ըզնե,
Սիրել ժպիտքն՝ փըթիթք անհուն,
Սիրել աստղերն սև աչերուն
Եվ այն խոկումն, որ մըթագնե
Պայծառ ճակատը՝ այն ամպըն է
Որ կըշպարե դեմքը լուսնույն։

Գիշեր մը սուգ, անդունդ մ՚հառաչ՝
Հուզեց ներա հոգին ու լանջ։

Ես ուզեցի միշտ քովն ըլլալ,
Մըտիկ ընել թնդյուն սրտին,
Շնչել, խմել ներա հոգին,
Եվ շոշափել լոկ ձյունափայլ
Ծոծորակին վըրա ծալ–ծալ
Թափող վարսից ալյակք ծըփին։

Օվկեան մը տրտունջ լսեցի,
«Զիս կընեղե՜ս» հըծծեց ինծի։

Ես ուզեցի քընար մ՚ըլլալ
Նրա ձեռքին տակ հևացող,
Ներա հոգվույն խորն հիացող
Թեթև պատկեր մ՚ըլլալ շարժյալ,
Մոռնալ զիս, լոկ ըզնե խոկալ՝
Կվառե երազ մ՚որուն մեկ շող։

Ամպրոպ մը սաստ ցընցեց հոգիս,
Գոչեց. — «Սիրել չե՛ս կրնար զիս»։

Ի զո՜ւր սիրտըս մըխաց առջին՝
Խնկարկելու սիրտն անապատ,
Ցուցի իրեն ճակատս գունատ,
Կուրծըս գոգած՝ մառն իմ աչքին,
Ի զո՜ւր շուրթերս դողդոջեցին,
Զինքը սիրելս հըծծեցին հայտ։

Նե հեռացավ ինձմե, ըսավ՝
— «Բավ սիրեցի քեզ, մնաս բարյա՜վ»։

Որոտացին խոկմանցս ամպեր,
Կայծակնահար ըրին հոգիս,
Մոխիր դարձան երազներս հիս,
Ճակատագիրս խնծղաց ի վեր,
Խորշ մը կար որ զիս չէր ծաղրեր,
Այն՝ լուռ փոսն էր գերեզմանիս․․․

Փունջ մը կնճիռ, բույլ մը կայծակ,
Դժոխք մ՚անեծք խոցեց հոգյակս։

Susanna37
12.09.2010, 12:30
Դուրյանի «Լճակ » բանաստեղծության գրության անմիջական առիթը նրա հասցեին մի դերասանուհու`Թերեզա Չուհաճյանի անզգուշորեն ասված խոսքն է. « Աս ալ երթալոց է» , «Այնքան գունատ է, որ ինծի պետք չէ, շուտով կը մեռնի»:Շատերը զիս մերժեցին.
«Քնար մ'ունի սոսկ»,- ըսին.
Մին` «Դողդոջ է, գույն չունի»,-
Մյուսն ալ ըսավ. «Կըմեռնի~»:
.........................................
Ոչ ոք ըսավ. «Սա տղին
Պատռենք սիրտը տրտմագին,
Նայինք ինչե~ր գրված կան...»
-Հոն հրդեհ կա, ո´չ մատյան:

Սահակյան Սահականուշ
22.09.2010, 23:30
Իմ հանգիստը


Եթե մոտի հողակույտիս,
Թուխ - մոխրագույն աչեր ներա
Թե չուխտ մարգրիտ թափին իմ վրա,
Չը ցավագնիր ոսկերոտիս.
Ա՛յս իմ հանգիստ.
Իմ լըռանիստ
Ա՛յս օթևան
Խաղաղության։


Իմ մահը

Եթէ տժգոյն մահու հրեշտակ
Անհուն ժպտով մ'իջնէ իմ դէմ…
Շոգիանան ցաւքս ու հոգիս,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ սընարըս իմ տիպար
Մոմ մը վըտիտ ու մահադէմ
Ո՜հ, նըշուլէ ցուրտ ճառագայթ,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ ճակտովս արտօսրազօծ
Զիս պատանի մէջ ցուրտ զերթ վէմ
Փաթթեն, դընեն սեւ դագաղը,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ հընչէ տխուր կոչնակ,
Թրթռուն ծիղաղն մահու դժխեմ,
Դագաղս առնէ իր յամր քայլ,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթէ մարդիկն այն մահերգակ,
Որք սեւ ունին եւ խոժոր դէմ՝
Համասըփռեն խունկ ու աղօթք,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Եթ’ յարդարեն իմ հողակոյտ,
Եւ հեծեծմամբ ու սըգալէն
Իմ սիրելիքը բաժնըւին,
Գիտցէ՛ք որ դեռ կենդանի եմ:

Իսկ աննըշան եթէ մնայ
Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ,
Եւ յիշատակս ալ թառամի,
Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ։843844

Լիլիթ
04.04.2011, 15:40
ՄԱՆԻՇԱԿ

Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՚հ ինչի՞ այդ նըշանակ։

Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,

Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։

Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան
Տեսավ ձեռներն երբ ներա։

Եվ դեռ ըսե՞մ․․․ օր մ՝երկին
Ամպոտեցավ․․․ է՞ր արդյոք․
Երբոր կ՛ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին:

Լիլիթ
04.04.2011, 15:44
Ի՞ՆՉ ԿԸՍԵՆ

Ինծի կըսեն.-<<Ինչո՞ւ լուռ ես>>-
<<Ո՜հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կըբռնկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես>>:

Ինծի կըսեն.-<<Միշտ տխուր ես>>-
<<Ինչպե՞ս չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք...
Արշալույս մը չանցավ սրտես>>:

Ինծի կըսեն.- <<Կրակոտ չես,
Լճակի մը պես ես մեռած.
Դալկահար՝ դեմքդ ու հայեցված>>,-
<<Ո՜հ, հատակն են իմ փրփուրներ>>:

Ես ինձ կըսեմ.-<<Ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա՛ գոգ,
Գերեզմա՛ն, հոն գտնես դու գոգ,
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր...>>:

Լիլիթ
04.04.2011, 15:48
ՀԱՅՈՒՀԻՆ

Աշնան մեջ էր, երեկո մը
Վերադարձիս յՅուսկյուտար,
Օդը պարզ էր, հողմը մեղմիկ,
Ծովուն ջուրերն ալ հանդարտիկ:

Շոգենավին սարավանդը
Նըստած անկյուն մ՛առանձնակի՝
Ուշադրությամբ ես նույն օրվան
Լըրագիրները կարդայի:

Մեկ մ՛ալ հանկարծ սանդուխեն
Վեր ելնելու ոտնաձայն մը
Շըփոթեց զիս եւ աչերս
Դարձուցի դեպ յայն կողմը:

Հայուհի մ՛էր վեր ելնողն,
Բարձրահասակ եւ գեղադեմ
Անցավ մոտես նա սիգաճեմ,
Նստավ անկյուն մ՛ինձ դեմ առ դեմ:

Ոհ, կարծես թե նա երկնային
Զվարթուն մ՛էր վար իջած՝
Լույս սփռելու, սեր բուրելու,
Խըռովելու սրտերն այրած:

Այլ չըգիտեմ թե ինչու՞
Կրկին աչերըս հառած՝
Իմ թերթիկիս վըրա միշտ՝
Սիրտս էր ամբողջ խըռոված:

Մինչեւ մեկ մ՛ալ նավաստին
Խռպոտ ձայնով մը գալով մոտ
Ըսավ. Հասանք յՅուսկուտար,
Ալ ի՞նչ նստել ես դու հոդ:

Վեր վերցուցի աչերըս,
Ոչ ոք տեսի մեջ նավին.
Մինակ էինք երկուքնիս,
Մեկ մ՛ես, մեկ մ՛ալ . . . նավաստին:

***
ԹՐՔՈՒՀԻՆ


Երեկո է, բոցավառ է հորիզոն.
Կառք մը կ՛անցնի դագաղի պես համրընթաց,
Գեղուհի մը ընկողմանած տրոփե հոն,
Վերջալույսի աղջի՞կ մէ սա, ո՛վ Աստված.
Եթե նայի՛,
Կ՛ըսես - հի՛մա կը մարի։

Մեղրամոմե անդրիանդի մ՛է հանգույն.
Ի՜նչ դալկահար... կարծես հաջաղը վառե
Պատան մէ նուրբ ներա վարդիցը դժգույն.
Աստված ըզնե զույգ մաչերովն կը վառե.
Եթե ժպտի՛,
Կ՛ըսես - ո՜հ, հի՛մա կ՛անցնի։

Նայիլ կուզե, բայց ա՛վելի կնըվաղի,
Սիրտը խունկի պես կը մըխա սիրավառ,
Նե շողերու, բույրերու է թագուհի,
Խոնջ թիթեռնիկ մոր կը խնդրե ծաղկե թառ.
Եթե շարժի՛,
Կըսես - հի՛մա կը թռչի։

Լանջն է հուզյալ Օվկեանի մը նըման.
Կուզե սիրե՜լ... համբույրի մհետ նըվաղիլ,
Մա՚իլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,
Քամել սիրո կրակե բաժկին հուսկ կաթիլ.
Եթե շիկնի՛,
Կըսես - հի՛մա կը բռընկի։

Սրտի մեղո՜ւ, ինչպես կոչեց Լամարթին,
Որուն ծըծած ծաղիկը՝ սիրտ, մեղրն է սերք
Ես կոչեմ զնե կո՚ւյս, որուն սիրտն է երկին
Անհուն սիրո, որ հորիզոն չունի դեռ.
Եթե խոսի՛,
Կ՛ըսես - հի՛մա կը հատնի։

Նե կը վառի, մի՜շտ կը վառի, չը հատնիր
Տընանկ կընոջ տաճարն վառած ճրագին պես,
Աստղերու նման գիշեր սիրե՝ փողփողիլ.
Կրակ մէ փրթած կողեն սիրո բոցագես...
Թե իսկ մեռնի՛,
Կ՛ըսես - հի՛մա կը ծընի։

Արմինե Մ
04.04.2011, 16:46
Զղջում
/Օր մը վերջը/

Երեկ երբ պաղ քրտանց մեջ
Սև մըրափ մը կ'առնեի,
Եվ թոշնած զույգ մը վարդեր
Այտերուս վրա կ'այրեին,
Անշուշտ ճակտիս վրա մահու
Դալկություն մը կը պլպլար,
Եվ մահու թռիչ մ'ունեի,
Լըսեցի մորս հեծեծում...
Բացի աչերըս խոնջած,
Մորըս արտոսրը տեսի...
Ոհ, ճշմարիտ գորովի
Մարգարիտներ սուտ ու կեղծ...
Մայրըս անհուն ցավ մ'ուներ,
Այն սև ցավը ես էի...
Ահ, գըլուխես փոթորկեց...
Այս սև հեղեղն տըվի դուրս...
Ոհ, ներե ինձ, Աստված իմ,
Մորըս արտոսրը տեսի...

gayane0803
07.04.2011, 17:10
«Անգամ մը, արդեն ծանրապես հիվանդ, կհանդիպի գինովի մը, որ անոր դժգույն դեմքը և դանդաղկոտ քայլվածքը տեսնելով կըսե. «Սա ալ երթալույ է»:
Դուրյան, այդ խոսքին տպավորության տակ կնստե ու կգրե իր զմայլելի «Լճակ»-ը»:

gayane0803
07.04.2011, 17:12
«Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրեն զիս»

Այս խոսքերը Դուրյանն ասել է մահից մեկ օր առաջ, ասել է ու մարգարեացել:
Պետրոս Դուրյանը հանդիսանում է հայ քնարերգության մեծագույն դեմքերից մեկը: Նրա անունը հավասարապես ծանոթ և սիրելի է հայ ժողովրդի երկու հատվածներին` արևմտյան և արևելյան, հատկապես` երիտասարդությանը: Վաղամեռիկ բանաստեղծը դարձել է ազնիվ զգացումների, երիտասարդության հույզերի և ավյունի, վառ երազների ու սիրո խորհրդանշան, ազգային վշտի երգիչ, խորապես անկեղծ և ինքնատիպ, որի նմանները հազվադեպ են նույնիսկ համաշխարհային գրականության մեջ:
Վահրամ Թերզիբաշյան
ԱՐՏԱՔԻՆԸ

Շագանակագույն, խիտ ու շիտակ մազեր, միշտ դեպի վեր սանդրված և աղջկան մազերուն պես մեջտեղեն ճեղքված. սև ու լայն կորագծեր ձևացնող հոնքերու տակ, որոնք կը միանան բավական ընդարձակ ճակտի մը ներքև, մեծ կոպերով գեղեցիկ սև աչքեր, որոնց պայծառ ու հորդ նայվածքը երկայն սև թարթիչներու մեջեն կը մաղվի. թրթռորեն արծռունգ քիթ մը. կլոր դեմք մը` շատ քիչ մազոտ ու շատ թարմ մորթով. նուրբ շրթունքներ. կատարյալ տիպար մը աղվոր տղու, կանացի փափուկ գեղեցկությամբ մը:
Իր ընկերները կըսեն եղեր իրեն. «Սա քիթիդ տակի քանի մը թել մազը կտրե´, քեզ իբր աղջիկ ծախենք»:
Ահա թե ինչպես են բնութագրում բանաստեղծին մայրն ու բարեկամները:

Պետրոս Դուրյանի գրական գործունեությունը սկսվել է շատ վաղուց: Նրա բանաստեղծություններից մեկը, որ գտել են Հ. Ճանֆեսճյանի մոտ, վերջինիս վկայությամբ գրել է 13 տարեկան հասակում և նրա առաջին կամ գեթ առաջիններից մեկն է.
Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին`
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցիկին,

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր:

Այն որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին:

Ինչու՞ արդյոք խորշակահար
Կ’ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչու՞ արդյոք նա սիրահար
Արտերն զեղու արտասվոք միշտ:

Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ինչ կա արդյոք հաճույք մ’ Անոր:

Բանաստեղծությունը գրեթե զուտ աշխարհաբարով է շարադրված: Պատմում են, որ հայտնի ազգային գործիչ Ստեփան Փափազյանը երբ կարդացել է այս բանաստեղծությունը, սաստիկ հանդիմանել է փոքրիկ Դուրյանին «այսպիսի ամբարիշտ բան մը գրած ըլլալուն համար» և խստիվ պատվիրել է այդ մեղքն այլևս չգործել:

gayane0803
08.04.2011, 21:08
«Այո՛, ալ հիմա հավատացի թե կը ծյուրի¯մ եղեր, գիտեմ թե ալ շատ չապրիմ պիտի: Ա¯հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը` որ եկած է աշխարհ միայն իր մահն ու իր թշվառությունը տեսնելու և զգալու համար:
Չգիտեմ ինչ գրեմ. կզգամ շատ, բայց գրելու դժվարություն մը կա, կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ: Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ’եմ. մարու¯մ մ’եմ. քայքայում մ’եմ գիտեմ այս տողեր վերջինն են և վերջինը պիտի լինեն. սակայն սա տարտղնած ուշս ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը կը սիրեմ. ես որ աշխարհի մեջ միայն երգերը շատ սիրեցի. կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մըլլա:
Կարապն իր վերջի շունչին իր էն ներդանշակավոր ճիչը կարտասանե կըսեն. թող ես ալ կարապին պես անցաշ ըլլամ աշխարհեն:
…Ով որ երգ չունի կամ երգել չգիտեր, զգալու ներդաշնակության, գեղեցիկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չունի:
…Մարդուն նշանանբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է.
Ա¯հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ.
Երգե¯լ, աղոթե¯լ ու սիրե¯լ… Ա¯հ, ի¯նչ բանաստեղծական կյանք, ի¯նչ կատարյալ կյանք…
Եղբայր, ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե և խղճես կախում և նկատում չունիմ:
Եղբայր, ահա ես կիջնեմ կամ մոտ եմ իջնելու այն սև հատակ անդունդին մեջ` որո անունը գերեզման կըսեն. արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմզնեն անդին (Անշուշտ թշվառ երիտասարդ մը, որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ):
Մեկ քանի պատառ թուղթերու վրա արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց Արև տեսցնեն պիտի…Ուշս տարտղնած է եղբայր իմ:
…Գիտեմ, քիչ ատեն պիտի մեռնիմ. արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք. հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի…
…Ափսոս, այո, ա¯հ մ’էր սկիզբս, վա¯խ մ’եղավ վախճանս…
Մնա¯ք բարյավ»:
Այս նամակը նաև Դուրյանի կտակն է:

Lusy Tisdale
11.04.2011, 19:25
Վերջերս` ապրիլի 8-ին, մեր դասարանը փոքրիկ ցերեկույթ էր կազմակերպել, որը նվիրված էր Պետրոս Դուրյանին: Պատմվեց նրա կենսագրությունը, որոշ հետաքրքիր տվյալներ: Ինչպես նաև արտասանվեցին բանաստեղծություններ, իրենց թարգմանություններով հանդերձ` անգլերեն և ռուսերեն: Ասվեցին նաև մեծերի խոսքերը Պետրոս Դուրյանի մասին: Կար նաև մի բաժին, որը կոչվում էր "Չուղարկված նամակներ": Այստեղ մենք կարդացինք մեր սրտի խոսքը Դուրյանին: Միջոցառումը իսկապես յուրօրինակ էր: Բոլորը հուզվել էին, նույնիսկ մենք: "Սկյուտարի սոխակի" կյանքը դարձավ մեր կյանքը և մենք երբեք չենք մոռանա Դուրյանին...........

gayane0803
11.04.2011, 21:52
Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին:
1871թ. սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության` թոքախտի առաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա մեզ հասած 39 բանաստեղծություններից 26-ը գրված են 1871 թվականին: Դուրյանի ցավն ավելի խորացավ, երբ իմացավ մտերիմ ընկերոջ` Վարդան Լյութվյանի անբուժելի հիվանդության մասին:
Վարդան Լուֆթյանի հետ ունեցած բարեկամությունը սկսված է դպրոցական հասակից: Իրար նամակ գրած չեն, որովհետև միշտ իրարից անբաժան էին: Ընկերներն էին նաև Տիգրան Ադամյանը` գլխավոր խմբագիր, Խաչիկ Ուղուրիկյան` դասախոս, Մարտիրոս Պողիկյան` դասախոս, մեծ եղբայրը` Հարություն Դուրյանը, որ 1873 հոկտեմբերի 25 – ին մահացավ, Հովհաննես Ճանֆեսճյանը, ում որ ուղղված էր «Հուշք» քերթվածը:
Օր մը Պետրոսի այցելության միջոցին Վարդանա մայրը կը’ըսե. «Տղա´ս, ալ զքեզ չպիտի թողում որ բժիշկ ըլլաս (Վարդան արքունի բժշկական վարժարանի աշակերտ էր), որովհետև քու կազմըդ չի վերցներ բժիշկ ըլլալ»: Պետրոս կատարելապես անհույս անոր կյանքեն, դառնությամբ ու սրտի մորմոքով մը կ’ըսե. «Եթե Վարդան հիվանդ է և չկրնար բժիշկ ըլլալ, հանցանքը քուկդ է. թող տղադ առողջ ծնեիր»:
Ծնողները մեծ զոհողությունների գնով Վարդանին ուղարկում են Եգիպտոս, որտեղ նա մնում է մի քանի ամիս: Կապը երկու ընկերների միջև երբեք չընդհատվեց. նրանք անընդհատ նամակներ էին գրում իրար: Ցավոք, բոլոր նամակները կորել են հրդեհի մեջ:
Լութֆյանի հիվանդությունը սաստկանում է, և ծնողները նրան վերադարձնում են Պոլիս: Դուրյանն ընկերոջ մոտից չի հեռանում` «անոր հիվանդ շունչը ծծելով, ինք ալ արդեն հիվանդ` ատով իր հիվանդությունն ավելի ծանրացավ ու անոր ապուրեն ուտելով, որպեսզի ինք ալ անոր հետ մեռնի»:
1871-ի օգոստոսին, Պետրոսից վեց ամիս առաջ, Վարդանը մահանում է: Դուրյանն իր բարեկամի վրա սրտաճմլիկ էջեր է գրում:
«Փտեցան նորա ոսկերքն հիմա, հարթ և անհայտ եղավ նորա հողակույտը: Չէի ուզեր հավատալ, թե պիտի մեռնի` մինչև այն ժամանակ, երբ իր վերջին նվաղյալ նայվածքներեն մին արձակած ատեն, դեռ ինձ չհասած, երկուքիս մեջտեղ ինկավ մարեցա¯վ, մինչև ա´յն ատեն, երբ տխուր ձայնը խղճուկ «մնաս բարով»-ի մեջ կմարեր: Ա¯հ, հիշատակներ կան, որոնք իրենց շարունակության մեջ շանթեր են…Սրտիս ծալուցը մեջ միայն մեկ կորովի խորշ մը կրցի պահել իր տխուր դամբանականը արտասանելու համար»:
«…Այս սգալի հանդեսին մեջ բան մը զիս կզարմացնե. ցավելով կտեսնեմ, որ մեռելաթաղներ բրիչի ձեռին անհամբեր կըսպասեն, որ սիրելվույն սև փոսն վայրկյան մ’առաջ գոցեն: Անոնք կըկարծեն, թե այն մարդոցմե մեկը կըթաղեն, որոնց գերեզմանը անդունդ մ’է, որոնք իրենց հիշատակին վրա կըմեռնին: Ըսեք իրենց, դուք, որ Վարդանը կճանչեք, ըսեք, որ ասի այն մարդոցմեն չէ, ասի լուսո զինվոր մ’է և չը թաղվիր, որչափ ալ ցուրտ հող թափին իր դիակին վրա. ասի տասնևիններորդ դարու լուսո ճառագայթներեն մին է:
Միթե կթաղվի՞ ճառագայթը…»:
Երբ վեց ամիս հետո Պետրոսն էլ մահացավ, մինչև վերջին վայկյանները Վարդանին կհիշեր…

Երջանի՞կ ես հոդ թե թշվառ,
Զվարթնո թևով լուր մ՚ինձ ղրկե,
Ա՜հ, այս աշխարհն միշտ տաղտուկ է…
Ցավերու մեծ մայր մ՚է աշխարհ։

Ո՜հ, եթե հոդ ծառի մը շուք
Կա և նորա քով մեկ վըտակ,
Եթե կա հոդ սե՜ր անապակ,
Կան ազատ օդ, ազատություն։

Ո՜հ, կը թոթվեմ ես այս աղտոտ
Ձորձն հոգվույս՝ կյանքս՝ մինչ իսկ այսօր,
Հող կը հագնիմ, հո՜ղ սըգավոր…
- Ա՛հ, ուզածներս, Վա՛րդան, կա՞ն հոդ…։

gayane0803
13.03.2012, 22:45
Գարնանային կենացս մեջ


Գարնանային կենացս մեջ
Սիրո ծաղկունք մինչ փըթթեին՝
Սիրտըս վառված սիրովն անշեջ
Առաքինվույն և գեղեցկին,

Մահագուշակ խորշակն անդեն
Հասավ տիրեց սրտիս բոլոր,
Թառամեցան ծաղկունք ամեն
Ծըլած փթթած սրտիս մեջ նոր։

Այն, որ տըվավ երկրիս գարուն,
Ծաղկունք, մարգերն ալ զարդ նորին
Եվ մարդկային վեհ սրտերուն
Ուսույց սիրել գեղն ու բարին,

Ինչո՞ւ արդյոք խորշակահար
Կ՚ընե ծաղկունք դեռափըթիթ,
Ինչո՞ւ արդյոք Նա սիրահար
Սըրտերն զեղու արտասվոք միշտ։

Ահա կիջնեմ, ո՜հ, ես այժմեն
Առջևս բացված գերեզման խոր,
Բայց սա տըխուր տեսարանեն
Ի՜նչ կա արդյոք հաճույք մ՚Անոր։

gayane0803
13.03.2012, 22:49
Մանիշակ


Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՚հ ինչի՞ այդ նըշանակ։

Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,

Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։

Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան
Տեսավ ձեռներն երբ ներա։

Եվ դեռ ըսե՞մ․․․ օր մ՝երկին
Ամպոտեցավ․․․ է՞ր արդյոք․
Երբոր կ՛ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին։

Վանաձորի 27 դպրոց
13.03.2012, 22:59
http://www.youtube.com/watch?v=6r0L64tmuso