PDA

Դիտել ողջ տարբերակը : Եղիշե Չարենց



Chuk
04.05.2010, 17:16
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 1 (նոր տոմարով՝ մարտ 13)- 1937, նոյեմբերի 27) - հայ բանաստեղծ:



Գրական անունը

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանճյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչունական տեղաշարժերի հետևանքով:



Կյանքի և ստեղծագործության գլխավոր տարեթվերը

Մինչև 1910 թվականը


1897, մարտի 13: Կարսում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյան-Մարգարյանցի (Աբգար աղա) ընտանիքում ծնվում է ապագա բանաստեղծ Եղիշե Սողոմոնյանը: Ծնունդը՝ ըստ «Չափաբերական մատյանի»: Հայրը՝ Աբգար Մարգարի Սողոմոնյան, մայրը՝ Թեկղե Ավետիքի Միրզայան: Ծնողները ծագումով Մակուից էին, այդ իսկ պատճառով նա ևս երբեմն իրեն մակվեցի է համարել՝ «Հայրենիքս է Խանի Մակուն», «Բանաստեղծ՝ ծնված Մակու քաղաքում»: Հայրը պարսկահպատակ էր և զբաղվում էր գորգի առևտրով: Եղիշեից բացի ուներ ևս վեց երեխա՝ Աշխեն, Մարիամ, Աննա, Գեղամ, Սերոբ, Սողոմոն:
1904 կամ 1905թ.: Սովորում է (հավանաբար) Ջ. Ջամբազյանի մասնավոր դպրոցում:
1906, հոկտեմբերի 15: Պաշտոնապես բացվում է Կարսի ռեալական ուսումնարանը:
1908-1912: Սովորել է ծննդավայրի ռեալական ուսումնարանում: Այստեղ է փոխադրվել քաղաքային ռուսական կամ հայկական ծխական դպրոցից: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում նշում է, որ ստացել է «Միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի կրթություն»: Այլ առիթներով գրում է 4-րդ դասարանի կրթություն: Այդ տարիների մասին Աշոտ Փալանջյանը իր «Դպրոցական տարիներին», հուշապատումում գրում է «Եղիշե Սողոմոնյանը դպրոցի առաջադեմ աշակերտներից էր: Պատմության, աշխարհագրության, ռուսաց և հատկապես հայոց լեզվի առարկաներից նա միշտ ստանում էր լավ գնահատականներ... Հայ հին ու նոր գրականության ասպարեզում գրեթե մրցող չուներ... Շատ էր սիրում ժողովրդական բանահյուսությունը»:



1910-ական թվականներ

1910: Ռեալական ուսումնարանի աշակերտների ջանքերով հրատարակվում է «Գարուն» ալմանախը, որի մեջ տպագրվում է տարվա չորս եղանակներին նվիրված Չարենցի ոտանավորների շարքը:
1912, հուլիս: Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» բանաստեղծությունը: Հեղինակը դժգոհ էր, քանի որ խմբագիրը 40-50 տող բանաստեղծությունից թողել էր 8 տող:
1914: Կարսում, Շ. Կ. Սուրենյանի «Արևագալ» տպարանում լույս է տեսնում Չարենցի անդրանիկ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն՝ նվիրված բանաստեղծի առաջին մտերմուհիներից մեկին՝ Աստղիկ Ղոնդախչյանին: Ըստ Գևորգ Աբովի հուշերի Չարենցը գրքի տպագրման մասին ասել է. «Երեք երգը...» տպելու համար դեսից-դենից մի քիչ փող ձեռք գցեցի, թուղթ առա, տպարանի պայմանավորվեցի ու լույս տեսավ, չնչին տիրաժ ուներ... Մի մասը տվի մեր Կարսի գրախանութը, մի մասն ընկերներս ձեռքի վրա ծախեցին, մի մասն էլ ուղարկեցի ուրիշ քաղաքներ, ինչ եղավ` չիմացա»:
1915, փետրվար: Կարսում գրում է «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: Լույս է տեսել նույն թվին, Թիֆլիսում:
1915 - Կարսում ավարտում է «Տեսիլաժամեր» շարքը:
1915, օգոստոս: Զինվորագրվում է հայ կամավորական 6-րդ գնդին, որը շուտով միավորվում է 7-րդ գնդին և վերակազմավորվում որպես 7-րդ գունդ: Հրամանատարը իշխան Հովսեփ Արղության Երկայնաբազուկն էր: Ըստ Գևորգ Աբովի հուշերի` այս կապակցությամբ Չարենցն ասել է. «Հայրս ինձանից բոլորովին ձեռք քաշեց, երբ առանց իրեն հարցնելու ֆրոնտ գնացի»:
1915, սեպտեմբերի 30: Կազմվել է ճակատ մեկնող հայ կամավորականների գնդի ցուցակը: 6-րդ գումարտակը Վանի շրջանում պատրաստվում է մարտերի և մինչև դեկտեմբեր ծավալել մարտական գործողություններ: Չարենցը մասնակցել է Թափառեզի, Սուլդուզի մարտերին:
1916: Պատերազմի սարսափների զգացողությամբ 1915-1916-ին գրեց «Դանթեական առասպել» պոեմը, որը 1916-ին լույս տեսավ Թիֆլիսում: Պոեմը տեղագրված է՝ «Տաճկաստան-Պարսկաստան, ռազմաճակատ»: Ուներ ձոն՝ «Միհրան Մարգարյան, Ստեփան Ղազարյան և Աշոտ Միլիոնչյան նահատակ ընկերներիս, որ ընկան սրբազան մարտում Սրբազան և սիրուն Հայրենիքի համար»:
1916, սեպտեմբեր: Ընդունվում է Մոսկվայի Շանյավսկու համալսարան: 1921-ին լրացրած կուսակցական հարցաթերթիկում գրում է, որ 2 տարի սովորել է Մոսկվայի ժողովրդ. (Շանյավսկոգո) համ.:
1916: Մոսկվայում գրում է «Վահագն» և «Աթիլլա» պոեմները, ավարտում է «Հրո երկիր» գրքից» շարքը:
1917, փետրվար - Շանյավսկու համալսարանի ուսանողների խմբում մասնակցել է Բուտիրյան բանտից քաղբանտարկյալների ազատագրմանը: Ավարտում է «Ծիածանը» շարքը, որը լույս է տեսնում նույն թվին: Գիրքն ուներ ձոն՝ «Իրիկնային քրոջս - Կարինե Քոթանճյանին»: Կարինե Քոթանճյանը իր հուշերում գրում է. «Այդ օրերին Չարենցը գրում էր «Ծիածանը»: Ինձ ոչինչ չէր ասել մինչև ավարտելը, հետո բնագիրը տվեց ինձ և խնդրեց կարդալ միասին: Նույն օրերին նա հորից ստացավ ծանրոց: Հայրը գրել էր, որ դրամ չի կարող ուղարկոլ, ուղարկում է գրպանի դանակներ և պարսկական փուշիներ: Մեծ էր Եղիշեի ուրախությունը: Մոսկվայում նա շատ սուղ էր ապրում և հետո մտածում էր խնայած դրամներով հրապարակել «Ծիածանը»:
1917, մարտ: Գրում է «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը Մոսկվայում:
1917 - Թիֆլիսի Գոլովինսկի պողոտայի վրա գտնվող «Մի բաժակ թեյ» թեյարան - սրճարանում Չարենցը տեսնում է Վահան Տերյանին, որը նրա գրական կուռքն էր: 1912-ին Կարսում գնել էր նրա «Բանաստեղծություններ» գիրքը: Տերյանին Չարենցը համարում էր «Մի ամբողջ կուլտուրա»: Ամբողջ կյանքում Տերյանի գրական ու մարդկային ներկայությունը ուղեկցել է նրան: Իր հերթին Տերյանը ևս ճանաչել է Չարենցին: 1919թ. դեպքերի մտաբերումով Ա. Կարինյանը գրում է, որ Տերյանը «… համենայն դեպս գտնում է, որ նորագույն բոլոր հայ բանաստեղծների շարքում ամենից տաղանդավորը Եղիշե Չարենցն է:
- Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասահայ իրականության մեջ»:
1917: Ավարտում է «Հարդագողի ճամփորդներ» բալլադը, որ նվիրել է «սիրելի Վիվանին»:
1918, սկիզբ: Թուրքական հարձակումների ուժեղացման հետ, Աբգար աղայի ընտանիքը մշտապես բնակություն է հաստատում Մայկոպում: Նույն թվականին Չարենցն այցելել է ծնողներին և մասնակցել Հյուսիսային Կովկասի քաղաքական իրադարձություններին:
1918, փետրվար: Ավարտում է «Ազգային երազ» պոեմը:
1918, փետրվար-մարտ: Գրում է «Ողջակիզվող կրակ» շարքը «Իրիկունը» ենթաշարքի բանաստեղծությունները:
1918, հուլիս: Գրում է «Ողջակիզվող կրակ» շարքի «Վերադարձ» բանաստեղծությունը:
1918, հունիս-հուլիս: Գրում է «Սոմա» պոեմը, Ցարիցինի տակ:
1918: Հավանաբար հուլիսից հետո է գրում «Ամբոխները խելագարված» պոեմը:
1918, դեկտեմբեր- Թիֆլիսում լույս է տեսնում «Սոմա» պոեմը:
1919, սեպտեմբեր: Կարսը և նահանգը թուրքերից ազատագրվելուց հետո՝ նշանակվում է արել Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում:
1919, հոկտեմբերի 18: Հայաստանի գրական ընկերությունը Երևանում կազմակերպում է Չարենցի ստեղծագործության քննարկում: «Մի նոր բանաստեղծ» նյութով խորհրդարանի դահլիճում զեկուցում է հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյանը: Չարենցն այդ գրական միջոցառմանը ներկա չի եղել և այդ մասին տեղեկացել է մամուլից:
1919, դեկտեմբեր: Հեռանում է Բաշքյադիկլարից:
1919: Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը:
1919-1920: Գրում է «Ողջակիզվող կրակ» շարքի «Առավոտ» ենթաշարքի բանաստեղծությունները:



1920-ական թվականներ

1920, սկիզբ: Նշանակվում է Հայաստանի Հանրապետությանհանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար: Ըստ Նիկոլ Աղբալյանի «Եղիշե Չարենցն ու ես» հուշի՝ «մի պաշտոն «անձնական քարտուղար»»: Նշանակման հրամանը ստորագրել է նախարար Նիկոլ Աղբալյանը: Այդ աշխատանքից իր դիմումի («Խնդիր») համաձայն ազատվել է նույն թվականի հունիսի 1-ին: Ազատման հրամաննն ստորագրել է նախարար Գ. Ղազարյանը:
1920, փետրվար: Գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր» (Գալանտ երգեր) շարքը, Երևանում` Արմենուհի Տիգրանյանին ընծայականով:
1920, մարտի 9-10: Գրում է «Նորից` Արմենուհի Տիգրանյանին» շարքը` ձեռագիրը նվիրելով բանաստեղծուհուն:
1920, մայիսի 1: Մասնակցում է բոլշևիկյան ցույցերին:
1920, մայիսի 16: Երևանում գրում է «Վահան Տերյանի հիշատակին» բանաստեղծությունը:
1920, մարտ - հունիս: Գրում է «Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ)» գիրքը, որի մեջ զետեղված էին «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» պոեմները: Լույս է տեսնում նույն թվին, Երևանում:
1920, կեսերին:Դաստիարակ-ուսուցիչ է Երևանի հիվանդ երեխաների ամերիկյան մանկատանը կից դպրոցի 3-րդ դասարանում:
1920, հուլիս: «Հայաստանի կոոպերացիա» պարբրականի 12-րդ համարում տպագրվում է նույն թվին Երևանում գրած «Մորս համար գազելը»:
1920, հոկտեմբերի 6: Երևանում գրում է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը` «Սիրելի Դավիթ Անանունին» ընծայականով:
1920, դեկտեմբերի 15: Աշխատում է որպես ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Այդ պաշտոնում մնացել է մինչև 1921թ. հունիսը: Եղել է նաև լուսժողկոմիսարիատի կոլեգիայի անդամ:
1920 - Դիմել է ընդունվելու կոմունիստական կուսակցության շարքերը: Չարենցին տրվում է ՀԿ(բ)Կ 570 համարանիշի կուստոմսը՝ Աղասի Խանջյանի ստորագրությամբ: ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի որոշմամբ Չարենցը կուսակցությունից հեռացվել է 1926թ. սեպտեմբերի 7-ին՝ նախորդ օրը նրա նկատմամբ կալանավորման կանխարգել միջոց կիրառելուց հետո:
1920: Գրում է «Երգ ժողովրդի մասին» պոեմը:
1921, հունվարի 21: Երևանի և Էջմիածինի գավառների դպրոցական աշխատողների համագումարում հանդես է գալիս «Արվեստի բաժնի մասին» զեկուցումով:
1921, փետրվար 21- ապրիլ 4 - Ղամարլուի (Արտաշատ) ճակատում ծառայել է Յանիչևսկու գլխավորած զինվորական գործող ջոկատում՝ շարքային կարմիրբանակային, վերջում «Ազատամարտ» զրահագնացի քաղղեկ:
1921, մայիս-հունիս: Երևանում գրում է «ՈՒթնյակներ արևին» շարքը
1921, հունիս: Ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: Ծնվել է Նախիջևանի Ազա գյուղում 1899թ., ավարտել Թիֆլիսի Գայանյան դպրոցը, գիմնազիա, իսկ 1921-1922-ին Չարենցի հետ մեկտեղ ուսանել Մոսկվայում: Նրան են նվիրված «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը:
1921, հուլիս: Մեկնում է Մոսկվա` Արփենիկի հետ:
1921, օգոստոսի 3: Մոսկվայի Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանի հասարակական գիտությունների բաժանմունքի գրական - գեղարվեստական բաժնի ուսանող:
1921, աշուն: Մոսկվայում գրում է «Երկիր Նաիրի» վեպի առջին մասը` «Քաղաքը և բնակիչները», առաջին անգամ տպագրվել է 1922-ին:
1921, դեկտեմբեր: Մոսկվայում ավարտում է «Ամենապոեմը»:
1921: Ավարտում է «Տաղարան» շարքը «Արփիկին» ընծայականով: Շարքն ավարտվում է «Ես իմ անուշ Հայաստանի...» հանրահայտ բանաստեղծությամբ: Երևանում սկսել Մոսկվայում ավարտել է «Խաղաղության ռադիո» պոեմը:
1922, հունվարի 6: Մոսկվայում ավարտում է «Չարենց-Նամեն»:
1922, փետրվար-մայիս - Մոսկվայում Ալեքսանդր Մյասնիկյանի հանձնարարությամբ լույս են տեսնում «Երկերի ժողովածու»-ի Ա և Բ հատորները, որոնք ամփոփում են նրա տասնամյա ստեղծագործական վաստակը:
1922, հունիսի 2: Գործուղվում է Երևանի ժողովրդական համալսարան` ուսանողության շրջանում գրական-կուլտուրական աշխատանք կատարելու համար:
1922, հունիսի 14 - «Խորհրդային Հայաստան» օրաթերթում (թիվ 130) լույս է տեսնում Չարենցի, Ազատ Վշտունուև Գևորգ Աբովի ստորագրած «Երեքի» դեկլարացիան: Որպես նոր արվեստի պատգամախոսներ՝ նրանք պահանջում էին հայ գրականության արմատական բարեփոխում: Բոլոր ծայրահեղություններով հանդերձ՝ «Երեքը» խմբակցության գործունեությամբ Չարենցը Հայաստանում սկզբնավորեց բուռն գրական շարժում: «Երեքը» գոյատևեց մինչև օգոստոս:
1922, հունիս: «Խորհրդային Հայաստան» օրաթերթ 130, 135, 136 համարներում շարունակաբար լույս է տեսնում Չարենցի «Ինչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածը, որպես բացատրություն «Երեքի» դեկլարացիայի:
1922, հուլիսի 8: Երևանում լույս է տեսնում «Երեքը» գրական խմբակի բյուլետենը (թիվ 1):
1922, հուլիսի 20: Տեղի է ունենում «Երեքի» երկրորդ «Շեփորահանդեսը», որտեղ Վահան Տերյանի ստեղծագործությանը նվիրված զեկուցումով հանդես է գալիս Չարենցը:
1922, հուլիսի 23: Տեղի է ունենում, այս անգամ սովնարխոզի սրահում, «Երեքի» երրորդ «Շեփորահանդեսը:
1922, օգոստոսի 1-3: Գրում է «Ասպետական» ռապսոդիան, որը լույս է տեսնում «Նորք» հանդեսի 1923թ. 2-րդ գրքում:
1922, օգոստոսի 10-13: «Երեքն» իրենց ելույթներով հանդես է գալիս նաև Լենինականում:
1922, սեպտեմբեր: Մեկնում է Մոսկվա` ուսանելու:
1922, հոկտեմբերի 5: Գործուղվում է ուսանելու Մոսկվայի Բրյուսովի անվան բարձրագույն գրական - գեղարվեստական ինստիտուտում: Ուսումը երկար չի տևում:
1922, հոկտեմբերի 11: Ավարտում է «Երկիր Նաիրի» վեպի երկրորդ մասը` «Դեպի Նաիրի». առաջին անգամ տպագրվել է 1923-ին:
1922, դեկտեմբերի 1: Մոսկվայի «Մուրճ և մանգաղ» հրատարակչությանը կից հայկական բաժնի գրաքննիչ Վ. Տեր- Գրիգորյանը դիմում է ԽՍՀՄ գլավլիտի վարիչ Լեբեդեվ-Պոլյանսկուն և զեկուցում, որ Չարենցի Մոսկվայում տպագրված երկհատորյակն ունի «արդարարական - կղերական - նացիոնալիստական» բովանդակություն: ՀԿ(բ)Կ Կենտկոմի նախագահության 1923թ. փետրվարի 22-ի նիստում Վ. Տեր-Գրիգորյանի արարքը որակվում է որպես զրպարտություն, անհիմն և ակնհայտորեն սադրիչ: Հարց է հարուցվում նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու և պատասխանատվության ենթարկելու մասին:
1922: Մոսկվայում լույս են տեսնում «Պոեզոզուռնա» ժողովածուն (հոկեմբերին) և «Ռոմանս անսեր» պոեմը:
1923, հունվարի 1: Մոսկվայում Չարենցը նամակ է գրում նույն քաղաքի հիվանդանոցներից մեկում բուժվող Հովհաննես Թումանյան, որում բարձր է գնահատում Թումանյանի վաստակը: Իր հերթին Թումանյանը ևս բարձր է գնահատել Չարենցին. «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է՝ բանաստեղծական անկեղծ տրամադրությամբ»:
1923, ապրիլի 3: «Խորհրդային Հայաստանի» 68-րդ համարում տպագրում է «Երկու աշխարհի սահմանագծում» հոդվածը նվիրված Հովհաննես Թումանյանի ստեղծագործությանը:
1923, ապրիլի 10 : Երևանում դասախոսել է «Ռուսական արդի պոեզիան» թեմայով:
1923: Երևանի ժողովրդական համալսարանի ուսանող: Թոշակառու ուսանողների ցուցակում նրա անունը 35-րդն է:
1923: Թիֆլիսում լույս է տեսնում «Կապկազ» թամաշան: Նկարիչ՝ Կարո Հալաբյան: Կ. Պոլսում` «Պոեմներ» ժողովածուն: Խմբագիր՝ Պողոս Մակինցյան:
1923 - «Նորք» հանդեսում (թիվ 3) տպագրվում է Մանուկ Աբեղյանի «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ» հոդվածը:
1924, հունվարի 23: Գրում է «Լենին» բանաստեղծությունը, Մոսկվայում:
1924, մայիս: Ե. Չարենցի, Կ. Հալաբյանի և Մ. Մազմանյանի համագործաքցությամբ Մոսկվայում լույս է տեսնում «Standard» հանդեսի միակ համարը և Ա. Մյասնիկյանի հորդորով ոչնչացվում է: Հանդեսը շարունակում և նոր պայմաններում փորձում էր իրականացնել «Երեքի» դեկլարացիայի հիմնադրույթները:
1924, հուլիսի 16-17: Գրում է «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմը: Լույս է տեսնում Երևանում:
1924, սեպտեմբեր: Ավարտում է «Երկիր Նաիրի» վեպի երրորդ մասը, առաջին անգամ տպագրվել է 1925:
1924, սեպտեմբերի 9: ՌԿ(բ)Կ անդրերկրկոմի քարտուղարության նիստում (քարտուղար՝ Մյասնիկյան) որոշվում է Չարենցին գործուղել արտասահման և հատկացնել անհրաժեշտ միջոցներ:
1924, նոյեմբեր 21: Բաթումից մեկնում է արտասահմանյան շրջագայության: Լինում է Տրապիզոնում, Կոստանդնուպոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում: 1925թ. հուլիսի 31-ին արտասահմանից վերադառնում է Երևան: Ուղևորության ընթացքում գրել է «Լենինն ու Ալին» (Տրապիզոն), «Ստամբոլ» (Կ. Պոլիս), «Պոեմ հերոսական» (Հռոմ), «Կոմունարների պատը Փարիզում» (Բեռլին) պոեմները, «Դեպի Ստամբոլ» (Բաթում-Կ. Պոլիս), «Բելգիա - Լիեժ» (Փարիզ, Բեռլին) բանաստեղծությունները:
1924 - Մոսկվայում լույս է տեսնում «Կոմալմանախ» ժողովածուն:
1924 - Չարենցի խմբագրությամբ Երևանում լույս է տեսնում «Կորչի՛ պատերազմը» գրական - գեղարվեստական ժողովածուն:
1924 - Վենետիկում լույս է տեսնում Սիմոն Հակոբյանի «Եղիշե Չարենց» մենագրությունը՝ առաջին լուրջ ուսումնասիրությունը Չարենցի ստեղծագործության մասին: Մինչ այդ մամուլում տպագրվել էին հոդվածներ և գրախոսություններ:
1925,հուլիսի 17 - Արտասահամանում եղած ժամանակ ընտրվում է «Հոկտեմբեր» (այնուհետև վերանվանվել է «Նոյեմբեր») կազմակերպության պատվավոր նախագահ:
1925,սեպտեմբեր - “Խորհրդային Հայաստան” օրաթերթում լույս է տեսնում Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» միության դեկլարացիան, որը բացի նրանից, ստորագրել էին նաև Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Վաղարշակ Նորենցը, Գեղամ Սարյանը, Սողոմոն Տարոնցին և ուրիշներ: Սեպտեմբերի 27-ին Երևանում բացվում է «Նոյեմբեր» միության համահայաստանյան ժողովը, որը քննարկում է կազմակերպչական հարցեր: «Նոյեմբեր» միությունը 1925թ. նոյեմբերի 6-ին հրատարակում է «Նոյեմբեր» մեկօրյա թերթը, որի մեջ նյութեր ունի նաև Չարենցը: 1926թ. դեկտեմբերի 6-ին կուսակցական պարտադրանքով «Նոյեմբերը» միավորվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի հետ՝ ստեղծվում է Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների միությունը:
1926 - Երևանում լույս է տեսնում «Երկիր Նաիրի» վեպը: Գրել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում: Գրելուն զուգընթաց տպագրել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925): 1926-ին «Երկիր Նաիրին» Մարիետա Շահինյանի առաջաբանով ռուսերեն լույս է տեսնում նաև Մոսկվայում (թարգմանիչ՝ Հակոբ Խաչատրյան):
1926, սեպտեմբեր 5- Երևանում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիանա Այվազյանին, որին սիրահարված էր: Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ: Նոյեմբերի 9-ի դատական նիստում դատապարտվում է 8 տարվա ազատազրկման (խիստ մեկուսացումով): Նույն նիստում պատժաչափը մեղմացվում է՝ դարձվում է 3 տարի (առանց խիստ մեկուսացման և իրավունքների սահմանափակման): Պատիժը կրում է Երևանի բանտում՝ «Ուղղիչ տանը»: Այս ընթացքում կնոջ վիճակի վատացման և մահվան կապակցությամբ նրան տրվել է 7 օր արձակուրդ, իսկ դրանից հետո աննպատակահարմար է համարվել հոգեկան ծանր դրության մեջ նրան կալանքի տակ պահելը: 1927թ. հունվարի 8-ին որոշվում է կալանքը փոխարինել «հարկադիր բժշկությամբ՝ ուղարկելով նրան սանատորիաներից մեկը»:
1927, հունվարի 1-2-ի գիշեր - Արտաարգանդային հղիություն ախտորոշմամբ Երևանի 1-ին հիվանդանոցում վախճանվում է կինը՝ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը: Չարենցը շատ ծանր է տարել կնոջ մահը: Նրա հիշատակին են նվիրված ձոնված «Էպիկական լուսաբաց» ժողովածուն, «Նավզիկե» պոեմը, այլ բանաստեղծություններ:
1927 - Թիֆլիսում լույս են տեսնում «Ռուբայաթ», «Ժողովածու պոեմների», «Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից» գրքերը:
1928, հուլիս 1- Աշխատանքի է անցնում Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում որպես վարիչ: 1930թ. հունիսի 1-ին կազմավորվում է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվում նա: 1934թ. ապրիլի 1-ին նշանակվում է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից ազատվում է 1935-ի մարտի 8-ին: Նույն օրն էլ Հայաստանի գրողների միություն է դիմում «Հայտարարությամբ» և պահանջում իրեն ազատել միության շարքերից:
1928, նոյեմբեր-դեկտեմբեր - Գրում է «Խմբապետ Շավարշը (Մի հատված «Ապստամբություն» չափածո վեպի առաջին գլխից)» պոեմը: Լույս է տեսնում «Նոր ուղի» ամսագրում (1929, թիվ 1):
1928 - Կազմում է «Գրականության դասընթաց» դասագիրքը: 1928-1933 թթ. կազմել և լույս է ընծաել 14 անուն դպրոցական դասագիրք և քրեստոմատիա: Իսկ 1936-ին մասնակցել է հայոց լեզվի և գրականության ծրագրերի կազմման աշխատանքներին:
1929 - Մոսկվայում լույս է տեսնում «Չորս բալլադ» ժողովածուն:
1929 - Մոսկվայի քաղաքային 2-րդ հիվանդանոցում երիկամի վիրահատությունից հետո (քարի հեռացում) սկսում և մինչև կյանքի վերջը շարունակում է օգտագործել թմրադեղեր:





1930-ական թվականներ

1930 - Երևանում լույս է տեսնում «Էպիքական լուսաբաց» ժողովածուն: Փետրվարի 2-ին գրողների տանը կազմակերպվում է գրքի քննարկումը: Զեկուցում է Հայկ Գյուլիքեվխյանը:
1931, փետրվար 19-20- Լուսժողկոմատի կազմակերպած պոեզիայի հարցերին նվիրված ասուլիսում դասախոսում է «Ներկա պրոլետարական գրականության հիմնական տենդենցները» նյութով:
1931, մարտ - Ներգրավվում է Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի, իսկ նոյեմբերին՝ Անդրկովկասյան պրոլետարական գրողների վարչությունների կազմում:
1931, օգոստոս 3 - ՀԳՄ քարտուղարության որոշմամբ գրողները կցվում են արտադրական ձեռնարկությունների: Չարենցը կցվում է Երևանի ծխախոտի գործարանին:
1931, սեպտեմբեր 29- Ամուսնանում է Իզաբելա Նիազովայի հետ (ծնվ. 1909թ.), որը Մոսկվայում ավարտել էր 7-ամյա դպրոց: Ծնողները Բաքու էին տեղափոխվել Շամախիից: Իզաբելայից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկ (1932թ.) և Անահիտ (1935թ.): Մահացել է 1969-ին Երևանում:
1932, փետրվար 17 - Դիմում է Կենտկոմ և առարկում այն որոշման դեմ, որով մի քանի գրողների, նաև իրեն, մեկ տարով ազատում են զբաղեցրած պաշտոնից, նյութապես ապահովում, որպեսզի նվիրվեն գրական աշխատանքի:
1932, փետրվար - «Նոր ուղի» ամսագրում (թիվ 2) տպագրվում է Հարություն Մկրտչյանի (Քսպե) «Խորհրդային Հայաստանի պոեզիան» հոդվածը, որի մեջ Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուի կապակցությամբ օգտագործվել են «իդեոլոգիական սխալներ», «իդեալիստական երկվություն», «ծայրահեղ ինդիվիդուալիստ», «սուբյեկտիվ իդեալիստ», «Չարենցը սայթաքել է», «Մեր պոեզիան պետք է ընթանա տրամագծորեն հակառակ ուղիով» արտահայտությունները: Այս հոդվածի հեղինակին Չարենցը բազմիցս խարազանեց իր էպիգրամներում:
1932, մարտ - «Գրական թերթում» (թիվ 2) տպագրվում է Ն. Զարյանի «Բաց նամակ Եղիշե Չարենցին» նյութը, որի մեջ գրում է. ««Էպիքակակն լուսաբացում» … դու ավելի ես նահանջում դեպի ինդիվիդուալիզմի ինքնահանգստացուցիչ հանգրվանը: … Հիմնականում սխալ ես լուծում կլասիկներին օգտագործելու հարցը: … Քո նահանջի և լռության պատճառն այն է… որ դու… մասսաների հետ թույլ ես կապված…»:
1932, ապրիլ 23 - ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է ընդունում «Գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին»: Մայիսի 9-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմը ընդունում է համանման որոշում՝ «Հայաստանի գրական-գեղարվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին»: Չարենցն ընդգրկվում է ՀԳՄ-ի վերակառուցման նպատակով ստեղծված հանձնախմբի կազմում:
1932, դեկտեմբեր 4- Չարենցի գրական գործունեության 20-ամյա հոբելյանը նշելու նպատակով գրողների միությունում ստեղծվում է հանձնաժողով՝ Բակունց, Մահարի, Արմեն, Ալազան, Դաբաղյան: Սակայն հոբելյանը չի նշվում: 20-ամյակի կապակցությամբ լույս է տեսնում «Երկեր» մեծադիր հատորը, որն իմի է բերում նրա լավագույն էջերը:
1932 - Երևանում լույս է տեսնում «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգիրքը՝ նվիրված գրականությանը, արվեստին, գիտությանը և ժողովրդական տնտեսությանը:: Գրքի պատասխանատու խմբագիրը Չարենցն էր: Տեխնիկական խմբագրությունն արել էին Չարենցը և Տ. Խաչվանքյանը, ձևավորել էր Հակոբ Կոջոյանը: Խմբագրության կազմում են Չարենցը, Բակունցը և Եղիա Չուբարը: Գրքում զետեղված է նաև Չարենցի կենսագրությունն ու «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» պոեմը:
1933, ապրիլ 21- «Գրական թերթում» լույս է տեսնում Մկրտիչ Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» աղմկահարույց հոդվածը, որի մեջ ընդդեմ սոցիալիստական ռեալիզմի պաշտպանվում էր ազգային հատկանիշների խտացման դիրքորոշումը, որի կրողն էր Չարենցը: Արմենը գրում է, որ Չարենցի ուղին «շարունակ եղել է ազգային հատկանիշների կոնսոլիդացիայի ուղին իր երկերում…»: Նրա ստեղծագործությունն ընթացել է «ազգային ինքնորոշման ճանապարհով»:
1933, նոյեմբեր 14- ՀԿ(բ)Կ Կենտկոմը Աղասի Խանջյանի բացակայությամբ որոշում է ընդունում «Հայպետհրատի արտադրանքի իդեոլոգիական անկայունության մասին»: Ըստ այդմ որոշվում է՝ «2. Արգելել Չարենցի «Գիրք ճանապարհիի» հրապարակումը: 4. Հեռացնել Չարենցին պետհրատի գեղարվեստական սեկտորի վարիչի պաշտոնից...»: Նոյեմբերի 22-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն Խանջյանի ղեկավարությամբ վերանայում է Նոյեմբերի 14-ի որոշումը. «Վերականգնել ընկ. Չարենցին պետհրատում իր նախկին աշխատանքում, նշելով, որ նրա նկատմամբ հարուցված մեղադրանքը հանդիսանում է ոչ ճիշտ»: Սակայն աննպատակահարմար են գտնում «Գիրք ճանապարհիի» թողարկումը:
1933, դեկտեմբեր 1- Հայ գրողների ընդանուր ժողովում զեկուցում է Վ. Կիրպոտինը, քննադատում է Արմենի «Չարենցի և հարակից խնդիրների մասին» հոդվածը և դատապարտում Չարենցի ու նրա համախոհների գրական դիրքորոշումը: Նույն օրը Չարենցը զայրալից ու վրդովված նամակ է հղում Մ. Շահինյանին և խոսում այն ծանր կացության մասին, որի մեջ հայտնվել է ինքը «Գիրք ճանապարհին» արգելվելուց հետո: Տեղեկացնում է, որ համանման բովանդակության մի նամակ 2 օր առաջ օդային փոստով ուղարկել է Իոսիֆ Ստալինին:
1934, ապրիլ 7- Դիմում է գրողների միության կազմկոմիտեին և ցանկություն հայտնում զեկուցելու հետևյալ նյութերով՝ 1. Խորհրդային գրականության լեզուն, նրա նվաճումները, թերությունները, զարգացման ներկա հեռանկարները, 2. Հետհոկտեմբերյան հայ պոեզիայի տաղաչափությունը և նրա զարգացման տենդենցները և հեռանկարները, 3. Ռուսական խորհրդային պոեզիան, նրա ձևական տենդենցներն ու հեռանկարները և ազդեցությունը հայ խորհրդային պոեզիայի վրա: Հունիսի 28-ին բանախոսում է «Մեր գրական լեզվի զարգացման տենդենցները և Դ. Դեմիրճյանի լեզուն» նյութով:
1934, մայիս 6- «Գիրք ճանապարհի» գրքի արգելքի պատճառով դիմում է «Հ.Խ.Գ.Մ. կազմկոմիտեին»՝ «Ելնելով այս հանգամանքից, խնդրում եմ մինչև իմ գրքի մասին դրական լուծում ստանալը համարել ինձ Խ. Գ. միությունից դուրս»:
1934, հուլիսի վերջ - Երևանում 5000 օրինակ տպաքանակով լույս է տեսնում «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Նկարիչ-ձևավորող՝ Հակոբ Կոջոյան: Գիրքը պետք է լույս տեսներ 1933-ին: Բայց այն դարձել էր բանսարկությունների առարկա և Կենտկոմի կարգադրությամբ կալանվել: Չարենցն ստիպված գրքից հանում է «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» պոեմը և դրա փոխարեն ավելացնում «Արվեստ քերթության» և «Գիրք իմացության» բաժինները:
1934, օգոստոս 1-5- Երևանի կուլտուրայի տանը հրավիրվում է Հայաստանի գրողների առաջին համագումարը: 7-րդ նիստում, օգոստոսի 5-ի երեկոյան ելույթ է ունենում Չարենցը: Նա ընտրվում է ՀԳՄ վարչության և ԽՍՀՄ գրողների համագումարի պատվիրակության կազմում:
1934, օգոստոսի սկիզբ - Երևանում Չարենցի թարգմանությամբ լույս է տեսնում Մ. Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» գիրքը, որը նախատեսված էր խորհրդային գրողների առաջին համագումարի պատգամավորներին նվիրելու համար:
1934, օգոստոսի 17-սեպտեմբեր 1- Տեղի է ունենում ԽՍՀՄ գրողների առաջին համագումարը: Օգոստոսի 29-ին, համագումարի 20-րդ նիստում ելույթ է ունենում Չարենցը: Նրա ելույթը ժամանակին տպագրվել է «Հանուն սինթետիկ արվեստի» վերնագրով:
1934 - Չարենցի խմբագրությամբ լույս է տեսնում Միսաք Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու» շքեղ հատորը:
1934 - Չարենցի խմբագրությամբ լույս են տեսնում Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունները» (թարգմանիչ՝ Կարեն Միքայելյան), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ» (թարգմանիչ՝ Գևորգ Ասատուր) գրքերը: Խմբագրում է Շեքսպիրի «Արքա Լիրի» Հ. Մասեհյանի թարգմանությունը:
1934-ից - Մասնակցում է «Անթոլոգիա հայ պոեզիայի» գրքի ստեղծման աշխատանքներին: Հայաստանի խորհրդայնացման 15-ամյակի և բրյուսովյան հրատարակության 20-ամյակի կապակցությամբ այս նոր գիրքը պիտի գար շարունակելու սկսված գործը: Գիրքը լինելու էր Բրյուսովի ժողովածուի լրացված ու վերափոխված հրատարակությունը, որի խմբագիրը պետք է լիներ Գորկին: Չարենցին հանձնարարվում է գրքի միջնադարյան և ժողովրդական պոեզիայի բաժնի աշխատանքների ղեկավարությունը: Սակայն նա գրքի ստեղծման աշխատանքներին բազմակողմանի մասնակցություն է բերում: «Անթոլոգիան» լույս է տեսնում 1940-ին, Մոսկվայում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:
1934, դեկտեմբեր 30- Հանդիպում է Երևանի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական կազմի հետ: Լեփ-լեցուն դահլիճում նրան դիմավորում են հոտնկայս և խանդավառ ծափերով: Նստելու տեղ չլինելու պատճառով հանդիսականների մի մասը խռնվում է միջանցքում: Ներածական խոսք է ասում Ս. Հարությունյանը, զեկուցում է Ռուբեն Զարյանը, ելույթ են ունենում Ս. Հակոբյանը և ԱՄՆ-ից ժամանած Պ. Սելյանը: Ասմունքով հանդես է գալիս Ա. Ոսկանյանը: Ելույթ է ունենում նաև Չարենցը, որին, մամուլի վկայությամբ, «դահլիճը դիմավորեց բուռն ու երկարատև ծափահարությամբ»:
1935, հունվար 9- Որպես պատգամավոր մասնակցել է խորհուրդների 8-րդ համագումարին ևընտրվել է ՀԽՍՀ կենտգործկոմի անդամ:
1935, փետրվար 25, մարտ 22, մարտ 23, ապրիլ 23- ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունում հարցաքննվել է որպես ահաբեկիչ:
1935, մարտ 8 - Դիմում է գրողների միության վարչությանը և հայտարարում, որ այդ օրվանից «դուրս է գալիս գրողների կորպորացիայից»: Չարենցին ՀԳՄ շարքերից հեռացնելու կապակցությամբ տեղի է ունեցել երկու նիստ. մարտի 11-ին ՀԳՄ վարչության կուսակցական խմբակի, մարտի 13-ին, բանաստեղծի ծննդյան օրը, ՀԳՄ վարչության: Երկու նիստերն էլ «խստիվ դատապարտում են Չարենցի ըստ էության հակախորհրդային, հակահասարակական վերջին հայտարարությունը և գտնում անհրաժեշտ նրան հեռացնել Հայաստանի խորհրդային գրողների միությունից և վարչությունից»:
1935, հունիս 6- վերականգնվում է Հայաստանի գրողների միության կազմում:
1935, հունիս - Մոսկվայում հանդիպում է Վիլյամ Սարոյանին: Այդ հանդիպման մասին հետագայում հիշարժան էջեր է գրել մեր մեծ հայրենակիցը, «Ես իմ անուշ Հայաստանին» համարել մեր Տերունական աղոթքը՝ «Հայր մերը»:
1935, հուլիս 9- Մոսկվայում հանդիպում է Ռոմեն Ռոլանին և բանակցում նրա «Ժան Քրիստոֆ» վեպը թարգմանելու մասին: Այդ կապակցությամբ 1935թ. սեպտեմբերի 30-ին նամակ է հասցեագրել Ռոլանին: Նույն թվականի հոկտեմբերի 20-ին Ռոլանը պատասխանել է. «Ուրախ եմ, իմանալով, որ իմ «Ժան Քրիստոֆը» թարգմանվելու է հայերեն»: Ռոլանի նամակը «Առաջաբանի փոխարեն» վերնագրով տպագրվում է «Ժան Քրիստոֆի» 1937-ին տպագրված 1-ին հատորում: Չարենցի անունը ոչ մի տեղ հիշատակված չէ:
1935, հուլիս - Բնակարան է ստանում Երևան, Սունդուկյան 6 հասցեյով: Ներկայումս՝ Մաշտոցի 17, որտեղ գտնվում է բանաստեղծի տուն-թանգարանը:
1935, աշուն - Գրողների միությանը կից կազմակերպում է երկամյա երեկոյան գրական համալսարան: Մի կարճ ժամանակ Չարենցը դասավանդում է բանարվեստ և տաղաչափության հիմունքներ:
1935, դեկտեմբեր 30- ՀԽՍՀ 15-ամյակի կապակցությամբ Մոսկվայում, Կրեմլում ԽՍՀՄ ղեկավարությունն ընդունում է Հայաստանի աշխատավորության պատվիրակությանը, որի կազմում գրողներից ներկա էին Ստեփան Զորյանը, Ն. Զարյանը և Վախթանգ Անանյանը: Ստալինը Զորյանի հետ վարում է այսպիսի զրույց.
«Ստալին - Ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը: Զորյան - Ոչինչ: Ստալին - Նրան կարծեմ նեղացնում են: Զորյան - Նա այժմ իրեն հրաշալի է զգում»:
Ստալինի այս վերաբերմունքից հետո Հայաստանի «Կոմունիստ» ռուսերեն թերթը 1936թ. հունվարի 20-ին տպագրում է հարցազրույց Չարենցի հետ, «Գրական թերթում» 1936թ. հունվարի 20-ին լույս է տեսնում Ալազանի «Օպերային թատրոն ունե՞ք… ինչպե՞ս է ապրում գրող Չարենցը», իսկ 1936թ. փետրվարի 12-ին՝ Ս. Հարությունյանի «Չարենցը և կլասիկ պոեզիան» հոդվածները:
1936, հունվար 7- ՀԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Չարենցը նշանակվում է Ա. Ս. Պուշկինի մահվան 100-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նախագահ: Նա կզմում է հոբելյանը կազմակերպելու և անցկացնելու արտակարգ հարուստ ծւագիր: Սակայն Խանջյանի սպանությունից հետո մեկուսացվում է այդ աշխատանքից, իսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1936թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ նշանակվում է նոր նախագահ: Չարենցը չի ընդգրկվում անգամ հանձնաժողովի կազմում:
1936, փետրվար 2- Անդրերկրկոմի բյուրոն բավարարում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի խնդրանքը՝ գրող Եղիշե Չարենցին հատուկ բուժման նպատակով արտասահման ուղարկելու կապակցությամբ: Հատկացվում է անհրաժեշտ տարադրամ: Իսկ 1936թ. հունիսի 29-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն որոշում է արտասահմանում գտնվելու ընթացքում Չարենցի ընտանիքին հատկացնել 800 ռուբլի: Խանջյանի սպանությունից հետո Չարենցի արտասահման մեկնելու գործը ձախողվում է:
1936, 28 մայիս - Հայրենի հողին է հանձնվում Կոմիտասի աճյունը (մահ. 1935թ. հոկտ. 22-ին Փարիզում): Նրա մահվան ու հուղարկավորության տպավորություններով և հիշատակի ոգեկոչմամբ գրում է «Կոմիտաս», «Կոմիտասի հիշատակին» պոեմները և մի քանի բանաստեղծություն:
1936, հուլիս 9- Թիֆլիսում սպանվում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Չարենցի «Դոֆինը նաիրական» սոնետների շարքը կուսակցական և ազգային այդ ծանր աղետի սուր և հուսահատ գիտակցումն է:
1936, հուլիս - օգոստոս - Ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ ու մտավորականներ, որոնց ցուցմունքներում կան վկայություններ նաև Չարենցի մասին:
1936, օգոստոս - 1937 փետրվար - Գրում է «Որպես գորշ, դեղին տերևներ» պոեմը և ուրվագծում վերահաս ողբերգությունը:
1936, սեպտեմբեր 24- Ենթարկվում է տնային կալանքի: ՀԽՍՀ ՆԳԺԿ վարչությունը նրանից ստորագրություն է վերցնում՝ ըւտ որի «գտնվելով հետաքննության ենթակայության տակ, պարտավորվում է մինչև դատը չբացակայել քաղաքից»:
1936, նոյեմբեր 16- ՀԽՍՀ ՆԳԺԿ կողմից ենթարկվում է հարցաքննության: Մեղադրվում է որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, տրոցկիստ, ահաբեկիչ:
1936 - Երևանում լույս են տեսնում «Պոեմներ» և «Մաճկալ Սաքոյի պատմությունը» գրքերը:
1936-1937 - Գլավլիտի տարբեր «Գաղտնի» գրություններով Չարենցի գրքերը հանվում են գրադարաններից, գրախանութներում դադարեցվում է դրանց վաճառքը, ցրվում են տպագրության պատրաստ գրքերի շարվածքները:
1937, ապրիլ 17-21 - Տեղի է ունենում Հայաստանի գրողների ընդհանուր ժողովը: Չարենցի ժառանգությունն ուսումնասիրող Վ. Կիրպոտինը հայտարարում է. «Չարենցի ձեռքից բռնեց թշնամին»:
1937, մայիս 30- Բաց նամակով դիմում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ամատունուն՝ ապացուցելու, որ ինքն անմեղ է:
1937, հուլիս 24- Մեկնում է Ծաղկաձոր՝ գրողների տան կացարանից վտարված ընտանիքին Երևան փոխադրելու համար: Զայրալից խոսքեր է նետում իր ընտանիքը այդ վիճակի հասցնողների հասցեին: Նրա արարքը գնահատվում է որպես խուլիգանություն և վիրավորանք՝ հասցված ՀԿ(բ)Կ ու ԽՍՀՄ ղեկավարությանը:
1937, հուլիս 26- ՀԽՍՀ ՆԳԺ կոմիսար Մուղդուսու ստորագրությամբ լրացվում է օրդեր՝ Չարենցին ձերբակալելու և բնակարանը խուզարկելու համար: Նույն օրը ՀԽՍՀ ՆԳԺԿ 4-րդ բաժնի կողմից ձերբակալվում է: Նրան մեղադրանք է ներկայացվում ըստ ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 67, 68, 78 հոդվածների, նշվում, որ Չարենցը շարունակում է «ակտիվ պայքար մղել ընդդեմ խորհրդային իշխանության» և կալանավորում ՆԳԺԿ-ի ներքին բանտում: Չարենցի դեմ հարուցվում է նաև լրացուցիչ մեղադրանք՝ նախատեսված 17-65 հոդվածներով:
1937, սեպտեմբեր 25- Իզաբելա Չարենցը դիմում է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի տեղակալ Անաստաս Միկոյանին և խնդրում, հաշվի առնելով ամուսնու առողջական ծանր վիճակն ու անմեղսունակությունը, միջոցներ ձեռնարկել՝ ազատելու բանտից: Չարենցին ոչ միայն չեն ազատում, այլև այս նամակն առիթ է դառնում 1937թ. նոյեմբերի 23-ին ձերբակալելու Իզաբելային, մեղադրանք ներկայացնելու ըստ 69-րդ հոդվածի, որ նշանակում է, թե իշխանություններից թաքցրել է ամուսնու հանցագործությունները, և 1938թ. հուլիսի 15-ին, որպես սոցիալապես վտանգավոր տարր՝ 5 տարով աքսորելու Ղազախստան:
1937, սեպտեմբեր 27- հոկտեմբեր 6- Բանտում գիշերը նամակ է գրում Ավետիք Իսահակյանին և նրան ձոնում մի բանաստեղծություն: Նամակից. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը,- սիրտս լցվեց- և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն: … Ոգով պայծառ եմ և առույգ, ընտանիքի հոգսն է միայն ինձ հոգեպես ընկճում և հոշոտում: Այդ էլ թողնում եմ ալլահին և հայ ժողովրդին»:
1937, հոկտեմբեր 6 - Բանտից նամակ է հղում կնոջը. «Ամուր եղիր, հարազատս,- եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը, նույնպիսի մարդիկ, ինչպես մենք ենք»:
1937, նոյեմբեր 27 - Առավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում: Դրան նախորդել էր ծանր հիվանդությունն ու օրեր շարունակ տևած անգիտակից վիճակը: Հաջորդ օրը կատարում են դիահերձում, ըստ որի՝ բազմաթիվ հիվանդությունները հասցրել էին «օրգանիզմի ընդհանուր հյուծման», ինչն էլ, ըստ պաշտոնական կարծիքի, վերահաս մահվան պատճառ է հանդիսացել:





Չարենցի ստեղծագործությունների մատենագրությունը

Երեգ երգ տխրադալուկ աղջկան (բանաստեղծություններ), Ղարս, 1914, 8 էջ:
Կապուտաչյա հայրենիք (պոեմ), Թիֆլիս, 1915, 18 էջ:
Դանթեական առասպել (պոեմ), Թիֆլիս, 1916, 64 էջ:
Ծիածանը (բանաստեղծություններ), Մոսկվա, 1917, 64 էջ:
Սոմա (նոր վեդյան պոեմ), Թիֆլիս, 1918, 16 էջ:
Ամբոխները խելագարված (պոեմ), Թիֆլիս, 1919, 16 էջ:
Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ), Ե., 1920, 24 էջ:
Երկերի ժողովածու, հատոր 1, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 336 էջ:
Երկերի ժողովածու, հատոր 2, (էպիքական պոեմներ), Մոսկվա, 1922, 282 էջ:
Պոեզոզուռնա, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 32 էջ:
Ռոմանս անսեր, Մոսկվա, 1922, 23 էջ:
Կապկազ թամաշա (պոեմ), Թիֆլիս, 1923, 46 էջ:
Պոեմներ, Կ. Պոլիս, 1923, 239 էջ:
Կոմալմանախ (բանաստեղծություններ), Մոսկվա, 1924, 60 էջ:
Մաճկալ Սաքոյի պատմությունը (պոեմ), Ե., Պետհրատ, 1924, 24 էջ:
Մաճկալ Սաքոյի պատմությունը, Ե., Պետհրատ, 1924, 24 էջ:
Ստամբոլ (պոեմ), Կ. Պոլիս, 1924, 14 էջ:
Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, Բեռլին, 1925, 34 էջ:
Մյուր դե Ֆեդերե (կոմունարների պատը Փարիզում, պոեմ), Ե., Պետհրատ, 1925, 59 էջ:
Լենինն ու Ալին, Ե., Պետհրատ, 1925, 14 էջ:
Երկիր Նաիրի (վեպ), Ե., Պետհրատ, 1926, 223 էջ:
Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից, Թիֆլիս, 1927, 288 էջ:
Ժողովածու պոեմների, Թիֆլիս, 1927, 186 էջ:
Ռուբայաթ (քառյակներ), Թիֆլիս, 1927, 45 էջ:
Չորս բալլադ, Մոսկվա, 1929, 34 էջ:
Էպիքական լուսաբաց, Ե., Պետհրատ, 1930, 138 էջ:
Երկեր, Ե., Պետհրատ, 1932, 445 էջ:
Գիրք ճանապարհի, Ե., Պետհրատ, 1934, 318 էջ:
Բորիս Ձնելաձե: Բալլադ գնդապետ Տոմսոնի, կոմերիտ տղի և գործադուլի մասին, Ե., Պետհրատ, 1934, 41 էջ:
Երկիր Նաիրի, Ե., Պետհրատ, 1934, 268 էջ:
Մաճկալ Սաքոյի պատմությունը, Ե., Պետհրատ, 1936, 20 էջ:
Պոեմներ, Ե., Պետհրատ, 1936, 243 էջ:
Դանթեական առասպել, Բեյրութ, 1945, 48 էջ:
Գիրք ճանապարհի (հատընտիր), Հալեպ, տպարան «Անի», 1946, 28 էջ:
Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1950, 317 էջ:
Հատընտիր, Բեյրութ, 1953, 102 էջ:
Գիրք ճանապարհի, Հալեպ, տպարան «Արևելք, 1954, 253 էջ:
Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1954, 619 էջ:
Լենին (պոեմներ և բանաստեղծություններ), Ե., Հայպետհրատ, 1954, 48 էջ:
Ամբոխները խելագարված, Բեյրութ, 1954, 16 էջ:
Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1955, 484 էջ:
Եղիշե Չարենցի ամբողջական գործը, հատոր 1 (բանաստեղծություններ), Բեյրութ, 1955, 432 էջ:
Ընտիր երկեր, Ե., Հայպետհրատ, 1957, 358 էջ:
Գրականության մասին (հոդվածներ, նամակներ, ճառեր), Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1957, 218 էջ:
Գիրք ճանապարհի, Հալեպ, 1959, 254 էջ:
Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1959, 318 էջ:
Խմբապետ Շավարշը, Ե., Հայպետհրատ, 1961, 26 էջ:
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1962, 392 էջ:
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1963, 399 էջ:
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1964, 375 էջ:
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1966, 649 էջ:
Պոեմներ, Ե., «Հայաստան», 1966, 184 էջ:
Ամբոխները խելագարված, Ե., «Հայաստան», 1967, 31 էջ:
Ես իմ անուշ Հայաստանի (տեքստը հայերեն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների ու արտասահմանյան 12 լեզուներով), Ե., «Հայաստան», 1967, 29 էջ:
Քնարերգական, արվեստ քերթության, գիրք իմաստության, տաղեր և խորհուրդներ, երգիծական փրկված պատառիկներ, Ե., «Հայաստան», 1967, 364 էջ:
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1967, 804 էջ:
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Ե., ՀՍՍՀ ԳԱ, 1968, 626 էջ:
Լենինն ու Ալին, Ե.,«Հայաստան», 1969, 39 էջ:
Կոմիտաս (պոեմ), Ե., «Հայաստան», 1969, 34 էջ:
Ես իմ անուշ Հայաստանի...(բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1970, 32 էջ:
Ընտիր երկեր, Ե., «Հայաստան», 1973, 434 էջ:
Ամբոխները խելագարված, Ե., «Հայաստան», 1975, 30 էջ:
Բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, Ե., «Լույս», 1976, 112 էջ:
Երկիր Նաիրի, Ե., «Սովետական գրող», 1977, 174 էջ:
Ընտիր երկեր, Ե., «Սովետական գրող», 1977, 366 էջ:[2]
«Վերջին Խոսք» կյանքի վերջին տարիներին ստեղծված բանաստեղծությունների ընտրանի, Երևան, 2007, «Հայգիտակ», 328 էջ



Չարենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից)

Ս. Մարշակ, Գիքորի երազը (փոխադրություն), Ե., Պետհրատ, 1928, 14 էջ:
Նիկոլայ Ագնիվցև, Հեքիաթ կոմինտերնի մասին, Ե., Պետհրատ, 1929, 12 էջ:
Ս. Մարշակ, Գիքորի երազը, Ե., Պետհրատ, 1929, 16 էջ:
Նիկոլայ Ասեև (Օսեև), Գիշերվա ահը, Ե., Պետհրատ, 1931, 12 էջ:
Էրիխ Մարիա Ռեմարկ, Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Ե., Պետհրատ, 1932:
Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Ե., Պետհրատ, 1934, 111 էջ:
Ալեքսանդր Պուշկին, բանաստեղծություններ, հեքիաթներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Չարենցը), Ե., Պետհրատ, 1936, 176 էջ:
Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գրքերի մի մասը թարգմանել է Չարենցը), Ե., Հայպետհրատ, 1962, 108 էջ:
Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Ե., Հայպետհրատ, 1963, 112 էջ:
Գիքորի երազը (փոխադրություն, ըստ Մարշակի «Գրքույկ գրքույկ մասին» պոեմի), Ե., «Սովետական գրող», 1976, 10 էջ



Տեղեկությունը վերցված է wikipedia (http://hy.wikipedia.org/wiki/Եղիշե_Չարենց)-ից

Gago
08.05.2010, 15:24
Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե - նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը -
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:
Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը -
Գերեզմանիս մարմար քարին կմնա:

Ե. Չարենց

Կարապետ
22.05.2010, 12:22
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու Նայիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,
Արևն ամռան ու ձմեռուայ վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սև
Ու հնամեայ քաղաքների հազարամեայ քա՛րն եմ սիրում։

Ուր է՛լ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր -
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան - եա՛րն եմ սիրում։

Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հէքեաթ չկայ․
Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ․
Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Եղիշե Չարենց:

Լիլիթ
03.06.2010, 18:34
...Եվ երբ դադարեց հեծկլտանքը քո-
Մարած աչքերով նստեցիր ինձ մոտ,
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ երեկո:
Իջել էր մի սո՜ւտ ու մո՜ւթ առավոտ:

Եվ երբ նայեցիր աչքերով մեռած
Տրտում, հոգևար, կծկտված հոգուս-
Հասկացա՜ հանկարծ, որ թե մութ, թե լույս`
Երկո՜ւսն էլ չկան, երկուսն էլ- երազ...

Ոչ մութ կար, ո՛չ լույս: Ո՛չ հրդեհ, ո՛չ ձյուն:
Մշուշում միայն, մեր հոգու վրա
Թևերն էր փռել մի անտես թռչուն
Ու դողում էին թևերը նրա...

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

SchoolT
27.06.2010, 23:20
Եղիշե Չարենց

ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներ, որպես երազներ հոգու:
Երկինքներ, որպես մանկական աչեր:
Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն:
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին ...

Gago
16.07.2010, 11:40
Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:--

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում--
Քանի՜ տարի, քանի՜ դար
Վկայեցիր անհերքում...

Ափերին այն խավարտչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,--
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համառ
Այս այգաբացն էր կրում,
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ՜, ըղձակա'ն այս հեռուն...

Կքած կյանքի բեռի տակ՝
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ...

Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լույսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արև'ն այդ արի,
Վառված հրով աշխարհի...
Չկա՜ ուրիշ արև է'լ.
Նա' է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արևէ'...

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար.--
Մեր անցյալի խորամիտ
Է'ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար...

Ե. Չարենց

Հ.Գ. Խնդրում եմ իրար կպցնել յուրաքանչուր տողի երկրորդ տառերը և կարդալ ստացված միտքը։ Եթե չստացվի՝ կօգնեմ։

Արմեն
17.07.2010, 11:33
ՊԱՏԳԱՄ

Հ.Գ. Խնդրում եմ իրար կպցնել յուրաքանչուր տողի երկրորդ տառերը և կարդալ ստացված միտքը։ Եթե չստացվի՝ կօգնեմ։


Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։

Gago
18.07.2010, 13:08
Փողոցում լռություն էր ու թանձր խավար,
Առավոտը մոտ էր, բայց դեռ չէր բացվում—
Իսկ հյուրանոցում խմբապետ Շավարշը
Խմում էր, խմում ու մուժով լցվում։

Խմբապետ Շավարշը։— Մի հաղթ տղամարդ,
Երեսին՝ վերից վար՝ դաշույնի հարված.
Այդ հարվածն համարում էր իր դեմքի զարդը՝
Մանավանդ, երբ դժգոհ էր ու մի քիչ հարբած։
Այդ Շարվածն— ու բեղերը։— Դեղին, ոլորած,
Երկու խուրձ հրեղեն, երկու առու,
Որ, ծանր, իջնելով կզակի վրա—
Նրան տալիս էին «քաջի» համարում։
Եվ մռայլ աչքերը՝ բիբերում արյուն,
Եվ խիտ հոնքերի գերանդին...
Նա իրեն համարում էր— անհաղթ արու,
Որպես հրաշք՝ ելած հայ ցեղի արգանդից։
Շավարշը խմում էր։— Լուռ, մռայլ բազմած,
Սեղանի գլուխը, որպես ամպ՝ ծանր.
Եվ ամեն մի բաժակը քամած
Նրան դարձնում էր ավելի համր։
Մենակ չէր Շավարշը։— Նրա հետ նստած
Նրա քաջ խոխեքը, իր խմբի տղերքը՝
Իրենց խմբապետի հռչակին վստահ՝
Անվերջ խմում էին— ու հոսում էր երգը։
Իգդիրցի Եգորը, Ղարսեցի Հարոն,
Մշեցի Թաթիկը ու Սաքոն Ղաչաղ,
Որոնցից վախենում էր անգամ ինքը— Դրոն,
Որ իրենց կանչել էր առավոտը վաղ։
Նա նրանց կանչել էր առավոտ վեցին,
Շավարշին կարգադրել էր, որ բերի իր խումբը.
Գիտեին, որ ուզում է ուղարկի գործի,—
Եվ ահա Շավարշը մինչև այդ— խմում էր։
Շավարշը մռայլ էր։ Մի մթին կասկած
Օձի պես կրծում էր նրա սիրտը.
Սեղանի գլուխը մութ, մռայլ բազմած՝
Անդադար խմում էր ու հայացքը— բիրտ էր։
— Կանչել է Դրոն առավոտ վեցին,—
Մտածում էր Շավարշը,— բայց ինչո՞ւ է կանչել,
Ասաց՝ ղրկելու է կարևոր գործի—
Եվ թողեց, որ կասկածը մինչև լույս տանջե
Եվ ուտի իր սիրտը։— Ինչո՞ւ չասաց,

Թե այդ ի՞նչ գործի է ուղարկում նա.
Ուղեղում վխտում էր կասկած հազար.
Մտածում էր՝ գնա՞, թե չգնա։
Ո՞վ գիտե Դրոյին։ Այո՛։ Ո՞վ գիտե:
Կարող է սարքել հազար դավ։ Դրոն։
Դժվար է կռվել հետը։
Չուզեց խաթրով անի— կանի զոռով։
Կհանի իր վրեժը։— Երեկ չէ՞ր միթե,
Որ Շավարշն սպառնաց շտաբը քանդել։
Ինչո՞ւ։— Որովհետև
Ռուսահայ սպաներն են իշխում այնտեղ:
Ռսացած սպաները։— Օսլայած տղերք,
Ձեռքերին՝ ձեռնոցներ, դեմքերին՝ պուդրա՛։
Ո՛չ զենք են տեսել, ո՛չ կռիվ։— Մերկ
Աղջիկներ են միայն տեսել դրանք...
Եվ դրանք ահա, այդ լակոտները,
Որոնց ինքը կարող է տանել բաղանիք—
Ուղում են, որ խմբապետները
Իրենց ձեռքին դառնան կույր խաղալիք։
Ուղում են տիրանան երկրին, բանակին,
Հաստատեն ռսացած մի իշխանություն.
Բայց ո՞նց նա կռանա դրանց տակին.
Կնի՞կ է ինքը, թե կատո՞ւ...
Իսկ Դրոն, իգդիրցի այդ խմբապետը,
Որ եղել է հերոս, անվախ տեռորիստ
Դրոն— նրանց հետ է
Եվ ուզում է դառնա մինիստր։
Ռազմական մինիստր։— Լա՛վ։ Լա՛վ։
Հետո՞։ Ի՞նչ պիտի անի հետո նա։
Դե, որ մինիստր դառավ—
Կարող է բոլորին տա գետնովը։
Կարող է հավաքի իգդիրցիներին,
Բռնոտի բոլորին, զինաթափի,
Սպանի, ջանդակները շներին քցի,
Որ ծաղկի իր շտաբը...
Խռնվեցին մտքերը Շավարշի գլխում.

Գլուխը ծանրացավ, լցրեց ու խմեց։
Սրտում մրմռացող կասկածը խուլ
Դառնում էր հետզհետե մեծ։
Դե, Դրոն— թագավոր է։— Դեռ երեկ էր
Սպանեց իր տղերքից երկուսին,
Որովհետև, այդ տղերքը
Հարբած՝ թքել էին մեկի երեսին։
Կառքից իջեցրել էին ու դեմքին թքել.
Հետո դուրս էր եկել, որ մինիստր է...
Դե, տղերքը— հարբած են եղել.
Հարբածին— էլ ի՞նչ մինիստր։
Թքել էին դեմքին ու նստել նրա կառքը,
Մինիստրի կառքը,— վա՛յ, հարամզադեք...
Բայց հո չկործանվե՞ց աշխարքը.
Մինիստրը աշխա՞րք էր ազատել...
Իհարկե, սխալ էր։ Իհարկե, Դրոն
Վարվել էր անվայել, վարվել էր տմարդի.
Խաբելով կանչել էր նրանց միլիցիատուն—
Այդպես չի վարվի տղամարդը։
Խաբելով կանչել էր, թե կների.
Տղերքն էլ եկել էին,— և ահա միամիտ
Նրանց հանել էին կամերից
Ու կռնակից խփել... Միայն մի
Ինչ-որ հարբած մարդու ներկայությամբ...
Սուս ու փուս։ Գաղտագողի։ Անձեն։
Ո՞վ գիտե Դրոյին... Ինչքա՜ն է նա
Այդպես գաղտագողի հնձել...
Մեկը— Թևիկն էր, Եգորի եղբայրը.
Եգորը Դրոյին կների՞։— Ո՛չ։—
Ահա նստել իր մոտ— խմում է անդադար
Ու հարբած՝ համբուրում է ընկերոջը—
Ղարսեցի Հարոյին։— Լա՛վ։ Լա՛վ։
Եգորը իր մարդն է այսուհետե։
Եղբոր պես լինելու է մոտիկ, հալալ,


Նույնիսկ կռվեն եթե։
Ա՛յ քեզ մինիստր... Ա՛յ քեզ Դրո։
Ա՛յ քեզ խմբապետ քաջ...
Ձեռքը խփեց սեղանին Շավարշը—
Հողը դողաց։
Խփեց ու խմեց։ Նորից խմեց։ Մռայլ։
Ու ոչ մի բառ չասաց։ Գլուխը
Ծանր՝ դրեց կրկին իր բռունցքի վրա.
Այդպես անշարժ— մնաց։ Իսկ շուրջը աղմուկ էր։
Երգում էր Ղաչաղը։— Բայաթի՞ էր, թե՞ երգ։
Թուրքերեն, որ լսել էր Շավարշը.— ե՞րբ։
Գլխում ծանրացել էր մի թանձր մեգ.
Սրտում խլրտում էր կասկածը դեռ։
Ուզում էր բարձրանա, թքի հացին,
Իրենց կերած հացին. շուռ տա սեղանը։—
Արդեն մոտենում էր լուսաբացը.
Իսկ նա դեռ տատանվում էր. չգիտեր,
Թե կատարի՞ արդյոք Դրոյի հրամանը:
Ուղում էր տասնոցը հանի, կրակի,
Բայց իրեն զսպում էր. մտածում էր:
Վերջապես տղամարդի վարտիք է հագին,
Երակներում— արյուն է, և ոչ թե— մածուն է։
Դե, Դրոն թագավոր է։— Ու թո՛ղ լինի։
Բայց հո չի՞ կարող այդ մարդը
Ինչ ուզենա— անի.—
Բա իրա՞— Շավարշի՞— աշիրա՞թը։
Իր հետ է աշիրաթը։— Շավարշը հիշեց,
Ուղեղում բացվեց լայնանիստ—
Ալագյազը... դուման... անաստղ գիշեր...
Շների ոռնոց անհանգիստ...
Անցնում են գյուղերից։ Առջևից— տավարը՝
Հայկական, թուրքական գյուղերից քշած։
Գյուղերում— ընկել է հավարը.
Լաչա՞կ էր էդ գյուղերի գլխին քաշած...
Ճռճռում են սայլերը, ձիերը դոփում։


Սայլերին— երեխեք, կնանիք. բեռ...
Դումանը շոյող է, ինչպես զեփյուռ,
Ձիերի դոփյունը, ինչպես երգ...
Առջևից— տավարը, հետևից— աշիրաթը՝
Շավարշի աշիրաթը.— խնուսցիներ,
Որոնց տեղական էր արել—
Պատերազմի թաթը—
Ու աշխարհում ցրել։
Շատերը՝ կորցրած տուն, տեղ,
Ընտանիք, երեխեք, հայր, մայր,—
Այժմ պատրաստ էին ամեն ինչ քանդել
Մի լավ ձիու, կամ մի բեռ ալյուրի համար։
Ով էլ հանդիպեր, ումն էլ լիներ.
Ռսի, թուրքի, հայի— միևնույն չէ՞։
Միայն թե քաղցից չոռնար կինը.
Միայն թե երեխեն շունչը չփչեր։
Խնուսից— Ալաշկերտ։ Հետո Ղարս։
Ցուրտ, մերկ, սով, տիֆ։
Ինչքա՜ն, ինչքա՜ն մեռան,
Քաղցից, կամ ետ չեկան ֆրոնտից։
Ամբողջ ճանապարհը— դիակներ, մահ:
Ով որ մնաց՝ մնաց։ Հասան վերջապես
Այն ռսի երկիրը, որի համար
Այնքան արյուն էին իրենք թափել...
Հասան։ Թափվեցին կիսամերկ։ Եվ ի՞նչ.
Մնացին երկնքի տակ բաց,
Ցուրտը հետևից, քաղցն առջևից—
Ոչ օգնություն, ոչ բան։
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... հա՜–հա՜...
Ընդունեցին— թուրքից էլ վատ, այո՛.
«Ռուսահայ եղբայրնե՜րը»... «Հայրենի՜ք». «Հայ»,
Կուշտ, ականջները դինջ, ապահով։
Բայց ինչո՞ւ ընդունեցին այդքան վա՛տ, վա՛տ,
Օտարի, թշնամու, գրողի պես.
Դե, հայեր են լիրբ, մուխաննաթ,—
Մտածում Էր Շավարշը— հայեր են գեշ,


Այլասերված հայեր, ռսացած.— ոչ
Կռվի երես տեսած, ոչ կռվի ահ.
Եվ դա չէ՞ր պատճառը, որ
Ոչխարների նման սարսափահար,
Նրանք փախան ֆրոնտից, տվին Էրզրումը,
Հետո Ղարսն, Ալեքպոլը... վա՛յ ձեզ, հայեր...
Շավարշի գլուխը մտքերից եռում էր.
Շավարշը դառը ծիծաղեց.
Խմեց, ու հոսեցին կրկին մտքերը—
Իրարից ավելի պղտոր ու ծանր,—
Իսկ Ղաչաղը երգում էր, դեռ երգում էր,
Հոսում էր դառնությունը համր...
Եվ հանկարծ Շավարշը— այնքա՜ն պարզ—
Կարծես դեմը լիներ, կարծես կենդանի—
Հիշեց.— առավոտը բացվում էր, թարմ,—
Շրջապատել էին թուրքական Թալինը։
Երեք օր էր արդեն— կռվում էին.
Շրջապատել էին գյուղը, չորս կողմից խիտ.
Մարմանդ լուսաբաց էր, երբ
Գյուղը զարթնեց հանկարծ թանձր ծխից,—
Շավարշի տղերքը գիշերը
Վառել էին գյուղը մի ծերից— ու հիմա
Չորս կողմից խուժեցին նրանք ներս՝
Փռելով իրենց շուրջը ահ, մա՛հ, մա՛հ։
Աղմուկ, ճիչ, լաց, սմբակների շռինդ.
Ինքը, նստած սև ձին, ձեռին մաուզեր,
Փափախը թեք դրած, մի ձեռով պինդ
Գրկած ձիու բաշը՝ արշավում էր...
Եվ հանկարծ... ծառս եղավ Շավարշի ձին. ի՞նչ,
Ի՜նչ զարմանալի հրաշք, Շավա՛րշ...
Դիմացից դուրս թռավ մի հրեշտակ, չէ՛, կի՛ն.
Ձին սանձեց Շավարշը— ու մնաց։
Ջաննաթի փերի էր, կին չէ՛ր, չէ՛.
Չէր տեսել Շավարշը այդպիսի կին.
Սարսափած աչքերով կինը նայեց շուրջը—
Աչքերը սև էին, սև ու ջինջ։
Սև մազերը թափված ուսերին, կուրծքը բաց,
Ալաբաստրե, ճերմակ ձյուների նման
Շողշողում էր կուրծքը, ինչպես լուսաբացին
Ալագյազը, երբ ցնդում է դումանը։
Շավարշը սանձել էր ձին, քարացել.
Ազդեցիկ էր տեսքը՝ հագի
Կաշվե սև զգեստը, ձին տակի,
Որ սարսափահար ծառացել՝
Խփում էր մի ոտքը հողին, վրնջում էր,
Աչքերից թափում էր բոց, շանթ, ադամանդ, ծուխ,—
Շավարշը լսում էր իր ձիու վրնջյունը
Եվ ուռչում էր կուրծքը, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ, ուռչո՛ւմ...
Տեսարանը շքեղ էր. ինքը— զարհուրելի,
Ծառացած կնոջ առջև, ինչպես սուրբ Գևորգ.
Ու կնոջ աչքերը՝ սարսափով լի,
Աչքերը, որպես գիշեր։ Ու թվում էր— ցնորք է:
Մի վայրկյան էր միայն, որ տևեց
Երկար, ինչպես դարը։— Շավարշը մի պահ միայն
Ուզում էր բաց թողնել ձին հետևից,
Վախենալով, որ կինը կանէանա,
Կտեսլանա հանկարծ, կցնդի,
Կդառնա գարնանային մշուշ, ամպ, ցող—
Ու կմնա լոկ ինքը ու ձին՝
Գյուղամիջին ահից խրխնջացող.—
Բայց պատահեց հանկարծ զարմանալի.
Զարմանալի մի բան.— Կինը, հևիհև,
Ինչպես ճերմակ փրփուր, ճերմակ ալիք—
Փլվեց, փռվեց Շավարշի նժույգի առջևը.—
«Կուրբան»,— կանչեց կինը.— կուրբան սյանի.
Սյան մյանըմ իգիթըմ, սյա՛ն մյանի ալ.
Մյան սյավարըմ սյանի, իգիթ էրմյանի»*—
Ձայնը՝ աղբրի՛ նման, աղբրի՛ նման զուլալ...
Ի՞նչ էր, ի՞նչ էր, ի՞նչ էր. ցնո՞րք էր, զառանցա՞նք, տե՞նդ.

* Դո՛ւ իմ իգիթն ես, դո՛ւ ինձ առ.
Ես սիրում եմ քեզ, իգիթ հայ։

(Քրտինքի մեջ կորած ձին
Լիզում էր թաց ընդերքը
Եվ հազիվ էր դիմանում սանձին) —
Երբ դիմացից հանկարծ, դիմացի խրճիթից
Դուրս թռավ մի զինվոր՝ ձեռքին դաշույն,—
Հետո հիշում է Շավարշը մի զարհուրելի ճիչ,
Հետո մշո՛ւշ, մշո՛ւշ, մշո՛ւշ...
— Չե՛մ տա,— գոռաց զինվորը,—չեմ տա. Շավարշ, իմն է—
Իմ ձեռքերից փախավ շան քածը...
Վրա պրծավ մռայլ,— ու շողշողաց դաշույնը,
Ու Շավարշին թվաց, թե հարբած է։—
Ու հիշում է Շավարշը— կինը՝ վերքը կողքին՝
Թավալվում է իր կարմիր արյան մեջ— և—
Իր մաուզերի շո՛ղքը, իր մաուզերի շո՛ղքը,
Ու զինվորի դիակը— իր ձիու սմբակների առջև...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այն ի՞նչ Էր, ի՞նչ Էր, ի՞նչ Էր. ցնո՞րք Էր, զառանցա՞նք, տե՞նդ.
Խենթի պես, նրանց դիակների վրայով, քշեց իր ձին,
Այրեց, ջարդեց, թափեց, քանդեց, քանդեց,
Գյուղը դաշտ դարձրեց կարմիր հնձի։
Կոտորեց, չհարցրեց ծեր, կին, աղջիկ, մանուկ,—
Մինչև ուշ գիշեր, մինչև ուշ գիշեր ասպատակեց.
Հետո լուսինը կարծես արյան մեջ էր լողանում,
Իսկ գյուղը դիակ էր կարծես՝ կապված իր ձիու ասպանդակից։
Ուղեղում մշուշ էր— կարմիր, ալ, արյունարբու,
Ուղեղում թուրք կնոջ մարմինը վառվում էր, որպես վերք.
Հետո հարբեց Շավարշը, գայլը արյունով է հարբում,
Իսկ Շավարշը— մի գայլ էր, որ կորցրել էր մի էգ—
Մի սպիտակ, մի մաքուր, մի հրաշալի...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Շավարշը
Բռունցքը խփեց սեղանին, խմեց. և երբ
Սրբեց բեղերը բռունցքով— հիշեց իր ձիու բաշը,
Իսկ Ղաչաղը երգում էր դեռ։


Արդեն փողոցում ցրվում էր խավարը,
Մոտենում էր առավոտը, պղտոր բացվում,—


Իսկ խմբապետ Շավարշը
Դեռ խմում էր, խմում էր ու մուժով լցվում։
Տղերքն հարբել էին։— Թաթիկը՝
Սիրեկանի նման գրկած Հարոյին՝
Համբուրում էր նրան հարյուրապատիկ—
Իսկ Եգորը հայհոյում էր Դրոյին։
Շավարշը մտածում էր։— Մտքերի թելը,
Որ այնպես տարածվել էր Ղաչաղի երգից՝
Թողնելով հիշողության, անցյալի ելը՝
Դրոյի շուրջը ոլորվեց կրկին։
Արդեն բացվում էր առավոտը.— արդեն
Բաց-կարմիր թանաքի նման Երևանի վրա
Թափվում էր հորանջող ու մգլած այգը—
Եվ Եգորի հայհոյանքն էր ողջունում նրան,
Միայն այդ հայհոյանքը։— Քաղաքում դեռ
Մարդիկ քնած էին ծանր, տագնապալի քնով,
Եվ բացվող առավոտը անտանելի մի բեռ էր,
Որ իջնում էր կրկին իր անմխիթար հունով.—
Քաղաքը դեռ քնած էր լուռ, համր, ծանր,
Ներքևը միայն, հյուրանոցի առջևը, փողոցում
Կանացի՞, մանկակա՞ն, թե՞ պառավային մի ձայն
Վնգստալով օդն էր սղոցում.—
Շավարշը մտածում էր. հարկավոր էր իսկույն որոշել՝
Հարկավոր էր գնալ, կամ չգնալ, մնում էր
Մի-երկու ժամ միայն։— Եվ նա որոշեց.—
Նա կգնա, բայց մենակ, խումբը՝
Կազմ, պատրաստ՝ կսպասի քաղաքից դուրս,
Փարաքարի մոտի այգիներում. հետո—
Հետո հայտնի կանի։— Զինվորներից լոկ չորսը
Կգնան իր հետ առավոտուն.—
Եգորը, Ղաչաղը, Թաթիկը, Հարոն.—
Հենց սրանք— բավական են. կարո՞ղ է՝
Թող հարձակվի Դրոն.—
Բայց ո՞վ է... նրա ձեռքը... պահողը...
Կարող է բանտարկի։ Կարող է հանկարծ
Սպանի տղերքից սրան, կամ նրան։
Ոլորեց Շավարշը իր պղտոր հայացքը—

Հիշեց արյունոտ այն տեսարանը.—
Միլիցիատան բակում, ավազին
Իրար կողքի ընկած— երկու դիակ.
Իգդիրցի Թևիկը և Աղասին՝
Լուռ, արնաշաղախ. միայն
Ծոծրակների վրա— փոքրիկ վերքեր,
Խփված էր կռնակից... Այդպե՛ս։—
Դեպի մաուզերը տարավ Շավարշը իր ձեռքը.
Արյունը գլուխը խփեց—
Հարբեց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Դա ո՛չ թե քամին է փողոցում շաչում,
Եվ ոչ էլ թրթիռը հրդեհում խավարը,—
Իր խմբի տղերանց հետ դա հյուրանոցում
Խմում, աղմկում է խմբապետ Շավարշը։
Այդ նա էր, որ տարավ ձեռքը մաուզերին,
Հանեց, քաշեց.— և վաղ առավոտվա մեջ
Չարագուշակ, դաժան երգեց մաուզերը
Արյան, մուժի, մահի, ասպատակի երգ...
Հետո ձայնակցեցին նրան մյուսները՝
Եգորը, Թաթիկը, Ղաչաղ Սաքոն,—
Իսկ քաղաքը, սմքած, դեռ քնել էր
Ու զառանցում էր մաուզերի կրակոց։—
Ինչպես տիֆով հիվանդի զառանցանքում հրե,
Նախճիրի1 պես բացվող առավոտվա ֆոնին
Գծելով տագնապի հնչնագրեր—
Երգում էր մաուզերի սիմֆոնին։
Կրակում էին տղերքը— բաց պատուհանից.
Իրար կողքի կանգնած, հայացքները դեպի լուսաբացը.
Համազարկը թռչում էր տանիքից— տանիք,
Առավոտվա միջով, որ նրանց պես հարբած էր։
Պղտոր առավոտվա միջով, առավոտվա մեգին,
Քաղաքի վրայով, որ զառանցում էր,—
Սավառնում էր խմբապետ Շավարշի հոգին,


Հարբած, մռայլ, դաժան, ինչպես ձյունը,
Որ բուք դարձած՝ խեղդում է, տրորում,
Դարձնում աշխարհը, կյանքը, ամեն ինչ— տենդ.
Կրակում էր խումբը ու նայում հեռուն՝ աչքերում
Արյան, մեգի, մահի, տագնապի նախճիրներ...
Շուռ եկավ հետո Շավարշը. մաուզերը ձեռին—
— Գնա՛նք,— գոռաց տղերքին,— ու պրծավ դուրս.
Խռպոտ՝ հորդեց կոկորդից քրքիջը,
Հետո— հայհոյանքը. հետո—
— Եգոր,— կանչեց,— լսո՞ւմ ես. մեզ Դրոն ուզել է,
Ուզում է ուղարկի երկինք՝ եղբայրներիդ քով...
Ու կրկին շառաչեց Շավարշի մաուզերը—
Ասպատակի, մահի, արյան երգով։
Ահռելի էր Շավարշը, ձեռին մաուզեր՝
Օրորվելով, գնում էր մեգի միջից.
Հետևից — իր տղերքը, բոլորի ձեռքին— զենք,
Բոլորն էլ— իր նման հարբած։— Առաջից
Քայլում էր, որպես սպառնալիք, ինքը. կողքեկողք
Ընկնելով— գնում էր. այրում էր սիրտը տապը.
Հետո բռնեց նրան մի խեղդող դող.
Գլուխը շուռ եկավ, սիրտը թափեց—
Հենց այնտեղ, փողոցի մայթերին։— Տղերքը
Բռնել էին նրան։— Փողոցում,
Ուր դադարել էր արդեն մաուզերների երգը—
Մի ծանր խռպոց էր միայն օդը սղոցում։—
Մեկը, մոտիկ ընկած, մեռնում էր երևի.
Կի՞ն էր, տղամա՞րդ էր, երեխա՞,— անհայտ էր.
Ո՞ւմ ինչ, թե նաիրյան ծագող արևին
Խռպոցով էր դիմավորում այդ մարդը։—
Հանգստացավ Շավարշը։— Եվ երբ,
Բեղերը սրբելով, անցավ առաջ— երկու
Զառանցանքի նման երեխաներ,
Աչքերով ամեհի, ահարկու—
Ինչպես շները սովամահ, դաշտում դեգերող,
Հղի կանանց նման փորներն ուռած,
Մագիլների նման ձեռքերով
Հարձակվեցին Շավարշի փսխածի վրա —


Եվ սկսեցին լափել ագահաբար՝ ընկած
Երեսնիվայր մայթին, ինչպես շներ,—
Ու նրանց աչքերում պսպղում էր քաղցը՝
Անասնական, անեզրական, անեզր...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Գնում էր փողոցով խմբապետ Շավարշը,
Հետևից— տղերքը, իր նման հարբած։
Արդեն արթնանում էր զառանցող քաղաքը,
Արդեն առավոտ էր դառնում լուսաբացը։
Տներից ելնելով հետզհետե՝ մարդիկ
Անխոս գնում էին՝ դեմքերին հոգս։—
Անցնում էր Շավարշը, իր խմբով, մայթից,
Տարածում էր շուրջը զարհուրանք, դող։
Եվ հանկարծ— կրկին նա քաշեց մաուզերը,
Առաջին հանդիպած մարդուն հրամայեց.
— Դեպի պա՛տը ռեխդ, դե շո՜ւռ տուր երեսդ,
Տեսնո՞ւմ էս՝ անցնում եմ մայթից— ահա ե՛ս։—
— Շավա՛րշն է անցնողը։— Տղերքը զվարթ
Հռհռացին բարձր, հայհոյեց Հարոն,—
Ու շուռ եկավ մարդը, նայեց դեպի պատը,
Եվ անցավ Շավարշը՝ հայացքը արյուն։
Եվ հետո— ինչքան նա հանդիպեց մարդու՝
Բոլորին հրամայեց նայել պատին.
Բոլորի դեմքերին նա վախ էր կարդում
Եվ դա համարում էր— բարձր պատիվ,
Եվ այդ պատճառով էլ— չափազանց հպարտ էր:
Մի ամբողջ փողոց նա այդպես անցավ,
Մինչև հանդիպեց մի մարդու,
Որ երեսը շրջել չկամեցավ...
— Երե՛սդ,— գոռաց Շավարշը,— դեպի պատը,
Թե չէ՝ ռեխ-մռեխդ հիմի կջարդեմ...—
Բայց այդ զարմանալի մարդը
Մաուզերը քաշեց— ու կանգնեց նրա դեմ։
Շավարշը շվարեց, երա՞զ էր, տե՞նդ,—
Ուզեց մաուզերի բլթակը քաշի,
Երբ հանկարծ հետևից մի ծանր ձեռք

Բռունցքով խփեց Շավարշին։
Շավարշը օրորվեց, ընկավ մայթին.
Փողոցը երերաց աչքերում, մթնեց.
Ու թվաց Շավարշին, թե այդ մարդը
Քաշեց իր ուղեղում երկաթե պատնեշ...
Չլսեց էլ Շավարշը իր խմբի տղերանց
Մաուզերների ձայնը և չզգաց անգամ,
Թե ինչպես Եգորը հանկարծ
Քարի պես ծանրածանր — իր վրա ընկավ։
Չտեսավ Շավարշը և այն, թե հետո
Իր խմբի մնացորդը ոնց նահանջեց.
Լոկ թվում էր նրան, թե մեկը երկաթով
Այրում է իր ականջը։
Եվ տանը միայն, երբ աչքերը բացեց,
Ուշքի եկավ մի քիչ — հասկացավ, որ այդ մարդը,
Որին հանդիպել էր — եղել է իր մեծ
Խաչեղբայր — խմբապետ Սմբատը։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Gago
18.07.2010, 13:16
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...

Gago
18.07.2010, 13:17
Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան...

Gago
18.07.2010, 13:18
Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Gago
18.07.2010, 13:20
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազար ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

Համլետ
29.07.2010, 08:17
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են , թե ես վաղուց չկամ,-
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:-

Համլետ
29.07.2010, 08:19
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր -
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, -
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Լիլիթ
01.08.2010, 01:20
ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ

Իմ աչքերի մեջ այնքա՜ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:
Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում՝
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ - դու գիտե՞ս - ինձ ոչ ոք չի ճանաչում՝
Կարծես ուրի՜շն է երգում կապույտ կարոտը հոգուս:
Հավիտյան գոց ու անխոս՝ թափառել եմ ու լռել.
Ոչ ոք, ոչ ոք չգիտե՝ արդյոք ի՞նչ է կյանքս, ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ քո հոգին, քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում - ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան...
Մոտենում է, քո՛ւյր իմ, ա՜խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան, որ օրերս ներե՜ն ինձ:
Գուցե՜ հանկարծ կասկածեմ, չհավատամ ինքս, ես,
Ու սուտ թվա իմ հոգուն քո կարոտը սրբազան...
- Ի՜նչ էլ լինի, քո՛ւյր իմ, քո՛ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե՜ք քեզ չհասան...

Լիլիթ
01.08.2010, 01:23
ՔԱՄԻՆ

Քամին,
Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:

Քամին,
Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:

Քամին,
Աշնան քամին...
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Փողոցները երկա՜ր,
Ու ձանձրալի, աշնան անձրևների նման,
Փողոցները, որ կան,
Փողոցների ներկան,
Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,-
Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա:

Քամին,
Աշնան քամին
Մոլորվել է ասյտեղ.
Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի:
Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել
Քամին,
Աշնան քամին...

Հռնդում է,
Փնչում,
Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր.
Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն,
Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,-
Զարհուրելի, զազիր փողոցների միջով...

Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած,
Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա,
Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ,
Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,-
Քամին, աշնան քամին հարձակվում է ահա
Անօգնական կքած բուլվարների վրա:

Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ,
Ցնծոտիներ հագած պառավների նման,-
Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց,
Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա:

Ծառերը ծե՜ր, հիվանդ,
Ծառերը ծուռ ու չոր,
Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ.
Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց
Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.-
Երբե՛ք,
Երբե՛ք,
Երբե՛ք...

Օ, գթացե՛ք հիմա.
Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա,
Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու,
Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ:

Օ, գթացե՛ք հիմա.
Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.-
Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին`
Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե –
Քամին,
Աշնան քամին...

Լիլիթ
01.08.2010, 01:28
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն․․․

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․

Լիլիթ
01.08.2010, 01:33
ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք - ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեժպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ - տրտում մենակ, - ու կգնամ իմ անծայր
Երազ - ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...

Սահակյան Սահականուշ
19.10.2010, 21:22
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ

Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց - մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի...
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր...
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա...

Սահակյան Սահականուշ
19.10.2010, 21:22
ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:
Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Եվ երբ հոգնած է եղել, - երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, - օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

Gago
24.11.2010, 23:27
Մեծերից մեկը մի առիթով ասել է, որ եթե Չարենցը գրեր միայն «Ես իմ անուշ Հայաստանին», դա բավական էր նրան հանճարների շարքը դասելու համար: Առաջարկում եմ մեկ ավելորդ անգամ ևս համոզվել դրանում:



http://www.youtube.com/watch?v=ogBTn2KKQ8k&feature=related

Գալյա
13.03.2012, 15:40
Եղիշե Չարենց

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ - ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ - ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա...

Գալյա
13.03.2012, 16:10
Տաղ անձնական

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով -
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. -
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, - ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի -
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի -
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով...
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում -
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

Արմինե Մ
13.03.2012, 16:56
Պետությունն՝ ամբողջ իր ապարատով
Ելել է ահա... մի պոետի դեմ,-
Էլ ինչպես ես ահով չդիտեմ,
Ու չհիանամ իմ «բիրտ» սֆաթով,-
Եվ... զարհուրելի իմ ուժով հպարտ՝
Չբացականչեմ՝ «-Հերոս եմ ու մարդ...»:

Եղիշե Չարենց
1935. 04. 14

marieta
13.03.2012, 18:33
Ինչպես երկիրս անսփոփ

հեղինակ՝ Եղիշե Չարենց




Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս բախտազուրկ,
Ինչպես երկիրս ավերակ ու արնաներկ -
Մխում է սիրտս հիմա որբ, մխում է սիրտս բախտազուրկ,
Մխում է սիրտս՝ ավերակ ու արնաներկ...

Եվ այս երգերը իմ կարմիր, ախ, այս երգերը իմ կարմիր,
Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն -
Ինչպե՞ս պիտի արդյոք հնչեն, ախ, այս երգերը իմ կարմիր -
Իմ ավերակ, իմ ո՜րբ երկրում...

Ինչպես երկիրս անսփոփ, ինչպես երկիրս ավերակ -
Այնպես էլ սիրտս - անսփոփ, այնպես էլ սիրտս - անուրախ,
Վե՜րք է դառնում սրտիս խորքում օրերի փա՛յլը այս հրակ -
Ախ, սի՜րտս իմ՝ բո՜րբ ու անսփոփ,- երկի՜ր իմ՝ ո՜րբ ու անուրախ...

marieta
13.03.2012, 18:36
Բալլադ սիրո

Երբ առաջին անգամ բացվեց
Սիրո գարուն արեւավառ,-
Երբ ես տեսա ծաղիկ ու սեզ՝
Բացված կյանքում եւ ինձ համար,-
Ինչպես գարնան առու անբիծ,
Ինչպես սիրո քնքուշ քնար,-
Կարկաչելով անցար կյանքից,
Իմ սեր անգին, իմ սեր անմար․․․
Ինչպես այգում առուն անտես
Գիշերներին աստղանկար
Լռության մեջ տխրահանդես
Երգում է հար ու անդադար,-
Այդպես՝ թողած աշխարհն ու ինձ,
Դարձած կարոտ ու հուշ անմար,-
Քո երգն ես միշտ երգում նորից,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-

Ա՜խ, նո՜ւյնն է միշտ քո երգն անծայր,
Բայց միշտ անհուն ու խո՜ր այնպես,
Ինչպես անդարձ մի ճանապարհ,
Որ նոր է միշտ, ինչքան քայլես։
Ամեն վայրկյան երգում ես ինձ
Սիրո կարոտն անմխիթար,-
Երգն ես երգում անցնող կյանքիս,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար։-

Ժամանակի նման անեզր,
Եվ լռության նման անբառ -
Որքան գնում - այնքան անեղծ,
Եվ խո՛րն ես դու,- ինչպես անտառ։-
Ամեն գարնան կարծես նորից
Նույն գիրքն ես ինձ կարդում անբառ,-
Եվ նո՛ր է քո իմաստը միշտ,
Իմ սե՛ր անգին, իմ սեր անմար․․․

Եվ ես գիտեմ, որ երբ քեզ պես
Մի օր ես է՛լ ննջեմ անդարձ,-
Կիպարիսներ սգահանդես
Շիրմիս վրա շրշան երբ սառ,-
Նոքա անվերջ ձայնով քո ջինջ
Պիտի երգեն սիրողաբար -
Կանչեր կյանքի, կարոտ աննինջ
Եվ մոռացման տրտունջ անբառ․․․

1937

marieta
13.03.2012, 18:52
Իրիկունը
Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ,
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ։

* * *
Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի երկնային կարմիր մորմոք։

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում է հրաբորբոք, հրաշշուկ։

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես – հրե մի մարդ – զոհ է անում։

Երկնից իջած հորիզոնի գծի վրա
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա։

Ու քուրայից կարմի՜ր, կարմի՜ր հոսում է վար՝
Արտի վրա՝ մի խնդություն արևավառ։

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՜ւ մի խնդության կարմիր մորմոք…

Եղիշե Չարենց

Suzi Malumyan
13.03.2012, 20:27
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

Վանաձորի 27 դպրոց
15.03.2012, 21:49
Ես գալիս եմ ահա:- Նայեցե՛ք, նայեցե՛ք:
Ես գալիս եմ ահա- դարերից...
Ու բերել եմ ինձ հետ երազները իմ սեգ
Ու երգերը ցնդած օրերի:
Նայեցե՛ք, նայեցե՛ք. դուք ինձ չե՞ք ճանաչում.
Ես սիրել եմ աշխարհը- այնքա՜ն...
Բայց հիվանդ օրերի թունավոր կանաչում
Ես թաղել եմ թևերս արնաքամ:
Թաղեցի օրերում, երբ գիշերը անհուն
Խավարով փայփայում ու գերում էր- ձեզ: